Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հունիսի 6-ին Վեներան կանցնի Արեգակի սկավառակի վրայով

Հունիսի 6-ին Վեներան կանցնի Արեգակի սկավառակի վրայով
05.06.2012 | 06:14

Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով տեղի է ունենում, երբ իր ուղեծրով շարժվելիս այն անցնում է Երկրի և Արեգակի միջով։

Հունիսի 5-ին և 6-ին Վեներան կանցնի Արեգակի սկավառակի վրայով. բնության այս զարմանահրաշ երևույթը կդիտվի մեկ էլ 22-րդ դարում` 2117-ին:
Այս մասին տեղեկանում ենք Հայկական աստղագիտական ընկերության մամուլի ծառայությունից:
Երկրային դիտորդի համար մի քանի ժամվա ընթացքում Վեներայի մուգ սկավառակը կտեղաշարժվի Արեգակի սկավառակի վրայով: Այն կսկսվի Գրինվիչի ժամանակով հունիսի 5-ին ժամը 22:09-ին և կավարտվի հունիսի 6-ին` ժամը 04:49-ին:
Անցումն ամբողջությամբ տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, հյուսիսարևմտյան Ասիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Արևմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սկանդինավիայի հյուսիսային մասերում, Իսլանդիայում, Գրենլանդիայում:
Հայաստանում Վեներայի անցումը կդիտվի հունիսի 6-ին` արևածագից, Երևանի ժամանակով 05:32-ից մինչ 08:54: Քանի որ Վեներան Արեգակնային համակարգի ներքին մոլորակ է (դրա ուղեծիրը գտնվում է Երկրի և Արեգակի միջև), Երկրից հնարավոր է դիտել դրա անցումը Արեգակի սկավառակի վրայով. հսկա լուսատուի սկավառակի վրա մոլորակը կերևա որպես փոքրիկ սև կետ:
Սա Արեգակի խավարման նման երևույթ է, երբ Լուսինն է ծածկում Արեգակի սկավառակը, բայց քանի որ Վեներայի սկավառակը երկնքում ավելի փոքր է, այն Արեգակի միայն մի չնչին մասն է ծածկում: Վեներայի անցումն Արեգակի սկավառակի վրայով տեղի է ունենում, երբ իր ուղեծրով շարժվելիս այն անցնում է Երկրի և Արեգակի միջով:
Մոտ 250 տարում դիտվում է 4 այսպիսի երևույթ` երկու դեկտեմբերյան և երկու հունիսյան: Նախորդ անցումը տեղի է ունեցել 2004-ի հունիսի 8-ին և Երևանում երևացել է ամբողջությամբ` մոտ 6 ժամ տևողությամբ, իսկ հաջորդ զույգ անցումները տեղի կունենան 2117-ին և 2125-ին:
Առաջին անգամ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով դիտել է անգլիացի աստղագետ Երեմիա Հորոքսը 1639-ի դեկտեմբերի 4-ին: Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները պատմականորեն ունեցել են մեծ գիտական նշանակություն, դրանց օգնությամբ որոշվել են Արեգակնային համակարգի չափերը, 1639-ին դիտումների հիման վրա հաշվարկվել է Արեգակի և Երկրի հեռավորությունը, որը մինչ այդ ժամանակն արված ամենաճշգրիտ հաշվարկն էր:
2012-ի անցումը նույնպես գիտնականներին թույլ կտա կատարել մի շարք հետազոտություններ, որոնք կարևոր են արտարեգակնային մոլորակների հետագա որոնումների և դրանց չափերի որոշման, Վեներայի մթնոլորտի մանրակրկիտ ուսումնասիրությունների համար և այլն:
Վեներան երկնակամարի ամենապայծառ «աստղն» է, իր անունը ստացել է գեղեցկության և սիրո` հռոմեական Վեներա աստվածուհու պատվին: Հնում հայերն այս մոլորակը կոչել են Արուսյակ: Վեներան Արեգակնային համակարգի 2-րդ մոլորակն է, այն հաճախ անվանում են Երկրի «քույրը», քանի որ այս երկու մոլորակները շատ նման են իրար զանգվածներով, ձգողության ուժով և բաղադրությամբ:
Երկրանման մոլորակների շարքում Վեներան ամենախիտ մթնոլորտ ունեցող մոլորակն է. դրա մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթու գազից: Այս գեղեցիկ մոլորակն ունի ևս մեկ առանձնահատկություն. սովորաբար բոլոր մոլորակներն իրենց առանցքի շուրջը պտտվում են միևնույն ուղղությամբ, «ինչպես Երկիրը` արևմուտքից արևելք», իսկ Վեներան` հակառակ: Այս երևույթը պարզաբանվում է մի քանի վարկածներով, սակայն դրանցից ոչ մեկն էլ սպառիչ բացատրություն չի տալիս:
Նշենք, որ Վեներայի անցմանը չի կարելի հետևել անզեն աչքով կամ որևէ այլ օպտիկական սարքով. անհրաժեշտ են համապատասխան պաշտպանիչ ակնոցներ, իսկ օպտիկական սարքերի համար` հատուկ պաշտպանիչ սարքավորումներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ