Դեկտեմբերի 12-ին թուրքական ուժերը հարձակվել են Հադրութի շրջանի երեք բնակավայրերի վրա, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են, ներգրավվել է ծանր տեխնիկա, 250 թուրք հատուկջոկատայիններ մասնակցել են Խծաբերդի դեմ գրոհին: Արդեն եկել են նաև ռուս խաղաղապահները, որ մեկ շաբաթ առաջ պետք է եկած լինեին։
Ու մինչ Հայաստանում «Հրաժարական տուր-չեմ տա» են խաղում՝ Թուրքիան քայլ-քայլ մոտենում է Հայաստանին: Ի՞նչ ենք հակադրում: Մեր ՀԱՎԵՐԺԱԿԱՆ, ՊԱՏԱՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, որի վրա թուրքերը թքած ունեն: Թուրքերը թքած ունեն, որ խախտվում է եռակողմ հայտարարությունը, որի միջնորդը Ռուսաստանն է: Ռուսաստանը թքած ունի, որ ինքը միջնորդ է՝ ինչ պետք էր ստանալ՝ ստացել է, ինչ պետք էր տալ՝ տվել է, թող հայերը իրենք իրենց պաշտպանեն, չեն կարող, թող հեռանան: Սա է իրականությունը:
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, որ Մոսկվայում է, բանակցում է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Վարչապետի մամլո խոսնակը պատասխանատվությունը դնում է ռուս խաղաղապահների վրա: ՀՀ նախագահը պատասխան է պահանջում ՊՆ-ից ու ԱԳՆ-ից, պահանջում է ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ հարցը քննարկելու համար:
ՌԴ ՊՆ-ն արձանագրում է, որ հրադադարը խախտվել է առաջին անգամ ու կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը։ Հարկավ, ՌԴ ՊՆ-ն չի բարձրաձայնում՝ ո՞վ և ինչու՞ է խախտել հրադադարը, կամ՝ ի՞նչ է իր գործի անունը, եթե ԽԱՂԱՂԱՊԱՀ ուժերը չեն պահպանում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ: Եթե այն տարածքներում, որտեղ իրենք ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ են իրականացնում, հայերին առևանգում են, իրենց տներից վտարում, պղծում պատմամշակութային ժառանգությունը։ Նրանք ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ գործեր են անում՝ հոսպիտալ են բացել, աշակերտներին գրենական պիտույքներ են բաժանում իմա, ռուսացնում են Արցախի այն հատվածը, որը դեռ թուրքացած չէ:
Ու ու՞մ համար է գաղտնիք, որ եռակողմ հայտարարությունը ռուս-թուրքական առևտուր էր՝ Արցախի ու Հայաստանի արյան ու տարածքների հաշվին: Ու՞մ համար է գաղտնիք, որ Անկարան իր ցանկացած գործողություն նախապես համաձայնեցնում է Մոսկվայի հետ: Իմա՝ Վաղարշակ Հարությունյանը Շոյգուից ոչինչ չի ստանալու, Փաշինյանի զանգերին Պուտինն արդեն չի պատասխանելու:
Ու երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջում էր, որ Արցախում խաղաղապահ առաքելությանը մասնակցեն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ուժեր, ինչու՞ էինք ամոթխած լռում: Ոչ մի եռակողմ համաձայնագրով մենք պաշտպանված չենք, քանի թուրքերն ու ադրբեջանցիները մեզնից ուժեղ են, առաջ են գալու, եթե մենք չկարողանանք մեզ պաշտպանել մեր զենքով ու ՄԻՋԱԶԳԱՅԻՆ դիվանագիտությամբ, ոչ թե ՌԴ ԱԳ նախարարի բազմակի ստանդարտներին ապավինելով: Երբ Լավրովը մուննաթ էր գալիս Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի վրա եռակողմ հայտարարությունից հետո, որ իրենք չեն մասնակցել, խանդում են, որ Ռուսաստանը ՄԻԱՅՆԱԿ հարցը լուծեց, վախենում են տարածաշրջանից դուրս մնալ ու այլ զառանցանքներ, մենք Լավրովի՞ հետ էինք համաձայն, թե՞ ԱՄՆ-ի պետքարտուղարի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարի: Այս հարցի պատասխանի մեջ են հայկական նոր տարածքների կորուստի պատճառները, ոչ թե ռուսների ու թուրքերի հերթական առևտրի: Ոչ մի հայտարարարություն, ոչ մի համաձայնագիր ինքնին կատարված փաստ չէ, վճռորոշը դրա ԿԱՏԱՐՈՒՄՆ է: Կամ՝ ՉԿԱՏԱՐՈՒՄԸ: Հադրութի վերջին գյուղերը հանձնելուց հետո մենք բացում ենք Հայաստանի սահմանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վստահաբար՝ Հայաստանում եզրակացությունների փոխարեն շարունակվելու է իշխանության համար պայքարը, ու ինչու՞ Ալիևն ու Էրդողանը չօգտագործեն իրենց համար հարմար պահը՝ հնարավորինս առաջ գալու, չէ՞ որ մենք էլ նույնն ենք արել 1994-ին, երբ Ադրբեջանում անիշխանություն էր: Պատմությունը շրջվել է մեր դեմ, ու այնքան է գործելու հօգուտ թուրքական կիսալուսնի, քանի դեռ մենք գործում ենք մեր դեմ: Խնածախն ու Հին թաղերը միայն սկիզբն են: «Մտածեք էս երկրի մասին»: