Մեկ-մեկ ինձ թվում է, որ մեզ դրել ենք մայաների տեղը, ու 2020-ը հայտարարել ենք մեր օրացույցի ավարտը: Մեկ-մեկ էլ, որ մեզ դրել ենք ացտեկների տեղը ու պարտադիր զոհաբերության ծես ենք ուզում: ՈՒ քանի որ մայաներն ու ացտեկները, ինկերն էլ հետը, առեղծվածային վերացան, ես համաձայն չեմ ոչ մայա, ոչ ացտեկ, ոչ ինկ լինելուն 21-րդ դարում ու անհետացած երրորդ քաղաքակրթությունը դառնալուն: ՈՒ քանի որ ես՝ միջին վիճակագրական հայս, համաձայն չեմ, առարկում եմ։
1. Առարկում եմ բոլոր նրանց, որ ասպարեզը հեղեղել են արմագեդոնով՝ հերիք է ողբանք, թե կործանվել ենք, կործանվել են կործանումից կենսական էներգիա ստացողները, բայց ոչ պետությունն ու ժողովուրդը: Պետությունն ու ժողովուրդը չափազանց լուրջ իրողություններն են, որ ներքաղաքական պայքարում օգտագործվեն իբրև խաղաքարտ, իսկ ովքեր օգտագործում են, իրենք իրենց են խաղից դուրս դնում: Ալիևը աշխարհի տերը չէ, մենք էլ նրա հպատակը չենք:
2. Այստեղ ու հիմա որոշվում է հայկական երկու պետականությունների ճակատագիրը, որքան էլ տարօրինակ է՝ հավասարապես խաղից դուրս են թե պարտված Հայաստանն ու Արցախը, թե հաղթած Ադրբեջանը: Տարածաշրջանում ավարտվում է ուժերի վերադասավորումը և նոր ստատուս քվո է հաստատվում, որի ընթացքին ու ուրվագծվող վերջնարդյունքին միջին վիճակագրական ոչ մի հայ, եթե դեռ ունակ է մտածել, չի կարող չառարկել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԵՐԿՈՒ՝ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների այցը և հանդիպումները Բաքվում ու Երևանում ակնհայտ դարձրին, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ փորձում են փակել Մինսկի խմբի համանախագահության վերջին էջը: Եթե դա բխում է Բաքվի շահերից, եթե Իլհամ Ալիևն է հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ այլևս չկա, Ադրբեջանի տարածքում բնակվողները Ադրբեջանի քաղաքացի են, տրամաբանական չէ, որ նույն տեսակետին է… Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այլ կերպ՝ համանախագահների հետ հանդիպումից նրա հրաժարվելը չի բացատրվում, առավել ևս զավեշտալի է փաստարկը, թե չի հանդիպում, որովհետև նրանց հետ չէ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: Չհանդիպեց, որովհետև վախեցավ՝ և Պուտինից, և Ալիևից: Ալիևից, որ հենց այդ օրերին թուրք հատուկջոկատայինների հետ հարձակվեց Հադրութից մնացած հայկական գյուղերի վրա, Պուտինից, որ կարող էր և իր խաղաղապահներին 3 օրով ուշացնել: Առաջին հայացքից Արայիկ Հարությունյանը իրավիճակում միակ խելամիտ որոշումն է ընդունել, իրականում՝ նա հետագա սադրանքների առաջ Արցախի անպաշտպանության հիմքն է դրել: Փաստացի՝ Արցախի նախագահը իր ուղերձում հրապարակավ ընդունեց, որ ոչինչ չի որոշել ու չի որոշում, հայտարարեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, թեև ուղերձի տրամաբանությունից բխում է, որ մեղավոր չէ: ՈՒղերձի խմբագրված տարբերակում նա հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, թեպետ մինչ այդ ասել էր, որ առնվազն անմեղսունակ պետք է լինել ընտրությունների ներքաղաքական կրկես մտնելու համար: Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ի սկզբանե կասկածի տակ դրեցին եռակողմ հայտարարությունը, հարցեր ուղղելով Ռուսաստանին նաև Թուրքիայի դերակատարության մասին, շեշտելով Արցախի ինքնորոշման խնդիրը։ Ֆրանսիան նախագահի մակարդակով կարևորել է Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը և նախապատերազմյան սահմանների վերականգնումը, Գերմանիան ԱԳ նախարարի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծումը չի ճանաչում, հարցը դիվանագիտական լուծում ունի: Մոսկվային ՄԽ-ն պետք է եռակողմ հայտարարությունը լեգիտիմացնելու համար, ոչ ավելին: Իսկ Երևա՞նը: Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախ և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում:
Որպես առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի պայմանների ապահովումը և կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը՝ ըստ պաշտոնական տեղեկության: Փաստացի՝ Երևանը պաշտպանում է ՄԽ գոյության իրավունքը և նրան է պատվիրակում Արցախի հարցի կարգավորման ու կարգավիճակի բանակցությունների իրավունքը: Հակառակ՝ Բաքվի-Անկարայի-Մոսկվայի: Ստացվում են Փարիզ-Վաշինգտոն-Երևան և Բաքու-Անկարա-Մոսկվա առանցքներ, որ, ըստ էության, եղել են նաև նախկինում, բայց պատերազմը բացեց վարագույրը: Դեֆակտո՝ տարածաշրջանում Անկարան ու Մոսկվան փորձում են հաստատել իրենց գերիշխանությունը, իսկ հետո մերձամարտում կորոշեն՝ ո՞վ է մնալու, ո՞վ է գնալու: Պատահական չէ, որ Բաքվի շքերթի ժամանակ Էրդողանը «լիրիկական պոռթկումով» և Բախտիար Վահաբզադեի բանաստեղծությամբ փորձեց խաղից հանել Իրանը: Որ հարվածը թիրախին էր, ցույց տվեց Թեհրանի սրընթաց պատասխանը: Ֆրանսիայի Սենատում ու Ազգային ժողովում Արցախի ճանաչման բանաձևերի քննարկման ժամանակ պատգամավորները հարց էին բարձրացնում՝ ինչու՞ էր վերջին տարիներին Փարիզը այդքան պասիվ ԵԱՀԿ Մինսկի խմբում ու մեղադրում էին իրենց տարբեր տարիների կառավարություններին, որ անհրաժեշտ քաղաքական կամք չեն դրսևորել և չեն պաշտպանել Ֆրանսիայի ու Եվրոպայի շահը: Իրանի մեջլիսում ևս համանման քննարկումներ են լինում, բայց Թեհրանը հեռու է Արցախը ճանաչելուց: Թեպետ հասկացել է, որ նույնքան պարտված կողմ է, որքան հայկական երկու պետությունները, որ պատերազմից առաջ, ընթացքում ու հետո իր քաղաքականությունը, մեղմ ասած, չի արտահայտել Իրանի պետության ու ժողովրդի շահը: Իրանը պահպանեց չեզոքություն, որի հետևանքով սահմաններին ստացավ ոչ միայն երրորդ, այլև չորրորդ երկրի՝ ռուսների ու թուրքերի խաղաղապահների ներկայությունը: Այսինքն՝ ՆԱՏՕ-ին: Պաշտոնապես թուրքերը վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, բայց դեֆակտո նրանք մտել են Ադրբեջան ու դուրս չեն գալու այնքան ժամանակ, ինչքան ռուսները: Գուցե ավելի: Եվ հիմա Էրդողանը խոսում է Արաքսով բաժանված «երկու ժողովուրդների» միասնությունից, Թեհրանը դա գնահատեց սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը, իմա՝ «հասկացավ», որ Անկարան բարեկամ երկիր չէ, բայց չի նշանակում, որ պատրաստ է շահերը համադրել Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը ինքն իր շահը չի որոշարկել: Եվ նույնքան ակնհայտ է, որ Թեհրանը փորձելու է իր հարցերի պատասխանը ստանալ ոչ թե Երևանից, այլ Մոսկվայից, որովհետև Մոսկվան է Թեհրանին խաղից դուրս թողնում:
3. Ես առարկում եմ, որ եռակողմ հայտարարությունը համաձայնագիր է: Եռակողմ հայտարարությունը վերաբերում է ՀՐԱԴԱԴԱՐԻՆ, բայց ոչ Արցախի հարցի լուծմանը, ոչ Արցախի կարգավիճակին: Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր ուղերձում հայտարարեց, թե ոչ թե Արցախը ՀԱՆՁՆԵԼՈՒ, այլ ՊԱՀԵԼՈՒ մասին է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը հայտարարում են, որ նրան պետք է հեռացնել ՊԱՀԵԼՈՒ Արցախից մնացած մասը, բայց երկու կողմն էլ համարում են, որ Արցախից մնացած մասի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, իմա՝ իրենք անելիք չունեն: Իբրև միջին վիճակագրական հայ՝ ես առարկում եմ, որ Արցախն ու Հայաստանը պետության պաշտպանությունը հանձնում են երրորդ կողմին: ՈՒ դա որակում են քաղաքական հեռատեսություն ու… հանրային կարծիք: Հանրությունը կարող է շոկի մեջ լինել, շփոթված լինել, բայց ինքնապահպանության բնազդից չի կարող հրաժարվել: Փաստացի՝ թե իշխանությունը, թե իշխանության հրաժարականը պահանջողները, հանձնելով Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության պատասխանատվությունը Ռուսաստանին, ոչ միայն մեկուսացնում են Հայաստանը արտաքին աշխարհից, այլև մեկուսանում են ժողովրդից: Ոչ Հայաստանը, ոչ Արցախից մնացած հատվածը չեն փրկվելու համապետական ու համահայկական կապիտուլյացիայի գիտակցության արմատավորմամբ: Հասկացանք՝ պարտվել ենք, բայց չհասկացանք՝ ինչու՞ ենք պարտությունը ֆետիշացնում ու վերածում տոտալ արմագեդոնի, որի հետևանքը լինելու է, ինչպես 17-ի քաղաքական գործիչներն են հայտարարում «Ալիևի կոշիկը լիզած Նիկոլին» հեռացնելուց հետո ազգովին գնալ ու խնդրել Պուտինի «կոշիկը»՝ սա է լինելու իրական կապիտուլյացիան, երբ պետությունն ու ժողովուրդը հրաժարվում են ՍԵՓԱԿԱՆ հեռանկարից: Ապացույցը՝ Հին շեների ու Խծաբերդի ոդիսականն է, որ ռուս խաղաղապահները որոշեցին հանձնել Ադրբեջանին: Իսկ Բաքուն հիմա էլ պահանջում է հայկական զինուժի դուրսբերում Արցախից և առարկում է, որ ռուս խաղաղապահները «Ադրբեջանի» տարածքում հոսպիտալ են կառուցում: Ի՞նչ է լինելու, եթե Էրդողանն Ալիևին հրամայի՝ խախտել հրադադարի հայտարարությունը ու պահանջի ռուսների հեռանալը: Հասկանալու՞ ենք, որ հերթական սխալն ենք արել, որ այսօր Արցախում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ խաղաղապահներ չեն, որ չեն ենթարկվում Պուտին-Էրդողան խաղերին: Իսկ Արայիկ Հարությունյանը արդեն ոչ թե Արցախ-Հայաստան, այլ Արցախ-Ռուսաստան խաղեր է տալիս:
Զարմանալի է նաև, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում արտահերթ ընտրությունների ժամկետ նշանակել, այնպես էլ 17-ի քաղաքական գործիչներն են հայտարարում, որ արտահերթ ընտրությունները նպատակահարմար չեն: Նրանք իրավացի են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ նրա հետ ոչ մի լուրջ հարցով բանակցող չի լինելու, որքանո՞վ է հավանական, որ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ իշխանության հետ ինչ-որ մեկը ԼՈՒՐՋ բանակցելու է անվտանգության կամ տնտեսական հարցերի վերաբերյալ, առավել ևս, որ նրանք էլ այդ հարցերը պատվիրակում են… Մոսկվային: Իսկ հետո զարմանում են, որ ժողովուրդը իրենց չի միանում, հորդորում են համատեղ հեռացնել Նիկոլին: Ժողովուրդը ուզում է իմանալ՝ ինչ է իրեն սպասում Նիկոլից հետո՝ իրական ընտրությու՞ն, թե՞ հների ու նորերի վերընտրություն: Հրաժարվելով արտահերթ ընտրություններից՝ թե իշխանությունը, թե իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմությունը հրաժարվում են ոչ միայն Արցախի մնացած մասը պահպանելուց, այլև Հայաստանի ինքնիշխանությունից ու ազատ անկման մեջ են մտնում Ռուսաստանի գրկում, որի ձեռքերը շոյում են մեկ Էրդողանի, մեկ Ալիևի գլուխը: Բայց ոչ Հայաստանի, որ ոչ հարազատ, ոչ խորթ զավակ է, ոչ էլ որդեգիր, օժիտ էլ չունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Թե քանի մասի է բաժանված հասարակությունը, որի տրոհումները շարունակվում են ներքաղաքական պայքարում, վկայում են հայ ռազմագերիների վերադարձին հաջորդած շնորհակալությունները՝ ցարին, Ռուստամ Մուրադովին, Նիկոլին, ՄԻՊ-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին, Սիրանույշ Սահակյանին ու Արտակ Զեյնալյանին, մեկին շնորհակալ լինողները մերժում էին մյուսներին: Կարևորը՝ 45 մարդ վերադարձավ տուն, տունդարձը դեռ չի ավարտվել Մոսկվան փորձում է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին այլընտրանք ստեղծել՝ ի դեմս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, որ անցած շաբաթ որոշեց իրավիճակ գնահատել ու համընդհանուր ճգնաժամ արձանագրեց, հույս հայտնելով, որ վարչապետն իր մեջ հեռանալու համարձակություն կգտնի: Իսկ ընդհանրապես՝ թշնամի՞ եք որոնում: Հայաստանը սահմանամերձ հայրենիք է, ու սահմանի այն կողմում Էրդողանը սպասում է 2023-ին, որ փակի 1923-ի Լոզանի կոնֆերանսի էջը: Ի՞նչ էջ: Համեմատեք Սևրի և Լոզանի կոնֆերանսներում հաստատված Թուրքիայի սահմանները: Էրդողանը 2023-ին ուզում է վերընտրվել իբրև սուննիների խալիֆ, բայց Արևմուտքը նրան կանգնեցնելու է, ու… բարևներ է ուղարկելու Ալիևին: Հայկական բերմուդյան եռանկյունին քակվելու է: Ողջ լերուք. կորոնավիրուսից ունենք պատերազմին համարյա հավասար զոհեր՝ 3223: ՈՒ հիշեք Վազգենի խոսքերը՝ «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»: