Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՄԱԵՍՏՐՈՆ

ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՄԱԵՍՏՐՈՆ
25.03.2011 | 00:00

Արտիստական փառքով օծված շատ դիրիժորներ է տվել հայ ժողովուրդը թե՛ անցյալ, թե՛ ներկա դարում` Կոստանդին Սարաջև, Ալեքսանդր Մելիք-Փաշաև, Գևորգ Բուդաղյան, Սուրեն Չարեքյան, Միքայել Թավրիզյան, Միքայել Մալունցյան, Սերգեյ Շաթիրյան, Օհան Դուրյան, Դավիթ Խանջյան և էլի անուններ, ովքեր փայլել են հայրենի, ինչպես նաև ռուսական ու արտասահմանյան առաջնակարգ բեմերում։
Մեծանուն դիրիժորների այս համաստեղությունն ամբողջական չի լինի, եթե այս փաղանգին չավելացվի նաև երկրի նշանավոր դիրիժորներից մեկի` Ռուսաստանի վաստակավոր և ՈՒկրաինայի ժողովրդական արտիստ, սակայն, ցավալիորեն մոռացված-անմոռանալի մաեստրո ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ անունը։

Հայաստանի երաժշտական կյանքի ու, առանձնապես Երևանի օպերետային նորաստեղծ թատրոնի կայացման համար նշանակալից իրադարձություն եղավ, երբ 1942-ին Կիսլովոդսկից Երևան տեղափոխվեց երիտասարդ երաժիշտ Գուրգեն Կարապետյանը։ Ծննդավայրում երաժշտական կրթություն ստացած, ապա մի քանի տարի Հայֆիլհարմոնիայի և Երևանի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում աշխատած երաժշտի համար ճակատագրական եղան Երևանի կոնսերվատորիայում ուսանելը և հանդիպումն իր ուսուցչի` պրոֆեսոր Կոստանդին Սարաջևի հետ։ Հենց ուսուցչի խորհրդով ու միջնորդությամբ 1945-ին օպերային թատրոն եկավ երիտասարդ դիրիժորը։ Նրա մուտքն առաջինը ողջունեց թատրոնի այդ տարիների երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը, իսկ Սարաջևն ասաց.
-Գուրգենն իմ ամենաերիտասարդ ընկերն է և ամենատաղանդավոր ուսանողը։ ՈՒզում եմ ընդունեք և սիրեք նրան։
Կարապետյանի առաջին ներկայացումը Գ. Գաբրիելյանի և Դ. Դզնունու լիբրետոյով գրած` Արտեմի Այվազյանի «Երջանիկ օր» օպերետն էր, որի առաջնախաղը տեղի ունեցավ 1945-ի նոյեմբերի 21-ին։ Տողերիս հեղինակն այդ ներկայացման ականատեսն է եղել։
Նորանշանակ դիրիժորին լսելու հետաքրքրությունը թատրոն էր բերել երաժշտական աշխարհի սերուցքը։ Նվագախումբը հոտնկայս, իսկ դահլիճը բուռն ծափահարությամբ դիմավորեց նոտակալին մոտեցող գեղեցիկ դիրիժորին։
Խոնարհվելով հանդիսատեսին և նրանց ներողամտությունը հայցելով` Կարապետյանն ասաց.
-Հուզված եմ, ու չեմ թաքցնում, նաև ահաբեկված, որ զբաղեցնում եմ այն տեղը, ուր կանգնել ու աշխատել են մեծանուն Արամ Տեր-Հովհաննիսյանն ու Սուրեն Չարեքյանը։ Խոնարհվում եմ նրանց տաղանդի առջև։ ՈՒզում եմ, որ ամեն ինչ անցնի լավ, ներկայացումն ընդունի Երևանի խստապահանջ երաժշտասերը և անցագիր տա։
ՈՒ երբ նա բարձրացրեց դիրիժորական փայտիկը, տիրեց անսովոր լռություն` հաստատելով այն ճշմարտությունը, որ ներկայացումը սկսվում է դիրիժորական նոտակալից։
Ներկայացման ավարտին նվագախմբի երաժիշտները հոտնկայս ծափահարեցին դիրիժորին, իսկ հանդիսատեսը հասկացավ, որ գործ ունի երաժշտական բնական, շեշտված տվյալների և ընդհանուր կուլտուրայի համադրության ու հիմնավոր պատրաստության տեր արվեստագետի հետ։
Ներկայացման քննարկմանն առաջինը ձայն վերցրեց Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր Միքայել Թավրիզյանը.
-Մեր Գուրգենն ապացուցեց, որ իսկական արվեստագետը, այս դեպքում դիրիժորը, պետք է իր ասելիքն ունենա, իր տաղանդի էությունը։ Նշանավոր Սարաջևի աշակերտն ապացուցեց նաև, որ քաջ գիտե օպերետային արվեստը, և վստահ եմ, որ կնպաստի այդ կարևոր ժանրի զարգացման գործին։
Հետաքրքիր էին անցնում Գուրգենի փորձերը։ Նա երբեք չէր հոգնեցնում, աշխատում էր մեծ օգտակարությամբ, աշխույժով։ Նրա դասերին հաճույքով էին գալիս ոչ միայն երաժիշտները։ Նրանից սովորելու էին շտապում և երգիչները։ Կարապետյանի տաղանդը, նրա ձեռքերի դյուրազգացությունը, կերպարի երաժշտական ճշգրիտ ընկալումն ու ինքնատիպ մեկնաբանությունը, և վերջապես, ջանասիրությունն ու ոգեշնչվածությունը համախմբում էին նվագախմբի մենակատարներին ու երգչախմբին, դարձնելով այն մի գործիք, որն ազատ ու անվրեպ նվագում էր դիրիժորը։ Իր ղեկավարած ներկայացումներին զբաղված դերասաններից նա պահանջում էր երգելիս ցուցադրել դիմախաղ, երգչական նրբերանգների և այլ միջոցների օգտագործմամբ վեր հանել դերի գլխավոր կերպարանագիծը։ Իսկ որպեսզի երգելիս խոսքը բեմից հնչի մաքուր, հասկանալի, նա բեմական խոսքի վարպետ Հայկուհի Գարագաշի օգնությամբ կազմակերպում էր խոսքի արտաբերման հատուկ դասընթացներ։
Դերասանները ձգտում էին խաղալ Գուրգեն Կարապետյանի ղեկավարած ներկայացումներում, ասելով` «ՈՒրիշ է Գուրգենի ձեռքը, նրա հետ մեզ ապահով ենք զգում»։
Սերտորեն համագործակցելով ռեժիսոր Թադևոս Սարյանի հետ, Գուրգենի հերթական ներկայացումը Կալմանի «Կրկեսի իշխանուհին» հանրահայտ օպերետի բեմադրությունը եղավ։
Անկասկած, տաղանդավոր արտիստներ Էդվարդ Համբարձումյանի (Միստեր Իքս) և Ալլա Անդրիասյանի (Թեոդորա) փայլուն դերակատարումների շնորհիվ էր, որ դիրիժորը կարողացավ երաժշտության հուզական ներգործությամբ ունկնդիրներին հասցնել հեղինակի արտահայտած սիրո ուժն ու ճշմարտությունը։
1948-ին Կարապետյանը մեծ ոգևորությամբ լծվեց Արտեմի Այվազյանի մեծածավալ ու լայնաշունչ երաժշտությամբ գրած Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» հանրահայտ կատակերգության բեմադրական աշխատանքներին։ Բեմադրող ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանի, խմբավար Վաղինակ Չաքմիշյանի և պարերի բեմադրող Զարե Մուրադյանի հետ Կարապետյանն առանց դադարի հղկում էր թե՛ պարտիտուրի, թե՛ բեմադրության մանրամասները, ամբողջացնում, միաձուլում էր դերերգիչների աշխատանքը։ Կատակերգության հեղինակի և կոմպոզիտորի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիրիժորը կարողացել էր ամբողջացնել յուրաքանչյուր կերպարի երաժշտական բնութագիրը և ստեղծել օպերետին հատուկ թեթև ու կատակերգային գույներով շաղախված գունագեղ ներկայացում։
Օպերետային դրամատուրգիայի ասպարեզում Գուրգեն Կարապետյանի ունեցած գիտելիքների և սկզբունքների ապացույցը ռուս նշանավոր կոմպոզիտոր Ի. Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» օպերետի բեմադրությունն էր։ Այն բեմադրել էր մեր ժամանակների խոշորագույն ռեժիսոր Վարդան Աճեմյանը։
Երկու նշանավոր արվեստագետների ազատ ու համարձակ մոտեցումների շնորհիվ էր, որ ներկայացումը համարվեց ստեղծագործական մտքի թռիչք։ Նվագախումբը, որը, դիրիժորի ջանքերով, ձեռք էր բերել վառ ու բազմերանգ հնչողություն, սոսկ նվագակցողի դերում չէր, այլ դարձել էր ողջ ներկայացման ամենաակտիվ գործոնը։
Կարապետյանն աստիճանական զարգացման ու գործողության բարձրակետին էր հասցրել երաժշտական բոլոր տեսարաններն ու գործողությունները, իսկ ավարտի` «Նավաստի-նավաստի» խմբերգը, որը հնչում էր իբրև ներկայացման ապոթեոզ, այնքան սիրելի էր դարձել երաժշտասերներին, որ այդ ներկայացումը մի քանի անգամ դիտած հանդիսատեսները դահլիճից միանում էին երգի կատարմանը։
Ներկայացման առաջնախաղին ներկա էին օպերետի հեղինակ Իսահակ Դունաևսկու կինը և լիբրետոյի հեղինակ Վլադիմիր Տիպոտը։
-Ցավում եմ, որ հիվանդության պատճառով այսօր դահլիճում չէ օպերետի հեղինակ Իսահակ Օսիպովիչը,- ներկայացումից հետո ասաց տիկին Դունաևսկայան։- Աճեմյանական հրաշալի բեմադրության հաջողությունը պայմանավորված է նախ և առաջ տաղանդավոր դիրիժոր Գուրգեն Կարապետյանով։ Նա ապացուցեց, որ ինքը նվագախմբի և բեմի ներդաշնակ միացության վարպետ է։
Բացի հիշատակված ներկայացումներից, Գուրգեն Կարապետյանը եղավ նաև «Քեռի Քուչին», «Աղբյուրի մոտ», «Անհանգիստ երջանկություն», «Մի քաղաք կա Վոլգայի վրա», «Ռոզ Մարի», «Կապույտ Դանուբի ափին» օպերետների առաջին դիրիժորը։
Կարապետյանի ղեկավարած ներկայացումները հաստատուն տեղ էին գրավում խաղացանկում, նշանավորելով նորաստեղծ թատրոնի ստեղծագործական հաղթանակը, որի բարձրակետը Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի շռնդալից հաջողությունը եղավ 1950 թվականին։
Տողերիս հեղինակը մեկն է այն բախտավորներից, ով մեծանուն դիրիժորի ղեկավարած տասից ավելի ներկայացումների մասնակիցը եղավ։ Բազմազբաղ Գուրգենը չափազանց մարդամոտ էր, միշտ շրջապատված ընկերներով։ ՈՒներ մտերիմների մեծ բանակ, սակայն նկատելի էր, որ առաջնությունը նա տալիս է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին, համարելով նրան իր ամենահավատարիմ ընկերը։
Լինելով դասական երաժշտության գերազանց մեկնաբան, մեծանուն մաեստրոն շատ էր սիրում լսել ժողովրդական երաժշտություն ու հատկապես Ավ. Իսահակյանի խոսքերով ստեղծված ժողովրդական երգեր։ Ժամերով կարող էր լսել «Որսկան ախպեր», «Դարդս լացեք», «Մաճկալ», «Սիրուհի» և այլ երգեր։ Փոքր ձայն ուներ, բայց երգում էր նաև ինքը և իր նվագակցությամբ մրմնջում էր Իսահակյանի խոսքերով Էդվարդ Միրզոյանի գրած «Ասում են թե...» ռոմանսը։
Գուրգենին միանգամայն խորթ էին արտիստական փառասիրությունը, իր ես-ը գերագնահատելու միտումը, կամ էլ արտիստական առօրյայում տեղ գտած այնպիսի բարքեր, ինչպիսիք են նախանձն ու բանսարկությունը։
Ստեղծագործական ուժերի բարձրակետում էր մեծ հռչակի հասած դիրիժորը, երբ, ընտանեկան հանգամանքների բերումով, ստիպված եղավ թողնել հայրենիքը։ Անուրախ էր 1952 թ. հունիս ամիսը` Երևանին ու իր սիրելի թատրոնին խենթի պես սիրահարված Գուրգենի համար։ Նա պատրաստվում էր իր հրաժեշտի ելույթներին։ Հունիսի 17-ին թատրոնում նա վերջին անգամ ղեկավարեց Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» օպերետը, իսկ 16-ին Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հնչեցրեց Չայկովսկու և Գլազունովի ստեղծագործություններից։ 1952-ի աշնանը Գուրգեն Կարապետյանն արդեն ղեկավարում էր Սամարայի սիմֆոնիկ նվագախումբը, 1955-ից` Վորոնեժի, 1965-ից` Վլադիկավկազի, իսկ 1967-1986 թթ., մինչև մահկանացուն կնքելը, եղավ Դնեպրոպետրովսկի սիմֆոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, արժանացավ Ռուսաստանի վաստակավոր և ՈՒկրաինայի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։
Լինելով օպերային ժանրի մեծ գիտակ, Գուրգեն Կարապետյանի տարերքը նաև սիմֆոնիկ երաժշտությունն էր և, առհասարակ, նա այնպիսի հատկանիշների երաժիշտ էր, ում շատերից ավելի լավ էր հաջողվում մեկնաբանել հատկապես դասական ստեղծագործություններ։
Տաղանդավոր դիրիժորը նաև ստեղծագործում էր։ Հայտնի են նրա գրած «Մեներգ սիմֆոնիկ նվագախմբի համար», «Պոեմ ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի խոսքերով գրած ռոմանսները։
Արտիստական արգասավոր ճանապարհ անցավ դիրիժոր, կոմպոզիտոր Գուրգեն Կարապետյանը, թատերական ներկայացումների և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի իր հրաշալի արվեստով տարիներ շարունակ հմայեց ու հուզեց մարդկանց։ Եվ նրա ստեղծագործական այդ վաստակը հայ, ռուս և ուկրաինական երաժշտության պատմության մեջ երբեք չի մոռացվի։
Երևան կատարած այցելություններից մեկի ժամանակ նա խոստովանեց. «Դժվարանում եմ ապրել Հայաստանից ու իմ սիրելի թատրոնից հեռու... տխրում եմ, կարոտում...»։
Լսելով այդ մասին` երկար տարիների նրա մտերիմ բարեկամ, մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանն ասաց.
-Մենք էլ իրեն ենք կարոտում։ Եթե Գուրգենը մնար Հայաստանում, իմ խորին համոզմամբ, կդառնար երաժշտական թատրոնի նշանավոր դիրիժորներից մեկը և երաժշտական արվեստի հպարտությունը։ Բայց, ափսոս...
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 4205

Մեկնաբանություններ