ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետական պարտքի կառավարման դերը տնտեսական անվտանգության ապահովման գործում

Պետական պարտքի կառավարման դերը տնտեսական անվտանգության ապահովման գործում
27.03.2009 | 00:00

ՍԱՀՄԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ ՀՆԱ-Ի 30%-Ը
2009-ի փետրվարին Հայաստանին տրված վարկային ռեսուրսները, մի կողմից, կենսական անհրաժեշտություն են` հաջողությամբ դիմակայելու ֆինանսական ճգնաժամի մարտահրավերներին, մյուս կողմից, սակայն, հաշված օրերի ընթացքում դրանք բառացիորեն կրկնապատկեցին երկրի արտաքին պարտքը` հասցնելով այն երեք միլիարդ դոլարի սահմանագծին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում պետության ներքին և արտաքին պարտքը, և ինչպե՞ս կարելի է դրանք արդյունավետ կառավարել:
Նախ` պետական կառավարման մարմինների պարտքը դրանց գործունեության առանցքային ցուցանիշն է: Ի տարբերություն պետական պակասուրդի, պարտքը չի կարող ներկայանալ որպես հոսք, որը հատում է պետական կառավարման և տնտեսության մնացած հատվածների հետ արտասահմանյան երկրների միջև սահմանագիծը: Պարտքն իրենից ներկայացնում է մարման տարբեր ժամկետներ ունեցող պարտավորությունների գումար, որը ձևավորվել է պետական կառավարման մարմինների անցյալի գործունեության արդյունքում և ենթակա է մարման ապագայում՝ ֆինանսական գործարքների միջոցով:
Շոշափելի չափերի հասնող արտաքին պարտքի դեպքում տնտեսական անվտանգության սպառնալիքի էությունն այն է, որ պետական մարմինները զրկվում են գործնական հնարավորությունից ինքնուրույն մշակելու և իրագործելու տեղի գերակայություններից բխող մակրոտնտեսական քաղաքականություն՝ վարկատուների կողմից նկատվող արտաքին ազդեցության պատճառով: Հետևաբար, ֆինանսա-բյուջետային անվտանգության վերլուծությունը կարող է թերի լինել առանց պետական պարտքի ուսումնասիրության, քանի որ խոշոր վարկատուները կարող են օգտագործել ստեղծված իրավիճակը սեփական շահերի և ծրագրերի իրագործման համար՝ տարբեր լծակներով ներազդելով պետության մակրոտնտեսական քաղաքականության վրա:
Կառավարման մարմինների պարտքը տնտեսության պետական հատվածի պարտքերի կառուցվածքի կարևորագույն բաղադրիչն է և ֆինանսական պայմանների փոփոխության շարժիչ ուժը: Պետական պարտքը հանրապետության ստանձնած պետական պարտատոմսերի, երրորդ անձանց պարտավորությունների երաշխիքների, այլ պարտավորությունների, ինչպես նաև պետության տարբեր օղակների ստանձնած բազմաբնույթ պարտքերի գծով պարտավորություններն են: Հայաստանի համար պետական պարտքն ունի ոչ միայն տնտեսական, այլև կարևորագույն քաղաքական նշանակություն: Տարբեր երկրներին զանգվածային պարտքերը վերադարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև անցումային տնտեսության այլ երկրներում գրանցված կործանարար ճգնաժամերը հուշում են, որ գոյություն ունի տնտեսական անվտանգության մի սահման, որից այն կողմ պարտքի սպասարկումը դառնում է անհնար, և, որպես հետևանք, տեղի է ունենում երկրի ֆինանսական ողջ համակարգի փլուզում: Հենց այդ սահմանն էլ ֆինանսա-բյուջետային անվտանգության կարևորագույն չափանիշային ցուցանիշն է: Համաձայն ռուս հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Սերգեյ Գլազևի, այդ սահմանը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 30 %-ը:
Ինչպես հայտնի է, կառավարության պարտքը ձևավորվում է ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների հանդեպ ունեցած պարտավորություններից: Համապատասխանաբար, առանձնացվում են ներքին և արտաքին պետական պարտքեր: Հայաստանի պետական արտաքին պարտավորությունները բաղկացած են արտաքին աղբյուրներից գոյացած վարկերից և փոխառություններից, որոնց գծով ձևավորվում են երկրի պետական ֆինանսական պարտավորությունները` որպես ֆինանսական միջոցների փոխառու կամ այլ երկրներին նման վարկերի մարման երաշխավորի: Պետական արտաքին փոխառությունները կազմում են երկրի պետական արտաքին պարտքը: Ընդհանուր առմամբ, հանրապետության պետական պարտքը կարող է գոյություն ունենալ հետևյալ հիմնական ձևերով.
l հօգուտ նշված վարկատուների, պետության անունից՝ վարկային կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքած վարկային համաձայնագրերը և պայմանագրերը,
l Հայաստանի Հանրապետության անունից թողարկված պետական արժեթղթերը,
l հանրապետությանը պետական երաշխիքների տրամադրման պայմանագրերը, երրորդ կողմի հանդեպ պարտականությունների կատարման ապահովման հանրապետության երաշխիքները,
l համապատասխան օրենքների ընդունման հիման վրա երրորդ կողմի պարտքը հանրապետության հաշվին վերաձևակերպումը,
l անցյալ տարիներին Հայաստանի Հանրապետության անունից կնքված, այդ թվում՝ միջազգային, պարտքային համաձայնագրերի և պայմանագրերի ժամկետների երկարացումը և պարտքի վերակառուցումը:
Հանրապետության պետական պարտքը կազմում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, արտասահմանյան պետությունների, միջազգային ֆինանսական կառույցների, այլ կազմակերպությունների հանդեպ պարտքային պարտավորությունները (կարճաժամկետ՝ մինչև մեկ տարի, միջնաժամկետ՝ մեկից մինչև հինգ տարի և երկարաժամկետ՝ հինգից մինչև երեսուն տարի), որոնք անպայման վճարման են ենթակա և ապահովված են պետական սեփականության մաս կազմող ունեցվածքով ու պետական գանձարանի միջոցներով: Երկրորդական շուկայում պետական պարտքային պարտավորությունների գծով գործարքները հաշվառվում են ֆինանսական շուկայի մանրամասնած վիճակագրությամբ: Հետևաբար, պետական պարտքի կառավարումը հիմնված է երկրորդական շուկայում պետական արժեթղթերի գծով գործարքների մասին տեղեկատվության վրա:
Չմարված պարտքը տնտեսական քաղաքականության և պետական կառավարման կարևոր առարկա է, քանի որ պարտքային պարտավորությունների ժամանակացույցից կարելի է որոշել, թե հատկապես որ ժամկետների համար են պահանջվելու մարման համար անհրաժեշտ ներքին և արտաքին ռեսուրսները: Չմարված պարտքի կառուցվածքը միատարր չէ, լրացուցիչ պարտքային պարտավորությունների վաճառքի ծրագրերը պահանջում են լրացուցիչ տեղեկատվության առկայություն առ այն, թե.
l արդյոք գոյություն ունեցող պարտքը համարվում է վերազիջման ենթակա,
l պարտատոմսը անվանական է, թե տրված է ներկայացնողին,
l տարաբաշխվում է պարտադիր, թե կամավոր,
l իրացվում է աճուրդով, թե բաժանորդագրությամբ,
l տոկոսների վճարումները կատարվում են կտրոններով, թե վաճառքի միջոցով՝ զեղչով,
l պարտքն ինդեքսավորվող է, թե չինդեքսավորվող,
l մարվում է միայն նշված ժամկետում, թե մինչ ժամկետի լրանալը՝ տուգանքով,
l ինչ տոկոսադրույք ունի, և ով է վարկատուն,
l տոկոսների վճարման միջոցով չմարված պարտքի սպասարկման դեպքում պետք է նաև հաշվի առնվեն պարտատոմսերի թողարկման ծավալները և կտրոնի տոկոսադրույքը:
Մեր կարծիքով, պարտքի մասին տվյալները պետք է ներառեն պետական կառավարման այն մակարդակները, որոնք անմիջականորեն պատասխանատու են պարտատոմսերի թողարկման համար: Պարտքի մեծությունը պետք է ներառի միայն պետական կառավարման հատվածի պաշտոնապես ճանաչված ուղղակի ֆինանսական պարտավորությունների գումարը, որի սպասարկումը կատարվում է տոկոսների վճարման կամ հիմնական գումարի մարման միջոցով: Այլ պարտքերի մարման երաշխիքները, ինչպես նաև այլ պայմանական պարտավորությունները հաշվի չեն առնվում մինչև այն պահը, քանի դեռ պետական մարմինները չեն սկսում հնարավոր պարտքի մարման գծով վճարումները: Ապահովագրման պետական ծրագրերի կամ սոցիալական ապահովության հիմնադրամի պայմանական պարտավորությունները նույնպես բացառվում են մարման հստակ ժամկետ ունեցող պաշտոնապես ճանաչված ուղղակի պարտքի ընդհանուր գումարից: Չվճարված պարտավորությունների գծով ընթացիկ պարտքը ևս բացառվում է պարտքի գումարից մինչև այն պահը, երբ այդ պարտավորությունները չեն ճանաչվել և չեն ընդունել հստակ ժամկետներ ունեցող պարտքային պարտավորությունների ձև: Այսուհանդերձ, ընթացիկ պարտքը պետք է ներառվի ոչ թե պարտքի ընդհանուր գումարում, այլ հաշվեկշռում պետք է ցույց տրվի առանձին տողով: Մասնավորապես, պետական ծառայողների աշխատավարձի չվճարումները, ի տարբերություն պետական պարտատոմսերի գնորդների (որոնք ունեն ընտրության իրավունք), չեն կարող դիտվել որպես պետական մարմինների կամավոր վարկավորում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 10402

Մեկնաբանություններ