«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Դպրոցները` լուսանկարներում և իրականում

Դպրոցները` լուսանկարներում և իրականում
26.03.2013 | 13:33

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մարտի 27-ին կբացվի «Դպրոցները` լուսանկարներում» խորագրով ցուցահանդես: Ներկայացվելու են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ:

Ցուցահանդեսը նախաձեռնել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն` նպատակ ունենալով պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների վրա, ակնկալելով դպրոցների վերանորոգման աջակցություն:
Ցուցահանդեսում ներկայացված են ՀՀ 6 մարզերի 26 դպրոցների լուսանկարներ: Նշված խնդիրները տարատեսակ են. դպրոցի շենքը վթարային է, պատուհանները միաշերտ են, տանիքը անմխիթար վիճակում է, չի գործում կոյուղին, չկա ջրմուղային ցանց և այլն: Որպեսզի ավելի պարզ լինի պատկերը, ներկայացնենք երկու ուշագրավ օրինակ: Սյունիքի մարզի սահմանամերձ Սալվարդ գյուղը 24 տարի է` չունի դպրոցի շենք: Դասերն անցկացվում են գյուղկոլեկտնտեսության շենքում: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի hեռավորությունը Գորիս քաղաքից` 21 կմ է: Համայնքը սահմանամերձ է: Արդեն հինգ տարի է` համայնքում չի գործում ոչ մի երթուղային տրանսպորտ:
Փորձեցինք պարզել` ինչպե՞ս է աջակցությունը կազմակերպվելու: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակից ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը հրավիրել են բարերարների, նաև ծրագրում ներգրավված դպրոցների ներկայացուցիչներին, որ անձամբ հանդիպեն ու ներկայացնեն իրավիճակը, խնդիրները: Թե առաջնահերթ ո՞ր դպրոցները աջակցություն կստանան, կորոշեն իրենք` բարերարները:
Իհարկե, անհամեմատ շատ են աջակցության կարիք ունեցող դպրոցները սույն ծրագրում ընդգրկվածներից:
Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացրել են ընդամենն այն բնակավայրերի դպրոցները, որոնցից հնարավոր է եղել լուսանկարներ ձեռք բերել: «Այդ դպրոցների ցանկը ժամանակի ընթացքում ավելանում է»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ