ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մինչև բանը ծայրահեղությունների չի հասնում, արմատական քայլեր չեն ձեռնարկվում»

«Մինչև բանը ծայրահեղությունների չի հասնում, արմատական քայլեր չեն ձեռնարկվում»
10.04.2009 | 00:00

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԵՍ ԱԶԴԵՑԻԿ ՖԻԳՈՒՐԱՅԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆԵԼ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Երևանի պետական կոնսերվատորիայի ջազի և էստրադայի ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԸ չի թաքցնում, որ ինքը սուբյեկտիվ մոտեցում ունի Հայաստանի ներքաղաքական անցուդարձերին, բայց և մեկնաբանում է իր սուբյեկտիվության իրական շարժառիթները:
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԿԱՆԽԻ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԲԵՄ»

-Պարոն Երզնկյան, քանի որ վերջին շրջանում թեժ քննարկումներ են ծավալվում ՀՀ մշակույթի նախարարի՝ ոչ կենդանի հնչողությամբ երգելն արգելելու որոշման մասին, կխնդրեի Ձեզ ևս դառնալ այդ քննարկման մասնակիցը և հայտնել Ձեր տեսակետը: Ի դեպ, քննարկումների ընթացքում հնչել է նաև կարծիք օրենքի անկատարության մասին, համաձա՞յն եք այս գնահատականին:
-Եթե մեր մշակույթի նախարարը նման հրաման է արձակել, դա, իհարկե, լավ կյանքից չէ: Դա նշանակում է, որ բանը բանից անցել է: Եթե հանդիսատեսին խաբելու դեպքերը հատուկենտ լինեին, չեմ կարծում, որ նման հրաման արձակվեր: Որովհետև մենք ամեն ինչին դիմացող, հանդուրժող ազգ ենք: Մինչև բանը ծայրահեղությունների չի հասնում, արմատական քայլեր չեն ձեռնարկվում: Ես ողջունում եմ այդ հրամանը, բայց և պիտի ասեմ, որ մեր ազգի համար ամոթ է այդպիսի հրամանի գոյությունը: Այնուամենայնիվ, լավ է, որ այդ օրենքը կա: Կարծում եմ՝ մշակույթի նախարարի որոշումն ինչ-որ չափով կկանխի ոչ պրոֆեսիոնալների մուտքը բեմ: Չեմ ասում՝ հեռուստաէկրան, որովհետև հեռուստաէկրանում այնպիսի վիճակ է, որը չես կարող վերահսկել: Հոլովակը նկարում են (և մեզ մոտ իսկապես լավ են նկարում, որովհետև տաղանդավոր ազգ ենք) ու հեռարձակում եթեր: Մի անգամ, կարծեմ, Ռուբիկ Հախվերդյանն ասաց, թե միայն վատ երգերի համար են տեսահոլովակներ նկարում. պիտի հետը մի բան ցույց տան, որ վատ երգն «ուտվի»: Ես որոշ չափով համաձայն եմ նրա հետ: Եթե Շառլ Ազնավուրը՝ «խե՜ղճ» մարդը, մինչև հիմա ոչ մի տեսահոլովակ չունի, դա չի նշանակում չէ՞, որ վատ երգիչ է: Ի միջի այլոց, նա երբեք ֆոնոգրամայով չի երգել. ինքն է այդ մասին ինձ ասել: Ինչևէ, շատ չերկարացնեմ: Կարծում եմ, որ հենց լրագրողները շատ աղմուկ բարձրացրին այդ հրամանի շուրջ, իսկ աղմուկի պատճառ առանձնապես չկա: Ընդամենը մի հրաման է, որ պետք է կատարվի:
-Պիտի առարկեմ. մեր երգիչ-երգչուհիների՝ այդ առիթով հնչեցրած բազմաթիվ ելույթներն ու հակասական տեսակետներն են շարժել լրագրողների հետաքրքրությունը: Ինքս անձամբ շատերի խոսքն եմ լսել եթերից՝ Շուշան Պետրոսյան, Զարուհի Բաբայան (ովքեր անվերապահորեն կողմ էին որոշմանը), Նունե Եսայան (ով բազում հակափաստարկներ բերեց այդ օրենքի դեմ): Մյուսներին այս պահին չեմ հիշում: Նունե Եսայանի ելույթը նույնիսկ անեկդոտի պատճառ է դարձել: Երգչուհին պատճառաբանեց, որ մեքենան կայանելու հետ կապված անհարմարություններն իրեն խանգարում են կենդանի հնչողությամբ երգել: Նրա այդ ելույթից հետո մարդիկ կենդանի հնչողությամբ հանդես եկող երգիչ-երգչուհիների մասին ասում են. «Առանց parking-ի կարողանում է երգել»:
-Գուցեև այդպես է: Ես վերջերս լրատվությանն ուշադիր չեմ հետևում, շատ զբաղված եմ: Բայց Ձեր նշած երեք հոգին էլ երգողներ են, նրանց պիտի որ չանհանգստացներ այդ հրամանը: Ամեն դեպքում, կրկնեմ, որ ես այդ հրամանին կողմ եմ ու հետաքրքվել եմ, թե ինչպես է վերահսկվելու դրա իրագործումը: Ինձ ասացին, որ եթե վերցվում է դահլիճ, կնքվում է պայմանագիր, հստակեցվում է կենդանի երգելու պայմանը, ապա ֆոնոգրամայով երգելը համարվում է ուղղակի պայմանագրի խախտում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
-Ինչո՞վ է բացատրվում Ձեր բացակայությունը Հ1 հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծի ժյուրիի կազմում: Հեղինակնե՞րը չեն հրավիրում, որովհետև խիստ եք Ձեր գնահատականներում, թե՞ Դուք չեք ցանկանում մասնակցել:
-Մի լավ խոսք կա՝ հաճելին օգտակարի հետ համատեղել: Մի կողմից` ուրախ եմ, որ ինձ չեն առաջարկում հանդես գալ որպես ժյուրիի անդամ, որովհետև մակարդակն անչափ ընկել է: Մյուս կողմից էլ՝ այդ նախագծում ժյուրին ձևական բան է. ամեն ինչ որոշվում է sms-ներով: Ժյուրին ընդամենը եթերը դեմքերով լցնելու ֆունկցիա է կատարում: Ամեն դեպքում, ինձ այլևս չեն կանչում, որովհետև, ինչպես նկատեցիք, խիստ եմ: Երգիչներն էլ ամեն անգամ փոխվում են, և չէի ասի, որ նրանց փոխարինում են ավելի լավերը: Պարզ է, որ այս դեպքում ես ավելի խիստ պիտի լինեմ, ուրեմն իմ ներկայությունը նպատակահարմար չէ, հեղինակները չեն ցանկանում ինձ հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Եվ ես դրա համար շատ ուրախ եմ: Բացի այդ, ժամանակ չունեմ: Այսինքն՝ հաճելին համատեղվում է օգտակարի հետ:
«ԵԹԵ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՈՒ ԱՆՑՆԻ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է` ԹԱՓԱՆՑԻԿ ՉԼԻՆԻ»
-Ի՞նչ եք կարծում՝ մայիսի 31-ին կհաջողվի՞ անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ:
-Դժվար հարց է: Համենայն դեպս, շատ կուզենայի, որ թափանցիկ լիներ: Բայց եթե պիտի լինի թափանցիկ, ու անցնի Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելի լավ է՝ թափանցիկ չլինի: Հիմա կոնֆլիկտների ժամանակը չէ: Ես Լևոն Տեր-Պետրոսյանին բարձր եմ գնահատում որպես գործչի, որպես իր գործի պրոֆեսիոնալի: Բայց կարծում եմ, որ մենք հիմա այն վիճակում չենք, որ մեզ թույլ տանք նոր խառնաշփոթ սկսել: Հազիվ մի քիչ հանգստացել ենք: Լինում են դեպքեր, երբ հարկավոր է դեմոկրատիայից մի փոքր նահանջել: Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, դրանից հեռու եմ, այդ պատճառով էլ նման հիմար բաներ եմ ասում, գուցե և ոչ կոռեկտ: Բայց իմ նպատակն այն է, որ մեր ժողովուրդը լավ ապրի: Ես կոնկրետ որևէ մեկին չեմ կարող մյուսներից բարձր կամ ցածր դասել, բայց գիտեմ, որ Գագիկ Բեգլարյանն իրեն շատ լավ է դրսևորել որպես թաղապետ և որպես իր խոսքը հարգող տղամարդ: Վերջերս Մարտին Վարդազարյանը դրական բաներ ասաց նրա մասին. ինչ հարցով որ դիմել է, երբեք անպատասխան չի մնացել: Իհարկե, Մարտին Վարդազարյանին չպիտի մերժեր: Բայց ես ցանկանում եմ, որ մարդուն լավ վերաբերվեն անկախ նրա անձից, որ ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որ սովորական քաղաքացու համար ոչ մի նշանակություն չունենա, թե ով է նախագահը, ով է վարչապետը, ով է թաղապետը: Սա, իհարկե, իդեալ է, որից մենք դեռ շատ ենք հեռու: Բոլոր հայերն էլ գիտեն լավը վատից տարբերել, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես անել, որ բոլորի համար լավ լինի: Մեխանիզմներն է պետք է ճիշտ մշակել: Ճանաչում եմ նաև Հարություն Քուշկյանին: Շատ գործունյա, բանիմաց, ինտելիգենտ մարդ է, հմուտ կազմակերպիչ ու կարող է լավ քաղաքապետ դառնալ: Մնացածներին՝ որպես գործիչների, չեմ ճանաչում:
-Դուք վստա՞հ եք, որ մեր անդորրը չի խախտվի քաղաքապետի ընտրություններից հետո, բացառո՞ւմ եք, որ, Աստված մի արասցե, մարտի 1 հիշեցնող ինչ-որ բան կլինի:
-Իհարկե, կարող է լինել: Դրա համար էլ կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը պիտի իր թեկնածությունը չդներ: Ժողովրդի մեջ հակադիր բևեռներ կան: Մի մասը նրա կողմն է, մյուսներն այլ բան են ուզում: Լևոն Տեր-Պետրոսյանի պես ազդեցիկ ֆիգուրայի պարագայում բևեռացումը կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱՏՎԱԾ ԼԻՆԻ»
-Ինչպե՞ս եք ընկալում ներխորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմություն դասակարգումը: Առհասարակ, ընդդիմությունը պիտի համաձո՞ւյլ լինի, թե՞ մասնատված:
-Ընդդիմությունը, եթե իսկապես ընդդիմություն է, չպետք է մասնատված լինի: Ընդդիմությունը բոլոր դեպքերում պետք է ցանկացած հասարակությանը: Բայց քանի որ ես մասնագետ չեմ և այդ հարցերն այնքան էլ լավ չեմ հասկանում, ինձ համար դժվար է Ձեր հարցերին պատասխանել: Հստակ չեմ կողմնորոշվում: Ես երաժիշտ եմ, և այն ամենը, որ ասում եմ, գուցե և կարելի էր չասել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը չեմ ուզում մարդկանց պարտադրել:
-Հենց այդ պատճառով էլ մենք արվեստագետներին, մտավորականներին ենք դիմում նման հարցերով և ակնկալում լսել անկողմնակալ, անկեղծ կարծիք, ոչ թե ինչ-ինչ քաղաքական շահերից ու կուսակցական գաղափարախոսությունից բխող բանաձևումներ:
-Ամեն դեպքում, ես էլ շատ անկողմնակալ չեմ կարող լինել, որովհետև ինձ համար՝ որպես քաղաքացու և պրոֆեսիոնալի, մեծ նշանակություն ունի, թե ով է երկրի ղեկավարը: Ես ղեկավարում եմ նվագախումբ, կոնսերվատորիայում՝ ամբիոն: Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ նվագախումբը լավ ապրի: Ամեն ամիս քառասունից ավելի մարդ նայում է իմ աչքերին: Ինձ համար լավն է այն մարդը, ով մեզ օգնում է, աջակցում, անում թեկուզ մի փոքր քայլ, որպեսզի արվեստի վիճակն ինչ-որ չափով լավանա: Դժբախտաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ես այդ վերաբերմունքը չեմ նկատել իր իշխանության տարիներին: Իսկ Քոչարյանի և հիմա էլ Սարգսյանի ղեկավարության օրոք միշտ զգացել ենք մեր նկատմամբ հոգատարության դրսևորումը: Երբ հասկանում են քո խնդիրը, արդեն հաճելի է: Այնպես որ, ես էլ անկողմնակալ չեմ, ես էլ եմ սուբյեկտիվ:
«ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»
-Ղեկավարության հոգածությունը դրսևորվում է միայն նվագախմբի՞ նկատմամբ, թե՞ կոնսերվատորիան էլ անմասն չի մնում դրանից:
-Մենք նոր էինք դուրս գալիս ճգնաժամային իրավիճակներից, հիմա էլ նոր ճգնաժամի մեջ ընկանք: Բայց և այնպես, ես կողմ եմ, որ մեր երկրում արվեստի բուհերը գործեն պետության հարյուր տոկոսանոց դոտացիայի պայմաններում: Ոչ մի վճարովի տեղ չպիտի լինի այդ բուհերում: Թող երեք անգամ պակաս լինեն շրջանավարտները, բայց բոլորը սովորեն անվճար: Վճարովի համակարգը փչացնում է մեր ուսումնական գործընթացը: Շատ դեպքերում անվճար տեղերը բաժին են ընկնում անարժան մարդկանց, իսկ անվճարունակ շնորհալիները մնում են դրսում: Իմ ղեկավարած էստրադայի և ջազի բաժնում բոլոր տեղերը վճարովի են, ոչ մի անվճար տեղ չկա: Մի կողմից` դա ինձ ձեռք է տալիս, ես հանգիստ կյանքով եմ ապրում, որովհետև բոլորը հավասար պայմաններում են: Բայց, մյուս կողմից, տեսնում եմ, որ շատ տաղանդավոր երեխաներ ուղղակի չեն դիմում այդ բաժին, որովհետև փող չունեն: Կարծում եմ, որ պետք չէ այդքան շատ տեղեր բացել արվեստի բուհերում: Պետության համար մի սարսափելի դժվարություն չէ ընդամենը երեք բուհ պահել պետական դոտացիայի հաշվին: Հա՜, կարող են արտասահմանցիները գալ և վճարովի ուսում ստանալ այդ հաստատություններում, ինչպես որ անում են հիմա, ու ասեմ, որ բավականին բարձր գումար են վճարում: Բայց մեր հանրապետության քաղաքացիների համար այդ երեք բուհերում պետք է ուսուցումը լինի անվճար: Կարծում եմ՝ այս մասին արժե մտածել:
-Իշխանության ներկայացուցիչները հաճախ են շեշտադրում այն միտքը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իրենց մեղքով չի ստեղծվել, որ դա համաշխարհային երևույթ է: Արդյո՞ք սա սեփական գլխի տակ փափուկ բարձ դնելու վարքագիծ չէ:
-Խնդիրը կա, և չենք կարող մեղադրել իշխանություններին սուտ խոսելու համար: Սա, իրոք, համաշխարհային խնդիր է: Եթե ուժեղ երկրներն ինչ-որ կերպ կարող են դրան դիմակայել, ապա մեր գործն ավելի դժվար է: Բայց, որքանով որ ես տեղեկանում եմ եթերից ու թերթերից, կարող եմ ասել, որ ղեկավարությունը փորձում է անել հնարավորը: Եթե միայն հայտարարեին, որ ճգնաժամը համաշխարհային երևույթ է ու ոչինչ չանեին, կարելի էր անհանգստանալ: Բայց ես տեսնում եմ, որ որոշակի քայլեր ձեռնարկվում են: Ինչ ասում եմ, անկեղծ եմ ասում:
«ԱՐՎԵՍՏՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՄ ԸՍՏ ՊԱՀԱՆՋԻ»
-Երբ պայթում են արկերը, մուսաները լռում են: Իսկ երբ ֆինանսները ռոմանսներ են երգո՞ւմ: Ֆինանսատնտեսական ճգնաժամը չի՞ խանգարում ստեղծագործելուն:
-Շատ ցավոտ հարց է ինձ համար: Ես նվագախումբը սկսել եմ ղեկավարել 1986 թվականից: Մինչ այդ էլ նվագում էի և երկրորդ դիրիժոր էի նվագախմբում: Իմ ղեկավարության շրջանը համընկել է ամենածանր, ամենավատ տարիների հետ: Այդ շրջանում առաջնային հարցը ոչ թե արվեստն էր, այլ հացի խնդիրը: Եվ ոչ միայն ինձ համար, այլև ամբողջ նվագախմբի: Իհարկե, վերջին տարիներին կարծես թե մի քիչ սկսեցինք շնչել, բայց հիմա էլ այս համաշխարհային ճգնաժամը: Ես արվեստով զբաղվում եմ ըստ պահանջի: Պրոֆեսիոնալ եմ, և եթե ինձ որևէ բան պատվիրում են, նստում ու գրում եմ: Իմ ապրուստի միջոցը հենց դա է՝ գործիքավորումը և երաժշտություն գրելը: Իհարկե, կցանկանայի այնքան անհոգ լինել, որ կարողանայի ինձ թույլ տալ զբաղվել այդ գործով՝ առանց պատվերի, բայց դրա ժամանակը դեռ չի եկել: Ինձ առայժմ երիտասարդ եմ համարում ու կարծում եմ, որ այդ ժամանակը կգա:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ