Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ծառահատումները, կանաչ տարածքների կրճատումը նպաստում են չարորակ նորագոյացությունների առաջացմանը»

«Ծառահատումները, կանաչ տարածքների կրճատումը նպաստում են չարորակ նորագոյացությունների առաջացմանը»
30.01.2009 | 00:00

«ՀԱՅԵՐԸ ՉՈՒՆԵՆ ԱՐՅԱՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարն առողջապահության կարևորագույն խնդիրներից է։ Ամբողջ աշխարհում գրանցվում է նշված հիվանդությունների աճ։ Օնկոհիվանդություններից մահացությունն ընդհանուր մահացության կառուցվածքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին։ Չարորակ նորագոյացությունների շարքում արյան չարորակ հիվանդությունների աճն ակնհայտ է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Որո՞նք են արյան հիվանդությունների առաջացման պատճառները։ Այս հարցով սկսվեց զրույցը ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, առողջապահության ազգային ինստիտուտի հեմատոլոգիայի և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ՍՄԲԱՏ ԴԱՂԲԱՇՅԱՆԻ հետ։
-Չարորակ հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են։ Հիմնական խնդիրներից մեկը ժառանգական նախատրամադրվածությունն է։ Գենետիկայի զարգացման հետ մենք կարողանում ենք հայտնաբերել բազմաթիվ օնկոգեններ, որոնք նախատրամադրվածություն են ստեղծում այդ հիվանդության առաջացման համար։ Սակայն այն ոչ միշտ է առաջանում, եթե չկան համապատասխան միջավայրային պայմաններ, արտաքին գործոններ։ Եվ պետք է ասեմ, որ տնտեսության զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացը նպաստում են այս հիվանդությունների աճին. ֆիզիկան, ռադիոլոգիան, բազմաթիվ ճառագայթող սարքեր ներմուծվում են մարդու կյանք։ Բացի այդ, բավականին աղտոտված է շրջակա միջավայրը։ Հողն աղտոտվում է ծանր մետաղներով, վնասակար միացություններով, որոնք հետագայում սննդի միջոցով օգտագործում է մարդը։ Նշեմ նաև ջրի մասին, որն այսօր գերքլորացվում է, մինչդեռ գիտենք, որ քլորի ակտիվատորները նպաստում են արյունաստեղծ բջիջների ամենատարբեր մուտացիաների, որոնք դառնում են արյան չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառ։ Մարդը պետք է գտնվի բնական միջավայրում, ինչը նույնպես խաթարվել է։ Ծառահատումները, կանաչ տարածքների կրճատումը նպաստում են մարդու բնական էկոլոգիայի խաթարմանը, հետևաբար՝ չարորակ նորագոյացությունների առաջացմանը։ Մեծ խնդիր է նաև սնունդը. հաճախ մարդիկ օգտագործում են այնպիսի մթերքներ, որոնք մուտացիոն ճանապարհով են ստացվել։ Օգտագործվող մսամթերքի միջոցով օրգանիզմը ստանում է հորմոնային նյութեր, որոնցով պարարտացվում են կենդանիները։ Եվս մեկ կարևոր պատճառ, որ նպաստում է այս հիվանդությունների առաջացմանը։ Սթրեսները, անհանգիստ վիճակը թուլացնում են մարդու իմունահամակարգը, և նա ընկալունակ է դառնում տարբեր, այդ թվում նաև` արյան հիվանդությունների նկատմամբ։ Ասվածի ապացույցը Սպիտակի երկրաշարժն ու Ղարաբաղի պատերազմն են։ Այդ ընդհանուր, գլոբալ սթրեսային իրավիճակում մեծացավ նաև արյան հիվանդություն ունեցողների թիվը։
-Դուք նշեցիք, որ արյան հիվանդությունների առաջացման մեջ մեծ դեր ունի ռադիացիան։ Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ինչպե՞ս է անդրադառնում հայաստանցիների առողջության վրա։
-Մենք գիտենք, որ ամերիկացիների կողմից Ճապոնիայում ատոմային զենք օգտագործելուց և Չեռնոբիլի աղետից հետո անմիջապես սուր լեյկոզների մեծ աճ գրանցվեց։ Մենք, իհարկե, հետազոտել ենք ՀԱԷԿ-ի շրջակայքը, և պետք է ասեմ, որ արյան հիվանդությունների լուրջ աճ այդտեղ չի նկատվում։ Իսկ դա նշանակում է, որ ատոմակայանի ճառագայթման մակարդակը չի գերազանցում թույլատրելի սահմանը։ Ճառագայթման աստիճանը բարձրանում է, երբ լինում են վթարներ։
-Վերջին տարիներին հանրապետությունում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների վիճակագրությունն ինչպիսի՞ն է։
-2003 թվականին 100 հազար բնակչի հաշվարկով ունեինք արյան չարորակ հիվանդությունների 10,8 դեպք։ 2008-ին այդ թիվը կազմել է 16,1։ Մեծահասակների շրջանում օնկոհեմատոլոգիական հիվանդություններով առաջնակի ախտորոշվածների թիվը 2003-ին 289 էր, 2008 թ.՝ 455։ Երեխաների մոտ (0-18 տարեկան) 2003 թ. առաջնակի ախտորոշվել է 57 դեպք, 2008-ին՝ 75։
-Թվերի ավելացումն ինչո՞վ կբացատրեք։
-Առողջապահության նախարարությունը բավականին մեծ աջակցություն է ցուցաբերում արյան հիվանդությունների ախտորոշման, բուժման նոր մեթոդների կիրառման և նոր դեղանյութերի ձեռքբերման ուղղությամբ։ Արդիական տեխնոլոգիաներով հագեցվել է նաև մեր լաբորատոր ծառայությունը, ինչը մեծացնում է ախտորոշելու և հիվանդությունը բացահայտելու հնարավորությունը։ Եվ ամենակարևորը. հանրապետության հեռավոր շրջաններից ավելացել է բուժհիմնարկներ դիմելիությունը։ Այս ամենի շնորհիվ մեծանում է բացահայտման ցուցանիշը։
Արյունաբանական կենտրոնում կա 60 մահճակալ մեծահասակների և 30 մահճակալ՝ երեխաների համար։ Մանկական բաժանմունքում մահճակալների տարեկան միջին զբաղվածությունը 69,5 տոկոս է, իսկ մեծահասակների բաժանմունքում՝ 78 տոկոս։ Նախորդ տարի դիսպանսեր հսկողության տակ գտնվում էին 512 երեխա և 1914 մեծահասակ հիվանդներ։
Նշեմ, որ արյան հիվանդությունների ախտորոշումը և բուժումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, և մեկ հիվանդի համար պետությունը հատկացնում է 195 հազար 400 դրամ, ինչը բավարար չէ հիվանդին թանկարժեք դեղորայքով ապահովելու համար։ Համեմատության համար ասեմ, որ եվրոպական բժշկական կենտրոններում ոսկրածուծի փոխպատվաստման արժեքը մոտ 250 հազար եվրո է, Ռուսաստանում՝ 40 հազարից մինչև 80 հազար դոլար։
-Պարոն Դաղբաշյան, արյունաբանությունը պահանջարկվա՞ծ մասնագիտություն է բժշկության մեջ։
-Արյունաբանությունը ծանր ու ոչ եկամտաբեր մասնագիտություն է, ուստի երիտասարդներն այնքան էլ հետաքրքրված չեն մեր ոլորտով։ Հաշվի առնելով, որ արյունաբանությունը բժշկագիտության կարևորագույն ոլորտներից է, ես բժշկական համալսարանում բացեցի արյունաբանության և հեմատոլոգիայի ամբիոն։ Մի քանի երիտասարդ մասնագետների կարողացանք հավաքագրել, և նրանք հետագայում կդառնան արյունաբաններ։ Երբեմն մենք վախենում ենք նույնիսկ երիտասարդներին ուղարկել արտասահման վերապատրաստվելու. մեծ մտավախություն կա, որ նրանք չեն վերադառնա, քանի որ դրսում հեմատոլոգիան բարձր վարձատրվող և պահանջարկ ունեցող աշխատանք է։
-Դուք նշեցիք, որ արյան հիվանդությունների առաջացման մեջ մեծ տեղ ունի ժառանգական գործոնը։ Հայերն ունե՞ն իրենց հատուկ արյան ժառանգական հիվանդություններ։
-Հայերը չունեն արյան ժառանգական հիվանդություններ։ Հայերին բնորոշ միակ հիվանդությունը երևանյան հիվանդությունն է։ Սակայն ասեմ, որ կա արյան ժառանգական ոչ ուռուցքային հիվանդություն՝ հեմոֆիլիա, երբ արյան մեջ մակարդման գործոնները բացակայում են, և վնասվածքի դեպքում կամ առանց որևէ պատճառի արյունահոսում է սկսվում։ Հայաստանում մենք ունենք մոտ 250 հեմոֆիլիկներ։ Սակայն մակարդման գործոնները ստանալու դեպքում հեմոֆիլիկները կարող են նորմալ կենսագործունեություն ծավալել։ Ասեմ, որ այդ դեղամիջոցները բավականին թանկ են։ Հեմոֆիլիկների կյանքի միջին տևողությունը Հայաստանում 28 տարի է, իսկ ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով տառապողների կյանքի տևողությունը միջին վիճակագրականին մոտ է, որովհետև նրանք պարբերաբար ստանում են իրենց դեղամիջոցները։ Առողջապահության նախարարությունն իր պետական ծրագրում ներառեց նաև հեմոֆիլիկների համար այդ բավականին թանկարժեք դեղորայքի գնումը, և որոշ քանակ մենք կարողանում ենք ձեռք բերել ու հատկացնել հիվանդներին, սակայն այդ ծավալը քիչ է, այն մոտ 10 անգամ պետք է ավելացվի։
-Արյան հիվանդությունների բուժման արդյունավետությունը որքա՞ն է։
-Բուժման մեթոդներից է քիմիաթերապիան, որի շնորհիվ մեծահասակ հիվանդների մոտ առողջացման հավանականությունը 65 տոկոս է, իսկ երեխաների մոտ՝ շուրջ 82 տոկոս։ Նշեմ, որ եվրոպական երկրներում մեկ օրվա քիմիաթերապիան արժե 3000 և ավելի դոլար, առանց թանկարժեք դեղամիջոցների, հետազոտությունների և արյան բաղադրամասերի։ Ռուսաստանում քիմիաթերապևտիկ մահճակալի մեկ օրվա արժեքն է 200 դոլար։
Շատ է խոսվում նաև ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի մասին։ Նշեմ, որ ոսկրածուծի փոխպատվաստումը ոչ բոլոր հիվանդներին է ցուցված, այն այդքան էլ բարդ գործընթաց չէ, ուղղակի պետք է կատարվի հսկողություն, և լինեն ֆինանսական միջոցներ։ Այս մեթոդն այնքան էլ արդյունավետ չէ։ Արտասահմանում, օրինակ, բուժվող հիվանդների համար հաջող ելքերի տեսակարար կշիռը ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում կազմում է ընդամենը 25 տոկոս, մինչդեռ քիմիաթերապիայի դեպքում այդ ցուցանիշը 57 տոկոս է։ Հայաստանում նախատեսվում է ստեղծել ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման տարածաշրջանային կենտրոն։ Այդ նախադրյալներն առկա են։
Կան համապատասխան մասնագետներ, ցողունային բջիջների հավաքագրման սարք, բարձրակարգ ախտորոշիչ ծառայություն։ Կարծում եմ՝ առաջիկայում պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հիվանդները կարող են ստանալ նաև բուժօգնության այդ տեսակը։
Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ