Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Եվրոպական մեծ խաղը»

«Եվրոպական մեծ խաղը»
19.05.2009 | 00:00

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արևելյան Եվրոպան, անկախ այդ տարածաշրջանի աշխարհագրական ընկալումներից, նախկինի պես մնում է դժվար լուծելի խնդիր Եվրամիության և առաջատար եվրոպական պետությունների համար։ Եվրոպան շարունակում է լինել «երկբևեռ», ուր ֆրանս-գերմանական «բևեռը» նախկինի պես փորձում է թուլացնել անգլո-սաքսոնական ազդեցությունը, և այդ պայքարն ընթանում է Արևմտյան ու Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի շփման գծի ամբողջ ճակատով։ Այդ պայքարի ելքից շատ բան է կախված ժամանակակից աշխարհում ուժերի դասավորության ու հարաբերակցության առումով։ ԱՄՆ-ի համար այդ պայքարն ընթանում է ոչ թե սոսկ Եվրոպայում ազդեցության համար, այլ շատ ավելի գլոբալ առումով։ Այդ հակադրությունը որոշակի իմաստով կարելի է անվանել «Եվրոպական մեծ խաղ»։ Հարավային Կովկասի երկրների համար այն առաջնահերթ նշանակության գործընթացներից մեկն է, թեկուզ և այդ խաղը Կովկասյան տարածաշրջանի քաղաքական դասակարգերի կողմից չի ընկալվում իբրև կարևոր բաղադրիչ, որը որոշիչ նշանակություն ունի իրենց երկրների ճակատագրում։ Սակայն 2008-ի իրադարձությունները, երբ Եվրամիությունը հայտարարեց իր մասին իբրև միանգամայն ինքնուրույն ուժային կենտրոնի, ազդակներ հաղորդվեցին մեր տարածաշրջանին, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր հետևել, իսկ գուցե և, թեկուզ ոչ այնքան կարևոր գործընկերոջ կարգավիճակով, մասնակցություն ունենալ «Եվրոպական մեծ խաղին»։
«Մեծ խաղ» հասկացության տակ սովորաբար ընկալվում է մեծ տերությունների, ամենից առաջ Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի պայքարը «Մեծ Մերձավոր Արևելքի» և Կենտրոնական Ասիայի, նրանց հարակից տարածաշրջանների համար։ Սակայն շատ ավելի կարևոր նշանակություն ունի համաշխարհային քաղաքականության մեջ «Եվրոպական մեծ խաղը», որը ժամանակակից պատմության ողջ ընթացքում գտնվել է միջազգային գործընթացների կենտրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մինչև կոմունիստական համակարգի փլուզումը «Եվրոպական մեծ խաղը» գոյություն ուներ իբրև եվրոպական ու եվրո-ատլանտյան նախագծերի հակադրություն, երբ Ֆրանսիան` Գերմանիայի աջակցությամբ, փորձում էր հաստատել ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից քիչ թե շատ անկախ եվրոպական արտաքին ու ներքին քաղաքականություն։ Ֆրանսիայի ու Գերմանիայի բոլոր քաղաքական ղեկավարները, առանց բացառության, ներառյալ նրանք, ովքեր աջակցել են ատլանտիզմի գաղափարախոսությանը, զուգահեռ փորձել են իրագործել եվրոպական գաղափարը, ինչը չէր բացառում բավական կոշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ։ Այն բանից հետո, երբ ֆրանսիական ու գերմանական քաղաքականության գիգանտներ Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Հելմուտ Քոլը և Գերհարդ Շրյոդերը հաջողությամբ կատարեցին իրենց առաքելությունը եվրոպական քաղաքականությանը նոր ուրվագծեր հաղորդելու առումով, իշխանության է եկել քաղաքական գործիչների նոր սերունդ, այլ, սակայն ոչ պակաս հավակնոտ ծրագրերով։ Միանգամայն պարզ է, որ Նիկոլա Սարկոզին և Անգելա Մերկելը խնդիր են դրել իրագործել ՆԱՏՕ-ի առավել եվրոպականացման վերջին կամ ավարտական փուլը` գործնականում դաշինքը ենթարկելով Եվրամիության շահերին։ Հնարավոր է այն վերածել երկրորդական անվտանգության համակարգի` եվրոպական զինված ուժերին (արագ արձագանքման կորպուսին) վերապահելով եվրոպական պաշտպանության ու անվտանգության կառույցի հիմնական գործառույթները։ ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունները եվրոպական քաղաքականության առաջնորդների համար բոլորովին էլ չեն ենթադրում Ֆրանսիայի ու Գերմանիայի` սկզբունքային դիրքերից հրաժարում։ Ընդհակառակը, դա նպատակ ունի հակադրությունը ՆԱՏՕ-ի ներսում նվազեցնել և դրանով իսկ եվրոպական քաղաքականությունը դարձնել ավելի ազատ ու անկախ։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա այդ երկու եվրոպական տերություններին` ավելի լուրջ պահանջներ առաջադրել և անցկացնել դրանք ՆԱՏՕ-ի ներսում։
Ներկայումս, երբ Ն. Սարկոզին որոշում կայացրեց ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքներ Ֆրանսիայի վերադառնալու մասին, առաջանում է հարցադրում այն պայմանների վերաբերյալ, որոնք կառաջադրի Ֆրանսիան այս դաշտում։ Ինչպես արտահայտվել է հայտնի քաղաքագետ ու վերլուծաբան Ռիչարդ Պերլը` ամերիկյան նեոպահպանողականների թևից, «Ֆրանսիան առաջադրում է պայմաններ ու պահանջներ այն բանի փոխարեն, որպեսզի հենց ինքը կատարի այն պայմանները, որոնք կհաստատեին տրանսատլանտյան հարաբերություններին իր լոյալությունը։ Այս կապակցությամբ գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Ֆրանսիայի պայմաններից մեկը դառնալու է ՆԱՏՕ-ի ընդարձակումը սահմանափակելը։ Այդ դիրքորոշումը լիովին պաշտպանում է Գերմանիան, որը նույնիսկ ավելի կոշտ դիրքորոշում ունի դաշինքում նոր պետությունների ընդգրկման կապակցությամբ։ Սա լավ հայտնի իրողություն է ԶԼՄ-ներից և քաղաքական գրականությունից։ Սակայն այդ համատեքստում գլխավոր գաղափար է դարձել Ֆրանսիայի և Գերմանիայի «էգոիզմի» շուրջ քարոզչությունը, որն իբր պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ, իբրև մայրցամաքային Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարարողի։ Կասկած չկա, որ այդ քարոզչական ալիքը բարձրացվեց ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներով և աջակցության արժանացավ եվրոպական լիբերալ ու վարկաբեկված մամուլի կողմից։ Այս թեման, իբրև լայն քաղաքական բանավեճի առարկա, դարձավ նաև Գերմանիայի, մասամբ Ֆրանսիայի նկատմամբ ուժեղ ճնշում գործադրելու միջոց։ Ստեղծվում է գաղափարաքաղաքական ձևաչափ, որի շրջանակներում եվրոպացիների «արևելյան քաղաքականությունը» ոչ միայն կասկածի տակ կդրվի, այլև կենթարկվի միջազգային դատապարտման։
Սակայն ռուսամետ վեկտորը գերմանական և հատկապես ֆրանսիական քաղաքականության մեջ որոշիչ չի հանդիսացել այդ պետությունների արտաքին քաղաքական գլխավոր ուղղության մեջ, թեպետ և ռուսական գործոնը շատ կարևոր է։ Այնուհանդերձ, «Եվրոպական մեծ խաղը» եղել ու մնում է Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնահերթ խնդիրը, և Եվրոպայի համար պայքարն իրականում նոր է սկսվել, ու նրա գլոբալ նշանակությունը կպայմանավորի գործնականում աշխարհի բոլոր տարածաշրջաններում ազդեցությունը։ Ֆրանս-գերմանական տանդեմը գործընկերներ է որոնում Եվրատլանտյան հանրությունից դուրս, սակայն Ռուսաստանի հետ չափից ավելի մերձեցումը կդառնար ՆԱՏՕ-ի վերջը, իսկ Եվրոպայի այդ երկու առաջատար պետություններն առայժմ պատրաստ չեն դրան։ Ֆրանսիան ու Գերմանիան չեն ցանկանում որևէ մեկի, այդ թվում` եվրոպական այլ պետությունների հետ կիսել իրենց ազդեցությունն ու դիրքերն աշխարհում։ Ռուսական գործոնի նշանակությունը Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշման մեջ, ՆԱՏՕ-ի ընդարձակման կապակցությամբ, խիստ չափազանցված է։ Հարկ է նշել, որ ոչ միայն այդ երկու պետությունները, այլև, ըստ էության, ամբողջ Եվրոպան է դեմ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը։ Եվ եթե Խորվաթիայի, Ալբանիայի ու Մակեդոնիայի անդամակցությանը դաշինքում վերաբերվեցին հանդուրժողաբար, ապա ՈՒկրաինան ու Վրաստանը բացարձակապես անընդունելի են իբրև ՆԱՏՕ-ի լիարժեք անդամներ։ Մեծ Բրիտանիան, չնայած աջակցության մասին բազմաթիվ հայտարարություններին, իրականում առանձնակի էնտուզիազմ չի դրսևորում ՈՒկրաինայի անդամակցության նկատմամբ։ Նույնիսկ Լեհաստանն ու Լիտվան, այսինքն` «կենտրոնաեվրոպական նախագծի» պետությունները, որ հայտարարել են, թե ՈՒկրաինան դեպի ՆԱՏՕ են առաջնորդելու, իրականում հուսով են, որ դա տեղի չի ունենա, քանի որ ՈՒկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ Լեհաստանին ու Լիտվային ոչինչ չի տալու անվտանգության առումով, սակայն հանգեցնելու է նրանց ռազմավարական նշանակության նվազեցմանը։ Այսպիսով, ԱՄՆ-ը չունի անվերապահ և բացարձակ դաշնակիցներ Եվրոպայում` ՈՒկրաինային ՆԱՏՕ ընդգրկելու հարցում։ Այդ նախաձեռնությունը բրիտանա-ամերիկյան չէ, այլ, ավելի շուտ, միայն ամերիկյան է։ Բրիտանական նախագիծը` Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակումը դեպի Արևելք իրականացնելու ուղղությամբ, անշուշտ, այսրոպեական չէ և մնում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության որոշիչ բաղադրիչներից մեկը, սակայն, դրանով հանդերձ, այն բոլորովին էլ չի ենթադրում ՈՒկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ` որպես կարևոր և սկզբունքային նախապայման։ ՆԱՏՕ-ի ընդարձակումն ինչ-որ առումով սահմանափակում է բրիտանական ծրագրերի իրագործումը Եվրոպայի տարաբաժանման իմաստով։ ՈՒկրաինայի հետ կապված հարցը Լոնդոնի համար լիովին լուծված չէ։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի միավորումը ՆԱՏՕ-ի շրջանակներում ոչ միայն աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական իմաստով անկանխատեսելի է, այլև կարող է միջնաժամկետ հեռանկարում դառնալ Ռուսաստանի ընդգրկման նախապայման` խիստ եվրոպականացված ՆԱՏՕ-ի ռազմավարական ծրագրերում։ Բանը դրան էլ հասնելու է, եթե «Եվրոպական մեծ խաղը» անգամ տանուլ տրվի հարաբերական առումով։ ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիան մի համակարգի, ուր կիրագործվեն եվրոպական մտադրությունները, կդառնա աղետ ամերիկյան ու բրիտանական քաղաքականության համար։ Հենց դա է և ոչ թե մեկ այլ բան մեծացնում ՈՒկրաինայի աշխարհառազմավարական նշանակությունը, սակայն միաժամանակ խոցելի է դարձնում նրան միջազգային պայքարի հրապարակներում։
Գերմանիան փորձում է «վերջին» թռիչքը կատարել միջազգային քաղաքական տարածություն դուրս գալու ճանապարհին, ազատվել քաղաքական «գաճաճի» կարգավիճակից։ Դա բոլորովին էլ Ա. Մերկելի ծրագիրը չէ, այլ գերմանական քաղաքականության ռազմավարական ուղղվածության ժառանգականության դրսևորում։ Սակայն մինչև Գերմանիան` իր ոչ բազմաթիվ, բայց հավատարիմ եվրոպական դաշնակիցների հետ չջարդի «Եվրոպական մեծ խաղը», այդ նպատակի իրագործումն անհնարին է։ Գերմանիան ոչ միշտ հաջողությամբ, բայց հետևողականորեն ձևավորում է Եվրոպայում «գերմանական տնտեսական կայսրությունը»` իր ուղեծրում ընդգրկելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունը, այն տարածաշրջանները, ուր կատաղի պայքար է գնում ամերիկա-բրիտանական բլոկի հետ։ Այդ տարածաշրջաններում չկա ոչ մի պետություն, Լեհաստանից բացի, որը պատրաստ չլիներ ընդգրկվելու գերմանական տնտեսական ազդեցության գոտում, թեկուզ և այն պատճառով, որ չկա այլընտրանք ամենից առաջ ներդրումների առումով։ Սակայն Լեհաստանը նույնպես չի կարող անտեսել Գերմանիայի հետ տնտեսական համագործակցության առավելությունները։ Կենտրոնական Եվրոպայի պետություններին ՆԱՏՕ և Եվրամիություն ընդունելու գործընթացից ամենից առաջ օգտվեց Գերմանիան։ Նրա ժողովրդավարական և հումանիտար ներուժը թույլ չտվեց Գերմանիայի հակառակորդներին` արդյունավետ օգտագործել «հիշողության ազդակներն» ու «պատմական գործոնը»։
Ռուսական գործոնի նշանակությունը Եվրոպայում խիստ չափազանցված է քաղաքական քարոզչության մեջ։ Իրականում Ռուսաստանն այդքան ուժեղ ազդեցություն չունի եվրոպական իրականության վրա, որքան դա արտահայտվում է տեղեկատվական «դաշտում»։ Ռուսաստանը չունի գազի ահռելի ծավալներն արտահանելու այլ հնարավորություններ, բացի եվրոպական ուղղությունից, որտեղ տնտեսական զարգացումն ու վճարունակ գործընկերների առկայությունն ապահովում է Մոսկվայի համար կայուն եկամուտներ։ Դեպի Եվրոպա գազի, նավթի, այլ հումքի արտահանման ոլորտում ապակայունացումը Ռուսաստանի համար կունենա անուղղելի տնտեսական ու քաղաքական վնասակար նշանակություն։ Գերմանիան առաջնային դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանի հետ արտաքին տնտեսական հարաբերություններում, միայն գերմանական մեքենաշինությունը և ներդրումներն են ի վիճակի ապահովելու ռուսական արդյունաբերության մոդեռնացումը։ Ֆրանսիան ու Գերմանիան կարող էին և չընդգծել իրենց դերն ՈՒկրաինայի ու Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը սահմանափակելու հարցում, դրանով իսկ լվանալ ձեռքերը և ընդունել այնպիսի դիրք, թե չեն կարող չհամաձայնել ատլանտյան գործընկերների հետ։ Դա գործնականում չէր հանգեցնի գեոտնտեսական ոլորտում և Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխության։ Եվրոպացիների հետ հարաբերությունների որոշակի սառեցումից հետո Ռուսաստանը հարկադրված եղավ վերադառնալ նախկին հարաբերություններին։ Այսպիսով, եվրոպացիները գտան մի շատ հարմար քարոզչական հնարք` ՆԱՏՕ-ի ընդարձակման հետ կապված իրենց դիրքորոշումը բացատրելու համար։ Այդ հարցում ամբողջ բացասականը վերագրվեց Ռուսաստանին, որն իբր շանտաժի է ենթարկում Եվրոպային, դավեր լարում ու շրջափակում այդ որոշումը։ Ռուսաստանը կրկին հայտնվեց տհաճ մեղադրանքների և նոր «ռուսական վտանգի» առաջացման բնութագրումների տարափի տակ։ Ընդ որում, պարադոքս է, բայց փաստ, որ «ռուսական վտանգի» կազմակերպման մեջ մասնակցություն ունեցան ոչ միայն Գերմանիան ու Ֆրանսիան, այլև Մեծ Բրիտանիան, ինչում կարելի էր համոզվել` հետևելով եվրոպական քաղաքական հեղինակների հրապարակումներին։ Կատակերգականն այն է, որ ԱՄՆ-ն այդ պարագայում շահագրգռված չէր «ռուսական վտանգի» շեշտադրումով, ինչը դարձավ փաստարկ ՆԱՏՕ-ի ընդարձակման հետ կապված հրապարակային բանավեճի ժամանակ։
Ակտուալ քաղաքական տարածության մեջ նախկինի պես առավել դրամատիկ դերում են ՈՒկրաինան և Հարավային Կովկասը` Սև ծովի նշանակության մեծացմամբ։ Այդ տարածաշրջաններում Եվրամիությունը, ամենից առաջ Ֆրանսիան ու Գերմանիան, առայժմ չունենալով «կանխատեսելի» գործընկերներ, փորձում են ձևավորել նոր հարաբերություններ։ Նախկին մոտեցումները, որ ձևակերպվում էին ԱՄՆ-ի քաղաքականությանը չաջակցելով, այլևս չեն դիտարկվում իբրև այդ քաղաքականությունը սահմանափակելու համարժեք միջոց։ ԱՄՆ-ն էլ բոլորովին շահագրգռված չէ առաջատար եվրոպական պետությունների աջակցությամբ և միանգամայն բավարարված է Մեծ Բրիտանիայի հետ գործընկերային հարաբերություններով։ Այդ պատճառով էլ եվրոպացիների պասիվությունն այլևս չի կարող սահմանափակել ԱՄՆ-ի ճնշումն Արևելյան Եվրոպայում։ 2008-ի իրադարձությունների ժամանակ ավելի ակնհայտ դարձան տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում, պրոբլեմներն ու սպառնալիքները, որ Եվրամիությունը փորձում է իրականացնել նոր քաղաքականություն, և այն ոչ պակաս հակադրության մեջ կլինի ԱՄՆ-ի քաղաքականության հետ։
Այսպիսով, Գերմանիան, ինչպես ոչ մի այլ եվրոպական պետություն, շահագրգռված է թույլ չտալու աշխարհաքաղաքական շրջափակումն Արևելքից և ակտիվորեն ընդգրկվել է «Եվրոպական մեծ խաղում», ուր ՈՒկրաինային խիստ կասկածելի տեղ է հատկացված։ Սակայն դրան զուգահեռ, կա Գերմանիայի ներթափանցման խնդիրն ՈՒկրաինա, որտեղ գերմանական կապիտալն արդեն իսկ առաջատար դիրքեր ունի և ավելի մեծ խնդիրներ է դնում իր առջև։ Գործնականում Գերմանիան աջակցության երկար հավաստիացումներից հետո հրաժարվեց պաշտպանել ՈՒկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ։ Եվ, իհարկե, ուկրաինական էլիտան պատրաստ չէ և չունի հնարավորություններ պատասխան տալու Գերմանիային ու Ֆրանսիային։ Սակայն եվրոպացիները չեն կարող ՈՒկրաինային թողնել առանց «այլընտրանքային» առաջարկությունների, և այդպիսիք կարող են լինել նոր հարաբերությունները Եվրամիության հետ` թուրք-եվրոպական փոխհարաբերությունների օրինակով, ՈՒկրաինայի մասնակցությունը եվրոպական զինված ուժերի միջոցառումներին, տնտեսական հարաբերությունների զարգացումը և օգնությունը, վիզային բարենպաստ ռեժիմի սահմանումը։ Գերմանիան ու շահագրգիռ եվրոպական պետությունները հավանաբար հանգել են եզրակացության, որ իրենց շահերին ՈՒկրաինայում ոչինչ չի սպառնում, և իրենք նրան առաջարկելու բան ունեն։ Միանգամայն հնարավոր է, որ շուտով բանակցություններ տեղի ունենան Եվրամիության և ՈՒկրաինայի միջև` հարաբերությունների նոր փուլ սկսելու վերաբերյալ։ Եվրոպացիների, ամենից առաջ Ֆրանսիայի ու Գերմանիայի աշխարհաքաղաքական նախապատվությունները գնահատելու դեպքում կարելի է հանգել եզրակացության, որ աշխարհաքաղաքական ձևաչափում նրանք ՈՒկրաինան տեսնում են որպես չեզոք պետություն, ինչը ցանկալի է ամրագրել սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է կառավարող ռեժիմին, ապա եվրոպացիներին ձեռնտու չէ ծայրահեղ բևեռացումը։ Այսինքն, Վիկտոր Յուշչենկոյի և Վիկտոր Յանուկովիչի թիմերը, որոնցից առաջինը Եվրոպայում ընկալվում է իբրև աջ ազգայնական, երկրորդը` օլիգարխիկ պահպանողական խմբավորում։ Եվրոպացիներին ավելի ձեռնտու է ՈՒկրաինայում լիբերալ խմբավորման իշխանության լինելը, որը կունենա կանխատեսելի և պրագմատիկ մտադրություններ և, ըստ այդմ, եվրոպացիների համար ընդունելի քաղաքական գործիչ է Յուլյա Տիմոշենկոն։
Հարավային Կովկասը ոչ պակաս խնդրահարույց տարածաշրջան է եվրոպական անվտանգության համար, թեպետ ՈՒկրաինան ավելի առաջնահերթ է, որովհետև կանգնած է պետական-տարածքային տրոհման առջև` բնակչությամբ ու տարածքով երկու համարժեք պետությունների։ Եվրամիությունն այժմ փորձում է ժամանակ չկորցնել և նախաձեռնել քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ մերձեցում Հարավային Կովկասի պետությունների հետ։ Այդ կապակցությամբ բազմաթիվ հարցեր են առաջանում և ամենակարևորը, թե Եվրոպան որպես գործընկերոջ` ԱՄՆ-ի՞ն, թե՞ Ռուսաստանին կնախընտրի։ Թուրքիան և Իրանը կարող են լինել դեկլարատիվ գործընկերներ, սակայն ոչ իրական։ Ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը կնախընտրի իր հարավկովկասյան քաղաքականության մեջ խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, բայց կձգտի իրագործել ինքնուրույն քաղաքական գիծ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ