Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հողը չի մոռանում իր իսկական տիրոջը

Հողը չի մոռանում իր իսկական տիրոջը
11.11.2008 | 00:00

ՎԵՐԱԿԵՐՏՈՒՄ
«Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կայացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի հեղինակած «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» պատմավավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը նկարահանվել է 2007 թվականին` Արարատի գագաթը նվաճելու ելած մի խումբ հայորդիների կողմից:
Ֆիլմի ստեղծմանն աջակցել է «Թերմոռոս-Ար» ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լիպարիտ Պետրոսյանը մեկն է Արարատի գագաթը նվաճողներից: Նա, Աշոտ Մելքոնյանի բնորոշմամբ, եղել է այն մարդը, ով, չլինելով լեռնագնաց, խմբի անդամներին ոգևորել է և համակել Արարատի գագաթը նվաճելու աննկուն հավատով:
Արշավախմբի կազմում է եղել հայտնի լեռնագնաց Սամվել Բարոյանը, ով մինչ այդ արդեն նվաճել էր Էլբրուսի գագաթը:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ դահլիճում հավաքվածներին իրենց արշավախմբի խելահեղ ձեռնարկման և ֆիլմի ստեղծման պատմության մասին որոշ տեղեկություններ հաղորդեց Ա. Մելքոնյանը: «Ես մեկ տասնյակ գրքերի հեղինակ եմ,- ասաց նա,- բայց այս ֆիլմի ընդամենը 14 էջանոց սցենարը գրելն ինձ համար շատ ծանր աշխատանք էր: Ես հիմա հասկանում եմ, թե որքան դժվար է կինոգործիչների համար սցենարներ գրելը, եթե այդ 14 էջը գրելու համար ինձանից պահանջվեց մեկ տարվա տառապանք: Այս ֆիլմն Արարատ լեռան ու մեր ժողովրդի խտացված պատմությունն է, որը, բնականաբար, դժվար էր տեղավորել 14 էջի սահմաններում: Արարատն այն խորհրդանիշն է, որը, միշտ լինելով Արևելյան Հայաստանի կազմում կամ գոնե Արևելյան և Արևմտյան Հայաստանների սահմանագծում, այսօր զարմանալիորեն դարձել է Արևմտյան Հայաստան: Ցավալի է, որ մեր պատմական արժեքավոր հուշարձանների մեծ մասն այսօր մնացել է մեր հայրենիքի բռնադատված հատվածում: Արարատը խտացնում է այդ բռնադատված հայրենիքի կերպարը, և հենց այս փաստն է, որ մենք փորձել ենք շեշտել: Մենք ամեն ինչ արեցինք, որ Սևրի դաշնագրի ստորագրման օրը հասնենք Արարատի գագաթ, որովհետև Սևրի դաշնագիրը մեր պատմական երազանքների իրականացման օրն էր: Այդ դաշնագրի համաձայն՝ Հայաստանը պիտի ունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածություն և ելք դեպի Սև ծով»: Խոսելով Արարատի վրա իրեն համակած զգացմունքների մասին՝ Ա. Մելքոնյանը հավաստիացրեց, որ հողը չի մոռանում իր իսկական տիրոջը, և այդ զգացողությունն իր մեջ եղել է սրբազան լեռան դժվարին զառիվերը հաղթահարելու ամբողջ ընթացքում:
Շնորհանդեսի եկած հանդիսատեսներին ողջունեցին նաև Արարատի գագաթ հասած արշավախմբի երկու այլ անդամներ՝ ֆիլմի պրոդյուսեր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Խորեն Քոթանջյանը և «Թերմոռոս-Ար»-ի հիմնադիր տնօրեն Լիպարիտ Պետրոսյանը:
«Հայ ժողովրդի պատմության բազմաթիվ խորհրդանիշների մեջ առանձնանում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, քանզի այն նվիրական անուն է ոչ միայն հայության, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի, համայն մարդկության համար՝ իբրև Երկիր մոլորակի վրա մարդկային կյանքի վերակերտման խորհրդանիշ: Պատմական ճակատագրի բերումով Արարատ-Մասիսը ոչ միայն վեհության, անհասանելիության, կատարելության մարմնավորում է, այլև 1915 թվականի Հայոց մեծ եղեռնից ու հայ ժողովրդի հայրենազրկումից հետո՝ նաև բռնազավթված հայրենիքի և այն իր արդար զավակներին վերադարձնելու համոզումի անկրկնելի խորհրդանիշ, աշխարհասփյուռ հայության միասնականության փարոս»,- ասված է ֆիլմի հեղինակային տեքստում:
Հուզական պոռթկումների, պատմական փաստերի ու գիտական մեկնաբանությունների համաձուլվածք է «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմը: Երբ Արարատն ի վեր մագլցող արշավախումբը հաղթահարել էր 4000 մետրի սահմանագիծը, Աշոտ Մելքոնյանն էկրանից փաստեց, որ գիտական բացատրությամբ այս սահմանագծից սկսվում է թթվածնային անբավարարությունը, բայց հավատացրեց, որ իրենք «չունեն թթվածնային անբավարարություն, իրենք ունեն հայրենիքի անբավարարություն»: Սա առաջին պահն էր, երբ դահլիճի լուռ ու կլանված հանդիսատեսը բուռն ծափերով խլացրեց էկրանից հնչող Սարգիս Նաջարյանի ձայնը:
Ֆիլմը նվիրված է հայ ազգի լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյա հոբելյանին և սերտորեն առնչվում է հայ գրականության մեծերից ևս մեկի անվան հետ. ֆիլմում կատարված է մի եզակի բացահայտում այն մասին, որ 2004 թվականին՝ մահվանից 20 տարի անց, Արարատ բարձրացող հայորդիների ձեռամբ սրբազան լեռան սառցաշերտերին ի պահ է հանձնվել մեր ամենամասիսապաշտ պոետի՝ Հովհաննես Շիրազի սիրտը: Այս հանգամանքը ևս առիթ դարձավ, որ կինոսրահում հնչեն երկարատև ծափահարություններ:
Խորհրդանշական է նաև այն փաստը, որ ֆիլմի հեղինակներն ու հերոսները Արարատի գագաթը նվաճել են Սևրի դաշնագրի ստորագրման տարեդարձի օրը՝ օգոստոսի 10-ին:
Թեև ֆիլմից ստացած տպավորություններն ու հույզերն ինքնին գերհագեցած էին, սակայն հեղինակների օգտագործած արտահայտչամիջոցներից ցանկանում ենք առանձնացնել երաժշտության գործոնը: Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արա Գևորգյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համադրությամբ ձևավորված երաժշտական ֆոնն առանձնակի զգացմունքայնություն էր հաղորդել արարատյան համայնապատկերին: Ֆիլմի հեղինակը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Արթուր Սողոմոնյանին, ով կատարել է ֆիլմի մոնտաժման և հնչյունային ռեժիսուրայի հետ կապված աշխատանքները:
Կ. ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7449

Մեկնաբանություններ