Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Համաշխարհային տնտեսական ճգնաժամեր(պատճառներ և հետևանքներ)

Համաշխարհային տնտեսական ճգնաժամեր(պատճառներ և հետևանքներ)
18.08.2009 | 00:00

ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ
Ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Նուրիել Ռուբինին (նա դեռևս 2006-ին էր կանխատեսել այս իրավիճակը), նշել է, որ տնտեսական ճգնաժամը կավարտվի 2009-ի վերջին, և կսկսվի վերականգնողական փուլը: Մասնագետները նշում են, որ չնայած ԱՄՆ-ին ու Եվրամիության երկրների մի մասին հաջողվել է դիմակայել ճգնաժամի առաջին փուլին, սակայն սպասվում է նաև դրա երկրորդ ալիքը, որը կարող է կապված լինել շուկաներում բնակարանների գների անկման հետ, որից համաշխարհային տնտեսությունն այնքան էլ շուտ ուշքի չի գա: Այնպես որ, դեռևս պարզ չէ, թե ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը երբ կավարտվի:
Ընդհանրապես, արդյունաբերական աշխարհի ձևավորման և կազմավորման 200-ամյա պատմության ընթացքում մարդկությունը տնտեսական շատ ճգնաժամերի է ականատես եղել:
Առաջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը մեծ հարված հասցրեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի տնտեսություններին ու հասարակական կյանքին, տեղի է ունեցել 1857 թվականին: Ճգնաժամը, ինչպես և ներկա փուլում, սկսվեց ԱՄՆ-ից: Պատճառը երկաթուղային ընկերությունների զանգվածային սնանկացումն ու արժեթղթերի շուկայի փլուզումն էր, որին էլ հետևեց բանկային համակարգի ճգնաժամը: ԱՄՆ-ից ճգնաժամը փոխանցվեց Անգլիա, իսկ հետո նաև մայրցամաքային Եվրոպա: Բորսային տատանումները հասան մինչև իսկ Հարավային Ամերիկայի երկրներ: Ճգնաժամի ժամանակահատվածում ԱՄՆ-ում պողպատի արտադրությունը կրճատվեց 20, բամբակի օգտագործումը` 27 տոկոսով: Անգլիայում ամենաշատը տուժեց նավաշինական արդյունաբերությունը, որի անկումը կազմեց 26 տոկոս: Գերմանիայում պողպատի օգտագործումը կրճատվեց 25, Ֆրանսիայում պողպատի ձուլումը և բամբակի օգտագործումը` 13 տոկոսով:
Հերթական համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 1873 թվականին, Ավստրիայում և Գերմանիայում: 1873 թվականի ճգնաժամը դիտարկվում է որպես խոշորագույն ֆինանսական ճգնաժամ: Ճգնաժամի նախակարապետը Լատինական Ամերիկայի երկրներն էին (որոնք սնվում էին Անգլիայից) և Գերմանիայում ու Ավստրիայում անշարժ գույքի չհիմնավորված թանկացումը: Ավստրո-գերմանական անշարժ գույքի գների վերելքն ավարտվեց 1873 թ. մայիսին, Վիեննայի ֆոնդային բորսայի փլուզմամբ: Վիեննային հետևեցին Ցյուրիխի և Ամստերդամի ֆոնդային բորսաները: ԱՄՆ-ում բանկային խուճապը սկսվեց Նյու Յորքի բորսայում արժեթղթերի կտրուկ անկման և գլխավոր ֆինանսիստ ու Միացյալ խաղաղօվկիանոսյան երկաթուղային ճանապարհների նախագահ Ջեյ Կուկի սնանկացման պատճառով: Գերմանիայից էլ ԱՄՆ-ի ճգնաժամը տարածվեց այն պատճառով, որ գերմանական բանկերը հրաժարվեցին երկարացնել տրամադրված վարկերի վերադարձման ժամանակը: Քանի որ ամերիկյան և եվրոպական տնտեսությունները խորասուզվեցին անկման շրջան, կտրուկ կրճատվեց Լատինական Ամերիկայից արտահանումն այդ երկրներ, որի հետևանքով տուժեցին այդ երկրների բյուջեները: Այս տնտեսական ճգնաժամը ամենաերկարն էր կապիտալիզմի պատմության մեջ, այն ավարտվեց միայն 1878 թվականին:
Հաջորդ համաշխարհային տնտեսական ճգնաժամը պայմանավորված էր 1914 թվականի Առաջին համաշխարհային պատերազմով: Պատճառն ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կառավարությունների կողմից պատերազմական գործողությունները ֆինանսավորելու համար օտարերկրյա կառավարությունների պետական արժեթղթերի զանգվածային վաճառքն էր: Այս ճգնաժամը, ի տարբերություն նախորդների, կենտրոնից գավառներ չտարածվեց, քանի որ միաժամանակ սկսվեց մի քանի երկրներում այն բանից հետո, երբ պատերազմող կողմերը սկսեցին վերացնել օտարերկրյա ակտիվները: Այն հանգեցրեց բոլոր շուկաների, ինչպես ապրանքային, այնպես էլ ֆինանսական անկման: ԱՄՆ-ում, Անգլիայում և մի քանի այլ երկրներում բանկային խուճապը մեղմվեց այն բանից հետո, երբ այդ երկրների կենտրոնական բանկերն իրականացրին համապատասխան դրամային ներարկումներ:
Հետպատերազմյան գնանկմամբ (ազգային արժույթների գնողականության բարձրացում) և արդյունաբերության անկմամբ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը տեղի ունեցավ 1920-22 թթ.: Այն կապված էր Դանիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում և Անգլիայում բանկային և արտարժութային ճգնաժամի հետ:
1929 թ. նոյեմբերի 24-ին, («Սև հինգշաբթի»), Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ արժեթղթերի կտրուկ անկում, որով էլ սկսվեց համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ճգնաժամը: Արժեթղթերի արժեքը միանգամից ընկավ 60-70 տոկոսով, կտրուկ կրճատվեց գործարար ակտիվությունը, վերացվեց հիմնական համաշխարհային արժեթղթերի համար գործող ոսկու ստանդարտը:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը շատ արագ զարգանում էր, միլիոնավոր բաժնետերեր ավելացնում էին իրենց եկամուտները, արագորեն աճում էր սպառողական պահանջարկը: Եվ այս ամենը միանգամից փլուզվեց: Ամենակայուն արժեթղթերը` Ամերիկյան հեռախոսային, Ընդհանուր էլեկտրական ընկերությունների և Շարժիչների ընդհանուր ընկերակցության, մեկ օրում կորցրին 200 կետ: Ամսվա վերջին այդ ընկերությունների արժեթղթեր ունեցողները զրկվեցին 15 մլրդ դոլարից: 1929 թ. վերջին արժեթղթերի անկման պատճառով շուկան կորցրեց 40 մլրդ դոլար: Փակվում էին ընկերություններ ու գործարաններ, բանկեր էին «պայթում», միլիոնավոր գործազուրկներ անհույս աշխատանք էին որոնում: Ճգնաժամը մոլեգնեց մինչև 1933-ը, թեև նրա հետևանքները զգացվեցին մինչև 30-ականների վերջերը:
Մեծ ճգնաժամի ժամանակահատվածում ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրությունը կրճատվեց 46, Անգլիայում` 24, Գերմանիայում` 41, Ֆրանսիայում` 32 տոկոսով: Արդյունաբերական ընկերությունների արժեթղթերի գներն ընկան 87, Անգլիայում` 48, Գերմանիայում` 64, Ֆրանսիայում` 60 տոկոսով: Գործազրկությունը հասել էր հսկայական չափերի: Ըստ պաշտոնական տվյալների, 1933 թ. տնտեսապես զարգացած 32 երկրներում հաշվվում էր 30 մլն գործազուրկ, այդ թվում` ԱՄՆ-ում` 14 մլն:
Առաջին հետպատերազմյան համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 1957 թ. սկզբին և շարունակվեց մինչև 1958 թ. կեսերը: Այն ընդգրկեց ԱՄՆ-ը, Անգլիան, Կանադան, Հոլանդիան և մի քանի այլ կապիտալիստական երկրներ: Արդյունաբերական արտադրանքի թողարկումը զարգացած կապիտալիստական երկրներում կրճատվեց 4 տոկոսով: Գործազուրկների թիվը հասավ 10 մլն-ի:
1973 թ. ԱՄՆ-ում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր ընդգրկմամբ, տևողությամբ, խորությամբ և կործանարար ուժով զգալիորեն գերազանցեց 1957-58 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը և իր որոշ բնութագրերով ավելի մոտ էր 1929-33 թթ. ճգնաժամին: Ճգնաժամի ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունն ԱՄՆ-ում կրճատվեց 13, Ճապոնիայում` 20, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում` 22, Անգլիայում` 10, Ֆրանսիայում` 13, Իտալիայում` 14 տոկոսով: Միայն մեկ տարում` 1973 թ. դեկտեմբերից 1974 թ. դեկտեմբեր, արժեթղթերի գներն ԱՄՆ-ում ընկան 33, Ճապոնիայում` 17, ԳՖՀ-ում` 10, Անգլիայում` 56, Ֆրանսիայում` 33, Իտալիայում` 28 տոկոսով: 1974 թ., ի տարբերություն 1973-ի, սնանկացումների թիվն ԱՄՆ-ում աճեց 6, Ճապոնիայում` 42, ԳՖՀ-ում` 40, Անգլիայում` 47, Ֆրանսիայում` 27 տոկոսով: 1975 թ. կեսերին զարգացած կապիտալիստական երկրներում գործազուրկների թիվը հասել էր 15 մլն-ի: Բացի այդ, 10 մլն մարդ կա՛մ ժամանակավոր հեռացվել էր աշխատանքից, կա՛մ ոչ ամբողջական օր էր աշխատում: Միաժամանակ կրճատվեցին նաև աշխատավորների իրական եկամուտները:
1973 թ., բացի տնտեսական ճգնաժամից, տեղի ունեցավ նաև առաջին էներգետիկ ճգնաժամը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նավթ արտահանող երկրների` ՕՊԷ-ի անդամները, նավթի գները բարձրացնելու նպատակով նվազեցրին նավթի արդյունահանումը: 1973թ. հոկտեմբերի 16-ին նավթի մեկ բարելը թանկացավ 67 տոկոսով` 3-ից հասնելով 5 դոլարի: 1974 թ. նավթի մեկ բարելն արդեն արժեր 12 դոլար:
1987 թ. հոկտեմբերի 19-ը, որը հայտնի է նաև «Սև չորեքշաբթի» անվամբ, ամերիկյան արդյունաբերական Dow Jones Industrial ֆոնդային ինդեքսն ընկավ 22,6 տոկոսով: Դրան անմիջապես արձագանքեցին Ավստրալիայի, Կանադայի, Հոնկոնգի բորսային շուկաները: Ճգնաժամի հիմնական պատճառը ներդրողների հեռանալն էր շուկայից այն բանից հետո, երբ մի քանի խոշոր ընկերությունների կապիտալիզացիան կտրուկ անկում ապրեց:
1994-1995 թթ. տեղի ունեցավ մեքսիկական ճգնաժամը: 1980-ականների վերջերին Մեքսիկայի կառավարությունն իրականացնում էր երկիր օտարերկրյա կապիտալ ներգրավելու քաղաքականություն: Մասնավորապես, պաշտոնյաները բացեցին ֆոնդային բորսա, այնտեղ գրանցեցին մեքսիկական պետական ընկերություններից շատերին: 1989-94 թթ. տեղի ունեցավ օտարերկրյա կապիտալի հսկայական ներհոսք: Ճգնաժամի առաջին նշանը Մեքսիկայից օտարերկրյա կապիտալի «փախուստն» էր. օտարերկրացիները վախենում էին Մեքսիկայի տնտեսական ճգնաժամից: 1995 թ. երկրից դուրս բերվեց 10 մլրդ դոլար: Սկսվեց Մեքսիկայի բանկային համակարգի ճգնաժամը:
1997 թ. ասիական ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ասիական ֆոնդային բորսաների ամենամեծ անկումը գրանցեց: Ճգնաժամի պատճառը Հարավ-արևելյան Ասիայի երկրներից օտարերկրյա ներդրողների հեռանալն էր` Հարավ-արևելյան Ասիայի երկրների ազգային արժույթների արժեզրկման և վճարային հաշվեկշռի դեֆիցիտի պատճառով: Ըստ հաշվարկների` ասիական ճգնաժամը համաշխարհային համախառն ներքին արդյունքը նվազեցրեց 2 տրլն դոլարով:
1998 թ. ռուսական ճգնաժամը Ռուսաստանի պատմության ամենախոր ու ծանր ճգնաժամերից մեկն էր: Պատճառը ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանի հսկայական արտաքին պարտքը, նավթի ցածր գները և պետական կարճաժամկետ պարտատոմսերն էին, որոնցով Ռուսաստանի կառավարությունը չկարողացավ ժամանակին վճարել: Այդ ժամանակահատվածում ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվեց 3 անգամ:
Պատրաստեց Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 15852

Մեկնաբանություններ