38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Այդ «Ջիպը» ես եմ նվիրել սրբազանին»

«Այդ «Ջիպը» ես եմ նվիրել սրբազանին»
05.12.2008 | 00:00

«Ի՞ՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ»
«Իրավունքը de facto»-ի թիվ 52-ում տպագրված «Վիհ է առաջացել Շիրակի թեմի և հավատացյալ ժողովրդի միջև» հրապարակումից հետո (հեղինակ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյան) Սիմֆերոպոլից խմբագրություն զանգահարեց տարիներ առաջ ՈՒկրաինայում բնակություն հաստատած մեր հայրենակից, խոշոր գործարար ՀԱՄԼԵՏ ՃՈՐՈԽՅԱՆԸ` իր վրդովմունքը փոխանցելով թե՛ ամբողջական նյութի, թե՛, մասնավորապես, հետևյալ հատվածի առնչությամբ. «Տեսած կլինեք, թե ինչ շքեղ «Ջիպ»-ով է երթևեկում թեմական առաջնորդը (խոսքը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մասին է-Լ.Մ.)։ Նվե՞ր է ստացել հավատացյալներից, տոհմական ժառանգությո՞ւն է նրան բաժին հասել։ Ո՛չ։ Գյումրիում շատ շատերը գիտեն, որ ահաբեկելով` 16 միլիոն դրամ է շորթել այն շինարարից, ով կառուցում էր սոցիալ-կրթական կենտրոնը։ Եթե այդ գումարը շինարարը չտար, ապա կզրկվեր հետագա աշխատանքներից։ Եվ մարդն իր շահույթից տվել է այդ գումարը` այսպես «թվաբանական նկարչությամբ» զբաղվելով համապատասխան փաստաթղթերում...»։ Ծնունդով ախալքալաքցի, Գյումրիում ապրած-մեծացած Համլետ Ճորոխյանը, որ մեր թերթի կայքէջի մշտական ընթերցողն է նաև, հեռախոսով մանրամասն պատմեց այդ չարաբաստիկ «Ջիպ»-ի պատմությունը, ինչն էլ տպագրում ենք հարցազրույցի տեսքով։
-Վաղո՞ւց Հայաստանում չեք եղել, պարոն Ճորոխյան։
-Հայաստանի հետ կապ եմ պահպանել հարազատների, բարեկամների, ընկերների միջոցով։ Մինչև 2005 թիվը տասնմեկ տարի չէի եղել հայրենիքում։ Իսկ մինչ այդ` 2003-ի նոյեմբերին, իմ խնդրանքով ՈՒկրաինա եկավ Միքայել սրբազանը եղբորս` Ճորոխյան Էդմոնի պսակադրության արարողությունը Եվպատորիայի հայկական եկեղեցում Գրիգորիս սրբազանի հետ կատարելու (տե՛ս նկարը աջից)։ Հարսանիքից հետո մեկ շաբաթ դրսից եկած բոլոր հյուրերը, այդ թվում` Միքայել սրբազանը, մեր տանն էին ապրում (փառք Աստծո, հնարավորություններս ներում են)։ Դե, երեկոները հավաքվում էինք սեղանի շուրջ, զրուցում տարբեր բաներից։ Հենց այդ զրույցներից մեկի ժամանակ էլ բոլորի ներկայությամբ սրբազանին խոստացա, որ Հայաստան գալուս պես մի մեքենա իրեն անպատճառ նվիրելու եմ։
-Ինչո՞վ բացատրել Ձեր այդ առատաձեռնությունը։ Լավ հավատացյալ լինելու հանգամանքո՞վ, թե՞ ուրիշ պատճառ էլ կա։
-Իսկ ինչո՞վ բացատրել, որ մի «BMW» էլ մյուս ընկերոջս եմ նվիրել։ Կամ` ինչո՞վ բացատրել այստեղ` Սիմֆերոպոլում, Ճորոխյան եղբայրներիս շեֆության տակ գործող մանկապարտեզի գոյությունը, որի բոլոր հոգսերը մեզ վրա ենք վերցրել։ Ինչո՞վ բացատրել «դոմիկում» ապրող Ղրջյանների ընտանիքին նվիրած երեքսենյականոց բնակարանը։
-Փաստորեն, լուրջ բիզնես ունեք Սիմֆերոպոլում և մեծ կարողություն։
-Այո, մեծ հնարավորություններ ունենք ու նաև մեծ ցանկություն` այդ հնարավորություններն անհրաժեշտության դեպքում կիսելու ուրիշների հետ, ինչը, ցավոք, լուրջ կարողություն ունեցող գործարարներից շատ շատերը չունեն։
-Երբ Ձեր ունեցածը կիսում եք օգնության, խնամակալության կարիք զգացողների հետ, դա հասկանալի է, բնականաբար, նաև խիստ ողջունելի։ Բայց Միքայել եպիսկոպոս սրբազանը, կարծում եմ, անապահով խավի մեջ չի մտնում։
-Իհարկե, ինքն անապահով չէ, բայց իմ մանկության ընկերն է, կյանքում հասել է մեծ հաջողությունների, և, հայ եկեղեցու սպասավորների խոսքերով, եթե կան հատուկենտ թեմական առաջնորդներ, որոնց խորապես սիրում է ժողովուրդը, նրանցից մեկը Միքայել սրբազանն է։ Ինը տարի է արդեն, ինչ Շիրակի թեմի առաջնորդն է ինքը և մեծ ծավալի քրտնաջան աշխատանքով զորացրել է թեմը։ Ես անձամբ տեղյակ եմ այդ բոլորին։ Նորից եմ ուզում շեշտել. մենք մոտ ընկերներ ենք, ես խոսք էի տվել մեքենա նվիրել իրեն, նվիրել եմ։ ՈՒ քանի կենդանի եմ, ինքը միշտ մեքենա պիտի ունենա և իմ մեքենայից ոչ վատը։
-Հետաքրքիր է, իսկ այս «Ջիպը», որ նվիրել եք, ի՞նչ արժե։
-Եթե չեմ սխալվում` 32 թե 33 հազար 5 հարյուր ամերիկյան դոլար։ Ինքն է մեքենան ընտրել ու եթե «Մերսեդես» ընտրեր, «Մերսեդես» էի նվիրելու։ Բայց միջին կարգի «Ջիպ» ընտրեց, որ կարողանա գնալ գյուղերը, շրջել թեմով մեկ։ Ինձ մնար` «Տոյոտա» կամ «Լեքսուս» կնվիրեի, բայց Հայաստանում այդ ժամանակ` 2005-ին, նման մեքենաներ չէին վաճառվում։ Ինքը կլիներ երկրորդը։ Բայց ոչինչ, ամեն երեք տարին մեկ փոխելու եմ սրբազանի մեքենան։
-Չուզողների ջգրո՞ւ։
-Հա՛։
-Շիրակի թեմի առաջնորդը Ձեր մոտ ընկերն է, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյա՞նը։
-Քաղաքապետի հետ նույն թաղում ենք ապրել, մտերիմ ենք եղել, բայց ընկերներ չենք, քանի որ ինքը մեզնից տարիքով մեծ էր։ Հիմա էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք, պարզապես չեմ հասկանում, թե նրա ու սրբազանի արանքով ի՞նչ կատու է անցել։ Ես ո՛չ Վարդան Ղուկասյանին եմ այդ հարցը տվել, ո՛չ Շիրակի թեմի առաջնորդին։ Հուսով եմ` կգտնվի շատ ավելի բարձր մակարդակի պետական կամ հոգևոր գործիչ` այս պրոբլեմին ճիշտ լուծում տալու համար, որ չդառնա բամբասանք, վեճ, կռիվ-դավի։
Հեռախոսազրույցը` Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 3872

Մեկնաբանություններ