Քրիստոնյա աշխարհում այսօր սկսվեցին Սուրբ Ծննդյան տոները, քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած Հայաստանում ռազմական դրություն է, տոն չկա: Հայաստանը ապրում է նորագույն պատմության դաժանագույն օրերը: Մի շաբաթից վերջապես հրաժեշտ կտանք խելագար 2020-ին, որ 21-րդ դարի ամենաահավոր տարին էր աշխարհում: Մեզ հարվածեց բազմակի: Կորոնավիրուսի պանդեմիային, որ 3400-ից ավելի կյանք է խլել, պանդեմիայի հետևանք տնտեսական անկումին ավելացավ պատերազմը: Տանուլ տված պատերազմը: Մենք սկսում ենք 00 կետից: ՈՒ ես չգիտեմ` երբ Ազատության հրապարակում հնչի ՇԵՓՈՐԸ, հրապարակը նորից մեկ մարդ դառնալու՞ է, մեկ սրտո՞վ է ապրելու: 2020-ին մենք վերադարձանք այնտեղ, որտեղից սկսել էինք, 26 տարի հետո նորից նույն խնդիրների առաջ ենք: Այստեղ կարելի էր վերջակետել, ու սա կլիներ իմ ամենակարճ վերլուծականը «Իրատեսում»՝ 2009-ից: Բայց կյանքը շարունակվում է, ուրեմն շարունակվում է ԳԻՐԸ: Շարունակվում է պայքարը: Արցախի համար: Հայաստանի համար: Անկախության համար: Համենայն դեպս՝ շատերն են հարց դարձրել՝ իսկ պե՞տք է պատերազմում գտնվող երկիրը լինի ժողովրդավարական: ՈՒ՝ ինքնիշխան: Ընդհանրապես՝ հիմա հարցերը խեղդում են, պատասխանները՝ զգետնում: Բոլոր նրանք, որ ապրել են 90-ականների Հայաստանում, ունեն դեժավյուի զգացում: Այս դեժավյուին ավելացել է մի մեծ ՄԻՆՈՒՍ՝ մինուս այն ժամանակվա ոգևորությունը, հաղթելու ցանկությունը, անկախության տենչն ու անպարագիծ լավատեսությունը: Գուցե ավելացել է փորձը, ուզում եմ հավատալ՝ իմաստնությունը: Գուցե ավելացել է արժանապատվության ու պատվախնդրության նոր որակը: Չգիտեմ: Նորից բոլորը սկսել են խոսել ժողովրդի անունից: Պատրաստ են կյանքը տալ ժողովրդի համար: Իսկ ժողովուրդը ինքնամփոփվել է ու…
Ես բնավ չէի ցանկանա, որ տարեվերջի ու տարեմուտի խոսքը լիներ այսպիսին, բայց կա՝ ինչ կա: Թող լույս իջնի 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի զոհերի հայտնի ու անհայտ շիրիմներին: Նրանք հեռացան՝ հաղթանակի հույսով, ու մնացին չպարտված: Նրանք հաղթած հեռացան, ու պարտությունը մեր բեռն է՝ ողջերիս, որ պարտավորված ենք նրանց հիշատակը լուսավորել հաղթանակով: Չգիտեմ՝ երբ, չգիտեմ՝ ինչպես, բայց վստահ եմ՝ իրավիճակը փոխվելու է, հավերժական նահանջ չի լինում:
Մեր գլխավոր խնդիրը հիմա Հայաստանն ու Արցախից մնացած մասը պահելն է, ցավը, վիշտը, վրեժը հաղթահարելը և ուժեղանալը։ Դա է միակ ճանապարհը: ՈՒրիշ ճանապարհ չկա: Եթե ասեն՝ կա, ստելու են: Մեզ այնքան են ստել, որ արդեն ոչնչի չենք հավատում: ՈՒրեմն՝ հավատը վերականգնելն է դառնում խնդիր: Դժվար խնդիր, երբ շուրջբոլորը համոզում են, որ մենք թույլ ենք, անօգնական ու դատապարտված: Սուտ է՝ մեզ ուզում են այդպիսին տեսնել: Մենք այդպիսին չենք: ՈՒ դա ապացուցում է այսօր Սյունիքը: Լեռնահայաստանը:
Կմնա՞, թե՞ կգնա Նիկոլ Փաշինյանը: Ոչ ոք հավերժական չէ: Փաստացի՝ նա վարչապետ է միայն Երևանում, ոչ միայն Սյունիք, ուր էլ գնա՝ դիմավորելու են նույն կերպ, որովհետև անգամ հիմա նա ամեն ինչ սարքում է կինո, ու դեռ չի հասկացել,որ ինքն այլևս «կինոյի տղեն» չի: Բայց Սյունիքի պարագան այլ է: Սյունիք է մտնում ադրբեջանցին, ու իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատումը այսպես չպիտի լինի: Որ սահմանազատումը երկարատև գործընթաց է, կարգավորվում է միջպետական համաձայնագրով, որ ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքը վերաբերում է ՀՀ ներսում մարզերի սահմաններին, ոչ թե այլ պետության հետ սահմանին: ՀՀ իշխանությունը չի հասկանում, որ այսօր Սյունիքի սահմանները պահելը Հայաստան պահել է: ՀՀ իշխանությունը չի հասկանում, որ իր պոպուլիզմն ու տգիտությունը իրավազոր չեն: ՀՀ իշխանությունը չի հասկանում, որ չի կարող վախեցած ու վախի մեջ ապրել, չի կարող ժողովրդին վախեցնել, որ եթե Ադրբեջանին տարածքներ չզիջենք, պատերազմ կսկսվի: Փաստացի՝ ոչ ԱԳՆ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ հրադադարի եռակողմ հայտարարության միջնորդ Ռուսաստանը չեն փորձում իրավիճակին միջամտել:
Հրադադարից անցել է 45 օր: Ադրբեջանին շրջանների հանձնման պարտավորությունը կատարվել է ամբողջությամբ՝ հանձնվել են Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները (Քելբաջարի շրջանը՝ նոյեմբերի 25-ին):
Բայց հայտարարության առաջին կետով՝ հակամարտող կողմերի ուժերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում: Նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով 00։00 դրությամբ հայկական ուժերը կանգ էին առել Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, Դիզափայտ լեռան վրա։ Իմա՝ այդ տարածքները պետք է մնային Արցախի վերահսկողության տակ։ Դեկտեմբերի 13-ին թուրքադրբեջանցի հատուկջոկատայինները Հին Թաղերի և Խծաբերդի մոտակայքում մի քանի ժամ տևած մարտերից հետո մտել էին Հին Թաղեր։ Ի՞նչ կլինի այդ գյուղերի ճակատագիրը՝ պարզ չէ։ Այդ տարածքները չկան ռուս խաղաղապահների քարտեզում՝ հայտնվեցին ու անհետացան: ՈՒ՝ ինչու՞ պիտի չկատարվի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը: Եվ որովհետև մենք չենք պահում մեր դիրքերը Արցախում, Անկարան ու Բաքուն մտնում են Սյունիք: Հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով»։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով խաղաղապահներ չեն տեղակայվել, շփման գծի հսկողությունը շարունակում է Արցախի Պաշտպանության բանակը։ Հայտարարության 4-րդ կետով ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեն «Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ», բայց՝ որտե՞ղ և որտեղի՞ց պետք է դուրս բերվեն այդ ուժերը՝ շփման գծի երկայնքի՞ց, թե՞ Ադրբեջանին հանձնված 3 շրջաններից։ Ադրբեջանը չի ապահովել «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Հայտարարության ստորագրումից մեկ օր անց Բերձոր-Շուշի ճանապարհին հայեր են գերվել: Միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները։ Ըստ հայտարարության, կողմերը պետք է իրականացնեին ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ Չնայած և հայկական կողմը, և ադրբեջանական կողմը հայտարարել են, որ համաձայն են գերիների՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը, ու մենք նույնիսկ երկու ադրբեջանցի դիվերսանտների ենք հանձնել, ադրբեջանական գերության մեջ են մնում բազմաթիվ հայեր։ Գերիների միակ խումբը՝ 44 հոգի, Ադրբեջանից Հայաստան է վերադարձել դեկտեմբերի 14-ին, մյուսների վերադարձի ժամկետն անհայտ է: Անորոշ է հայտարարության 7-րդ կետը՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։
Այսինքն՝ ո՞վ: Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքներ ադրբեջանցինե՞րը պիտի «վերադառնան», թե՞ Ադրբեջանի օկուպացրած Արցախի բնակավայրեր՝ հայերը: Հայտարարության 9-րդ կետով «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են»: Այսինքն՝ Հայաստանից Ադրբեջանի տարածքով կարո՞ղ է ճանապարհ բացվել դեպի Ռուսաստան, թե՞ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տա Ադրբեջանին, փաստացի՝ Թուրքիային, Նախիջևանի հետ կապ հաստատելու համար։ Գուցե բոլոր այս հարցերը լուծումներ արդեն ունեն, բայց այդ լուծումները հրապարակային չեն դառնում:Համենայն դեպս, ակնհայտ է, որ Ռուսաստանը ձեռքերը լվացել է, երբ խախտվում է իր միջնորդությամբ՝ իմա իր պատասխանատվությամբ ընդունված հայտարարությունը: Պուտինը շարունակում է պնդել, որ հրադադարի հայտարարության ամենակարևոր արդյունքը՝ արյունահեղության դադարն է: Նաև՝ ստացվում է՝ սահմանները որոշողն ու պահողը տեղում ապրողներն են: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հիմա ճիշտ ժամանակն է… ապագայի մասին մտածելու: Իհարկե, ուրիշ ե՞րբ, եթե ոչ հիմա: Ապագայի մասին մտածելու ամենաճիշտ պահին ամենաճիշտ քայլը Սյունիքի՝ իրեն ընդդիմացած քաղաքապետերին կալանավորելն է: Նրանք խանգարում են մտածել: Նրանք խանգարում են, որ իշխանությունը սպիտակ դրոշ պարզի՝ իրենք տնից դուրս չեն գալիս: Գորիսի քաղաքապետը թշնամի է. Առուշ Առուշանյանը հերիք չէ պատերազմի ժամանակ կռվել է, հիմա էլ չի ուզում, որ թուրքական դրոշը մտնի հայկական տարածք: Ներեցեք՝ ի՞նչ հայկական: Ադրբեջանական: Օրենքի պաշտպան Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կարող է պետության շահերը պաշտպանել՝ ինչպե՞ս կարող է բանակցել ու կասեցնել առանց կրակոցի Հայաստանի հանձնումը, չէ՞ որ կիրթ Ալիևը ասել է, որ Էրիվանն էլ ադրբեջանական քաղաք է: ՈՒ չզարմանաք, որ մի օր էլ Լավրովը հայտարարի, որ Երևան պետք է վերադառնան 20-րդ դարի 90-ականների վերջին Երևանից հեռացած ադրբեջանցի «փախստականները»՝ «հայրենիքի» կարոտից մաշվում են: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը անզորությունից ելք է գտել՝ Սյունիքում ռուսական ևս մեկ ռազմաբազա: Չէ, իհարկե, կառուցողական առաջարկ է՝ սյունեցիներին Սյունիքում պահելու տարբերակ:
Բայց… Մոսկվան արդեն ցույց է տվել, որ մեր փոխարեն մտադիր չէ մեր անվտանգությունն ապահովել, որ պատրաստ չէ Ալիևին ու Էրդողանին հակառակվել: Եվս մեկ ռազմաբազա՝ նշանակում է՝ հրաժարվում ենք ինքնիշխանությունից ու դառնում ՌԴ սուբյեկտ: Փաստացի՝ հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան է թուլացել, որ իր սահմանը ինքնուրույն չի կարողանում պահել, դա համարյա թե հարձակման հրավեր է: Փոխարենը պետք է աշխարհազոր ստեղծել ու պայմանագրային զինծառայողների թիվը ավելացնել: Եվ պետական բյուջեն էլ ծախսել ամեն լուման հաշվելով՝ ոչ թե քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձը կրկնապատկելու ու պարգևավճարները շարունակելու քաղաքականությամբ: Երբ պետությունը վատ վիճակում է, հասարակության որոշ խմբեր կարող են մի քիչ «վատ» ապրել: Ընդհանրապես այն տպավորությունն է, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա մասին տեղեկություն չունեն ոչ միայն քաղաքապետարանում, այլև ԱԺ-ում, որ շատ լուրջ քննարկում էր… հակածխախոտային օրինագիծը: Աժ-ում ու ոչ միայն ԱԺ-ում ՉՀԱՍԿԱՑԱՆ, որ Արցախի հարցը միայն Արցախի հարցը չէ, ՀԱՅԱՍՏԱՆԻ հարցն է, ու ոչ այն պատճառով, որ հիմա Հայաստանի սահմանին հայտնվել են թուրքերն ու ադրբեջանցիները: Որ Սյունիքի հարցը միայն Սյունիքի հարցը չէ, համապետական խնդիր է, ու այդ խնդիրը մենք պիտի լուծենք: Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ինքը ոչ միայն «սպիտակների», այլև «սևերի» վարչապետն է, թե պատերազմից առաջ, թե հետո, ինքը իբրև վարչապետ, պարտավոր է կատարել իր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ոչ թե բաժանումներ, հիմա էլ՝ «էլիտար»: Որ սխալվում է, երբ հայտարարում է. «2018-ի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018-ը ունեցել են արտոնություններ, 2018-ից հետո չունեն»: «Էլիտան» էլ չի հասկանում, որ 4, թե 44 ձև հնարի իշխանության գալու, միակ լեգիտիմ տարբերակը ընտրություններն են: Անցումային թե ժամանակավոր կառավարությունը չի լինելու լեգիտիմ, առավել ևս խորհրդարանական հանրապետությունում ու ԱԺ ՔՊ մեծամասնության հետ, որ, մեղմ ասած, կարող է սաբոտաժ անել նոր կառավարությանը ու նորից ծագելու է ԱԺ-ն ցրելու հարցը: 2020-ը ավարտվում է մեկ շաբաթից, 2021-ին մեր խնդիրները շարունակվելու են: Եվ, այնուամենայնիվ, մենք մտնում ենք 21-րդ դարի երկրորդ 20-ամյակ: Բարի կաղանդ ձեզ ու բարի պատրանք՝ ասելու էր Մեծն Զահրատը: Բայց մենք արդեն լիովին պատրանքաթափվել ենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատրաստ եղեք, երբ հնչի ՇԵՓՈՐԸ: Մենք սկսում ենք 00 կետից, բայց ՍԿՍՈՒՄ ԵՆՔ: ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆՔ: Ողջ լերուք: