38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Տգիտության ու նյութապաշտության «խաչակրաց արշավանք» հայոց դպրոցներում

Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Տգիտության ու նյութապաշտության «խաչակրաց արշավանք» հայոց դպրոցներում
16.07.2013 | 00:19

«Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը» (Մովսես Խորենացի` «Ողբ»):
Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր բարեխիղճ և սակավաթիվ հայ ուսուցիչներից, ովքեր մաքառում են առկա բոլոր դժվարությունների դեմ և մնում իրենց կոչմանը հավատարիմ, բայց այլևս զայրույթս, արհամարհանքս և ակնհայտ զզվանքս չեմ կարող չարտահայտել դպրոցներում տգիտության և նյութապաշտության, զեղծարարության, քծնանքի և պնակալեզության «խաչակրած արշավանք» կազմակերպած հայ դասատուների հանդեպ: Լինի կին թե տղամարդ, ահել թե ջահել: Սահմանին կանգնած հայ զինվորից և սպայից առաջ, մեր պետության կայունության և ուժեղության առաջին երաշխավորը, իմ կարծիքով, հայկական դպրոցի դասասենյակում աշխատող հայ ուսուցիչն է: Մինչդեռ մեծ արագությամբ վերացող հայ ուսուցչի տեսակն այսօր իր տեղը զիջում է ընտրակեղծարար և ընտրակաշառք բաժանող, վաղուց իր հոգին սատանային վաճառած տգետ, անսկզբունք և հաճախ անգամ անբարոյական հայ դասատուների ողորմելի բանակին: Անհապաղ ուզում եմ զինվել, երբ ամեն անգամ հիշում եմ, որ այս էլ քանի տարի մեր երկրում ընտրակեղծարարները դպրոցների տնօրեններն են իրենց բուրումնավետ դասատուների ծաղկաբույլով՝ փողոցի խուժանի հետ ձեռք ձեռքի բռնած:

Դիտվել է՝ 3461

Մեկնաբանություններ