Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Նորից երգում-մորմոքում է աստվածային Կոմիտասը»

«Նորից երգում-մորմոքում է աստվածային Կոմիտասը»
07.05.2013 | 12:21

«Երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին»,- ասում էր Կոմիտասը։ Սրանում համոզվում ես, երբ լսում ես իր իսկ անունը կրող քառյակի նվագը։ Հատկապես Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի հիման վրա Սարգիս Ասլամազյանի ստեղծած մշակումները` («Կռունկ», «Ալ այլուղս», «Շողեր ջան», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր» և այլն)։
Երկեր, որոնց դասական կատարումները դարձել են Կոմիտասի անվան քառյակի «տարբերանշանը», որ օրերս վերստին ըմբոշխնեցինք Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված համերգում։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի լեփ-լեցուն համերգասրահում կատարվեցին նաև Էդվարդ Միրզոյանի և Լևոն Չաուշյանի կվարտետները։
Ըստ Թոմաս Մանի, արվեստը կերպարների վերաձուլված կարոտն է։ Որքա՜ն կարոտ կա այս երգերում. հայրենիքի, կորսված դրախտի, պանդուխտի... Ահա թե ինչու կոմիտասականները այդքան սպասված են նաև սփյուռքում։ Արտասահմանյան մի լրագրող նշել էր, թե քառյակն իր երկրի արևն էր բերել։
Այո, արարատյան արևի շողերն է սփռում քառյակը` մեզանում և աշխարհով մեկ, ի դեմս Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, և այլոց կվարտետների։ Քառյակի արվեստով են կյանքի կոչվել մի շարք կվարտետներ ու նվիրվել իրենց։ Հարուստ են քառյակի ստեղծագործական, կերպարային, հուզական դիապազոնը, ներկապնակը։ Դասականների ռացիոնալ, կառուցիկ մտածողության և արևելյան տարերայնության, իմպրովիզացիոն ազատության մի միաձույլ է` օծված կոմիտասյան նրբագեղությամբ և ոսկեզօծված սարյանական հրավառ գույներով։ Սա է տարբերում Կոմիտասի անվան քառյակը մյուսներից։ Կերպարանափոխվելու ճկուն արվեստը հնարավորություն է ընձեռում կոմիտասականներին նույն խորությամբ մեկնաբանելու թե՛ հայ, թե՛ դասական կոմպոզիտորների գործերը։ Մենք տեսնում ենք նրանց մերթ հայդնյան «ժպիտը» շուրթերին, մերթ բեթհովենյան հերոսականության «իններորդ ալիքի» կատարին, մերթ Մոցարտի «դրախտում», մերթ Շուբերտ «երգելիս», մերթ Շոստակովիչի ողբերգականության ու սարկազմի հորձանուտում, բայց, ի վերջո, լավատեսություն և կորով ներշնչող։
Այս ամենը հնարավոր եղավ, քանզի ի սկզբանե քառյակը բոցավառել են այնպիսի երաժիշտներ, որպիսիք են Ավետ Գաբրիելյանը, Լևոն Օհանջանյանը, Միքայել Տերյանը, Սարգիս Ասլամազյանը։ Հետագայում այն շենացրել են նաև Ռաֆայել Դավիդյանը, Հենրիխ և Արամ Թալալյանները և այլ նվիրյալներ։ Մոտ կես դար է, ինչ քառյակի ջահակիրն է հայտնի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադևոսյանը։ Ժառանգելով նախորդների հարուստ փորձը` քառյակի այժմյան ղեկավարը` «տանող հրթիռը», «ներքին այրման շարժիչ» Թադևոսյանը նորանոր երանգներ ու որակներ է հաղորդում անսամբլին, համակելով այն ժամանակի խորհրդով և պաթոսով։ Այսօր էլ նա իր համախոհներով վերելքի ճանապարհին է։ Քառյակի մյուս «նվիրյալներն» են Սյուզի Երիցյանն իր ճախրող նվագով, հզոր ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը և շնորհալի թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը։
Քանի՜-քանի սերունդներ է կրթել-ձևավորել քառյակն իր 90-ամյա գոյության ընթացքում, լինելով մեր երաժշտական կյանքի «լայտմոտիվը», «ոսկեթելը», սփյուռքը և մայր հայրենիքը կամարակապող «ծիածանի» կամուրջը, քանի՜-քանի սրտեր է ջերմացրել ու միավորել։
Այսօր նոր Հայաստան կերտելու դժվարին վերելքի պահին հատկապես կարևորվում է մշակույթի, ազգային արժեքների, մասնավորապես Կոմիտասի անվան քառյակի դերը։ Եվ ամեն անգամ լսելով «Կռունկ»-ը, երեսով շրջվում ես դեպի Արարատ, իսկ «Չինար ես, կեռանալ մի, մեր դռնեն հեռանալ մի» մշակումը պարզապես պատգամում է. «Հայ ես, կեռանալ մի, Հայաստանից հեռանալ մի»։ Կրկին հիշում ես Պարույր Սևակի խոսքերը.
Նորից երգում-մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն` ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 4125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ