Ցավը և ցասումը վատ խորհրդատուներ են: Ես այսօր կուլ եմ տալիս ցավը, որ չմեռնեմ կսկծից ու մնամ ոտքի վրա, որ բանականությունս չտրվի ցասումին ու ավերի՝ ինչ մնացել է: Ես միջին վիճակագրական հայ եմ, որ ուզում է ապրել ու ապրեցնել երկիրը: Սոսկ: Բայց պատրաստ եմ ամեն ինչի:
Պատերազմում կապիտուլյացիայից հետո տրամաբանական կլիներ, որ իշխանությունը պարտության պատճառները վերլուծեր ու բացատրեր: Առայսօր հոդաբաշխ խոսք եղել է միայն… ադրբեջանական ու միջազգային մամուլում՝ առ այն, որ հայ զինվորը կռվել է հերոսաբար ու անձնուրաց, բայց… Համադրելով «բայց»-երը, ստացվում է պատկեր, որ.
1. Հայաստանը գիտեր, որ պատերազմն անխուսափելի է, բանակցությունները դադարել էին, Ադրբեջանը կրկնում էր, որ հարցը լուծելու է ռազմական ճանապարհով: Ոչ միայն հետախուզությունը, իրավիճակի համակարգային վերլուծությունը ի հայտ կբերեր պատերազմը սկսելու պահը, բայց Հայաստանում ոչ մի կառույցում չի եղել ու չկա ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ խումբ: Ոչ ԱԳՆ-ում, ոչ ՊՆ-ում, ոչ ԱԱԾ-ում, ոչ Անվտանգության խորհրդում չկան մասնագետներ, որ պիտի այդ խնդիրը լուծեին: Դա ՊԵՏԱԿԱՆ անլրջության գագաթնակետն է:
2. Հայկական բանակը պատրաստ չէր պատերազմի: Անգամ 2016-ից հետո չեն արվել եզրակացություններ, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, փոխված աշխարհաքաղաքական իրավիճակում պատերազմը փոխելու է բնույթը: Մենք պատրաստ էինք պատերազմի Ադրբեջանի հետ: Մենք պատրաստ չէինք, որ Ադրբեջանի հետ մեր դեմ կռվելու է Թուրքիան, և պատերազմում կիրառելու է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներն ու Սիրիայից բերելու է վարձկաններ: Որ դա հնարավոր էր, կարելի էր կռահել ռուս-թուրքական հարաբերություններից Սիրիայում ու Լիբիայում: Պետք էր իրավիճակը պրոյեկտել Արցախի վրա, ու պատկերը պարզ կլիներ: Հայկական բանակը պատրաստ էր պատերազմի ռուսական ստանդարտներով, բայց՝ չունենալով ռուսական այն զենքը, որ կռվում է Սիրիայում ու Լիբիայում: Երբ պատերազմի ընթացքում այդ զենքը, մասնավորապես՝ օդը փակելու համար, ստացվեց, չկային մասնագետներ, որ կարող էին զենքը կիրառել: Սա բանակի ղեկավարության մեծագույն սխալն էր՝ պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի: Փաստացի՝ նրանք չէին հաշվարկել, թե տարածաշրջանում նոր պատերազմն ինչ բնույթի է լինելու ու ինչ զենքերով: Անգամ բաց տվյալներից տեղյակ լինելով, թե Ադրբեջանը Իսրայելից ու Թուրքիայից ինչ գնումներ է անում: Նրանք գաղտնի չէին պահում, ու տարօրինակ է, որ ՀՀ պաշտպանության նախարարը կամ փոխնախարարներից որևէ մեկը, գլխավոր շտաբի իրարահաջորդ պետերից որևէ մեկը ինքն իրեն հարց չի տվել՝ Ադրբեջանի ինչի՞ն են պետք թուրքական ու իսրայելական հետախուզական ու ռազմական դրոնները, եթե ոչ Արցախում պատերազմի համար: Մեղմացուցիչ դեպք հանցանաց չի կարող լինել, որ Հայաստանը պարտադրված էր զենք գնել Ռուսաստանից, որովհետև ամբողջ բանակի սպառազինությունը ՀԱՊԿ-ի ստանդարտներով էր, իսկ ոչ ռուսական զենքն այդ ստանդարտների հետ չէր աշխատի: Կամ՝ փաստը, որ Ռուսաստանը արգելում էր Հայաստանին այլ երկրներից զենք գնել: ՈՒ՝ մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին տարածաշրջանում: Եթե մենք մի քանի անգամ մասնակցած լինեինք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնց հրավերը ստանում ու տարբեր պատրվակներով մերժում էինք, կարող էինք տեղյակ լինել՝ ինչպես են կռվում ՆԱՏՕ-ի բանակները, ու պատրաստ լինել Թուրքիայի դեմ պատերազմի: Այսինքն՝ մենք պատերազմը տանուլ ենք տվել ոչ միայն դիվանագիտական, ռազմական, այլև ՔԱՂԱՔԱԿԱՆ պատճառներով: Մեր վիճակում գտնվող պետության համար նոնսենս է՝ ազգային անվտանգությունը վերահասցեագրել մեկ այլ պետության կամ ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ին, որ գոյության ընթացքում ոչ մի պատերազմի չի մասնակցել, անգամ խաղաղապահ առաքելության մանդատ չունի ՄԱԿ-ից, որի կազմում եղած պետությունները ոչ միայն զենք են վաճառում թշնամուն, այլև, մեղմ ասած, մեր բարեկամը չեն իրենց մեծամասնության մեջ: Պատերազմի օրերին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատմական այց կատարեց ՀԱՊԿ-ի միջինասիական երկրներ՝ համոզվելու, որ պատրաստ են մաս կազմել Թուրանի բանակի, որ շատերը միֆ են համարում:
Այսինքն՝ մենք ոչ միայն ունեինք վարչապետի, պաշտպանության նախարարի ու շտաբի պետի աշխարհաքաղաքական սխալները, այլև, ըստ այդ սխալների, անբավարար սպառազինված բանակ ու անպատրաստ զինվոր, որին մնում էր խելագարության չափ խիզախությամբ բոլոր սխալների համար պատասխան տալ ու… սպանվել՝ անպաշտպան մնալով երկնքից թափվող կրակից, որ հնարավոր չեղավ կանխել:
3. Մեկ ամիս է՝ մեզ համոզում են, որ հայ զինվորը չի պարտվել, հայ զինվորը հաղթել է: Որքան էլ ականջ շոյող, սուտ է: Երբ պարտվում է պետությունը, պարտվում է բանակը, պարտվում է զինվորը, պարտվում է քաղաքացին: Հիմա պետք է ոչ թե գեղեցիկ ստեր հնարել, այլ ասել ճշմարտությունը՝ հայ զինվորը կռվել է մինչև վերջին հնարավորությունը, բայց պարտվել է, որովհետև սխալ է եղել պատերազմի ղեկավարությունը: Ավելի ճիշտ՝ պատերազմը չի ղեկավարվել: Հայ զինվորի խիզախությունը ամենից լավ գիտեն Ադրբեջանը, Թուրքիան ու նրանց մոջահեդները, նրանք արժանին են մատուցում հայ զինվորին ու հայ զինվորին հաղթելը համարում են մեծագույն հաղթանակ, Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ը հայտարարել է հաղթանակի օր: Բայց պետք չէ պարտության բարդույթը զարգացնել. իրականությունն այն է, որ մենք համարյա 1000 տարի կռվում ենք թուրքերի հետ՝ ինչ նրանց հորդաները հասան Հայկական լեռնաշխարհ: Հաղթում ենք, պարտվում ենք, ու դեռ կռվելու ենք: Երբ դու եկվոր ես ու չունես քո ծննդավայրը, քեզ համար ծննդավայր ես դարձնում բնիկների հայրենիքը՝ սա է թուրքերի հետ մեր պատերազմների հիմքում: Ի տարբերություն անցյալ դարերի պատերազմների, երբ թուրքերը տիրում էին ուրիշների հայրենիքներին, կողոպտում, տիրանում նրանց հոգևոր, մտավոր ու նյութական հարստությանը, 21-րդ դարի պատերազմները տարածքների համար են՝ առանց բնիկների: Նրանց մեր հայրենիքը պետք է՝ առանց մեզ: Մենք թույլ եղանք այսօր, բայց չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է: Իլհամ Ալիևը կարող է հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ չկա, Ղարաբաղը Ադրբեջան է, և՝ վերջ: Դա իր երազած վերջն է, ոչ մեր: Մենք մեր ՎԵՐՋԻՆ խոսքից շատ հեռու ենք: Արցախի հարցը լուծված չէ: ՈՒ դա բոլորս գիտենք: Ալիևն ու Էրդողանը՝ նույնպես: Փաստացի՝ Հայաստանի հաղթանակը չէր լուծել Արցախի հարցը, չի լուծել և Ադրբեջանի հաղթանակը: Ադրբեջանաթուրք մոջահեդականը:
Մեր դիվանագիտության պարտությունն էր, որ Ադրբեջանը ունի Թուրքիայի պես դաշնակից, Հայաստանը իր անկախության տարիներին այնքան լարախաղացություն արեց, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը մեր դաշնակիցը չեն: Բայց և Ադրբեջանը անկախ պետություն չէ դեֆակտո համատեղ պատերազմից. համատեղ շքերթ՝ Ալիևը իշխանությունը եթե ոչ տվել, կիսել է Էրդողանի հետ, ու միայն Պուտինի խաղաղապահների ներկայությունը Արցախում կանխեց Ադրբեջանի թուրքացումը քաղաքականապես: Տնտեսապես ռուսներն արդեն չեն կարող կանխել, ռազմականը տանուլ են տվել Թուրքիային: Ալիևի հայտարարությունը, որ Երևանը, Սևանը, Զանգեզուրը ադրբեջանական պատմական տարածքներ են, ուղղված էր Կրեմլին, իրականում Ալիևը չէ, Էրդողանն էր ասում, որ չի հեռանալու Կովկասից, և հիմա Պուտինը պիտի պատասխանի, թե ինչու հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանցիները շարունակում են կրակել: Եվ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքվում Ալիևի հետ բանակցելու օրը: Բանակցություններ, որոնց չէր մասնակցում ՌԴ համանախագահը, իմա՝ Ռուսաստանը իրեն դուրս է դնում Մինսկի խմբից: Նվազագույնը՝ չի միանում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի առաջարկներին, և Պոպովի բացակայությունից ենթադրելի է, որ այդ առաջարկները հայկական կողմի շահերն են պաշտպանում: Որտե՞ղ են խաղաղապահները, գրիչնե՞ր են բաժանում արցախցի երեխաներին, դա՞ է նրանց առաքելությունը: Հրադադարի պայմանների խախտումը չկանխելը կամ կանխելու անկարողությունը ցույց է տալիս, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պիտի պաշտպանեն Արցախն ու Հայաստանը՝ ռուսները թուրքերի հետ շատ արագ են փոխշահավետ գործարքներ կնքում: Վարկածը, որ ինչ-որ տեղ ԱՄԷ-ում ինչ-որ մեկը ինչ-որ մեկին 2018-ին առաջարկել է 5 միլիարդ դոլարով հանձնել Արցախը Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը 2 տարի Հայաստանին ու Արցախին պատրաստում էր ջախջախիչ պարտության, որը 44 օրում իրականություն դարձավ, լուրջ մեղադրանք է, որ երկու մարդկանց հայտարարություններով համարվի իրականություն, բայց և լուրջ մեղադրանք է, որ չհերքվի: Նիկոլ Փաշինյանի սխալներն այնքան շատ են եղել, որ ավելի հեշտ կլիներ հաշվել՝ ի՞նչն է ճիշտ արել: Եթե արել է: Իսկ ընդհանրապես՝ ամեն ինչ բարդել Նիկոլ Փաշինյանի վրա ու նրան հռչակել միակ ԴԱՎԱՃԱՆ, նման է սեփական մեղքերը չընդունելուն ու քավության նոխազ նշանակելուն: Իսկ ու՞ր էինք մենք, երբ Նիկոլ Փաշինյանը դառնում էր պատգամավոր, խմբակցության ղեկավար, հեղափոխական, վարչապետ… Այս ամբողջ շղթայում նրան օգնել է առաջ գնալ մեր եթե ոչ աջակցությունը, համենայն դեպս՝ անտարբերությունը: Անտարբերությունը ավելի մեծ չարիք է, քան սխալվելը: Բայց այսօրվա ամենամեծ խնդիրը նա չէ, այլ փաստը, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակավորապես Վազգեն Մանուկյանով փոխարինելը հարց չի լուծում: Այդ փաստն է տանը պահում բոլոր նրանց, որ վաղուց ու ընդմիշտ հրաժարվել են Նիկոլ Փաշինյանից, եթե անգամ ինչ-որ պահի ինչ-որ հույս են նրա հետ կապել: ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ լուծումները ժամանակի կորուստ են: Մենք արդեն այնքան ժամանակ ենք վատնել, որ մեզ ՀԻՄՆԱՐԱՐ լուծումներ են պետք: Այս խելագար պատերազմից դասեր քաղելը կլիներ այն, որ մենք վերջապես իբրև հանրություն հասունանայինք ու հասկանայինք ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ պատասխանատվությունը, դադարեինք ամորֆ զանգված լինել, որի գերագույն երազանքը ինչ-որ մեկի թևի տակ ապրելն է: Մենք ԱՆԻՆՔՆԱՍԵՐ ենք, ու հիմա քաղաքական դաշտի ԳԵՐԱԳՈՒՅՆ խնդիրը դարձել է ռուսներին ապացուցելը, որ իրենք ավելի ճշտապահ կծառայեն Կրեմլին՝ մրցավազքի մեջ են թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Ի՞նչ անի ժողովուրդը նրանց արանքում: Լռում է՝ մինչև իրենք կորոշեն, կամ էլ Մոսկվան վերջապես կասի՝ ում է ընտրում: Սա չէ մեր ապագան: ՈՒ եթե անգամ այս խայտառակ պատերազմը դա չհասկացրեց, մնում է ապավինել պատմական հաղթանակների պատմական հիշողությանը, ու խաղաղ մարել՝ հեռանալով տաք ու ապահով երկրներ, որտեղ չեն կրակում: 1920-ին մենք առանց կրակոցի հանձնեցինք Կարսը, 2020-ին հանձնեցինք Շուշին, Երևանը ե՞րբ ենք հանձնելու: Եվ՝ ու՞մ: Գոնե դա որոշե՞լ են նրանք, որ այսօր պետության ճակատագիրը դարձրել են անձնական ամբիցիաների գերի: Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, դա ժամանակի հարց է, բայց նաև հարց է, թե նրա հեռանալով Հայաստանում կանգ առած ժամանակը դեպի անցյալ, թե դեպի ապագա է շարժվելու: ՈՒ դա չպետք է որոշեն տարածաշրջանային պետությունները կամ օվկիանոսի այն կողմից, մենք պիտի որոշենք, եթե դեռ ողջ ենք մնացել քաղաքական ու առողջապահական պանդեմիայից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե իսկապես Արցախի հարցը չունի ռազմական կարգավորում ու լուծվելու է բանակցային ճանապարհով: Երբ Ռուսաստանն ու Թուրքիան դադարեն մեր հաշվին իրենց հարցերը լուծել: Երբ Ռուսաստանն ու Արևմուտքը հասկանան, որ տարածաշրջանը ոչ թե իրենց մրցակցության գոտի է, այլ մարդկանց հայրենիք, որ պետք չէ բնիկներից խլել ու բարբարոսներին ընծայել՝ հանուն իրենց շահերի: Մինչև նրանք հասկանան, մենք պետք է հասկանանք, որ մեր հարցերը մենք պիտի լուծենք՝ ոչ թե իրար մեջ թշնամի հնարելով, այլ թշնամուն թշնամու, բարեկամին՝ բարեկամի տեղ դրած տնտեսություն ու բանակ վերականգնելով, որից հետո դիվանագետներին կմնա ստորագրել ինչ-որ թղթեր: Ողջ լերուք: ՈՒ մի բարդույթավորվեք՝ հաղթում են բանակները, որ կարողանում են պարտվել: Եվ հաղթում են պետությունները, որ կարողանում են արժանապատիվ պարտվել: