38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գաղտնիքը

Գաղտնիքը
29.12.2023 | 21:08

Ես Աստծուց զատ՝ նաև երազներին եմ հավատում։ Այնպես եղավ, որ երկուսին իրար հետ տեսա։ Մոգական երազ էր։ Քնած էի լայն մահճակալում։ Սովորաբար կողքիս կինս է լինում։ Այդ օրը Աստվածն էր։ Մութ գիշեր էր, Իրեն չէի տեսնում, բայց գիտեի, որ Ինքն է։ Ասաց.

– Լևո՛ն, քեզ մի բան պիտի ասեմ…

Աչքերս բացեցի։ Աստված արթնություն էր։ Չգիտեմ՝ ի՞նչ պիտի ասեր, բայց որ հենց ինքը` Աստված հետս խոսել էր, դա արդեն հրաշք էր։ Տրամադրությունս արտակարգ էր։ Ողջ օրը արժեցող-չարժեցողի առաջ գլուխ էի գովում։ Ասում էի՝ Աստծո հետ եմ խոսել, թեև Ինքն էր խոսել։ Ափսոս, Իրեն չտեսա։

Դե, ես ո՞վ եմ, որ Աստված տեսնեմ։ Համենայն դեպս, գլուխ էի գովում.

– Էս գիշեր երազում Աստծո հետ էի։

– Ի՞նչ գիտես, որ Աստվածն էր,- ասում էին։

– Համոզված էի,- ասում էի,- ես էլ ձեզ նման հո անհավատ չե՞մ… Պարտադիր ա ՈՒԴՈ-ն ցույց տար, որ հավատայի՞…

– Ի՞նչ էր ասում,- հետաքրքրվում էին։

– Ասում էր՝ Լևո՛ն, քեզ մի բան պիտի ասեմ…

– Բայց ի՞նչ,- չէին դադարում հարցերը։

Դա միայն Աստծուն էր հայտնի… Պարզապես էդ գիշեր Բարձրյալը կողքիս էր։ Հավատս տկար էր։ Չէի հասկանում, որ Նա միշտ է կողքիս եղել… Ինչքան կուզեի գոնե էս պահին ընկերոջս` գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ լիներ։ Սերժը ստամոքսի քաղցկեղով պառկած տառապում էր։ Զանգեցի։ Ասի.

– Սե՛րժ, Աստված քեզ օգնական… Գիշերը երազումս Աստծո հետ էի խոսում, ցերեկն էլ քեզ եմ զանգել, որ քո հետ խոսամ…

Ասավ.

– Ի՞նչ էր ասում…

Կարծում էի՝ իր առողջությունով է մտահոգված։ Լռեցի։

Ասաց.

– Բա մեր երկրի հետագայի մասին բան չասա՞ց…

Ա՜յ քեզ մարդ… Աստծուց իր համար առողջություն եմ ակնկալում, իսկ ինքը, հլա տես, ինչ ա հարցնում։ Դա գրեթե նույնն էր, ինչ 1988 թվականի դեկտեմբերին՝ Մեծ երկրաշարժի ժամանակ։ Գորբաչովը եկել էր Լենինական։ Մարդիկ, փոխանակ իրենց ցավից հարցնեին, խոսում էին Ղարաբաղի դարդ ու ցավից։

Բջջայինը ձեռքիս պաղել էի։

– Դու էդ ասա, ոոո՞նց ես, ոոո՞նց…,- կարկամել էի…

– Լևո՛ն ջան,- ասում էր,- քաղցկեղս անցել է հարձակման, էս քանի օր ա՝ անտանելի ցավերի մեջ եմ, մի պտղունց անգամ աչք չեմ կպցրել… Չասիր, է՞… Ի՞նչ ասավ, մեր վերջը ո՞նց ա լինելու…

– Ասում էր,- ասի,- Լևո՛ն, քեզ մի բան պիտի ասեմ… Ու չհասցրեց ասի, արթնացա…

– Բա էս ժողովուրդը ե՞րբ պիտի զարթնի,- Սերժի նվաղուն ձայնը մի պահ բարկությամբ բռնկվեց,- երանի ես ռումբ լինեի, ու մարմինս՝ վառոդի տակառ, և ես գիտեմ, թե ում դռանը կորոտայի…

Մղկտում էր.

– Սերունդները մեզ չեն ների, Արցախը կորստյան մատնեցինք, Արցախը… Եվ դա մի աշխարհում, որի մասին Խորենացին գրում էր` Վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ, ու էդ երկրում էր, որ Արտաշեսյանները Հայքը հասցրեցին հայոց լեզվի սահմաններին… Հիմա ո՞ւր մնաց մեր երազի երկիրը… Քեզ ի՞նչ պատահեց, բալա՛ ջան…,- լացակումած մղկտում էր ընկերս։

– Դե, ի՞նչ արած,- ուզում էի մխիթարել,- միձեռնանի ու միոտնանի մարդն էլ ա ապրում…

– Կապրեն,- ասաց Սերժը,- իհարկե, կապրեն, իսկ ես չեմ ապրի…

Տխուր էր, տխուր… Ուզեցի ընկերոջս տրամադրությունը գոնե մի քիչ բարձրացնել։ Ասի՝ Սե՛րժ, մի հանելուկ ասեմ, հլա տեսնեմ՝ կգտնե՞ս։ Ասաց.

– Ասա։

Ասի.

– Էն ո՞վ ա, ո՞վ`

Էրեսը պադոշ,

Բերանը լաբառոշ,

Խոսքը սուտ, կռուտիտ ու լալոշ։

– Վա՛յ, ես դրա ստեղծողի…,- բոցկլտաց ընկերս,- արա՛, բա դա ամոթ ունի՞, հը՞, պարզ մարդկային ամոթ… Ո՞նց ա էդ աթոռին նստում, ո՞նց ա մարդկանց աչքերին նայում, էս ցավն ու կսկիծը շալակին ո՞նց չի սատկում…,- վրդովվել ու չէր հանդարտվում Սերժը,- Լևո՛ն, Լևո՛ն,- ասում էր,- ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե ես մեռնեմ, իսկ դա ապրի, շարունակի պաշտոնավարել ու կործանել… Եթե մի բան էս աշխարհում ինձ պահում ա, ապա միայն դրա վերջը տեսնելու ցանկությունն ա… Էսօր միայն էդ փափագն է ինձ ապրեցնողը, միայն ու միայն դա՛…

Չգիտեմ՝ Սերժը կապրի, չի ապրի, բայց մի բան հաստատ գիտեմ․ նա միշտ Աստծու մտքում կմնա… Իր երկրի ճակատագրով մտահոգ մարդը չի կարող աննկատ մնալ։ Ասելիք կա, որ խոսքի մեջ չկա։ Դա էր Աստված ինձ ասում։ Մեր գյուղում ասում են՝ թամամ խոսքը իշին են ասում։ Բարձրյալն ինձ մարդու տեղ էր դրել։ Ամենակարևորը աչքով չես տեսնի, ասում էր Էքզյուպերին, իսկ ես կավելացնեի` ամենակարևորը բերանով չես ասի։ Դասական ցավով խոցված` ազգի վիճակն է ծանրացել սրտիս… Էդ վիճակից է սիրտս ցավում, մարմինս բզկտվում, հոգիս խանգարվում… Թվում է` սերն է, որ պիտի փրկի հայրենիքը։ Սակայն հիմա կարևորը սերը չէ, կարևորը ատելությունն է, ատելությունը։ Նախկինում կարծում էի, որ ատելությունը վատ խորհրդատու է, իսկ հիմա վիճակն այլ է, քանզի մինչև թշնամուդ չատես, չես հաղթի։ Իսկ ես հաղթել եմ ուզում, Սերժը հաղթել է ուզում, մենք հաղթել ենք ուզում պատուհասին, արհավիրքին, չարիքին, փորձանքին, մտագարին, տհասին, տգետին, լալոշին ու պադոշին… Եկող տարին Վիշապի տարի է։ Մեզ համար հինգ տարի է, ինչ հրեշի տարի է։ Երազանքի ակունքը վիշապն է փակել։ Շաղվել, պղտորվել, պապանձվել, գոլ են տվել գալիք ջրերը։ Վիշապը վարից վեր ոլորվել, կալմեջ է արել հույսի, հավատի գլգլան ջրերը։ Հավերժ սպասման մեջ ենք։ Ո՞ւր է այն կտրիչը, որ Թուր Կեծակին պիտի իջեցնի մեր յոթգլխանի թշվառության վրա։ Արդյոք կբացվե՞ն հուսո դռները, կհոսե՞ն մեր հավատի զուլալ ջրերը… Էրվում, խորովվում, տոչորվում ենք արդարության ծարավից։ Իսկ ե՞րբ այդպես չի եղել.

Ո՞ւմ առաջ սիրտս բացեմ, չկան արդարներ,

Երկիրը տրված է հոգով շեղվածներին…

Տրտնջում էր մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ապրած եգիպտացի պոետը։ Իսկ ես ո՞ւմ առաջ սիրտս բացեմ, ո՞ւմ ի՞նչ բացատրեմ. ոչինչ չի փոխվում, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է… Մնում է ես փոխվեմ… Խաբում ին, դիփունքին խաբում ին ու խաբում… Մարդկանց էնպիսի քաղցրությամբ են ստում, որ թեյն առաց շաքար են խմում… Դա էլ քիչ է, ճնշում են, հարկ ու տուրքով ունեզրկում, թալանում, իսկ ըմբոստներին՝ պատժում։ Ասում են՝ դիփ նախկիններն են մեղավոր։ Վարչապետ ունենք` աշխարհը չունի։ Նրա միակ արժանիքը թերևս սնունդը արագորեն կեղտի վերածելն է, այնպես, ինչպես հայրենիքի հետ վարվեց։ Նա Ֆեյսբուքում արված գրառման համար անգամ մարդկանց բանտ է նետում։ Խիստ է օրինապահ. մարդկանց ձերբակալում է ոչ այն բանի համար, որ հանցանք են գործել, այլ ձերբակալում է, որպեսզի հանցանք չգործեն։ Բա սա հիմա՞ր չի… Հիմա՞ր ա, թե՞ բռնապետ… Ասենք, հիմարից ի՞նչ բռնապետ… Եվ դեռ շատերը սրա նմանին սիրով են ընդունում։ Ռուս սիրված դերասան Սավելի Կրամարովը ասում էր՝ ես խաղացել եմ «դուռակների» դերերում, այդ իսկ պատճառով ամենուրեք ինձ դիմավորել են՝ ինչպես հարազատի։ Հիմարներն ամենուրեք են։ Արմեն Գրիգորյանին դատում էին հիմարներին պարսավելու համար։

Քրեական օրենսգրքով դա նշանակում էր` ազգային արժանապատվության հրապարակայնորեն նվաստացում։ Ե՞վ… Մարդը մահացավ հենց դատական ատյանում։ Պարզապես գլուխը հենեց ձեռքին, ձեռքը կամաց-կամաց ծալվեց, նիրհեց, նիրհեց ու աչքերը փակ, դանդաղ, սահուն, լուռ, մունջ թեքվեց դեպի պաշտպանը… Էդպես լուռ ու մունջ էլ գնաց… Պաշտպանը բանից անտեղյակ՝ գրառված թղթերից փաստարկներ էր բերում։ Դահլիճը հորձանք տվեց, կոհակվեց ու փոթորկվեց` երկյուղած ճիչեր, ահաբեկ ձայներ, տագնապալի կանչեր` Արմե՛ն, Արմե՛ն, Արմե՛ն… Այլևս ոչ ոք զորու չէր օգնելու։ Փաստաբանն անշունչ արձան էր։ Չգիտեր` ի՞նչ անի։ Սպիտակ թղթերը օդում հուսահատ թպրտոցով վայր էին ընկնում. պաշտպանի ձեռքերն ասես գերանդիով հնձած լինեին։ Մարդը պառկել էր հատակին։ «Ամեն մարդ մի աշխարհ է»,- ասում են։ Էդ աշխարհն էր մեռնում` խաղաղ, անաղմուկ, լլկված ու լքված, պառկած արդարադատության սրահում։ Տեսնես գիշերը, գուցե և երազում, Ո՞վ և ի՞նչ էր ասել նրա ականջին… Ոչ մեկին դա հայտնի չէ։ ԿՅԱՆՔԸ ԳԱՂՏՆԻՔ Է։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հ.Գ.

Այսօր դեկտեմբերի 22-ն է։ Արևադարձ։ Ջա՜ն, օրերը երկարելու են։ Մենք դեպի լույսն ենք գնում… Նոր տարի է գալիս, նո՛ր, նո՛ր… Նոր տարի` նորանոր բաղձանքներով։ Ես մի համեստ գրող եմ՝ անհամեստ նկրտումներով։ Մեր գյուղում մի անուաղքատ մարդ կար` Պուրի Մադո անունով։ Փոքր մարդ էր, բայց մեծ արժանապատվություն ուներ, ասում էր` ես էլ ինձ ու գյորա մարդ եմ։ Հիմա ես էլ ինձ ու գյորա գրող եմ… Ես իմ ընթերցողն ունեմ։ Եվ վայը տարել ա նրան, ով իմ կենացին պղտոր ջուր կխառնի։ Ասում են՝ Թալինի շրջանում մի դատախազ կար, ով խելահեղ սիրում էր Մուշեղ Գալշոյանին։ Մուշեղի ծննդյան օրը նա իր տանը ճոխ սեղան է բացում և իր շրջանի աչքի ընկած գրողներին ու արվեստի մարդկանց հրավիրում հյուրասիրության՝ ակնկալելով, որ կգան ու իր սիրած գրողի գովքը կանեն։ Էն էլ գալիս են, ուտում-խմում, կոկոնները տաքացնում ու սկսում Հրանտ Մաթևոսյանից խոսալ։

Երևի թե ուզել են «պրադվինուտի» երևալ, զարգացած ճաշակով… Մերս կասեր՝ մարդ կա՝ տերտերին ա սիրում, մարդ էլ կա` տերտերակնգանը։ Դժվար է ասել, թե նրանք որի սիրահարն էին, բայց որ Գալշոյանին թերագնահատում էին, ակնհայտ էր։ Էս մարդը խեղճացած մի քանի անգամ հիշեցնում է, որ էսօր էդ օրը չի, Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է։ Իզուր։ Սրանք գինովցած ավելի մեծ ոգևորությամբ են շարունակում Հրանտապատումը։ Դատախազի համբերությունը սպառվում է, արյունը գլխին է խփում։ Այլևս ի վիճակի չէր լսել զազրապատումը։ Ասես պատրույգը կպցնեին վառողին։ Մատը տնկում է դեպի դուռը.

– Դո՛ւրս, դո՛ւրս իմ տնից,- պայթում է դատախազը։

Ես անսասան նստած եմ իմ տանը։ Գովքի կարիք չունեմ։ Դատարկ սեղանով էլ կարող եմ քեֆ անել, քանզի պատմվածքներս իմ քեֆը բերում են։ Էսօր իմ օրն է։ Մի պատմվածք էլ ծնվեց։ Այսօր ես եմ շքահանդեսի տերը։ Իմ դուռը բաց է և՛ եկողների, և՛ գնացողների համար։ Առայժմ լայնորեն բացել եմ Նոր տարվա համար.

– Շնորհավոր Նոր տարի…

22.12.2023թ.

Դիտվել է՝ 7598

Մեկնաբանություններ