Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՄՈՌԱՑՎԱԾ ՄԵՏԱՔՍԵ ԵՐԱԶՆԵՐ

ՄՈՌԱՑՎԱԾ ՄԵՏԱՔՍԵ ԵՐԱԶՆԵՐ
04.03.2011 | 00:00

Լավատեսությանս փշրանքների մեկտեղմամբ` ակնկալում էի, որ մեզանում պաշտոնապես ընդունված Մայրենիի միջազգային օրվա` փետրվարի 21-ի զուգադիպությունը 40 տարի Հայաստանի մայր բեմն առինքնող կանացիության դիցափայլով ջերմացրած, համաժողովրդական երկրպագության թատերակուռք արտիստուհու 85-րդ տարեդարձին` մշակութային չինովնիկներն ու թատրոնի մարդիկ կընդունեն որպես նախախնամության անմեկնելի խորհուրդ։ Եվ ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի, ՀԹԳՄ-ի ու ԱԹՍՄ-ի, ԵԹԿՊԻ-ի ու Սունդուկյանի անվան թատրոնի միաձույլ նախաձեռնությամբ համակողմանի հանրաճանաչումը արժանիորեն կիրագործվեր թե՛ ասմունքի, թե՛ թատերակրթության, թե՛ բեմարվեստի ոլորտներում ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ (1926-1987 թթ.) ունեցած ծանրակշիռ ավանդի։
Կրկին պատեհ առիթ էր ներկայացել հանցավոր մոռացությունից հայ թատրոնի ոսկեմատյանում մնայուն հետագիծ թողած մեծանուն արվեստագետներից ևս մեկին (կամ գեթ այս մեկին) փրկելով` կարևորելու ու վերահաստատելու խաղացանկային բարձրարվեստ թատրոնի մարդեղացնող անփոխարինելի ներուժը քաղաքակիրթ հասարակություն ձևավորելու դժվարին գործընթացում։ Եվ, արդի թատերագործիչների տարանջատմամբ ու կրավորական համակերպությամբ, կրկին անփութորեն անտեսվեց հերթական առիթը` համքարական և սեփական մասնագիտական կորսվող ու «վերևներից» նսեմացվող արժանապատվությունը վերականգնելու և պաշտպանելու։ Մինչդեռ անաչառ սկզբունքայնությամբ ու մարտունակությամբ իրեն մեծարող երբեմնի պետական այրերին անգամ քանիցս զգաստացրել են նրբագեղ ու ազնվազարմ արտիստուհու ընդվզումները` հարգալից իմաստուն վերաբերմունքը պահպանելով ոչ միայն թատրոնի, այլև առհասարակ արվեստի մշակների չնորմավորված տիտանական տքնանքի նկատմամբ։
Մնայուն արժեքների վերադարձով ներկայիս խայտաբղետ հասարակությունը բարեկրթելու հանդեպ երերուն հավատս վերստին սասանվեց, երբ փետրվարի վերջին տասնօրյակում Մետաքսյա Սիմոնյանին պատշաճող որևէ լուրջ նախաձեռնության չհանդիպեցի. «Զանգակ» հրատարակչատանը պետական վտիտ ուշադրությամբ անորոշ ժամանակով «նիրհող» գիրք-ալբոմ, կամավորների փոքրաթիվ խմբի լուռումունջ շիրմայցելություն։ ՈՒրիշ ոչինչ։ Այսպե՞ս ենք դիմագրավում «դրսի» մանրախնամ մշակված հայահալած տարակերպ խարդավանքներին։ Մի՞թե երբևէ չի կորցնելու հրատապությունը Պատմահոր 16-դարյա «Ողբը», չի մեղմվելու մեր ջլատող նկարագրի վերափոխման անհուսությունից հորդացող մորմոքը։ Իր` քնարաշունչ Մետաքսյայի մտքի ու հոգու անվրեպ գուշակ մեծագույն բանաստեղծական սիրո` Վահան Տերյանի «տրտմաթախիծ» խոսքերով.
Սև գիշե՜ր, և հուշե՜ր,
և խոհե՜ր անհամար.
Մոռացված երազներ`
շուշաններ թառամած...
Ե՞րբ պիտի, վերջապես, «անաղոտ ու խնդուն», մշտակայուն խորին հավատով ապրենք, խափանենք մոռացության կարուսելի հավերժապտույտը. երեկ չխոնարհվեցինք Սիրանույշի, այսօր Մետաքսյայի մեծության առջև։ Վաղը ո՞ւմ հերթն է գալու։
«ՄԵՐ ԳԵՂԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ` ԱՄԵՆԱԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑՆ ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՆԺԱՐՈՒՄ»
Անվանը զարմանալիորեն ներդաշնակ էին բնատուր շնորհները` հավերժահարսի արտաքին ու ներքին գեղեցկություն, թավշյա ձայն, բանաստեղծական հոգի։ Հեզաճկուն աղջնակին անզուգական բեմական բախտավորություն էր վերապահված վաղ մանկությունից։ Դպրոցական բեմից աչքի ընկնելով գեղարվեստական խոսքի, ոսկեբառ մայրենիի մատուցման ինքնատիպ ներգործուն գրավչությամբ, հղկելով արտահայտչամիջոցները պիոներների պալատի թատերախմբակում (ղեկավար` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բագրատ Մուրադյան) մեծատաղանդ Արուս Ոսկանյանից քաղած վարպետության դասերով` 12 տարեկան հասակում արդեն համադպրոցական «պալատական» գրական-երաժշտական ցերեկույթներն էր իր մասնակցությամբ զարդարում Օֆելյա Համբարձումյանի հետ։ Հատուկ գուրգուրանքով իրեն վերաբերվող Ավետիք Իսահակյանի չափածոյի պանդխտության մորմոքով, Թումանյանի Մարոյի դառնակսկիծ ճակատագրով արտասվելու աստիճան հուզմունք ու կարեկցանք էր բորբոքում բազմամարդ շրջանային դահլիճներում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանի «թեթև ձեռքով» մասսայական տեսարաններում, էպիզոդիկ դերերով (առաջին լուրջ փայլատակումը` «Վրեժի» Լարիսան, Ն. Զարյանին էլ հմայեց) թատերաբեմին էր նաև ընտելանում։
Դեռ չէր ավարտվել Մեծ հայրենականը, երբ ընդունվում է նորաբաց թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։ Վարդան Աճեմյանի տաղանդավոր փորձառությամբ յուրացնելով բեմարվեստի գաղտնիքները` փորձնական բեմադրությունների քնարական-դրամատիկական հերոսուհիների փնտրված դերակատարուհին է դառնում։ Գերազանց ուսումնառությունը չավարտած` 1945-ին առաջին` հեքիաթային Անահիտի կինոդերով ճանաչվում է հանրապետության սահմաններից դուրս։ Սունդուկյանի անվան թատրոն ոտք դնելուն պես (1948 թ.) թրծում է ձեռք բերած կարողությունները «դերատարափով»` երանելի մեծերի խաղընկերությամբ։ Խորհրդային քաղաքացիություն ստացած հայրենադարձուհի Արմանուշի երջանիկ բերկրանքի անկեղծ թրթիռներով (Գ. Տեր-Գրիգորյան, «Այս աստղերը մերն են») վարակելով Հրայր-Ֆրունզե Դովլաթյանի հետ զուգախաղով հազարավոր հանդիսատեսներին` կենտրոնացնում է նրանց հետաքրքրությունն իրարահաջորդ կանացի կերպավորումների (Ժենյա` «Մոսկովյան բնավորություն», «Մագդա` «Դատապարտվածների դավադրությունը», Լենա` «Կանաչ փողոց») վրա` հատկապես տպավորվելով նրբակերտ քնարականությամբ պուշկինյան Տատյանային հիշեցնող Լերմոնտովի Նինայով («Դիմակահանդես») Արբենին-Վաղարշյանի, ապա Փափազյանի խաղընկերությամբ։ 1950-ին արժանանում է առաջին բարձր պարգևին` Ստալինյան պետական մրցանակի։ Ներսիսյանի, Ավետիսյանի, Ջանիբեկյանի, Գուլազյանի ու մյուս մեծերի հետ ու նրանց կողքին, ընդամենը մի քանի տարում հայ, ռուս և արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից, հռչակված ու նորահայտ դրամատուրգների պիեսների բեմադրություններում գրեթե հավասարազոր հաջողությամբ հանդես գալով` հստակեցնում է արտիստական դիրքորոշումը հատկապես Արմեն Գուլակյանի խորագետ ռեժիսորական «խմբագրությամբ»։ Երկու տասնյակից ավելի տարահունչ անուններով (Շուրա` «Եգոր Բուլիչովը և ուրիշները», Կորդելիա` «Արքա Լիր», Թերեզ` «Ժայռ», Օլգա` «Ընտանիք», Ռուզան` «Փորձադաշտ»...) ձևավորված դերացանկ ուներ, երբ 1955-ին հասունության լուրջ հայտ ներկայացրեց Սուսանով («Նամուս») և Անանիով («Էլի մեկ զոհ»)` հաջորդ տարում ստանալով ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհու կոչում և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
Վեր կանգնելով նեղ ազգային ու կենցաղային ըմբռնումներից` կերտեց տարբեր ճակատագրերով կանանց մարդկային, արժանապատիվ բեմատիպարներ` միաձուլվելով յուրաքանչյուրի «ես»-ին, հնարավորինս տեսանելի պեղելով ներթաքույց առեղծվածային խորխորատները, հոգեմոտ խառնվածքով, կենսական հավաստիությամբ օժտելով ամեն մեկին։ Ժամանակի ականավոր մտավորականների կարծիքներով հեղեղված զանգվածային բազմատպաքանակ մամուլի էջերում կարելի է գտնել Մետաքսյա Սիմոնյանի դերասանական վարպետության բյուրեղացման համապատկերը։ Կարևորը` խանդավառությամբ գնահատելով սիրելի արտիստուհու ամեն նոր կերպավորման արժանիքները, ոչ ոք չէր երկնչում հրապարակելուց անկեղծ նկատառումներն ինչ-ինչ թերացումների մասին։ Չափազանց ջերմ արտահայտվելով իրեն «ոգևորության անցամաք աղբյուր-թանկագին րոպեներ պարգևած» «փրփուրի նման անմեղ» իր Նինային ու Դեզդեմոնային, Օֆելյային` Վահրամ Փափազյանը խուսափում է դրվատանքի հիացամանյակով զարդարելուց «ճապուկ ու սլացիկ թեթևություն ունեցող հաճելի, մետաքսե աղջկան» անկախ անվարան հրապարակած բնորոշումից` «մեր գեղանի դերասանուհին` ամենախոստումնալիցն այսօրվա մեր թատրոնի նժարում»։ Նինայի դերակատարումը համարելով «կարիերայի բանալին»` վստահությունը չի թաքցնում ժամանակի դատը շահելու Մետաքսյայի ի հայտ բերած «հարատև կամքին ու աչալրջությանը», որովհետև իր բազմատաղանդ փորձառությամբ չի կասկածել «ոչ սովորական դերասանուհի» լինելուն։ Իր ստեղծագործության ամենախիստ, անաչառ քննադատն ինքը` հավերժական կանացիության խորհրդանիշ դարձած դերասանուհին էր. «Ինձ հաճախ է բախտ վիճակվել թատրոնում հանդես գալու հայ կանանց դերում։ Դրանցից ինձ հատկապես սիրելի են Սուսանն ու Անանին։ Եվ ահա նրանց ավելացավ երրորդը` Շուշանիկը... Նորից ու նորից բացում եմ Ալ. Շիրվանզադեի «Քաոսը», արդեն քանիերորդ անգամ լսում Շուշանիկին, տեսնում նրան, ու հետզհետե պարզ է դառնում, որ իմ հերոսուհու արտաքին գեղեցկության ու քնքշության տակ թաքնված է մեծ, ուժեղ մի հոգի..., արդեն տրված է տասներորդ ներկայացումը, բայց ես զգում եմ, որ դեռ չի ավարտվել այն աշխատանքը, որը բեմական Շուշանիկին կմոտեցնի իմ պատկերացման մեջ ապրող Շուշանիկին»։
Տարաբնույթ հերոսուհիների նրա պատկերաշարը շարունակեց հարստանալ. Նենսի («Բրոուդիի ամրոցը»), Նանար («Արյուն և վարդեր»), Քսենյա («Հիվանդանոցում»), Ջուլիետ («Ռոմեո և Ջուլիետ»), Նուարդ («Արա Գեղեցիկ»), Տատյանա («Բեկում»), Նաստասյա Ֆիլիպովնա («Ապուշը»), Ինկեն Պետերս («Մայրամուտից առաջ»), Կատրին Լեֆևր («Մադամ Սան-Ժեն»), Մարգարիտ («Ամուսիններ»), Փառանձեմ («Ավերված քաղաքի առասպելը»)։ Մոգական հմայքով հավասարը չունեցող թատերատիպարներին զուգահեռ մի շարք կերպարներ (պակաս նշանակալից) ստեղծեց երկնագույն էկրանի վրա, ծավալուն դերացանկ` հեռուստատեսային ու ռադիոթատրոնում, հարյուրավոր մեծ ու փոքր մարմնավորումներ, որոնցից շատերն անփութորեն ոչնչացվել են։ Մինչդեռ, անկախ ժամանակին բնորոշ տեխնիկական թերհագեցվածությամբ տեսագրված լինելուց, կարող էին սերունդների համար գեթ անզուգական, բարեհունչ ու անթերի մայրենիի հմայքը պահպանել։
ՄՈՏԱԼՈՒՏ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ
Անմնացորդ նվիրաբերելով աստվածային շնորհներն ու բազմաշերտ փորձառությունը մայր բեմի ստեղծագործական քուրան հարաբորբ պահելուն` ակտիվ հասարակական կյանքով էր ապրում նաև, որպես կոլեկտիվի կուսկազմակերպիչ համարձակ երկխոսություն էր վարում կոմկուսի առաջնորդների հետ, ընդդիմանում անվանի արվեստագետների ու խաղընկերների անտարբերությանը` թատերական երիտասարդության լիարժեք կայացման, թերծանրաբեռնվածության, ընթացիկ ստեղծագործական կյանքի երբեմն-երբեմն աններելի գունազրկման հանդեպ։ Կառուցողական իր դիտարկումներով հաճախ էր հանդես գալիս մամուլում, դերասանական արվեստի գաղտնիքների, թատերաքննադատության, պատկերավոր ու անաղարտ խոսքի ներգործուն ուժի, ժամանակակից դրամատուրգիայի, սեփական կաթսայում երկար եփվելու (ընդ որում, «գլխավոր խոհարարները» մեր ռեժիսուրայի ռահվիրաներ Վարդան Աճեմյանն ու Հրաչյա Ղափլանյանն էին) վտանգավոր հետևանքների, կարգապահ աշխատասիրության ու ընդհանուր ինքնահղկման բացասումների և ուրիշ շատ օրախնդիր հրամայականների շուրջ սթափ խորհելու ու գործելու մղում։ Կանխազգալով մոտալուտ ճգնաժամը` դատապարտում էր ոչ միայն արհեստավորի ու քաղքենու վերածվող, սեփական «բացառիկությունը» չարաշահող գործընկերներին, ստեղծագործական բազմազանությունն անտեսող (հյուրախաղեր, անվանի ռեժիսորներին` բեմադրությունների հրավերներ, ինչպես ժամանակին Ռուբեն Սիմոնովին, Բորիս Զախավային, Գեորգի Տովստոնոգովին ու Դմիտրի Ալեքսիձեին, ներբուհական ու համադպրոցական թատերաստուգատեսներ...) գեղարվեստական ղեկավարությանն ու երկրի տերերին։ Եվ վերջիններս հաշվի էին նստում նրա հեղինակավոր կարծիքի, աննահանջ սկզբունքայնության հետ։
Եթե մեր երկրի ներկայիս տերերն ու թատերարվեստի ճակատագիրը տնօրինողներն իսկապես լրջորեն մտահոգված են խաղացանկային թատրոնի ստեղծագործական վերելքով, թող խորամուխ լինեն մայր բեմի շողշողուն անհատականության տաղանդավոր կենսագրությամբ հիմնավորված անկողմնակալ մտորումներում։ Դրանց համակարգմամբ միայն դյուրությամբ կուրվագծեն դեպի գագաթ տանող քանիցս փորձարկված ճիշտ ճանապարհը։ Չմոռանանք, որ դրանք վերաբերում են սունդուկյանցիների գործունեության այն ժամանակներին, որոնք կարոտախտ են հարուցում մերօրյա անփառունակ ու ապակողմնորոշված կարգավիճակով անկեղծորեն տագնապողների մեջ։ Ափսոսանք ապրելով Մետաքսյայի վաղաժամ մահվան համար, կարապի վերջին երեք երգերից` Մարթայից («Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»), երկու Կոմսուհիներից («Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա», «Ֆիգարոյի ամուսնությունը») երկու տարի անց, մխիթարվում են «չարյաց փոքրագույնով»` լավ է` չտեսավ հարազատ թատերօջախի մարմրող ածուխները։
Ասենք, ՀՀ մշակույթի նախարարուհին, 2011-ի գերակա խնդիրները լրագրողներին պարզաբանելիս, փոքր-ինչ երկարաձգված, բայց արդյունավետ գնահատելով ստեղծագործական որոնումների իր նախաձեռնած ծրագրի իրագործումը, ժպտուն լավատեսությամբ հայտարարեց. «Ես հավատում եմ Սունդուկյանի թատրոնի տրիումֆին»։ Ո՞վ գիտե, գուցե հրաշափոխությո՞ւն էր նախապատրաստվում այս տարիներին, որի հաղթանակող ներուժին միայն ինքն է ծանոթ։ Շատերի հանգույն ինքս էլ իրատեսական չեմ համարում «սունդուկյանցիների» ստեղծագործության շենշող վերընձյուղումը (գոնե` մոտ ապագայում)` առանձնակի հուժկու նախանշաններ չտեսնելով գլխատված գեղագիտության մշուշոտ հորիզոններում։ Պանծալի ֆինանսական ցուցանիշներն ամենևին էլ ստեղծագործական մեծ հաղթանակների հավաստիք չեն։ Եվ փլուզվում է, ցավոք, հավատս անմահներին արժանիորեն մեծարելով ապրեցնելու, նրանց հսկայական թատերափորձառությամբ իմաստնացած մեր բեմարվեստի արժանավայել հարատևությանը պիտանի լինելու հանդեպ։ Ինչպես և խունանում է վառվռուն հուշը (նենգորեն դեռևս չպաշտոնանկված Վահե Շահվերդյանի փայլուն մտահղացմամբ) Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակը զրնգուն փառաբանած հանրապետական «Արտիստ» թատերափառատոնի, որով մայր թատրոնը պիտի տարեցտարի մոռացությունից փրկեր իր մեծանուն արտիստներին` մղելով արդի արվեստասեր հանրությանը, ինչու ոչ, հայ ժողովրդին պահպանելու իրենց ավանդված մշակութային ժառանգությունը։ Անանց տխրությամբ է լցվում մրցանակ-արձանիկից մեզ հառված չքնաղագեղ Մետաքսյայի թավշե հայացքը` կարծես լուռ հանդիմանելով. «Մի՞թե թույլ եք տալու, որ ճահճուտի վերածվի մեր ազգի մայր թատերատաճարը»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6755

Մեկնաբանություններ