«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում ցուցադրվեց գերմանացի հանրահայտ ռեժիսոր, դերասանուհի, շուրջ քսանհինգ ֆիլմերի, երեսուն դերակատարումների հեղինակ, Շլյոնդորֆի, Ֆասբինդերի հետ համագործակցած ՄԱՐԳԱՐԵԹԵ ՖՈՆ ԹՐՈԹԱՅԻ վերջին` «Հաննա Արենդտ» ֆիլմը: Ֆիլմ, որի մասին քննադատները գրել են, թե յուրաքանչյուր կադրում զարկերակի նման տրոփում է այն միտքը, թե ֆիլմի գլխավոր հերոսը միտքն է:
Հաննա Արենդտն այն կարծիքին էր, որ համատիեզերական չարին հակադրվելու համար կա մեկ միջոց` սովորել մտածել ինքնուրույն, մտածել քննադատաբար:
Այսպես մտածող և գործող ուժեղ կնոջ կերպարի շուրջ է կառուցվել Մարգարեթե ֆոն Թրոթայի ֆիլմը, որի առնչությամբ ռեժիսորն ասում է. «Բավական դժվար է եղել պրոդյուսերներին համոզել նկարահանել ֆիլմ Հաննա Արենդտի մասին: Սկզբում մտածել էինք ֆիլմում ներկայացնել Արենդտի ամբողջ կյանքը, բայց հետո կանգ առանք կյանքի մի շրջանի վրա»:
Փառատոնի նշանավոր հյուրն ինքն իր մասին ասում է. «Վաթսունականներին մենք երիտասարդ սերունդ էինք համարվում, հիմա ես ամենատարեցներից եմ: Բայց դա չի նշանակում, որ տարեց եմ ներքուստ»: Նա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն շատ է գրավել «Ոսկե ծիրան» փառատոնի բացման արարողությունը` հիշեցնելով իր առաջին կինոմուտքը Գերմանիայում` նախորդ դարի վաթսունականներին: Նրա կյանքում «կինոյի վարակը» Բերգմանի ֆիլմով է սկսվել, և նա վերապրել է այն ժամանակների զգացումները` դիտելով փառատոնի բացման «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմը՝ Ազնավուրի մասնակցությամբ:
Միքայել Ստամբոլցյանը ցանկացավ պարզել, թե ինչ կարծիքի է Մարգարեթե ֆոն Թրոթան կինոդպրոցների մասին և որքանո՞վ է կարևորում կինոյում աշխատելով սովորելու տարբերակը:
«Ես ոչ մի կինոդպրոց չեմ անցել,- հիշելով իր երիտասարդությունը` խոստովանում է մեծ ռեժիսորը,- որովհետև շատ աղքատ էի այդ ժամանակ: Իմ աշխատանքում մեծ է եղել ֆիլմեր դիտելու գործոնը: Այն ժամանակ հնարավորություն կար, մեկ տոմս գնելով, մինչև նախաճաշ մնալ կինոյում ու դիտել բոլոր ֆիլմերը: Հետո դարձա դերասանուհի և հասկացա ներքուստ, թե ինչպես են կինոռեժիսորներն աշխատում»: Ավելի ուշ նա ծանոթացել է Շլյոնդորֆի հետ, ամուսնացել: ՈՒ թեև հետագայում բաժանվել է ամուսնուց, բայց չի ժխտում իր ստեղծագործական կյանքի վրա նրա բարերար ազդեցությունը։ «Նա լավ ռեժիսոր էր, նրանից ես շատ բան սովորեցի: Ես սովորել եմ աշխատելով: Բայց դա չի նշանակում, որ չկան հրաշալի կինոդպրոցներ, որոնցից լավ ուսանողներ են դուրս գալիս»,- ասում է ֆոն Թրոթան:
Գերմանուհու բոլոր ֆիլմերի կենտրոնում ուժեղ, կամային կինն է: Իմ անձնական կարծիքով` Մարգարեթե ֆոն Թրոթայի ֆիլմերը, ստեղծագործական հայեցակարգը, նաև` անձնական կյանքը յուրօրինակ ընդդիմախոսություն են շեքսպիրյան հայտնի` «Թուլությո՛ւն, անունդ կին է» բնորոշումին:
«Ես ֆեմինիստ եմ եղել և դեռ եմ: Բայց դա երբեք չի նշանակում, թե ուզում եմ սպանել տղամարդկանց»,- հայտարարում է Մարգարեթե ֆոն Թրոթան` հիշեցնելով, որ իր վերաբերմունքը տղամարդկանց նկատմամբ լավագույնս արտահայտվում է այն փաստի ֆոնին, որ ինքը երեք անգամ եղել է ամուսնացած:
Ինքնատիպ վերաբերմունք ունի նաև լրագրողների, քննադատների նկատմամբ: Նրանցից ոմանց ինքն անձամբ պատրաստ է սպանելու, բայց ապահովեցնեմ իմ գործընկերներին և շտապեմ ասել, որ այս վերաբերմունքը չի տարածվում բոլորիս վրա:
«Իրատես de facto»-ն Մարգարեթե ֆոն Թրոթային ուղղեց երեք հարց մամլո ասուլիսի ընթացքում: Ստորև ներկայացնեմ հարցերը և պատասխանները:
-Տիկին Մարգարեթե, Հաննա Արենդտը փորձում էր պատճառաբանել նախկին էսէսական Այխմանի կրավորական վարքագիծը` նրան ներկայացնելով իբրև անդեմ անհատ, որը պարզապես կատարել է իր վրա դրված պարտականությունները: Այս կերպարի հակադրությունն է Ձեր «Ռոզենշտրասսե» ֆիլմի հերոսը` էսէսական սպա Արթուր ֆոն Էշենբախը, որը թեև Ստալինգրադյան ճակատամարտում կորցրել է ոտքը, բայց չի չարացել, չի դադարել մարդ լինելուց: Կարելի՞ է ենթադրել, որ Դուք համամիտ չեք Ձեր հերոսուհու` Հաննա Արենդտի մոտեցմանը Այխմանի վարքը ինչ-որ տեղ արդարացնել փորձելու հարցում:
-Հաննա Արենդտը չի արդարացնում էսէսականին: Նա Այխմանին ոչ թե որպես հրեշ էր տեսնում, այլ որպես միջին պաշտոնյա: Արենդտը համեմատականներ է անցկացնում երկու ռեժիմների` տոտալիտարիզմի և ստալինիզմի միջև, և նա երբեք չէր կարող արդարացնել պատերազմի ժամանակ հանցագործություն կատարած մարդուն: «Ռոզենշտրասսեում» կանայք պայքարում էին իրենց հրեա ամուսիններին փրկելու համար: Եվ այդտեղ, ինչպես և իմ բոլոր ֆիլմերում չկա համակրանք նացիոնալ-սոցիալիստների նկատմամբ:
-«Կապարե ժամանակներ» ֆիլմում ներկայացված են երկու քույրեր, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում ժամանակի տիրող բարքերի դեմ: Նրանցից մեկը դա անում է կտրուկ քայլերի, տեռորիստական գործողությունների, մյուսը` գաղափարական դաշտում տարվող աշխատանքի, ռեֆորմիստական մոտեցումների միջոցով: Ըստ Ձեզ` երկու քույրերից ո՞վ է ավելի ուժեղ իր մարդկային նկարագրով:
-Ես փորձել եմ երկուսին էլ հավասարաչափ ներկայացնել` իրենց բնորոշ գծերով: Երկուսն էլ յուրովի, սեփական ձևաչափով փորձում էին հասարակությունը փոխել` մեկն իր համբերատարությամբ, մյուսը` արագ գործողություններով:
-Դուք և դերասանուհի Բարբարա Զուկովան ձևավորել եք ստեղծագործական տանդեմ կինոյում, նկարել եք վեց ֆիլմ: Կինոն ավելի՞ բարենպաստ միջավայր է Ձեզ համար` իբրև ստեղծագործողի, քան թատրոնը:
-Թատրոնն իր տարածքում, իր միջավայրում է լավը, կինոն` իր: Դրանք երբեք չի կարելի համեմատել: Օրինակ` Էգոյանը և՛ թատրոնում է շատ լավ աշխատում, և՛ կինոյում: Ինձ համար, իհարկե, առավել հոգեհարազատ է կինոն` իբրև ստեղծագործական միջավայր: Բայց սա չի նշանակում, թե կինոն ստեղծագործական ամենալավ միջավայրն է:
Մարգարեթե ֆոն Թրոթան շատ ջերմ արտահայտվեց «Ոսկե ծիրանի», մեր վանքերի, Երևանի, Հանրապետության հրապարակի, երևանյան հասարակության մասին` ափսոսանք հայտնելով, որ չի կարող անմիջականորեն, միևնույն լեզվով շփվել հայերիս հետ և լիարժեք հասկանալ ու հասկացված լինել զրուցակիցների կողմից: Նա նկատեց, որ Գերմանիայում առավել շատ են հիմքերը ուրախանալու համար, բայց այնտեղ մարդիկ այնքան ուրախ չեն ու կյանքն այնպես չեն վայելում, ինչպես այստեղ: «Հաննա Արենդտ» ֆիլմի ցուցադրությունից առաջ ռեժիսորը պատմեց, որ «Ոսկե ծիրանի» հրավերը ստանալուն նախորդել է իր ծանոթությունը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին, որից հետո նա մեծ ցանկություն է ունեցել գալու և տեսնելու այն Հայաստանն ու հայերին, որոնց մասին գրել է Վերֆելը: Երևան ժամանելով` Մարգարեթե ֆոն Թրոթան այցելել է Փարաջանովի թանգարան, տեսել այնտեղ Փարաջանովի թալերի բնօրինակը: Եվ սրա մեջ նա մեծ խորհուրդ տեսավ, երբ Հարություն Խաչատրյանի ձեռամբ պարգևատրվեց փարաջանովյան թալերով:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ