ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Այս երգն իմ մասին է»

«Այս երգն իմ մասին է»
04.01.2013 | 13:21

«Տրամադրություն», «Ուրիշ քաղաքում», «Հին հետքերով», «Քաղաքից քաղաք»…Հեղինակային երգի սիրահարներին Լիլիթ Բլեյանը ծանոթ է այս երգերով: «Առաջին ձայնասկավառակը թողարկվել է մեկ տարի առաջ, կոչվում է «Ուրիշ քաղաքում»:

«Ձայնագրված ու «լույս տեսած» երգերս արդեն 12-ն են:
2012-ին ձայնագրել եմ երկու իսպաներեն երգ, ևս մեկը՝ անգլերեն, գրեթե պատրաստ է, կվերջացնեմ տոներից հետո: Իսկ Ծննդյան տոներին (հուսով եմ՝ ոչինչ չի խանգարի) լսողին կհանձնեմ «Ծննդյան գիշեր» երգը՝ միանգամից երկու տարբերակով՝ հայերեն ու անգլերեն»,- մեզ հետ զրույցում ասաց երաժիշտ, լրագրող, հաղորդավարուհի Լիլիթ Բլեյանը:

-Խորխե Լուիս Բորխեսը ինչ-որ առիթով հիշում է, որ երիտասարդ հասակում երազել է իր առաջին 100 ընթերցողների դեմքերը տեսնել:
Հեղինակային երգերը, կարծում եմ, քիչ, բայց հավատարիմ ունկնդիր ունեն: Ովքե՞ր են ձեր երկրպագուները, ուզո՞ւմ եք իմանալ նրանց ով լինելը:
-Ես առաջին 100-ին անուններով գիտեմ, ծանոթ եմ, շատերի հետ՝ մտերիմ: Վախենում եմ «երկրպագու» բառից, դժվարությամբ եմ այդ բառը գործածում իմ երգերի, առավել ևս՝ իմ վերաբերյալ: Ամեն դեպքում, այդ 100-ն արդեն «պաշտոնապես» ամրագրված են իմ Facebook-յան նոր էջում, էլ այդ փաստից ոչ մի տեղ չեն փախչի:
-Կարծում եմ, մեկ երգը կարող է հայտնի դարձնել երգչին: Ձեզ ո՞ր երգով սկսեցին ճանաչել ու սիրել:
-Իմ դեպքում դա երևի հենց առաջին ձայնագրված երգն էր՝ «Սպասող գնացքները»: Եթե երգերիցս մեկ ուրիշը առաջինը ձայնագրվեր, չգիտեմ, կունենա՞ր նույն հաջողությունը: Ես ուրախ եմ, որ շատերը նախընտրում են տարբեր երգեր իմ երգացանկից, հաճախ ինձ գրում են, թե` որ երգն ինչո՞ւ է իրենց համար առանձնահատուկ: Թեպետ «հայտնի» բառն էլ է, գոնե առայժմ, ինձ համար այդ դժվար բառերի շարքից:
Հիմա, ի դեպ, սկսում եմ աշխատել մի երգի վրա, որը կարող է այդ «մեծ հաջողությունն» ունենալ, եթե ստացվի այնպիսին, ինչպիսին ես իրեն պատկերացնում եմ:
-Ինչպե՞ս է վերնագրված այդ երգը:
-Դեռ չեմ կարող ասել, քանի որ աշխատանքային վերնագիր է, ընթացքում կարող է փոխվել, ինչպես հաճախ լինում է իմ երգերի հետ:
-Երգը հիշողությո՞ւն ունի:
-Երգը հաջողված է այն ժամանակ, երբ դառնում է լսողի անձնական սեփականությունը: Երբ լսողն այն ընկալում է որպես իր սեփական կյանքից մի հատված, իր անձնական ապրումների արտացոլումը: Երգ գրելիս` ես չեմ մտածում լսողի մասին: Բայց հետո ստացվում է այնպես, որ լսողներից ոմանք ինձ ասում են` այս երգն իմ մասին է: Ու այդ պահից սկսած՝ ես հասկանում եմ, որ երգն արդեն ունի իր ճանապարհը, այն արդեն այնքան էլ իմը չէ: Այդ պահից սկսած` ես արդեն իրավունք չունեմ, ասենք, որևէ բառ այնտեղ փոխել, արդեն ավելի զգույշ պետք է լինեմ ամեն նոտայի հետ:
-Հավատո՞ւմ էիք Ձմեռ պապիկին, երբ փոքր էիք:
-Այո, ընդ որում՝ շատ երկար:
-Ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Դե, Ձմեռ պապիկից այլևս ոչինչ չեմ խնդրում, իսկ, ասենք, Նախախնամությունից խնդրում եմ բավականին ստանդարտ բաներ, որ մտերիմներս հնարավորինս երկար, հնարավորինս խաղաղ ու «անհնարինս» առողջ ապրեն իմ կողքին: Ոչ մի հետաքրքիր բան: Անձամբ իմ համար էլ եմ, իհարկե, խնդրում, որ երգ գրելն ու երգելն, ի վերջո, դառնա իմ հիմնական զբաղմունքը:
-Ամանորյա Երևանը սիրո՞ւմ եք:
-Երևանի ամանորյա հանդերձանքի մասին այնքան գրվեց այս տարի, որ ավելորդ եմ համարում ինքս էլ ավելացնել: Ընդհանրապես, սիրում եմ, երբ տոնն անկեղծ է տոնվում, և Ամանորը Երևանում հենց դրանով է առանձնահատուկ` մարդիկ իրոք սիրում են այդ տոնը: Անգամ երբ չեն կարող կամ չեն ցանկանում տոնական սեղան պատրաստել, միևնույն է, սպասում են, ինչ-որ անձնական էմոցիաներ են դնում այս տոնի մեջ:
-Գրում եք տարբեր քաղաքների մասին, այդ քաղաքներում Ամանորն ուրի՞շ է:
-Ամանորյա քաղաքներից տեսել եմ միայն Երևանը, դեռ երբեք Հայաստանից դուրս չեմ դիմավորել Նոր տարին, իմ ճամփորդություններն առավել հաճախ բաժին են հասնում ավելի տաք ամիսների: Չտեսածիս մասին խոսել չեմ կարող:
-Իսկ ձեր երգերի քաղաքներն ինչո՞վ են առանձնանում:
-Ամեն ինչի մեջ մենք փնտրում ենք մերը: Ամեն նոր, օտար քաղաքում փնտրում ենք մերը: Ու, որքան էլ տարօրինակ է, հաճախ գտնում ենք: Հենց այն քաղաքները, որտեղ մենք գտնում ենք ինքներս մեզ, մեզնից մի հատիկ, հենց դրանք են դառնում մեզ համար կարևոր ու հարազատ: Մարդու ճանապարհը տանում է միայն մի տեղ՝ դեպի իրեն: Ոմանք՝ երջանիկները, կարողանում են գտնել ճիշտ ճանապարհն ու հասնում են իրենք իրենց մոտ: Տարբեր քաղաքներով, տարբեր մայրցամաքներով, ամեն տեղ գտնելով իրենց մի մասնիկը՝ ամբողջանում են, գտնում են իրենք իրենց: Հուսով եմ, որ 2013-ին՝ անկախ իմ այցելելիք քաղաքների քանակից, իմ անձնական խճանկարն էլ մի քիչ ավելի կամբողջանա:
-Հեղինակային կատարողներից ո՞ւմ երգերն եք լսում ինքներդ:
-Սիրում եմ, բնական է, Ռուբեն Հախվերդյանի երգերը, գլխումս հաճախ պտտում եմ: Սիրելն այստեղ սխալ բառ է, դրանք վաղուց իմ «անձնական» երգերն են: Վերջերս սկսել եմ լսել Արեգ Նազարյանի երգերը:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ