Լեհական Katolicka Agencja Informacyjna գործակալությունը հաղորդում է, որ ամերիկացի ու գերմանացի երկրաբանները որոշարկել են Հիսուս Քրիստոսի մահվան ճշգրիտ օրը` Մեռյալ ծովի շրջակայքի սեյսմիկ ակտիվության տվյալների վերլուծությամբ: Supersonic Geophysical կազմակերպության աշխատակից Ջեֆերսոն ՈՒիլյամսը Երկրաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի ներկայացուցիչներ Մարկուս Շվաբը և Ախիմ Բրաուերը համոզված են, որ Հիսուսի խաչելությունը և մահը 33 թվականի ապրիլի 3-ին էին: Գիտնականները սեյսմիկ տվյալները համադրել են Նոր Կտակարանի տեքստի և աստղաբաշխական դիտարկումների հետ: Մեռյալ ծովի շրջակայքում երկրաշարժերի ժամանակագրությունը վկայում է, որ Երուսաղեմից 20 կիլոմետրի վրա գտնվող տարածքը սեյսմիկ ակտիվ է եղել մ.թ.ա.31 թվականին և մ.թ. 26-36 թվականներին: Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Պոնտացի Պիղատոսի պրեֆեկտության օրերին: Այդ թվերին Հիսուսի մահը հաստատում են չորս Ավետարանները և հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տացիտոսի վկայությունը: Ավետարաններում նկարագրված խավարը, որ իջել է երկրի վրա Հիսուսի մահից հետո, Ջեֆերսոն ՈՒիլյամսը բացատրում է ավազահողմով, որ այդ տարածքում հաճախակի էր: