Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ինձ միշտ հետաքրքրում էր դոկումենտալ կինոն, միաժամանակ վախ ու ձգտում ունեի այդ կինոյի նկատմամբ»

«Ինձ միշտ հետաքրքրում էր դոկումենտալ կինոն, միաժամանակ  վախ ու ձգտում ունեի այդ կինոյի նկատմամբ»
13.09.2013 | 11:04

ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ իր «Անթեղ» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում Բրիտանական խորհրդի սահմանած ամենամյա մրցանակին:
«Անթեղը» Հայաստանի, Լիբանանի, Քաթարի համատեղ արտադրություն է: Ստեղծվել է 2012 թվականին:
Այն հուզիչ, մարդկային պատմություն է, որի առանցքում Թամարայի տատիկի կերպարն է: Սակայն կինոպատումը ներառում է ոչ միայն այս աշխարհից հեռացած տատիկի մասին հիշողություններն ու նրան կարոտող թոռնուհու ապրումները, այլև մի ողջ սերնդի, մի ողջ հասարակարգի իրադարձային կենսանկարագիրը, որից ծայր առած հեղաբեկումները շարունակվում են արդեն մեր ու մեզնից հետո եկող սերունդների կենսագրության մեջ:
Ասենք, որ տարին բեղմնավոր է երիտասարդ կինոռեժիսորի համար, «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` նրա տարին է: Մինչև «Ոսկե ծիրանին» մասնակցելը Թամարա Ստեփանյանի մեկ այլ` «Փետրվար 19» ֆիլմն արժանացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Հայակ» մրցանակին:
Այսօր իմ զրուցակիցը Թամարա Ստեփանյանն է:

«ԴԱՀԼԻՃԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ԷՐ ՖԻԼՄԻՑ ՀԵՏՈ, ԱՅԴ ԾԱՓԵՐԸ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»
-Թամարա, քանի որ շատ երիտասարդ ես ու ստեղծագործում ես հիմնականում դրսում, մեր ընթերցողին ներկայացրու, խնդրեմ, քո անձը, քո կենսագրությունը:
-Ես ծնվել եմ Հայաստանում` արվեստագետների ընտանիքում: Հայրս դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն է, մայրս թավջութակահարուհի Նարինե Հարությունյանն է: Արվեստը մեր ընտանիքում խոր արմատներ ունի. մորս հորեղբայրն է Սերո Խանզադյանը: Փոքր ժամանակ ուզում էի դերասանուհի դառնալ (երևի հորս ազդեցությամբ էր պայմանավորված), բայց հետագայում հասկացա, որ իմ ասպարեզը կինոն է: 12 տարեկանից բնակվում եմ Հայաստանից դուրս: Ծնողներիս հետ ապրում էինք Լիբանանում, այնտեղ ես սովորեցի հանրակրթական դպրոցում, հետո` Լիբանանի ամերիկյան համալսարանի կինոյի ֆակուլտետում: Ավարտելիս նկարեցի դիպլոմային աշխատանք` «Վերջին կանգառը»` հորս և իրանահայ դերասանուհի Ժանետ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Ֆիլմը դեռ 2003 թվականին մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: 2010-ին մեկնեցի Դանիա` Կոպենհագեն, որտեղ հինգ ամիս սովորեցի դոկումենտալ կինոյի արվեստը: Ինձ միշտ հետաքրքրում էր դոկումենտալ կինոն, միաժամանակ վախ ու ձգտում ունեի այդ կինոյի նկատմամբ: Դանիայում անցած իմ կինոդպրոցն ուներ մի սկզբունք. ցանկացած թեմայով ֆիլմ նկարելիս պետք է ելակետը լինի կոնկրետ անձը, անձնական պատմություն պիտի լինի ֆիլմի հիմքում: Դա կոչվում է կրեատիվ դոկումենտալ արվեստ:
-«Անթեղը» նկարահանվեց ա՞յս չափանիշով:
-Բնականաբար: «Անթեղից» առաջ, նույն ծրագրի պահանջներին համապատասխան, նկարել էի «Փոքրիկ քարեր» ֆիլմը, որը 2011 թվականին ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ:
-«Անթեղը» նվիրված է քո Թամարա տատիկի հիշատակին: Սակայն այս ֆիլմում համահայկական, համամիութենական, համամարդկային թեմաներ են արծարծվում: Ներկայացվում է այն սերունդը, որն անձամբ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, իր լուման ունեցել Խորհրդային Միության տարած մեծ հաղթանակի մեջ: Եվ այս մարդիկ, իբրև մեծագույն իրադարձություն, ամեն տարի տոնում են Մայիսի 9-ը, չնայած տարեցտարի նոսրանում են տոնական սեղանի շուրջը հավաքվածների շարքերը: Դու հիշո՞ւմ ես, թե ինչ տրամադրություն էր տիրում տոնական հավաքույթների ժամանակ այն տարիներին, երբ խորհրդային հասարակարգի փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը դադարել էր տոն համարվելուց և չէր նշվում պետական մակարդակով:
-Իմ կարծիքով՝ նրանց կյանքում ոչինչ չէր փոխվել, Մայիսի 9-ը երբեք չդադարեց նրանց համար տոն լինելուց: Ինչ էլ պատահել է, ով էլ հեռացել է կյանքից, որքան էլ պակաս են եղել դրամական միջոցները, նրանք հավաքվել են ու իրենց տոնը տոնել: Նրանց համար երևի հանցագործություն կլիներ այդ օրը չհավաքվելն ու իրենց հաղթանակը չտոնելը: Իրենք չհավաքվեցին միայն վերջին մի քանի տարիներին, երբ տատիկս ու մյուսներն արդեն առողջական վատ վիճակում էին, ուղղակի չէին կարողանում տնից դուրս գալ: Բայց նրանց տրամադրությունը միշտ չափազանց բարձր էր լինում Մայիսի 9-ին, որքան ես եմ հիշում: Դա իրենց օրն էր, իրենց ամենանվիրական հաղթանակը: Նույնիսկ եթե այդ մարդիկ գիտակցում էին, թե ինչպիսի սխալներ, աններելի բաներ են եղել խորհրդային հասարակարգում, Ստալինի ռեժիմում, բաներ, որոնց մասին հենց իրենք են խոսում ֆիլմում, միևնույն է, Բեռլինում տարած հաղթանակը նրանց համար ուրիշ մակարդակի վրա գտնվող արժեք էր: Մարդիկ 18-19 տարեկանում կամավոր մեկնել են ռազմաճակատ, ունեցել են մեծ նպատակ, իրագործել են այն: Ի՞նչ ավելի մեծ բան կարող է լինել, քան սա:
-Եվ այդուհանդերձ, վերջին Մայիսի 9-ին հավաքված երեք հոգին` Հրանտը, Յուրին և Զեփյուռը, խոստովանում են, որ մեր հաղթանակը Շուշին էր, ու պետք է խմել նաև Շուշիի ազատագրման կենացը: Ասել է թե՝ ազգայի՞նն էր, այնուամենայնիվ, առաջնայինը խորհրդային գաղափարաբանությամբ դաստիարակված այդ սերնդի համար:
-Իհարկե, նրանք կարևորում էին Շուշին, բայց առաջինը, միևնույն է, խմում էին Հայրենական պատերազմի հաղթանակի համար: Դա էր իրենց հաղթանակը, իրենք իրենց ձեռքերով էին այն կերտել: Սա իմ կարծիքն է: Եվ ես ինչ-որ տեղ նրանց հասկանում եմ: Նրանց ու մեր սերունդները տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին:
-2011 թվին հավաքված երեք հոգուց այսօր ո՞վ է ողջ մնացել:
-Հրանտը, դժբախտաբար, մահացել է սրտի կաթվածից` նկարահանումներից երկու ամիս անց: Անսպասելի մահ էր, որովհետև նա ամենաառույգն էր ողջ մնացածներից: Ֆիլմում նկարահանված մյուս վետերաններից երկու հոգի ևս արդեն չկան` տիկին Ռեման և տիկին Կլարան:
-Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ն էր այդ տատիկ-պապիկների վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ: Մարդիկ ապրել են մի ողջ կյանք, հեռու են եղել կինոյի աշխարհից և հանկարծ կյանքի մայրամուտին դարձել են կինոհերոսներ, նրանց կերպարները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրների կինոէկրաններին:
-Հենց առաջին մոնտաժն ավարտելուց հետո ես մեկական օրինակ տեսաերիզ էի բաժանել նրանց: Նրանք շատ հուզվել էին, դա համարում էին մեծ իրադարձություն իրենց կյանքում: Շատ հպարտ էին իմ հաջողությամբ, ասում էին, որ ես արել եմ մի բան, որը մինչ այդ ոչ ոք չէր արել: Իրենք մտածում էին, որ ոչ ոքի պետք չեն, որ մահվան շեմին են ու մոռացված: Տխուր զգացողություն է, իհարկե: Եվ հանկարծ նրանք նկարահանվում են ֆիլմում: Դա մի տեսակ վերածնունդ էր իրենց համար, երևի: Երբ «Անթեղը» հայտնվեց էկրանին, շրջեց աշխարհով մեկ, շահեց մրցանակներ, դա նրանց համար մեծ ոգևորության պատճառ դարձավ: «Ոսկե ծիրանի» ցուցադրությանը ներկա էին պարոն Յուրան և տիկին Զեփյուռը: Նրանք անչափ հուզված էին, լաց էին լինում: Տիկին Զեփյուռը մի պահ գրեթե ուշաթափվեց: Երբ ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր ֆիլմից հետո, այդ ծափերը նախ և առաջ ուղղված էին այդ մարդկանց, յուրօրինակ շնորհակալություն էին նրանց արածի դիմաց: Դա, իհարկե, շատ հուզիչ է: 80-ն անց սերնդի համար այսօրվա երիտասարդության կողմից գնահատվելը շատ կարևոր է:
-«Անթեղում» ջնջված են կինոնկարահանողի և նկարահանվողների միջև գոյություն ունեցող սահմանները: Սա ինքնըստինքյան ստացված հնա՞րք է, թե՞ սցենարով նախապես մտածված:
-Ես փորձել եմ ֆիլմում հնարավորինս քիչ երևալ, ինչը նշանակում է, որ գործել է «դիտող տեսախցիկ» հասկացությունը: Ես տարածություն եմ պահել տեսախցիկի և նկարահանվողների միջև: Իրենց մենակությունը, լռությունը, որ կարող էր տևել մի քանի րոպե, ինձ համար շատ կարևոր էին: Այսինքն` տեսախցիկն ակտիվ չէր իրենց կյանքում: Բայց և պահեր կային, երբ զգում էի, որ ես էլ պիտի երևամ: Դա խաղարկային կինոյի միտում չէր, դա յուրօրինակ խաղ էր. կադրում Թամարան էր, ու խաղարկվում էր թեման. ո՞ր Թամարան է` տատի՞կը, թե՞ թոռնուհին` ես:
-Կադրից դուրս տեղ-տեղ հնչում է քո ձայնը` էմոցիոնալ, դրամատիկ տեքստով: Դու երկխոսում ես տատիկիդ հետ, ում հանդեպ կարոտով է շնչում ամբողջ ֆիլմը: Ինչպե՞ս հղացար այդ տեքստի գաղափարը, որը պիտի համադրվեր փաստագրության հետ:
-Ես նկարել եմ տատիկիս գերեզմանին այցի տեսարանը վերջին օրը, և տեքստը հանպատրաստից ծնվեց հենց գերեզմանատանը: Սցենարով նախատեսված էր իմ և տատիկիս զրույցը, բայց թե ինչ պիտի խոսեի նրա հետ, ինձ էլ հայտնի չէր: Ամեն բան ինքնըստինքյան ստացվեց: Դա ավելի շատ մենախոսություն է, քան երկխոսություն: Այս առումով մեծ է եղել իմ մոնտաժողի` Միշել Թյանի դերը: Ի տարբերություն ինձ, նա ուներ այն դիստանցիան ֆիլմի նյութի նկատմամբ, որը ես չունեի: Նա շատ սառն ու սթափ էր դատում, իսկ ես շատ էմոցիոնալ էի:
-Ո՞Ւմ կարծիքն է որոշող եղել ֆիլմը գնահատելիս:
-Ծնողներիս և ամուսնուս: Ամուսինս` Ժան Քրիստոֆ Ֆերարին, ֆրանսիացի է: Կինոգետ է, կինոքննադատ, գրող: Առաջինն ինքն է դիտել ֆիլմը, իսկ նա շատ խիստ է դատում կինոն: Նա ասաց. «Հիանալի աշխատանք ես կատարել: Սա ֆիլմ է»: Հայաստանում ես վախենում էի ծնողներիս կարծիքից: Նրանք շատ մոտ էին կանգնած ֆիլմի նյութին, և խոստովանեմ, որ առաջին անգամ դիտելիս այնքան էլ լավ չընդունեցին: Շատ ծանր տարան ֆիլմը, և իմ կարծիքով, չգնահատեցին այն որպես ֆիլմ: Եվ դա բնական է: Բայց մեկ տարի անց, երբ նրանք ֆիլմը դիտեցին կինոփառատոնի ժամանակ, արդեն ուրիշ աչքով տեսան այն ու նոր միայն ընկալեցին «Անթեղը»` որպես ֆիլմ, ոչ թե ֆիլմ` իրենց մայրիկի, իրենց հարազատի մասին:
-«Անթեղը» ի՞նչ այլ կինոփառատոների է մասնակցել:
-Մասնակցել է Պուսանի միջազգային կինոփառատոնին` շահելով «Լավագույն փաստագրական ֆիլմ» մրցանակը: Միջազգային շատ այլ կինոփառատոների է մասնակցել, այդ թվում` «Լա Ռոշել» ֆրանսիական ամենահին «Կին» փառատոնին: Վերջինում շահել է ժյուրիի սահմանած գլխավոր մրցանակը: Հիմա պատրաստվում եմ այս ֆիլմով մասնակցելու Լոկառնոյի կինոփառատոնին: Հետո երևի ֆիլմը կգնա Ճապոնիա: Այսինքն` ֆիլմը ապրում է իր կյանքով:

«ԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ԵՍ Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ»
-Ի՞նչ նոր կինոնախագիծ ունես:
-Երկուսն ունեմ: Մեկը խաղարկային լիամետրաժ ֆիլմ է լինելու` Հայաստանի, Ֆրանսիայի համատեղ արտադրության: Այն նկարվելու է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում: Մյուսը փաստագրական լիամետրաժ է, որ պիտի նկարվի Ֆրանսիայում` Լիոնում: Այն առայժմ սցենարի մակարդակում է: Սցենարը գրում եմ ամուսնուս հետ: Առաջին անգամ է, որ աշխատում եմ համահեղինակի հետ: Երկուսով աշխատելիս փոխլրացնում ենք միմյանց:
-Եվ արդյունքում շահո՞ւմ է ֆիլմը:
-Այո՛, շահում է:
-«Անթեղում» հպանցիկ արձագանք կար Արցախյան ազատամարտին: Կարո՞ղ է այն երբևէ դառնալ բուն թեմա քո որևէ ֆիլմի համար:
-Կան թեմաներ, որոնց ես ի սկզբանե դժվարանում եմ անդրադառնալ: Առաջինը Հայոց ցեղասպանության թեման է, երկրորդը` Արցախը: Երևի թե սփյուռքում ապրելով` այնքան եմ լսել «ցեղասպանություն» բառը, որ մի ներքին հակադարձում կա իմ մեջ այդ թեմայի նկատմամբ: Երբ շատ ես լսում, իմանում ինչ-որ բանի մասին, քեզ ժամանակ, տարածություն է պետք, որ կարողանաս այդ բանի մասին ասել քո խոսքը, արտահայտվել քո լեզվով: Ես դեռ չեմ հասել այդ աստիճանին: Չնայած ասեմ, որ հիմա առաջարկ ունեմ լինելու համահեղինակը կարճամետրաժ մի ֆիլմի, որը ցեղասպանության մասին է: Հինգ ռեժիսոր ենք, և ինձ ասել են, որ ես կարող եմ անել ամեն բան այնպես, ինչպես ինքս եմ ճիշտ համարում: Միայն այդ պայմանով համաձայնել եմ աշխատել: Դա ֆիլմ է ոչ միայն ցեղասպանության մասին: Ես չեմ ուզում ո՛չ լաց լինի, ո՛չ սրտաճմլիկ տեսարաններ: Իսկ Արցախի թեմային անդրադառնում եմ այն ֆիլմում, որի վրա աշխատում եմ ամուսնուս հետ: Դերակատարներից մեկը հայ տղամարդ է, որը կռվել է արցախյան պատերազմում: Բայց պատերազմի թեման շատ նուրբ, բարակ, երկրորդ շերտով է գնում ֆիլմում: Այնպես որ, չի կարելի ասել, թե դա ֆիլմ է արցախյան պատերազմի մասին, թեև նկարահանումների մի մասը Ղարաբաղում է արվելու: Ես կրկին փորձում եմ յուրովի մոտենալ այս հարցին:
-Ի՞նչ ունես ասելու հայ հասարակությանը:
-ՈՒզում եմ ասել, որ երևի թե առաջին անգամ եմ ինձ իսկապես լավ զգում Հայաստանում: Որովհետև երբ դրսում դու ճանաչվում ես, ընդունվում, բայց քո երկրում քեզ չեն ճանաչում իբրև հայ արվեստագետի, դու քեզ բավարարված չես զգում: Ե՛վ «Հայակը», և՛ «Ոսկե ծիրանը» ինձ առիթ տվեցին ասելու, որ ես կամ: Դա ինձ համար, ինչպես յուրաքանչյուր արվեստագետի համար, շատ կարևոր է: Երբ քեզ չգիտեն մի երկրում, որը քո հողն է, քո ջուրն է, քո ձայնն է, քո լեզուն է, շատ ցավալի է: Այս տարի ես ինձ լավ եմ զգում այս առումով, շնորհակալ եմ հայ հանդիսատեսին, հայ մամուլին, հայկական կինոփառատոներին, որ օգնում են մեզ` հեռվում ապրողներիս, տեղ հասցնելու մեր խոսքը:


Հարցազրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ