Թող մեծամտություն կամ ինքնագովեստ չընկալվի, բայց բոլոր ժամանակների ամենախոշոր հայ բարերարի մասին ամենից շատ ես եմ գրել և ամենից հանգամանալից ես եմ ուսումնասիրել նրա կյանքն ու գործը: Քանիցս գրել եմ, որ բարերարությունը նրա ապրելու կերպն էր, թելադրված էր քրիստոսապաշտությամբ ու բացառիկ մարդկային խղճով: Գրել եմ, որ ազգին ու նրա կառույցներին բարիք բերեց իր ողջ գիտակցական կյանքում՝ 45 տարի շարունակ: Բայց երբեք մանրակրկիտ չեմ անդրադարձել սկզբին և դա հիմա եմ անում, որովհետև անհնար է «Բարի էջն» սկսել առանց այդ մեծագույն հայի:
1866 թ. 24-ամյա Մանթաշյանցը գտնվում էր Մանչեստրում՝ տեքստիլ արդյունաբերության եվրոպական խոշոր կենտրոններից մեկում, որտեղից մանուֆակտուրա էր գնում և առաքում Թիֆլիս՝ հորը: Անգլահայ գաղութն առհասարակ, և Մանչեստրինը՝ մասնավորապես, ձևավորվել են 1830-1835 թթ., երբ պոլսահայ վաճառականներ Գրիգոր, Հարություն և Հովհաննես Միրասեյիդյանները, ապա Մանուկ, Հարություն, Գևորգ և Խաչիկ Գափամաճյանները, Կարապետ ու Գրիգոր Թոքատյանները ոտք դրեցին Անգլիա: Բոլորը եղբայրներ էին և բոլորը մեկ նպատակ ունեին՝ մանուֆակտուրա առաքել հայրենիքում մնացած ծնողներին, զերծ մնալով միջնորդների՝ քոմիսիոնճիների թանկարժեք ծառայություններից: 50-60-ական թթ. նոր հոսք սկսվեց, ինչի շնորհիվ ձևավորվեց զուտ առևտրատնտեսական համայնք: Ահա այս հոսքի մեջ էր նաև Մանթաշյանցը:
1866 թ. Լոնդոնի, Մանչեստրի ու Լիվերպուլի համայնքները միանում են (կենտրոնը՝ Մանչեստր) և գումարում ընդհանուր ժողով. կազմում են հոգաբարձություն (Հակոբ Տայան, Պետրոս Հ. Փափազյան և Հովհաննես Հակոբյան), որն զբաղվում է ներքին կանոնագրքի ստեղծմամբ: Վերջինիս վավերացմանը մասնակցում են 14 ազգայիններ, այդ թվում և՝ Մանթաշյանցը:
1869-ին ընդհանուր ժողովը՝ 21 անդամների մասնակցությամբ, որոշում է կայացնում հանգանակություն կազմակերպել և մատուռ կառուցել: Ժողովվում է 2725 ֆունտ ստեռլինգ 10 շիլինգ և 11 փենս, որը գոյացել էր 41 անձանց և ընկերությունների նվիրատվություններից: Ընդ որում, եթե «Մանուկ Գափամաճյան և ընկ.» ֆիրման հատկացրել էր 205 ֆունտ, ապա «Արսենյան և ընկերությունը»՝ 2 ֆունտ: ՈՒշագրավ է նաև, որ հանգանակությանը մասնակցել էին նաև այլազգիներ. այսպես, «Բերնս և Մաքիվեր» ֆիրման տրամադրեց 50, Հ. Հերոնիմոսը՝ 10, Ջիմի Թեքիրը 3 ֆունտ: Անշուշտ, իր լուման ներդրեց նաև Մանթաշյանցը, որը թիֆլիսցի Հովսեփովի հետ գանձանակ հանձնեց 40 ֆունտ:
Այս գումարը նախ ծառայեց մատուռ վարձակալելու համար, բայց նպատակահարմար համարվեց եկեղեցի կառուցելը, և կազմակերպվեց լրացուցիչ դրամահավաք: Ժողովվեց 285 ֆունտ ստեռլինգ, որը տրամադրեցին 26 ֆիրմաներ և անհատներ: Ընդ որում, եթե ամենախոշոր նվիրատվությունը նորից կատարեց «Մանուկ Գափամաճյան և ընկ.» ֆիրման՝ 25 ֆունտ, ապա ամենաքիչը թիֆլիսցի Ղազարովինն էր՝ 2 ֆունտ: Մանթաշյանցը կրկին մասնակցեց, տրամադրելով 5 ֆունտ:
Մանչեստրի Սբ. Երրորդություն եկեղեցին կառուցվեց 1870 թ. Upper Brook փողոցում, իսկ մեկ տարի անց այդտեղ մկրտվեց Անգլիայում ծնված առաջին հայ երեխան՝ Աբրահամ Գյումուշյանի դուստր Վիրջինիան:
Ո՞րն է այս պատմության խորհուրդը: Առաջին՝ հանգանակություններին մասնակցեցին ու եկեղեցի կառուցեցին ամենատարբեր վայրերից Անգլիայում հայտնված հայեր, որոնց ագուցել էր ընդհանուր նպատակը: Եվ ամենևին կարևոր չէր յուրաքանչյուրի տրամադրած գումարի չափը, ամեն ոք հատկացրեց այնքան, որքան կարող էր. կարևորն այն էր, որ նրանք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ միանալու, միասնական գործելու պարագայում հայը կհասնի նպատակին:
Երկրորդ՝ Ալեքսանդր Մանթաշյանցն առաջին անգամ առնչվեց բարերարություն երևույթին, որը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում՝ համաժողովրդական հարգանք ու երախտագիտություն պարգևելով: Նա սովորեց բարեգործություն անել, իսկ դա վկայում է, որ բարերարությունն էլ պետք է պարզապես սովորել:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ