Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)
28.06.2013 | 12:03

սկիզբը` այստեղ)

Առավոտյան իմ հոգուն տիրեց մի տարօրինակ մեղմություն ու քնքշություն, հեզություն ու թեթևություն, ներողամտության մի անսահման զգացում: Իմ բանտարկված վիճակը թվում էր այլևս թեթև ու չնչին մի բան: Այդ պահին ես պատրաստ էի ներել բոլոր նրանց, ովքեր երբևիցե ինձ վիրավորել էին ինչ-որ բանով, և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևիցե որևէ բանով վիրավորել էի:
Խիստ սակավ բացառությամբ, ես ընդհատել էի ծանոթությունս բոլոր հայ բոլշևիկների հետ: Աշոտ Հովհաննիսյանը` Լեգրանի առաքելության տեղեկատու բաժնի վարիչը, հետո խորհրդային կառավարության անդամը, լուսավորության կոմիսարը, մեր կուսակցական կազմակերպության նախկին անդամը, որպես վատթարագույն և վնասակար բոլշևիկ հայ իրականության մեջ, պատկանում էր հակակրածս տիպերի շարքին: Նա մեկն էր այն բազմաթիվ բոլշևիկներից, որոնք կեղծ դերերի մեջ էին գտնվում. քաղաքական կարիերա, կոմիսարի շահավետ, փափուկ կյանք և հրամայազոր դիրք` ահա պատասխանատու բոլշևիկ գործիչների մեծագույն մասի բոլշևիկյան գործունեության իսկական շարժառիթները: Քի՞չ հոգևորականներ կան ¥հայ և ոչ հայ եկեղեցիներում¤, որոնց դեպի հոգևոր կոչում են մղում ուրիշ հազարումի դրդապատճառներ, բայց ոչ անարատ հավատը դեպի քրիստոնեական կրոնն ու եկեղեցական սրբությունները: Ահա այդպիսի կարիերիստ, հոգով կեղծված և համոզմունքով խարդախված բոլշևիկներին ¥ինչպես նաև գաղափարային շառլատաններին` այլ կուսակցական շարքերում¤ ատելով ատում եմ: Աշոտհովհաննիսյանները, աբելշիրինյանները, շահումյանները միևնույն խմորից հունցված ու կաղապարված, բայց տարբեր դիրքերի և աստիճանների տիպեր էին:
Ահա այդպիսի մեկին գրեցի իմ անմեղ երկտողը այն ժամանակ, երբ գտնվում էի զգացումների և տրամադրությունների արտասովոր, անհավասարակշիռ վայրկյանին:
Ժամը արդեն 8-ից անց էր: Ես վեր էի կացել «անկողնուցս», լվացվել և պատուհանի մոտ կանգնած նայում էի անցուդարձ անողներին: Անցորդ ծանոթներս կանգնում ու ողջունում էին: Հետզհետե փողոցի զանազան մասերում ու պատուհանիս տակ խմբվեցին ընկերներս, ծանոթներս, բազմաթիվ ուրիշ մարդիկ և սկսեցին ձեռքով զանազան նշաններ անել: Դեռ նախորդ երեկոյան քաղաքում տարածվել էր իմ բանտարկության լուրը: Եվ իբրև բանտարկության առաջին դեպք, որպես նոր, տակավին չհաստատված իշխանության առաջին բեմել, շատերի մոտ առանձնակի հետաքրքրություն էր առաջացել գալու պարետատան մոտ ու նայելու բոլշևիկյան կամայականության առաջին զոհին:
Պահակ զինվորը մոտեցավ և, ներողություն խնդրելով, ասաց, որ պարետն արդեն արթնացել ու հագնվել է, կարող է լսել դրսում խմբված մարդկանց հետ իմ խոսակցությունը և նկատողություն անել իրեն: Ես պարետից թույլտվություն խնդրեցի և ընկերներիցս մի քանիսին ներս հրավիրելով` տեսնվեցի նրանց հետ: Ինձ հաղորդեցին հետևյալը:
Բանտարկության լուրն առնելուն պես Դավիթ Անանունը, Պետրոս Զաքարյանը և Ստեփան Զորյանն անմիջապես բողոքելով դիմել էին Դրոյին ու Սիլինին: Դրոն իր զարմանքը և ցավակցությունն էր հայտնել, ավելացնելով, որ բոլորովին անտեղյակ է այդ փաստին: Բանից պարզվում է, որ իմ բանտարկության հրամանը տրված էր եղել բացառապես խորհրդային առաքելությունից` Աշոտ Հովհաննիսյանի թելադրանքով: Երբ ընկերներս դիմել էին վերջինիս, նա պատասխանել էր.
-Ոչ ոք մեզ այնպես չի վնասել և մեր դեմ այնպես չի գործել, ինչպես Իշխանյանը: Նա մեզ ավելի է վնասել, քան ամբողջ դաշնակցությունը, մանավանդ` վերջին ամիսներին: Այն ժամանակ, երբ հայկական զորքը լքում էր ռազմաճակատը ¥խոսքը հայ-թուրքական պատերազմի մասին է¤, երբ թիկունքը թուլանում էր, և ամբողջ ժողովուրդը երես էր դարձնում դաշնակցությունից, իսկ վերջինիս կղզիացումն ու թուլացումը կարող էր դյուրացնել և արագացնել մեր` բոլշևիկներիս, մուտքը Հայաստան, ահա այդ ծայրահեղ պահին Իշխանյանի հաճախակի երևան գալը իր դասախոսություններով ու ճառերով, նորից սթափեցնում ու ոգևորում էր ժողովրդին, ամրապնդում նախկին իշխանության դիրքը և դժվարացնում մեր գործը Հայաստանում: Այդպիսի հակառակորդի մենք պետք է չեզոքացնեինք դեռևս մեր իշխանության մուտքի նախօրյակին: Անշուշտ, նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնա: Նա կմնա միայն բանտարկված վիճակում:
Պարոն Հովհաննիսյանն իր այդ խոսքերը` ավելի կամ պակաս լրացումներով, կրկնել էր նաև այլ ընկերներիս ու ծանոթներիս, որոնք զանազան առիթներով դիմել էին նրան ու խոսք բացել իմ մասին:
Պարոն Հովհաննիսյանի խոսքերի առթիվ կասեմ միայն հետևյալը. իմ հակառակորդները ավելի մեծ դեր ու նշանակություն էին վերագրում ինձ` իմ հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայության հարցում և օտար ուժերի ¥բոլշևիկների¤ մուտքի դեմ պայքարելու գործում, քան ես ինքս զգում ու գիտակցում էի:
Այս պարոնի պատասխանի մեջ ամենից խրատականը և բոլշևիկյան դատողության տեսակետից բնորոշն այն էր, որ նախ պատերազմի ժամանակ մի ժողովուրդ սթափեցնելը և ոգևորելը` հանուն իր վտանգված հայրենիքը պաշտպանելու նվիրական գաղափարի, նշանակում էր ոչ այլ ինչ, եթե ոչ զարկ տալ և ամրապնդել տվյալ պահին տիրող կուսակցության իշխանության հիմքերը: Երկրորդ` բանից պարզվում էր, որ ռազմաճակատի լքումը և թիկունքի թուլացումը հարվածներ էին` ուղղված միայն տիրող իշխանության դեմ և կոչված էին նրան կղզիացնելու, անկումը պատրաստելու համար:
Այս ախտավոր մտայնությամբ վարակված էր ամեն մի բոլշևիկ` տգետ թե գիտուն:
Հայաստանի այս կամ այն իշխանությունը` լինի նա բաղկացած դաշնակցականներից, մի այլ կուսակցությունից կամ լինի կոալիցիոն, միևնույն է, սոսկ ժամանակավոր մի երևույթ է, պայմանավորված քաղաքական ուժերի փոխհարաբերությամբ: Հիմնականը ինքը` պետականությունն է, էականը և տևականը ընդհանուր հայրենիքն է: Երբ որևէ արտաքին մահացու վտանգ է սպառնում` ուղղված ընդհանուրի հայրենիքի և պետականության դեմ, ամեն մի ճշմարիտ հայրենասեր, որ բանակից էլ լինի, պիտի խորապես գիտակցի, որ արտաքին թշնամին չի եկել միայն տվյալ պահին տիրող իշխանության դեմ կռվելու, նրա հետ, որպես այդպիսին, հաշիվներ մաքրելու: Այդպիսի արտաքին թշնամի չի եղել, և ոչ էլ այդօրինակ շարժառիթներով երբևէ պատերազմ չի մղվել: Մուստաֆա Քեմալ փաշայի կառավարությունը` բոլշևիկների այդ հոգեհարազատ դաշնակիցը, Հայաստանի դեմ չէր հարձակվել միայն դաշնակցական իշխանության հետ հաշիվներ մաքրելու, նրան թուլացնելու կամ տապալելու համար (դա հասցրած հարվածների հետևանքներից մեկն էր և ոչ պատերազմի նպատակը կամ պատճառը), ինչպես բոլշևիկները խարդախությամբ ու ցինիզմով խաբում, մոլորեցնում էին միամիտներին և ապուշներին, այլ նախահարձակ Թուրքիայի նպատակն էր հարվածել, թուլացնել և իր առաջ չոքեցնել Հայաստանի Հանրապետությունը, փոշիացնել հայ ժողովրդի ազատագրական ձգտումները, այսինքն` Հայաստանին պատճառել այն, ինչ ցանկացել ու ծրագրել էին բոլշևիկները` ինքնորոշված հայ ժողովրդի և անկախ Հայաստանի ամենաոխերիմ թշնամիները: Եվ բոլշևիկների համաձայնությամբ ու ոգևորիչ ուղեկցությամբ Ալեքսանդրապոլ մուտք գործած թուրքական գամփռները ծծեցին ոչ թե դաշնակցականների, այլ առհասարակ հայ ժողովրդի արյունը, կողոպտեցին, թալանեցին, ավերեցին հայոց երկիրը, կոտորեցին հայ ժողովրդին, տարագրեցին նրա լավագույն զավակներին, հափշտակեցին նրա ամբողջ ինչքը: Եթե այդպիսի թշնամիների դեմ կռվելու համար ճառերով ու դասախոսություններով ժողովուրդ սթափեցնելն ու ոգևորելը նշանակում էր վնասակար գործունեություն բոլշևիկների դեմ, իր իսկ` բոլշևիկի խոստովանությամբ, ապա հենց այդ փաստը վկայում էր, թե որքան տրամագծորեն հակասում էին հայ ժողովրդի կենսական շահերը և օտար բռնի ուժերի կամակատար գործիքներ դարձած հայ բոլշևիկյան ավազակախմբի տիրապետող ձգտումները:
Բարեկամներս հուսադրում էին ինձ, թե շուտով կազատվեմ, չանհանգստանամ, որ ամբողջ Երևանի համակրանքն իմ կողմն է, ժողովուրդը դատապարտում է ռուսական առաքելության այդ անխոհեմ քայլը և այլն: Պարետի սենյակում նստած, թերթում էի բոլշևիկյան գրականություն: Արդեն ժամը 11-ն էր, երբ միջանցքից մի ծանոթ ձայն լսեցի.
-Ահա ձեզ մի նոր ընկեր, մենակությունից չեք ձանձրանա,- ժպիտը դեմքին ինձ դարձավ պարետը և ներս բերեց բժիշկ Հովհաննես (կամ Օվի) Տեր-Միքայելյանին` խնամատարության նախարարի օգնականին:
-Օվի, քե՞զ էլ, այ մարդ, քե՞զ ինչու են բռնել, դու հո դաշնակցության քաղաքական դեմքերից մեկը չե՞ս, սուսիկ-փուսիկ, ժրաջան մեղվի նման քո հանրօգուտ գործն էիր առաջ տանում, եթե քեզ բանտարկել են որպես կառավարության կամ պառլամենտի անդամ, մինչև քեզ դեռ շատերը կան հերթի կանգնած ու Երևանում գտնվող, որոնցից հետո միայն կարող էին քեզ ձեռք տալ:
-Ո՞վ է սրանց հասկանում: Մի քանի րոպե առաջ Շահումյան ազգանունով մի պարոն, որ դեռ երեկ աշխատում էր մեր նախարարության արհեստանոցներում որպես ճախարակագործ և որի բոլշևիկ լինելու մասին ես ոչինչ չգիտեի, առանց այլևայլի մտավ նախարարության գրասենյակս և հաղթական տոնով հայտարարեց. «Պարոն Տեր-Միքայելյան, Դուք ձերբակալված եք, ավտոմոբիլը ձեզ դրսում սպասում է»: Եվ ահա եկա այստեղ քեզ հետ ընկերանալու: Քո բանտարկության մասին լսել եմ երեկ երեկոյան: Տո, անիրավ դառնաս դու, հեշտությամբ հերոսացար և անմահացար, բոլորի բերանում անունդ մաստակ է դարձել, բոլորը մեկմեկու հարցնում են` ինչո՞ւ են ձերբակալել Իշխանյանին, արդյոք ինչպե՞ս կվարվեն նրա հետ: Իսկ քո դասախոսությունների սիրահար հասարակությունը, մանավանդ` -ուհիները, դե գիտես էլի, անչափ ափսոսում են բանտարկությանդ համար:
-Դատարկ բաներ են,- ասացի,- ժողովուրդ է, այսօր կխոսի, վաղը կմոռանա:
Մենք խոսեցինք օրվա չարիքների մասին: Ոչ ոք չէր լսում, առանձին էինք:
-Օվի, սա դեռ օտար պետության առաքելությունն է, դեռ խորհրդային իշխանություն չկա, որպես հաստատված ու գործոն մարմին, իշխանությունը դեռ գտնվում է ձեր Դրոյի ձեռքում, որի անվանական գերիշխանությունը է՛լ ավելի խեղկատակ վիճակ է ստեղծում նրա ստանձնած քաղաքական նոր դերակատարության համար: Ասա, ինչպիսին կլինի իրավիճակը, երբ վաղը իշխանության գան մոսկովյան կոմիսարապետության սրած ու լարած գործակալները:
Մեր խոսակցությունն ընդհատվեց: Հայտնեցին, որ ինձ մոտ այցելուներ են եկել: Եկել էին իմ բաժանմունքի մի քանի ծառայողներ ու ծառայողուհիներ, որոնց խնդրեցի առաջվա պես, անխափան շարունակել իրենց աշխատանքը:
Այդ օրը շատ այցելուներ եկան թե Օվու և թե ինձ մոտ, իրենց հետ բերելով զանազան ուտելիքներ: Ճիշտն ասած, մենք մեզ բանտում չէինք զգում, մենք ընդամենը փակված էինք չորս պատերի մեջ և չէինք կարող մեր կամքով ազատ շրջել: Բայց արտաքին աշխարհի հետ մեր կապը դեռ խզված չէր: Մեր բանտարկության վայրը բանտ չէր, հետևապես բանտային ռեժիմ չուներ: Պարետն իրեն շատ անհարմար վիճակում էր զգում, կարծես քաշվում էր մեզ արգելելու այցելուներ ընդունել: Կեսօրից հետո ինձ մոտ եկավ իմ մտերիմ ընկերներից մեկը` իրավաբան Տ. Տրդատյանը: Մենք պարետի հետ վիճաբանեցինք զանազան հարցերի շուրջ` բոլշևիզմի, սոցիալիզմի, բոլշևիկների վարած քաղաքականության, Արևմտյան Եվրոպայի ականավոր մարքսիստների, կազմակերպված պրոլետարիատի որդեգրած բացասական դիրքի և այլնի մասին: Այդ մարդը խեղճուկրակ տպավորություն էր թողնում, նա կարծես ավելի շատ հրապուրված էր արտաքին ուժով, իր պաշտոնի հմայքով, քան ներքին համոզմունքով ու գաղափարային հոսանքով: Դա էլ բոլշևիկյան «գործիչների» մի առանձին տիպական նմուշ էր:
Արդեն իրիկնադեմ էր: Ես ու Օվին նստած կարդում էինք: Նա իմ հանձնարարությամբ կարդում էր «Կոմունիստական մանիֆեստի» հայերեն թարգմանությունը` Պլեխանովի ու Կաուցկու ընդարձակ առաջաբաններով, իսկ ես` Լենինի վերջին անհաջող աշխատություններից մեկը` «Պետությունը և հեղափոխությունը»` ռուսերեն բնագրով: Ընթերցումն ընդհատելով հենց այն կետում, ուր Լենինը հայհոյում էր Կաուցկուն, վիճակցիս դիմեցի հետևյալ խոսքերով.
-Օվի, այս մարդիկ` բոլշևիկները, փողոցային լուտանքներով հայհոյում են Պլեխանովին ու Կաուցկուն` գիտական սոցիալիզմի և մարքսիստական տեսությունների ամենահռչակավոր ներկայացուցիչներին, և միաժամանակ շարունակում նրանց երկերը եռանդով հրատարակել, այլ խոսքով` սնվել նրանց մտավոր-քաղաքական փշրանքներով: Բայց իրականում որչա՞փ են բոլշևիկները իրենց մտածելակերպով նահատակում մարքսիզմն ու մարքսիստներին: Նրանց մարքիստականությունն արտահայտվում է լոկ այն բանով, որ անդադար հրատարակում են մարքսիստական հին ու նոր երկերը. դա էլ, անշուշտ, որոշ ծառայություն է, բայց այդ տպագրական ծառայությամբ նրանք ոչինչ չեն տալիս ռուս երկրին ու ժողովրդին` վերջինիս վիճակի իրական փոփոխության իմաստով:
Ամբողջ երեկոն անցկացրինք ընթերցանությամբ: Դրսից առատ ուտելիք և անկողին էինք ստացել: Քուն մտանք ժամը 11-ին, և այդ գիշեր առանց որևէ միջադեպի հանգստացանք:


(շարունակելի)
Բախշի ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ