-Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղեք:
-Միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ինչ ես շալակել, ասելու են, կի՞նդ է, եկեղեցով հետը պսակվա՞ծ ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը. միայն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ. միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելու՞ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր:
2020-ի դեկտեմբերի 18-ին լրացավ Հրանտ Մաթևոսյանի մահվան 18 տարին, ապրեր՝ ընդամենը 85 տարեկան կլիներ: Գնաց՝ ինչպես գնում են նրանք, որ երբեք չեն հեռանում: Հոկտեմբերի 27-ից հետո:
Վեր կաց, ձիավորվիր…
Ես, որ երջանկություն ու պատիվ եմ ունեցել նրան բազմիցս հարցեր տալու, հանդիպելու, երբեք չեմ հարցրել՝ ինչու՞ 1994-ին Ռուսաստանը թույլ չտվեց Ադրբեջանի կապիտուլյացիան: Հիմա ինքս եմ ստիպված պատասխանել՝ ինչու՞ 1994-ին Ռուսաստանը թույլ չտվեց Ադրբեջանի կապիտուլյացիան, 2020-ին հաճույքով միջնորդ ու մասնատեր դարձավ Հայաստանի կապիտուլյացիայի:
ՈՐՈՎՀԵՏեվ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ԻՐ ՇԱՀՈՎ: Ինչպես ցանկացած այլ երկիր: Ինչու՞ Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, Հայաստանինը ու Ռուսաստանինը՝ ոչ: Մենք պարտվել ենք խայտառակ պատերազմում, երբ մեր դեմ էր դուրս եկել ոչ միայն 10-միլիոնանոց Ադրբեջանը, այլև 80-միլիոնանոց Թուրքիան՝ իր՝ ԻՊ-ի դպրոցն անցած վարձկան մոջահեդներով, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներով: 44 օր դիմանալը անհավանական էր, որ մեկ բացատրություն ունի՝ ԶԻՆՎՈՐԸ չէր հանձնվում: Պատերազմի առաջին օրից ես մտածել եմ միայն Եռաբլուրի սահմանների մասին: Գուցե՝ որովհետև զինվոր չեմ: Պատերազմի ընթացքում ամաչել եմ, որ տղամարդ չեմ ծնվել, այն տարիքում ու վիճակում չեմ, որ գնամ կռվելու: Հիմա ամաչում եմ խայտառակ պարտության համար ու ինձ համարում եմ մեղավոր:
Եվ չեմ հասկանում.
1. Ինչու՞ չկարողացանք հաշվարկել՝ հերթական պատերազմում ովքեր են լինելու մեր թշնամիները, ինչու՞ խաղաղության 26 տարիներին ապաշնորհ ու անխելամիտ քաղաքականությամբ չկարողացանք դաշնակիցներ ստեղծել մեզ համար:
2. Ինչու՞ հաղթանակը քամուն տվեցինք, ինչու՞ ոչ հաղթանակից, ոչ պարտությունից չենք սովորում ՈՉԻՆՉ: Մեր գլուխը մտցրել ենք, որ «փոքր ածու» ենք, բայց մոռացել ենք, որ մեր երկրում էլ արժանի գործեր են արվում: ՈՒ հասել ենք այն կետին, որ պիտի ասենք. «Հայաստանը Հայաստան է»: Ցանկացած դեպքում աբսուրդ էր լինելու, հիմա՝ կենսական է: Ինչու՞ 9 կետից եռակողմ հայտարարության 1-ին կետը չի կատարվում, ինչու՞ ենք Արցախում նորից տարածքներ հանձնում: Ինչու՞ է հայտնվել 9-րդ կետը:
3. Ինչու՞ հրաժարական չի տալիս Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ չի հասկանում, որ ինքն այլևս պարտության սիմվոլ է, և ուր էլ հայտնվի, հիշեցնում է մեր ֆիասկոն:
4. Ինչու՞ են ասպարեզում հայտնված ընդդիմադիրները նրա դեմ պայքարում նրա մեթոդներով՝ մարդկանց բաժանելով սևերի ու սպիտակների, պարզապես հիմա այդ սևն ու սպիտակը այլ կերպ են կոչվում:
5. Ինչու՞ հազարավորներից տասնյակներն են հասկանում, որ այս իրավիճակում մեզ ոչ թե ներքին պատերազմ, այլ օր առաջ համախմբում ու միասնություն է պետք, որովհետև իրականում պատերազմը չի ավարտվել: Որովհետև ինչքան զիջում ու նահանջում ենք, այնքան Ադրբեջանին թվում է, որ ինքը հաղթել է ու կարող է պայմաններ թելադրել, իսկ իրեն փրկիչ համարող Մոսկվան տեր չէ իր եռակողմ, իրականում քառակողմ՝ Թուրքիայի ստվերը երևում է բոլոր կետերից, հայտարարությանը և կատարում է Բաքվի պահանջները՝ հայտարարելով, որ կարևորը պատերազմը ավարտվել է, մարդասպանությունը՝ դադարել:
6. Ինչու՞ է Բաքուն պնդում, որ հայկական զինուժը պետք է դուրս բերվի Արցախից ընդհանրապես ու այնտեղ մնան միայն խաղաղապահները, եթե ինքն ու Անկարան դուրս չեն գալիս Արցախի օկուպացված տարածքներից:
7. Ինչու՞ Արցախի օկուպացիայի և կարգավիճակի մասին խոսում է միայն ԱԳ նախարարը:
Իրականում այս բոլոր հարցերի պատասխաններն ունեմ: Մի քանի տարբերակով, բայց ուզում եմ այս ու այլ հարցերի պատասխանները լսել իշխանությունից, եթե համառորեն հրաժարական չի տալիս, և ընդդիմությունից, որ միայն հրաժարական է պահանջում ու խոստումներ տալիս, բայց չի ասում՝ ինչպե՞ս է լուծելու այն հարցերը, որ Նիկոլ Փաշինյանը չի լուծում: ՈՒ ես՝ միջին վիճակագրական հայս, ուզում եմ ժամ առաջ ստանալ այդ հարցերի պատասխանները, որովհետև սա իմ երկիրն է ու իմ երկիրը պարտավոր է ապահովել իմ անվտանգությունը, ապրելու, աշխատելու իրավունքը: ՈՒ քանի որ երկուսից էլ հոդաբաշխ պատասխանների փոխարեն միջին վիճակագրական հայերը, որ ոչ մի կողմից փողոց դուրս չեն գալիս, ստանում են միայն փոխադարձ լուտանքներ ու շոուներ, իրավունք ունեն պահանջել, որ վերջապես ասպարեզ գա ինչ-որ մեկը և հայտարարի՝ վերջ, իրար մի կերեք, երկիրն եք վարի տալիս, մարդիկ ձեզնից գործ են ուզում, հազար հարց ունենք լուծելու:
Վեր կաց, ու՝ ձիավորվիր:
Որ Հայաստանը սահմանամերձ հայրենիք է, գիտենք բոլորս, հիմա այդ սահմանները մտնում են մեր տները, հիմա նոր սահմանների հետ պետք է հաշտվենք ու նոր սահմանները չեն լինելու անվտանգ ու խաղաղ: Չեն լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր բանակը ոտքի չի կանգնել, քանի դեռ նոր սահմանները չենք կառուցել: Հերիք է աչքներս սրա-նրա ձեռքին գցենք, մենք ենք մեզ ոտքի հանելու, ուրիշը չկա: Մեր ուրիշը մենք ենք: Դեռ ե՞րբ է ասվել: Ասողին լսող է պետք, լսողը հասկացող պետք է լինի: Ոչ թե թաց աչքերով մեջբերումներ անենք Վազգենից ու անցնենք առաջ՝ մեր պարտքը կատարած:
Վեր կաց, ու՝ ձիավորվիր:
26 տարի Ադրբեջանը պատրաստվեց իր այսօրվա հաղթանակին, 26 տարի ատամ կրճտացրեց, զենք գնեց ու բարեկամներ հավաքագրեց, նավթ վաճառեց ու միջազգային ծրագրեր բերեց, ներդրումներ, ներդրումների հետևից քաղաքական շահեր, ուրեմն՝ միջազգային ասպարեզում ազդեցություն: Մենք 26 տարի մեզ կերակրեցինք հեքիաթով, որ Ռուսաստանը նոր պատերազմ թույլ չի տա, դեռ երկու տարի առաջ էլ Նիկոլ Փաշինյանը դա էր ասում, բայց չէր փորձում մտածել՝ իսկ ինչու՞ պիտի թույլ չտա, եթե միայն հայերի պարտությամբ է իրականություն դառնալու Լավրովի պլանը, եթե միայն հայերի պարտությամբ են տարածաշրջան մտնելու ռուս խաղաղապահները, իսկ որտեղ ռուս խաղաղապահները, այնտեղ՝ ռուսական ենթակառուցվածքներն ու… ռուսացումը: Ինչու՞ ոչ: Մենք 100 տարի ողբացինք Կարսը, որ անառիկ բերդ էր ու հանձնվեց մեն-միակ կրակոցով՝ ինքնասպան եղավ բերդապահ հայ գեներալը, երբ Կարսի բանալիները հանձնվեցին թուրքերին: Բայց չցանկացանք հասկանալ՝ ինչպե՞ս ու ինչու՞ կորցրինք Կարսը: Նույնքան անառիկ բերդ էր Շուշին, որ դարձավ Շուշա: Հիմա ևս 100 տարի Շուշիի կորու՞ստն ենք ողբալու: ՈՒ ինչպես Առաքելոց վանքում, Ղազանչեցոց եկեղեցում էլ նամա՞զ է հնչելու:
Վեր կաց, ու՝ ձիավորվիր:
Ալիևն ու Էրդողանը գրավեցին Արցախը, Նիկոլ Փաշինյանը՝ Եռաբլուրը: Առաջին անգամ: Ինչպես այն ամենը, ինչ նա անում է երրորդ տարին՝ անվերջ հայտարարելով «Հայաստանում առաջին անգամ…»: Հայաստանում առաջին անգամ 21-րդ դարում եռօրյա սուգ էր, նույնիսկ սուգը արժանապատիվ չկարողացանք… ՈՒ քանի դեռ ազգովին մնում ենք շոումեն, սգո օրեր էլի են լինելու:
2000-2002-ի տղերքին հանձնեցինք հողին, խոնարհումով ու ցավով, Եռաբլուրը 44 օրում կրկնապատկեցինք: Եթե 94-ին նրանք հաղթանակ էին տուն բերել, 2020-ին ու հետո ծնվողներին ենք թողնելու այդ հաղթանակը տուն բերելու գործը, ինչպես մեր պապերը մեզ են ժառանգել իրենց անավարտ պատերազմները: Պետությունները հաղթում ու պարտվում են միմյանց՝ աշխարհի վերջը չէ: Ի վերջո՝ քաղաքակրթության պատմությունը պատերազմների պատմություն է, մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը: Որքան արագ խելքի գանք, այնքան արագ ենք «ոխերիմ բարեկամ» հարևաններին հիշեցնելու իրենց տեղն ու դերը աշխարհում: Մենք չենք կարող երկար ծնկած մնալ: Բայց մեզ պետք է ԼՌՈՒԹՅԱՆ պահ՝ երբ բոլորը խոսում են, շուրջբոլորը կակաֆոնիա է, որից ոչ միայն գլխացավ, այլև սրտխառնոց է առաջանում: Եվ մեզ պետք է ազնիվ լինել ինքներս մեզ հետ, դա մանկամտություն չէ, իրականությունը համարժեք ընկալելու պայման է: Իսկ որ բոլորս նոյեմբերի 10-ից կտրվել ենք իրականությունից ու ապրում ենք մղձավանջում, որից ելք ենք որոնում, ապացույցի կարիք չունի:
Վեր կաց, ու՝ ձիավորվիր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հայաստանը Հայաստան է, ու՝ վերջ: ՈՒ որպեսզի այդ վերջը ՄԵՆՔ, ոչ թե ուրիշները գրեն, պարտավոր ենք այսօր ու այստեղ վերջ տալ պետության մահվան արձանագրումներին: ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կա ու լինելու է, իշխանությունը պետություն չէ:
Մենք չենք մեռնելու ոչ վախից, ոչ սովից, ոչ հուսահատությունից: Մենք ապրելու ենք: Պատերազմի ժամանակ հայ զինվորը քարերին գրում էր ՎՍ՝ ավելի մեծ քարերին խազում էր՝ Սպարապետ, ու այդ քարերն են այսօր մեր հայրենիքը պահելու մեզ համար՝ մինչև վերադառնանք: Սյունիքը սահման է ճիշտ այնպես, ինչպես սահման է Երևանը, եթե մենք չենք պահում հայրենիքի սիրտը: Իսկ հայրենիքի սիրտը մարդն է: Մենք ենք, որ այսօր անցնում ենք այն ճանապարհը, ինչ անցել են հարյուրավոր երկրներ ու ոտքի են կանգնել: Պարտության պառավ ջադուն մեր բեռը չէ: Գալու են, ճակատագրական պահերին միշտ եկել են մարդիկ, ում համար իշխանությունը ոչ թե նպատակ, այլ միջոց է՝ վիճակ փոխելու, որ հասկացել են՝ ի՞նչ է նշանակում՝ «Շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակու՞մ ես ցեղիդ պատմությունը»: Բայց պիտի որակ փոխվի, մտածողության ու զգացողության որակ: Մեր քաղաքների տները այլևս չպիտի վառենք ու բանալիները ոչ թե մեր կրծքին պիտի կախենք, այլ մեր գրպանում պահենք: Իսկ դրա համար ազգովին ոչ մեկի թևի տակ չպիտի պատկերացնենք մեր գոյությունը՝ օտարի ցանկացած ծածկ փուլ է գալիս մեր գլխին արդեն 1000 տարի ու ավելի: Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչումը մեր գերխնդիրն է լինելու՝ այսօր դա է հայոց ցեղասպանության ճանաչումը: Արցախի տարածքների վերականգնումը դիվանագիտական ճանապարհով՝ սա է այսօր ամբողջ հայության նշանաբանը: «Չստացվեց» բառը մեզ համար չէ: «Միայն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու»՝ նման բառերը պատահական չեն գրվում: Եվ, ուրեմն, վեր կաց, ձիավորվիր, մենք երկար քայլելու ենք մինչև Հարդագողի ճանապարհը, դժոխքն անցանք, մնում է քավարանը: Բայց այս անգամ ոչ թե «անցյալի հսկա տենչը բեռ արած», այլ առաջ՝ առանց հոգում հազարամյակների տառապանքը կուտակած, ոչ մի մեջք այդ բեռին չի դիմանա: Վազգենը ասում էր՝ «Թաղեք ձեր հոգու մեռելներին»: Մեր պապերը ոչ մի հարց մինչև վերջ չլուծեցին իրենց ժառանգների համար, այդ ավանդույթը մենք էլ պահեցինք: Թող լինի վերջին անգամ՝ «քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելու՞ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր»: Ողջ լերուք: