Հարգելի «Իրատես de facto»
Յուրաքանչյուր տարի ապրիլի 14-ին` պատմաբան, գրող, հրապարակախոս Լեոյի ծննդյան օրը, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները այցելում են հայ մշակույթի գործիչների պանթեոն, ծաղիկներ դնում ինչպես Լեոյի, այնպես էլ մեր մյուս մեծերի շիրիմներին, խնկարկում նրանց պայծառ հիշատակը, արտասանում են գրողի ասույթներից:
Կարծում եմ` մեր օրերին համահունչ է մեծ Լեոյի թողած «դասերին» մեկ անգամ ևս անդրադառնալը մեծ լսարանի համար:
Հարգանքով` Ն. ԽՐԻՄՅԱՆ
ՈՒնենք ազգային մեծություններ, որոնց դերն ու նշանակությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չեն խամրում, այլև փարոս են մեր հավերժի երթին: Սակայն նրանց թողած ժառանգությունը հանիրավի մոռացության տալով` մենք հաճախ «կորցնում ենք հայի վերջին խելքը», իսկ երբ նորից «հայտնագործում ենք», արդեն ուշ է լինում: Այդպիսիներից է պատմաբան, գրականագետ, գրող, հրապարակախոս և վերջապես` հայրենասեր քաղաքացի Լեոն (Առաքել Բաբախանյանը ծնվել 1860-ին` Շուշիում, մահացել է 1932-ին` Երևանում): Ինչպես դիպուկ բնորոշել է նրան գրող Ստեփան Զորյանը` «Լեոն ոչ թե գրող է, այլ գրական հիմնարկություն»:
Այսօր մեզ` չափից ավելի քաղաքականացված հայ հասարակության համար, կարծում եմ, օգտակար կլինի մեկ անգամ ևս վերհիշել Լեոյի քննադատական դիտարկումները ազգի բախտորոշ ժամանակաշրջանի վերաբերյալ, մանավանդ Մեծ եղեռնի 100-ամյակի շեմին: Իսկ պատմությունը կրկնվելու միտում ունի, և դերակատարներն էլ, կարծես, չեն փոխվել:
Եվ այսպես, լսենք Լեոյին: Ստորև բերված «դասերը» վերցված են Լեոյի «Անցյալից» հուշագրությունից:
. … Առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը գուցե և շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ:
. Երեխայության դրությունը միայն անհատներին չէ հատուկ: Լինում է և հավաքական, զանգվածային երեխայություն: Այս դրության մեջ հայ ժողովուրդը խարխափեց ամբողջ քառասուն և հինգ տարի` չկարողանալով ճանաչել աշխարհի չարն ու բարին:
. Կոնսերվատիվ սենյակի ժողովուրդ չէինք, այլ կտուրի ժողովուրդ էինք, ինչ ունեինք` հրապարակի մեջ էր: Նույնիսկ ինչ չունեինք էլ, դարձյալ հրապարակի մեջ էինք դնում: Այս պատճառով էլ չափազանց հեշտ էր մեզ թակարդի մեջ գցելը, մեզ լավ ջարդելը և նույնիսկ արմատահան անելը:
. Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, և ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել և պիտի պաշտպանեն: Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից: Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ` նկատվելով իբրև թշնամի, ոչ ցանկալի տարր, իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք:
. «Մենք` մասսաների ղեկավարներս, որ ժողովուրդը ոտքի կանգնեցնելու, նրան կազմակերպելու և որոշ ուղղությամբ տանելու նախաձեռնությունն ենք վերցրել, մենք այս րոպեին կանգնած ենք ահեղ հարցի առջև` ճի՞շտ ենք մենք վարվել, չե՞նք կատարել արդյոք մի մեծ ոճիր` գրավելով մեզ իր վստահությունը տված ժողովուրդը դեպի մի ճանապարհ, որով գուցե հարկավոր չէր գնալ» (հատված Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամներից մեկի զեկույցից):
. «…Մեզ խաբեցին»... Այս հակիրճ ձևակերպումով իր կատարյալ պարտությունն էր խոստովանում հայ անպետք… դիվանագիտությունը: Բայց որքա՞ն լավ կլիներ, եթե ամեն մեկս մեր մասնավոր գործերի մեջ լինեինք խաբվածներ և ոչ թե ամբողջ ժողովրդին վերաբերող գործերի մեջ:
. Որքա՞ն օգուտներ մենք կլինեինք շահած, եթե փոխանակ իրար դեմ մաուզերներ մեկնելու, իրար կողքի նստեինք, խոսեինք, իրար հասկանայինք: Եվ մինչ մենք կայծում էինք ու սովորում, որ կայծելուց ավել բան չէր պահանջվում, մեր թիկունքում աճել ու պտուղներ էր տվել մի ամբողջ քաղաքական շարժում` թուրք ցեղերի զարթնումը:
. Անգլիացիներն Անդրկովկասում [իրենց] պահում էին այնպես, ինչպես սովոր էին պահել իրենց Աֆրիկայի կամ Պոլինեզիայի գաղութներում, տեղացի վայրենի ցեղերի մեջ: Այստեղ, մեզանում էլ նրանք ամենքը` գեներալ, սպա թե հասարակ զինվոր, իրենց նկատում էին իբրև բարձր էակներ, իսկ տեղացիներին նայում էին իբրև մի ստոր մարդկային ցեղի վրա:
. Ղարաբաղի հայն ի՞նչ ցավերով էր տանջվում, իսկ այնտեղ` Սենայի ափին մեր դիպլոմատ կոչվածներն ինչո՞վ էին զբաղված… որ զզվեցնում էր նույնիսկ եվրոպական «հայասեր» դիպլոմատներին:
. …Մենք էլ, վերջապես, ունենք պետություն, այն էլ` անկախ պետություն: …Համարում էինք, որ մեր ստեղծագործական աշխատանքն ապահովված կլինի պետական հոգացողությամբ: …Բայց մեր սպասելիքները զուր անցան մինչև իսկ այն ժամանակ, երբ լուսավորության մինիստր դարձավ հայ գրականության տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը:
. Դարձյալ պիտի ներողություն խնդրեմ, որ անտեղի գործածեցի «կուսակցական» անունը: [Օրինակ] Ժողովրդական կուսակցությունը ոչ դպրոց ուներ, ոչ անցյալ, ոչ կազմակերպված աշխարհայացք, ոչ մասսա, ոչ գաղափարախոսություն: ՈՒներ միայն մի կանոնադրություն, որ ինտելիգենտ մարդիկ կազմել էին քաղվածորեն, ինչպես ասում են` շտեմարան պիտանի և անպիտան գիտելեաց: …Առաջնորդում էին այդ կանոնադրությամբ կյանք ստացած կազմակերպությունը մի քանի ինտելիգենտ մարդիկ:
. Հայերն արհամարհում էին թուրքական աշխարհում տեղի ունեցող շարժումները: Ավելորդ էին համարում խորասուզվել երևույթների մեջ, դուրս հանել դրանց միջից պատշաճ եզրակացություններ և խրատներ: Երբ հարցը վերաբերում էր թուրքահայերի օրեցօր վտանգվող կացությանը, հայերն օրորվում էին այն հանգամանքով, թե Եվրոպա կա, ոչինչ չի լինի, և շարունակում էին իրենց թեթևամիտ և ոճրագործ անտարբերությունը: Մոտիկ ապագան պետք է ցույց տար հայերին, թե որքան թանկ նստեց հայերի այս հանցավոր անտարբերությունը:
. Առանց Ղարաբաղի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի, այն է` Արարատյան երկրի պաշտպանությունը: Դա լավ են գիտակցել հայկական պետության հիմնադիրները, և մասնավորաբար, Արտաշես և Տիգրան արքաները:
. Ամեն մի ժողովրդի սրբազան իրավունքն է պահպանել իր ֆիզիկական գոյությունն այնպես, ինչպես ինքն է լավ համարում, և ոչ ոքի իրավունք չի տրված պահանջելու նրանից այն, ինչ ինքն ընդունելի չի համարում իր կենսական շահերի տեսակետից:
. …Կատարյալ անգրագիտություն էր, երբ հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Հայանպաստ պրոպագանդայի վարիչները իրենց գլխավոր հույսը դրել էին Ֆրանսիայի վրա, որը պիտի դառնար այդ պրոպագանդայի սիրտն ու հոգին: Միայն այս հանգամանքը որքան էր խաբում մեզ… որքան մանկական երազանքներ ներշնչեցին մեզ, որքան մոլորությունների անդունդներ գահավիժեցրին:
Հուսանք, որ ներկա հայ քաղաքական գործիչները չեն կրկնի այն սխալները, ինչ 100 տարի առաջ:
Հրապարակման պատրաստեց Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի տնօրեն
Նորայր ԽՐԻՄՅԱՆԸ