Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հաշտեցում» բառը հորինել են ամերիկացի ստրատեգները, նրանց գործակալները և առաջատար լրատվամիջոցները»

«Հաշտեցում» բառը հորինել են ամերիկացի ստրատեգները, նրանց գործակալները և առաջատար լրատվամիջոցները»
10.07.2009 | 00:00

ՕԲԱՄԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
Գրող, ակտիվիստ ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆԻ հետաքննողական հոդվածներն ու նյութերը հրապարակվել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայկական պարբերականներում, իսկ «Նյութոն թեբ» (Newton Tab) և «Յու Էս Էյ արմինիըն լայֆ» (USA Armenian Life) թերթերը նրան ընդգրկել են «2007 թ. տասը լավագույն նյուզմեյքերների» շարքում: Պարոն Բոյաջյանի հետ Միքի Զ.-ի` «Ֆորին փոլիսի Ջոռնլ»-ում տպագրված հարցազրույցը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողին։

ՄԻՔԻ Զ. - Այս տարվա ապրիլին նախագահ Բարաք Օբաման դրժեց իր նախընտրական #511 խոստումը, այն է` որպես ԱՄՆ-ի նախագահ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ հետևանքներ ունեցավ փաստը, որ նա դրժել էր իր խոստումը:
ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ - Նախագահ Օբաման Թուրքիա այցելեց ապրիլի 6-ից 7-ը: Թուրքիայում, անդրադառնալով 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իրականացրած 1,5 միլիոն հայերի կոտորածին, նա չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Երբ Օբաման դեռ նախագահի թեկնածու էր, մի քանի անգամ խոստացել էր դա անել: Թուրքիայում նրա արած այն հայտարարությունը, թե ինքը «չի փոխել իր տեսակետը» (նկատի ուներ, որ շարունակում է կարծել, թե ցեղասպանություն է տեղի ունեցել) նույնպես «ցեղասպանություն» բառն արտասանելու խոստման դրժում էր: Դա բառամարզության և քաղաքական երկերեսանիության օրինակ է, որը կարելի է ուսումնասիրել քաղաքագիտության դասընթացներում: Օբամայի դրժած խոստումն ակնհայտորեն նվազեցրեց նրա հանդեպ վստահությունը: Նույնը վերաբերում է նաև փոխնախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որոնք սենատոր եղած ժամանակ սատարում էին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Դրանից հետո նրանք անամոթաբար լռում են: Դոկտոր Սամանտա Փաուերը նույնպես պետք է ամաչի: Նա Ազգային անվտանգության խորհրդի` ցեղասպանության հարցերով փորձագետն է, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր: Քարոզարշավի ընթացքում, երբ նա Օբամայի խորհրդականն էր, տեսաուղերձ պատրաստեց, որում ասում էր, թե նախագահ ընտրվելու դեպքում Օբաման անպայման կճանաչի Ցեղասպանությունը: «Ես եմ ձեզ խոստանում»,- ասում էր նա:
Ներողամտությունը ցեղասպանությունը հերքող այնպիսի երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է, վատ քաղաքականություն է, քանզի դա հուշում է, որ կարելի է առանց հետևանքների ցեղասպանություն իրագործել: Ներողամտությունը նաև թուլացնում է վստահությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ցեղասպանությունների կանխման ոլորտում առաջատար լինելու ԱՄՆ-ի ցանկության նկատմամբ: Որքան էլ թուրքական լոբբին փորձի հակառակը համոզել ԱՄՆ-ին, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասի ԱՄՆ-ի ազգային շահերին: Թուրքիան ԱՄՆ-ից կախված է սպառազինության համակարգերի, Արժույթի միջազգային հիմնադրամից ստացած միլիարդների հասնող վարկերի, ՆԱՏՕ-ի տված անվտանգության երաշխիքների, Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության հարցում ԱՄՆ-ի աջակցության և շատ այլ պատճառներով: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 20 երկիր, այդ թվում` Կանադան, Ֆրանսիան և Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ և ԵԽ խորհրդարանները: Որպես վրեժխնդրություն` դրանցից ոչ մեկը չի զգացել ավելին, քան թուրքական կատաղության նոպան:
ՄԻՔԻ Զ. - ԱՄՆ-ի վարչակազմը և լրատվամիջոցների մեծ մասը ստիպում էին մեզ հավատալ, որ Թուրքիան ձգտում է «հաշտվել» Հայաստանի հետ: Արդյո՞ք «հաշտեցումն» իսկապես հնարավոր է, կամ գուցե մենք ճիշտ չե՞նք հասկացել, թե ինչ է կատարվում:
Դ. ԲՈՅԱՋՅԱՆ - Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ «հաշտեցում» բառը հիմնականում հորինել են ամերիկացի ստրատեգները, նրանց գործակալները և առաջատար լրատվամիջոցները, որոնց նրանք ուղղորդում են: ԱՄՆ-ը և Եվրոպան ուզում են տեսնել առավել կայուն Կովկաս (այսինքն` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան)` բաց սահմաններով: Բաց սահմանները հնարավորություն կտան ավելի շատ գազատարներ ու նավթամուղներ կառուցել, որոնք Կասպից ծովից կուղղվեին արևմուտք` դեպի Թուրքիա, այնտեղից էլ դեպի էներգիայի ծարավ Եվրոպա և Իսրայել: ԱՄՆ-ը և Եվրոպան չեն ուզում հարցն այդքան կտրուկ դնել, այդ պատճառով էլ ասում են, թե Հայաստանն ու Թուրքիան «հաշտվում» են և այդպիսով լուծում իրենց խնդիրները: 1993 թ. Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց` աջակցություն ցույց տալով իր դաշնակից Ադրբեջանին, որն այդ ժամանակ պատերազմում էր Հայաստանի դեմ Ղարաբաղի հարցով (պատմականորեն հայաբնակ ինքնավար տարածք Ադրբեջանի կազմում, որը Ստալինը հանձնեց Ադրբեջանին): Թուրքիային նաև կատաղեցնում է այն, որ Հայաստանը և աշխարհով մեկ սփռված հայերը պահանջում են, որ Թուրքիան ճանաչի հայերի դեմ գործած ցեղասպանությունը:
Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, այլապես նրա և Հայաստանի միջև երբեք խաղաղություն չի լինի: Թեև Հայաստանի կառավարությունը ցեղասպանությունից բխող որևէ տուգանք կամ տարածք չի պահանջում, շատ հայեր հենց այդպիսի նպատակ ունեն: Նրանք վկայակոչում են 1920 թ. Սևրի պայմանագիրը, ըստ որի` հայերն ինքնիշխանություն էին ստանում հայկական այն հողերի նկատմամբ, որտեղ Թուրքիան իրականացրեց ցեղասպանությունը, և որոնք դրանից հետո համարվեցին Թուրքիայի արևելյան շրջաններ:
ՄԻՔԻ Զ. - Կովկասի երկրները Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն են: Ամերիկացիների մեծ մասը, ներառյալ հիմնական լրատվամիջոցները, չի կարողացել քարտեզի վրա գտնել այս երեք փոքրիկ պետությունները: Ինչո՞ւ են այս երեք փոքրիկ երկրներն այդքան հետաքրքրում Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ընդ որում, վերջինը հազարավոր մղոններ հեռու է տարածաշրջանից:
Դ. ԲՈՅԱՋՅԱՆ - Կովկասն իսկապես երկրորդ սառը պատերազմի` ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա հակամարտության էպիկենտրոնն է: ԱՄՆ-ը` Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի հետ, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը դիտում է որպես միջնորդ Արևմուտքի և Կասպից ծովի շրջակայքի գազով ու նավթով հարուստ շրջանների միջև: Արևմուտքն արդեն գազատարներ ու նավթամուղներ է կառուցել, որոնք Ադրբեջանից Վրաստանի տարածքով հասնում են Թուրքիա, այնտեղից էլ` Արևմուտք: ԱՄՆ-ը ցանկանում էր, որ այս և ապագա խողովակաշարերը շրջանցեն Ռուսաստանը և Իրանը, որովհետև այդ երկու երկրները կարող էին փակել այդ խողովակաշարերը` ԱՄՆ-ի և այլոց վրա ճնշում գործադրելու նպատակով: Հետևաբար, խողովակաշարերի միակ հնարավոր երթուղին մնում է այն մեկը, որն անցնում է Վրաստանի և Հայաստանի տարածքով: Սակայն Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակեց 1993 թ., իսկ Ադրբեջանն ավելի վաղ էր փակել Հայաստանի հետ սահմանը իր և Ղարաբաղի միջև հակամարտության պատճառով, որը դեֆակտո հայկական տարածք է: Հետևաբար, Վրաստանը մնաց միակ վայրը, որտեղով կարող էին անցնել Արևմուտքի խողովակաշարերը: Անցած տարվա ռուս-վրացական պատերազմից հետո, սակայն, ավելի հրատապ է դարձել այլընտրանքային երթուղու բացումը: Սրանով էլ հիմնականում բացատրվում է այն փաստը, որ Հայաստանը կրկին սկսել է հետաքրքրել Արևմուտքին: Ռուսաստանը, ընդհակառակը, Կովկասը դիտարկում է իր ազդեցության ավանդական ոլորտում, իսկ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետաքրքրությունը համարում թշնամական գործողություններ:
Միաժամանակ, տարածաշրջան է փորձում խցկվել ՆԱՏՕ-ն: Վրաստանը, Ադրբեջանը, որոշ առումով նաև Կասպից ծովի մյուս կողմում գտնվող նախկին խորհրդային երկրներն այժմ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին են: Ռուսաստանին արդեն վշտացրել է այն, որ սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն կլանեց Վարշավայի պայմանագրի` Արևելյան Եվրոպայի նախկին երկրները: Փաստորեն, ՆԱՏՕ-ն այժմ փորձում է նույն բանն անել նաև Ռուսաստանի հարավային սահմանում: Ռուսաստանը մտավախություն ունի, որ դրա պատճառով ինքը կարող է փաստացիորեն շրջապատվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներով: Արդյունքում մենք ունենում ենք երկրորդ սառը պատերազմ. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն փորձում են խցկվել Կովկաս և Կենտրոնական Ասիա, մինչ Ռուսաստանը փորձում է թույլ չտալ նրանց անել դա:
ՄԻՔԻ Զ. - Ինչո՞ւ է Իսրայելին հետաքրքրում Կովկասը, և ո՞րն է այդ երկրի դերը: Ինչո՞ւ են Իսրայելը և իսրայելական լոբբին վճռականորեն տրամադրված ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
Դ. ԲՈՅԱՋՅԱՆ - Իսրայելը ձգտում է ստանալ Կասպից ծովից դուրս եկող նավթի և գազի մի մասը: Այսինքն` նավթը և գազը հոսում են դեպի Արևմուտք այնպիսի երկրների տարածքով, ինչպիսիք են Ադրբեջանն ու Վրաստանը` անցնելով հետո Թուրքիայի և այլ երկրների, հնարավոր է նաև, Իսրայելի միջով: Ի վերջո, ԱՄՆ-ը և Թուրքիան, որոնք կարևոր խաղացողներ են այս խողովակաշարերում, նույնպես ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ են Իսրայելի հետ: Մյուս կողմից, Իսրայելը ողջունում է բոլոր ոչ արաբական երկրներից էներգակիրների մատակարարումը, քանի որ դրանք նվազեցնում են Արևմուտքի իր դաշնակիցների կախվածությունը արաբական նավթից ու գազից: Արդեն երկար ժամանակ է, ինչ Իսրայելը, այսպես կոչված, մերձակայքի քաղաքականություն (Periphery Policy) է վարում: Իսրայելը պատմականորեն վատ հարաբերությունների մեջ է եղել իր արաբ հարևանների հետ: Հետևաբար, որպես հակակշիռ, բարեկամանում է հեռավոր այն երկրների, հատկապես մուսուլմանական երկրների հետ, որոնք այնքան էլ չեն համակրում իր արաբ հարևաններին կամ պաղեստինցիներին: Ադրբեջանը, որը Կովկասի միակ մուսուլմանական երկիրն է, ինչպես նաև դեպի արևելք ընկած մի քանի մուսուլմանական երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը և Թուրքմենստանը, հենց այդպիսի երկրներ են: Իսրայելի համար, բարեբախտաբար, նրանք նաև գազի և նավթի զգալի պաշարներ ունեն:
Տասնամյակներ շարունակ Իսրայելը և Թուրքիան լավ հարաբերությունների մեջ են եղել, ինչը հիմնականում բացատրվում է այն փաստով, որ նրանք, ի դեմս ԱՄՆ-ի, ունեն ընդհանուր դաշնակից և, ի դեմս արաբական երկրների, ընդհանուր թշնամի: 1990-ականներին Իսրայելը և Թուրքիան մի շարք ռազմական, տնտեսական և քաղաքական համաձայնագրեր ստորագրեցին, ինչն էլ ավելի ամրապնդեց նրանց կապերը: Նույնիսկ դրանից առաջ, բայց հատկապես դրանից հետո Թուրքիան զգում էր, որ բավարար լոբբիստական ուժեր չունի Վաշինգտոնում: Այնպես որ թուրքերն Իսրայելին խնդրեցին համոզել իսրայելամետ լոբբիստական կազմակերպություններից մի քանիսին` Հակադեֆամացիոն լիգային (Anti-Defamation League), Ամերիկայի հրեական հանձնաժողովին (American Jewish Committee) և այլոց, զբաղվել Թուրքիայի շահերի պաշտպանությամբ: Հրեական լոբբիստական խմբերը համաձայնեցին: Թուրքիայի հետ իրենց համաձայնության շրջանակում այս խմբերը ժխտում կամ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը և աշխատում ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կանխելու ուղղությամբ: Այս խմբերը չեն հանդուրժում որևէ մեկին, ով կասկածի տակ է առնում Ողջակիզումը, բայց երկերեսանիորեն աշխատում են Հայոց ցեղապասնության ճանաչման դեմ: Հետաքրքիր է, որ վերջին երկու տարիներին ամերիկահայերը դիմակազերծել են Հակադեֆամացիոն լիգային: Մասաչուսեթսում, օրինակ, տասնչորս քաղաքներ խզել են կապերը Հակադեֆամացիոն լիգայի հովանավորած Կանխակալության դեմ պայքարի ծրագրի հետ, պատճառաբանելով լիգայի երկերեսանիությունը և հակահայկական դիրքորոշումը (տե՛ս NoPlaceForDenial.com): Հայերն ընդվզում են ցեղասպանության ժխտման դեմ, անկախ այն բանից, թե որտեղ է այն իրականացվել:
ՄԻՔԻ Զ. - Կա՞ն, արդյոք, խնդիրներ` կապված հիմնական լրատվամիջոցների կողմից հայկական հարցերի լուսաբանման հետ:
Դ. ԲՈՅԱՋՅԱՆ - Կան: Լրատվամիջոցները մի քանի խնդիր ունեն: Նախ` նրանք քիչ բան գիտեն Կովկասի կամ հայերի մասին: Հետևաբար, թղթակիցները հակված են պատճենելու միմյանց, կրկնելու ծեծված արտահայտություններն ու ստահոդ եզրահանգումները, ինչպես, օրինակ, այն, որ Հայաստանը և Թուրքիան պատմական «հաշտության» շեմին են: Լրատվամիջոցները նաև հակված են որպես բացարձակ արժեք ընդունելու արևմտյան կառավարությունների քարոզչությունը, որոնց նպատակը Կովկասում, եթե անկեղծ լինենք, ոչ թե «հաշտությունն» է, ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավելի շուտ լոկ սեփական շահերին հետամուտ տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական ներթափանցումը Կովկաս:
Թուրքիան և՛ բնակչությամբ, և՛ տարածքով 25 անգամ մեծ է Հայաստանից, իսկ այդ երկրի ՀՆԱ-ն Հայաստանի ՀՆԱ-ն գերազանցում է մոտ 50 անգամ: Հզորությունների տարբերությունը հսկայական է: Թուրքիան շատ ավելի մեծ թվով դաշնակիցներ ունի արևմտյան մամուլում, կառավարություններում, վերլուծական կենտրոններում ու բազմազգ կորպորացիաներում և գիտի ինչպես օգտագործել դրանք: Մեկնաբանները, ովքեր սեփական քաղաքական և ֆինանսական պատճառներով շահագրգռված են գովաբանելու Թուրքիային, հատուկ ի հայտ են եկել Հայաստանի օրինական պահանջները ծաղրելու համար: Բայց մենք հազվադեպ ենք լսում, թե այդ մեկնաբաններն ինչպես են խոսում այն մասին, որ ցեղասպանությունից տուժած փոքրիկ երկրին, որի տարածքի մեծ մասը խլել են իրենից, և որը շրջափակման մեջ է պահում նույն այդ ցեղասպանությունը հերքողը` Թուրքիան, այժմ սպառնում է այդ չապաշխարող հերքողը: Հիմնական լրատվամիջոցները սովորաբար հաշվի չեն առնում վերոնշյալ փաստերը: Ես հույս ունեմ, Միքի, որ այս հարցազրույցը լրատվամիջոցներին և Ձեր ընթերցողներին կօգնի մի փոքր ավելի լավ հասկանալ այս հարցերը և տարածաշրջանը:
Արտասահմանյան մամուլի տեսություն էջից
http://artmamul.ararat-center.org

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ