ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օպերացիա «Շահող կտրոն»

Օպերացիա «Շահող կտրոն»
17.03.2009 | 00:00

ԿՏՐՈՒԿ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ
Այն, որ կառավարությունը որոշեց անցկացնել ՀԴՄ կտրոններով վիճակահանություն, որի արդյունքում պետք է ամսական 10 հազար հոգի շահող լիներ, կարծես թե իրականություն չի դառնում: Եվ երևի դա է պատճառը, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն այլ միջոցներ է որոնում քաղաքացիների մոտ ՀԴՄ կտրոններ պահանջելու գործընթացը շարունակական դարձնելու համար, քանի որ այն մարման փուլում է գտնվում, իսկ դրա հետ միաժամանակ դժվարանալու են առևտրի ու ծառայությունների իրական դրամային ծավալների հայտնաբերմանն ուղղված ՊԵԿ-ի քայլերը:
Ինչևէ, Երևանի փողոցներում մեր անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ մարտյան վերջին խաղարկությունից հետո մարդիկ այնքան էլ շահագրգռված չեն ՀԴՄ կտրոններ պահանջելու, քանի որ, ինչպես նշեց հարցվածներից մեկը, միայն հունվար և փետրվար ամիսներին հավաքել է 400 ՀԴՄ կտրոն, սակայն նույնիսկ 5000 դրամ չի շահել և այժմ անտարբեր է, թե ՀԴՄ կտրոն կտա՞ն, թե՞ ոչ: Մեկ ուրիշն էլ նշեց, որ սկզբնական շրջանում, հակառակ ունեցած թերահավատությանը, թե ինչ-որ գումար կշահի, այնուամենայնիվ, ՀԴՄ կտրոն պահանջում էր, սակայն քանի որ շահում չի ունեցել և իր շրջապատում էլ չի հանդիպել մարդու, որը շահում ունենա, այնքան էլ չի հավատում խաղարկությանը:
Այս հանգամանքը կարծես թե հասկացել են նաև պետեկամուտների կոմիտեում: Պարզ է` միայն տուգանքներով հնարավոր չէ ապահովել ՀԴՄ-ների կանոնավոր շրջանառությունը, և առանց բնակչության օգնության դա կվերածվի միայն ձևական գործիքի: Եվ ահա, ՊԵԿ-ում որոշել են ներկայումս շահող կտրոնի բոնուսների խրախուսման փոխարեն կիրառել մեկ այլ մեխանիզմ, որը հիմնականում ուղղված է լինելու վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների տերերին: Ըստ այդմ, ենթադրվում է եռամսյակային կտրվածքով սահմանային որոշակի քանակությամբ և որոշակի ընդհանուր արժեք ունեցող կտրոնների համար վճարել բոնուս, որը կարող է լինել կտրոնների ընդհանուր գումարային արժեքից որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար: Քննարկվող մեկ այլ տարբերակով ՊԵԿ-ն առաջարկում է շահող համարել ոչ միայն ձախից աջ` 4,5,6,7,8, այլև աջից ձախ համընկնումները, ինչի շնորհիվ, ըստ ՊԵԿ-ի, երկու անգամ կավելանա շահողների թիվը: Այս դեպքում փոփոխության է ենթարկվելու նաև բոնուսի հաշվարկման կարգը: Մինչև 1000 դրամի դեպքում բոնուս չի հաշվարկվի, իսկ 1000-2000, 2000-4000, 4000-20000, 20000-50000 և 50 հազարից ավելի արժեք ընդգրկող կտրոնների համար բոնուսը կհաշվարկեն 20-ից մինչև 100 տոկոս:
Ինչևէ, պարզ է, որ իշխանությունների ձեռնարկած «Շահող կտրոն» գործողությունը կտրուկ արգելակվել է: Եվ դրա պատճառը, թերևս, 2 ամսվա կտրվածքով ընդամենը 890 շահողներն են, և հասարակությունը որոշակի թերահավատությամբ է մոտենում այս գործընթացին: Քանզի դժվար է հավատալ, որ հայտարարված ամսական 10 հազար շահողների փոխարեն գոնե երկու ամսվա կտրվածքով 2-3 հազար հոգի շահում չի ունեցել: Կամ առևտրի ծավալներն այնքան են կրճատվել, որ այդ շահող կտրոնները չեն իրացվում: Եվ թեև պետեկամուտների կոմիտեն հայտարարում է, որ սույն թվականի հունվար ամսի տվյալներով առևտրի ծավալը 9 մլրդ-ով ավելի է եղել, քան 2008-ի նույն ժամանակահատվածում, սակայն, պարզ է, որ ստվերային շրջանառության ծավալը ( խոսքը վերաբերում է խոշոր բիզնեսին) այնքան մեծ է եղել, որ այդքան գումար գոնե ավելացել է: Երևի «Շահող կտրոն» գործողությունը փրկելու միակ տարբերակը մեր հարևան Թուրքիայի օրինակին հետևելն է. ժամանակին այնտեղ ՀԴՄ կտրոններով առևտուրը խրախուսելու համար հենց տեղում գնորդին վերադարձնում էին գնումների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, և դրա արդյունքում այնտեղ արդեն այդ խնդիրը լուծված է:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4238

Մեկնաբանություններ