«Ամերիկան վերադառնում է»՝ Պետդեպարտամենտում արտաքին քաղաքականության թեմայով ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա փաստել է՝ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ը բացում է նոր դարաշրջան: Նրա շեշտադրումները հստակ էին` ԱՄՆ-ը առավել վճռական է լինելու ավտորիտար վարչակազմերի, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հանդեպ, առավել հետևողականորեն է պաշտպանելու սեփական շահերը, ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները` վերականգնելով հարաբերությունները դաշնակիցների հետ: «Ամերիկան պատրաստ է վերստին ստանձնել առաջնորդությունն աշխարհում», - ընդգծեց ԱՄՆ նորընտիր նախագահը: «Ամերիկյան վարչակազմը պետք է դիմակայի բռնապետությունն ընդարձակելու այս նոր ալիքը, այդ թվում` հակադարձի ԱՄՆ-ի հետ մրցելու` Չինաստանի աճող հավակնություններին ու մեր ժողովրդավարությունը վնասելու և խարխլելու Ռուսաստանի մտադրությանը», - հայտարարեց նա:
Ռուսաստանին Բայդենը ամենից շատն անդրադարձավ: Դեռ քարոզարշավի ընթացքում նա հայտարարել էր, որ վերանայելու է հարաբերությունները Մոսկվայի հետ` որդեգրելով Դոնալդ Թրամփից առավել կոշտ դիրքորոշում: Դիմելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին, Բայդենը ասաց՝ ինքն այս ուղերձը փոխանցել է ռուսական կողմին առաջին հեռախոսազրույցի ընթացքում. «Ես շատ հստակ բացատրեցի նախագահ Պուտինին, ամենևին ոչ այնպես, ինչպես իմ նախորդն էր անում, որ անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ը չէր նկատում Ռուսաստանի ագրեսիվ միջամտությունը ընտրություններին, չէր նկատում կիբերհարձակումներն ու հետապնդումները սեփական քաղաքացիների հանդեպ: Մենք չենք վարանի բարձրացնել այն գինը, որ Ռուսաստանը պետք է վճարի այս ամենի դիմաց, և ամեն ինչ կանենք` պաշտպանելու մեր առանցքային շահերը»: Բայդենը վերստին պնդեց, թե Ռուսաստանի իշխանությունը ապօրինաբար է ազատազրկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն: «Նա թիրախում է կոռուպցիան բացահայտելու համար», - ասաց Բայդենը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հետամուտ է լինելու այս հարցին և պատրաստ է համագործակցել դաշնակիցների ու համախոհների հետ, որ Ռոսաստանի հանդեպ քայլերն առավել արդյունավետ լինեն: Բայդենը պնդեց, որ կամուրջներն այրելու մտադրություն չունի, և պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Որպես օրինակ նշեց հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը, որն այս շաբաթ Վաշինգտոնն ու Մոսկվան երկարացրին 5 տարով: «Մենք պետք է դիվանագիտորեն շփումների մեջ լինենք նաև մեր հակառակորդների ու մրցակիցների հետ», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը: Պետդեպարտամենտում ելույթում նա պնդել է` արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն Ամերիկայի ամենանվիրական արժեքները` պայքարը հանուն ազատության, հիմնարար իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորություններն ու արժանապատիվ վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ:
Փաստացի «Ամերիկան վերադառնում է» դառնում է Ջո Բայդենի կարգախոսը: Եվ կարևոր են վերադարձի «հասցեները»: Եթե ԱՄՆ-ը վերադառնում են այն բոլոր հասցեներով, որտեղից հեռացել է Դոնալդ Թրամփը, Ջո Բայդենտ պետք է վերադառնա նաև Կովկաս, ու՝ Արցախյան հակամարտություն, որտեղ 2016-2020 ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահությունը եղել է սիմվոլիկ: Ջո Բայդենի ԱՄՆ-ը նաև պետք է իր քաղաքականությունն ունենա Թուրքիայի նկատմամբ՝ Մերձավոր Արևելքի նկատմամբ քաղաքականությունից զատ: Բայց՝ վերադարձը ինչո՞վ է նշանավորվելու: Կան տարբերակներ.
1. ԱՄՆ ակտիվանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում և բարձրացնում է Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, պահանջում է ռազմագերիների և այլ գերված անձանց անհապաղ վերադարձը Հայաստան:
2. ԱՄՆ-ը ճանաչում է Արցախի անկախությունը՝ Սահմանադրությամբ հաստատված սահմաններով:
3. ԱՄՆ-ը ընդունում է պատերազմի արդյունքները և Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ որոշակի ինքնավարությամբ:
4. ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սեփական խաղաղապահներին է ուղարկում Արցախ:
5. ԱՄՆ-ը տնտեսական աջակցություն է ցույց տալիս Արցախին՝ պատերազմից հետո վերականգնելու բնականոն կյանքը:
6. ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ՝ էքսպանսիոնիստական քաղաքականության ու ռազմական հանցագործությունների պատճառով:
7. ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական ու ֆինանսական աջակցությունը Թուրքիային ու Ադրբեջանին:
Կան նաև այլ տարբերակներ: Բայց բոլոր տարբերակների համար կա մեկ անփոփոխ պայման՝ Հայաստանը պետք է փոխադարձ շահավետ օրակարգ ձևավորի ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում: Իսկ դրա համար պետք է ինքնիշխանություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բայդենի Պետդեպարտամենտում ծրագրային ելույթից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ատլանտյան խորհրդում առցանց հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային կարևոր հարցերին, այդ թվում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին: Նրա խոսքով՝ Թուրքիան ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ՝ հիշեցնելով երկու տարի առաջ թուրքական զորքերի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում ընդդեմ քրդական զորամիավորումների: Մակրոնը շեշտել է, որ Թուրքիան ռազմական գործողությունները սկսեց՝ առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ համաձայնեցնելու, անտեսելով, որ Սիրիայում են տեղակայված դաշնակից ուժերը: Ռազմական գործողությունների թիրախում էին քրդական զորամիավորումները, որոնք կոալիցիոն ուժերի դաշնակիցներն էին և մնացած ուժերի հետ պատերազմում էին ԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբերի դեմ:
Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ Թուրքիայի նման վարքագիծը հարված էր ՆԱՏՕ-ի հեղինակությանը, քանի որ չհամակարգված գործողությունները որևէ մեկին չեն կարող վստահություն ներշնչել դաշինքի մեջ: Անկարայի վարքագիծը, ըստ Մակրոնի, հետևանքն է այն փաստի, որ ԱՄՆ-ը որոշեց Սիրիայից ռազմական ուժերը դուրս բերել: «Դրանից հետո Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, Արևելյան Միջերկրածովում ականատես եղանք Թուրքիայի սիստեմատիկ վարքագծի, ինչը բարեկամական քայլ չէր դաշնակիցների ու գործընկերների հանդեպ, այլ հետապնդում էր Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրավիճակը հանգուցալուծելու նպատակ», ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս ամենը, ըստ նրա, առաջ է քաշում բազմաթիվ կոնցեպտուալ հարցեր ՆԱՏՕ-ի արդյունավետության և դերակատարության մասին: Մակրոնի գնահատականով՝ 2020-ին Ֆրանսիան իր դաշնակիցների հետ մեծացրեց ճնշումը, որի հետևանքով արձանագրվեց որոշակի դրական առաջընթաց: « Առաջիկա ամիսները չափազանց վճռական են այս հարցում», շեշտել է Մակրոնը: Նա ողջունել է վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները: Իրավիճակի որոշակի փոփոխությունը Մակրոնը կապում է ԵՄ որոշ քայլերի, ԱՄՆ-ի ներգրավվածության մակարդակի մեծացման ու նոր վարչակազմի քաղաքականության հետ, որը հենվում է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության դասական մոտեցման վրա: Մակրոնը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի գրանցել նոր արդյունքներ և անհրաժեշտ է համարել հստակ քայլերի իրականացումը, որոնց թվում է Լիբիայում իրավիճակի կարգավորումը, թուրքական զորքերի դուրս բերումն այնտեղից, Սիրիայից Լիբիա Թուրքիայի տեղափոխած հազարավոր ջիհադիստների հեռացումը, Սիրիայի հարցում Թուրքիայի մոտեցումների համապատասխանեցումը դաշնակից ուժերի հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և արևելյան Միջերկրածովում լարվածության նվազեցումը: Նա կրկին կարևորեց ԱՄՆ-ի ներգրավվածության վերականգնումը ՆԱՏՕ-ի շրջանակում, որի շնորհիվ ՆԱՏՕ-ն կարող է հանդես գալ ոչ միայն որպես ռազմական դաշինք, որը միավորում է զինված ուժերը, այլև քաղաքական մարմին, որը ներդաշնակություն է հաղորդում քաղաքական ուղեգծին և համակարգում քաղաքական քայլերը:
Եթե համադրենք ԱՄՆ նախագահի Պետդեպարտամենտում և Ֆրանսիայի նախագահի Ատլանտյան խորհրդում ելույթները, ընդհանուրը Արևմուտքի միասնականության անհրաժեշտության և ակտիվության գիտակցությունն է: Ջո Բայդենը հայտարարում է, որ Ամերիկան վերադառնում է, Մակրոնը վերադարձի անհրաժեշտություն չունի, որովհետև Ֆրանսիան երբեք չի հայտարարել, որ ինչ-որ տարածաշրջանից հեռանում է, բայց դա չի նշանակում, որ Էմանուել Մակրոնը չպիտի վերադառնա, որովհետև անցած տարիներին նաև Ֆրանսիան է պասիվ եղել ԵԱՀԿ Մինսկի խմբում: Եվ հիմա է իրական վերադարձի ժամանակը, հետո կարող է արդեն ուշ լինել: Մեզ համար օպտիմալ տարբերակը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումն է, որից հետո Հայաստանը կկարողանա առավել ազատ ու անկաշկանդ կառուցել իր հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ: Դա որոշակի ժամանակ է պահանջում, իսկ այդ ընթացքում մենք պետք է շարունակենք մեր շահերի պաշտպանությունը բոլոր ուղղություններով: