Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՆԱՎԸ ԼՈՂՈՒՄ Է

ՆԱՎԸ ԼՈՂՈՒՄ Է
20.05.2011 | 00:00

1912 թվականի ապրիլի 14-ի գիշերը, ժամը 11.40-ին աշխարհի ամենակատարյալ, ամենահզոր, ամենահրաշք նավը խրվեց աշխարհի ամենակույր, ամենադաժան, ամենաանզգա սառցալեռան մեջ: Առաջին հարվածը հուժկու չէր այնքան, որ նավի վրա հասկանային կատարվածը, երկրորդ հարվածից հետո նավակողը ճեղքվեց` 22,5 հանգույց արագությամբ սլացքի մեջ` վայրկյանում 9 սանտիմետր արագությամբ սառցալեռան հետ բախումը վերջ դրեց «Տիտանիկի» առաջին նավարկությանը: Այսպես ավարտվեց սքանչելի, խորհրդավոր, չսկսված պատմությունը մի նավի, որ դեռ կարող էր նավարկել Ատլանտյան ու մյուս օվկիանոսների, բայց ոչ ծովերի ջրերում, որովհետև ծովերի համար «Տիտանիկը» շատ էր հրաշալի ու ընդհանրապես իրական լինելու համար շատ էր կատարյալ...
Նավը միանգամից շրջվեց, բայց սուզվում էր երկար ու դժվար: ՈՒ դեռ մի քանի օր օվկիանոսի մակերևույթին երևում էր 46 աստիճանի անկյան տակ թեքված կայմը, որ հուսահատ թե հպարտ հաղթահարում էր ալիքների ձգողականությունն ու դիմադրում էր օվկիանոսի հատակում անհետանալուն... Եվ գուցե դա էլ է առասպել:
Իսկ ամենադաժանն այն էր, որ սառցաջրերի ու սպիտակ մշուշի մեջ ջղաձգվող մարդկանց հետ մեռնում էր նավի երազը: Եվ ամենալուսավորն այն էր, որ այդուհետ «Տիտանիկը» լողալու էր առասպելական բոլոր ջրերում: Եվ չէր խորտակվելու, որովհետև առասպել նշանակում է հաղթահարում, հարություն ու ընդհանրապես` վերադարձ: Եվ այդ պատճառով էլ սերը միշտ առասպելական է...

ՕՐ ԱՌԱՋԻՆ. ԿԻՆԸ
Դու ես: Աչքերս բացում եմ ու չեմ հավատում` դու ես: Կողքիս: Այնպես դու ու այնքան իմը: Առաջին անգամ կյանքում` տարօրինակ ու անհասկանալի ներսումս խլրտում է չարաճճի երեխան` ես շոյում եմ քո մազերը, ես համբուրում եմ քեզ, ու դու արթնանում ես: Գիտե՞ս ինչն է աշխարհում ամենակարևորը: Որ դու բացես աչքերդ ու ամեն ինչից առաջ տեսնես ինձ: Ես եսասեր եմ: Ես աղետալի եսասեր եմ, որովհետև դու սիրում ես ինձ: Լավ, սա զառանցանք է իրավ: Չմոռանամ քեզ հարցնել` որտե՞ղ է քո կապույտ շարֆը:

ՕՐ ԱՌԱՋԻՆ. ՏՂԱՄԱՐԴԸ
Դու ես: ՈՒ ես քնած չեմ: Իզուր ես շունչդ պահում, ես վաղուց արթնացել եմ ու մի քիչ էլ կիսաբացել եմ աչքերս, որ տեսնեմ քեզ: Այնքան սիրում եմ, որ բացում եմ աչքերս ու ամեն ինչից առաջ տեսնում եմ քեզ: Տարօրինակն ու անհասկանալին գիտե՞ս ինչն է: Հանգստությունը: Կարծես նավի վրա չենք: Ես հասկացա, որ դու ես իմ տունը: Քեզ հետ հանգիստ է, հպարտ ու գեղեցիկ: Լավ, սա դառնում է զառանցանք: Երեկոյան կասեմ, որ սիրում եմ քեզ, իսկ շարֆը, կարծեմ, ճամպրուկում է մնացել:
Նավը լողում էր:
Օվկիանոսի խորքում հարյուր տարի առաջ խեցու մեջ ավազահատիկ էր ընկել, մութ էր, բայց խեցին անվերջ մի կետում չէր մնում, դեսուդեն էր լողում, ու ավազահատիկը կամաց-կամաց հղկվում էր, դառնում էր մի քիչ իմաստուն, մի քիչ չար, մի քիչ հետաքրքրասեր ու արդեն սկսել էր հասկանալ, որ իրեն ինչ-որ բան է պակասում: Եվ քանի որ չգիտեր ինչ, խեցու մեջ ծվարած ավազահատիկը սպասում էր...

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ԿԻՆԸ
Ես ծնվել եմ հարյուր հազար տարի առաջ ու ծննդյանս օրից սիրել եմ քեզ, բայց սպանիր` չեմ հասկանում` ի՞նչ էի անում այսքան տարի, որ չէի հանդիպում քեզ: Ես նույնիսկ ամաչում եմ, հասկանո՞ւմ ես, քիչ է մնում ջուրը նետվեմ առանց քեզ ապրած տարիների ցավից: Ամեն ինչ, ի վերջո, հանգելու է մի կետի` մարդիկ բոլորը մենակ են, նույնիսկ երբ սիրում են: Օրենքը բացառություններն են հաստատում` ես մենակ չեմ քեզ հետ: Երբեմն պետք է հեռանալ վերադառնալու համար, անվերջ վերադարձին կհերիքի՞ այս կյանքը: Երեկ զարմանալի տագնապ ծնվեց. նայում էի քեզ ու թվաց` դու, ես, բոլորս ջրի մեջ ենք, ոչ ջրի վրա, ծիծաղելի էր... Տխրությանը գումարած տխրությունը կոչվում է անելանելիություն: Այդպես ծնվում է մահը ու դարանակալում, որ անսպասելի հարվածի: Մահը գաղտագողի, երկար հետևում է ամեն շարժումին, բառին, հայացքին, մտքին ու ցանկությանը, որ գտնի իր ճեղքն ու հայտնվի հաստատելու իր գոյությունը, երբ արդեն ոչինչ ժխտել կամ հաստատել պետք չէ: Ավելորդ է: Ապարդյուն: Անխուսափելի: Երբ մարդը մեռնում է, նրա հետ մեռնում է աշխարհը: Ամբողջ: Ինձ թվաց` մահը մոտ է, մոտերքում, կողքիս, իմ մեջ: Մաշկիցս ներս ու հոգուս խորքում: Մի թեթև տատանում միայն, ու ամեն ինչ կվերջանա: Ես վախենում եմ քեզ համար ու փաթաթվում եմ քո կապույտ շարֆով:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ՏՂԱՄԱՐԴԸ
Ես վախենում եմ քեզնից: Դու ինքդ էլ չգիտես` ինչքան լավն ես: Այսպես չի լինում: Հիշո՞ւմ ես` պատմում էիր երրորդ աչքի մասին, ես ծիծաղում էի, բայց հավատում եմ, որ կա այդ տեսողությունը, ու ինձ թվում է, որ հիմա քեզ միայն երրորդ աչքով եմ տեսնում: ՈՒ ինձ միշտ թվում է` դու անհետանալու ես, վերջին անգամ եմ քեզ տեսնում: Պահն է: Հաջորդ պահի մեջ դու չես լինելու: Ինձ թվաց` երեկ մի պահ լաց եղար, նայում էիր ինձ, ու աչքերումդ լաց թաքնվեց: Ասում եմ, չէ՞, վախենում եմ քեզնից: Ես երբեք չեմ հասկանում` ո՞ւր ես, ի՞նչ ես անում, երբ գրկում եմ քեզ, երբ իմն ես, իմ մեջ ու ինձ համար: Քեզ տեսնելիս ցանկությանս հակառակ ու կամքիս դեմ` հայտնվում եմ մի շերտում, ուր ինձ ոչինչ չի հետաքրքրում, կան միայն քո աչքերը, կա քո ձայնը ու կաս դու ինքդ` մեծագույն Տիրակալը բոլոր Տիրակալներից, ում ես հնազանդ եմ բոլոր հպատակներից և ով ենթարկվում է ինձ: Ես սիրում եմ քեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ սեփականել ես իմ կապույտ շարֆը:
Ավազահատիկը մի օր վճռեց թողնել խեցին, արդեն այնքան էր սպասել ինչ-որ լավ բանի ու այնքան անհամբեր էր դարձել, որ... Նոր էր կամացուկ տեղաշարժվել խեցուց դուրս, երբ օվկիանոսի սառը հպումից սարսռաց, չէ, թեկուզ ձանձրալի է, տունը տուն է, ապաստարան, ապաստան, կառանատեղի, կալանավայր, բայց ապահով է, համենայն դեպս...

ՕՐ ԵՐՐՈՐԴ. ԿԻՆԸ
Վերջ: Ես սիրահարված եմ: Ձեռքերդ դրիր ուսերիս, թվաց` թևեր են աճում, չթվաց, ես ճախրում էի օվկիանոսի վրա, ու ճայերը նախանձում էին ինձ: Նկատե՞լ ես` ինչ կապտականաչ են ջրերը կեսօրին, հետո մգանում են, իսկ ամպերն ուղղակի մղձավանջ էին կեսօրին: Քեզ փնտրեցի, որ ասեմ` չգտա: Ո՞Ւր ես անվերջ անհետանում: Երազ եմ տեսել, հիշեցրու` պատմեմ: Օվկիանոսի հատակում մարգարիտ էի գտել: Չգիտեմ ինչու` սև: Գեղեցիկ էր: ՈՒ մազերիս մեջ այնպես... բուրում էր:

ՕՐ ԵՐՐՈՐԴ. ՏՂԱՄԱՐԴԸ
Այսօր ես սիրում եմ քեզ ու ոչինչ ասել չեմ ուզում: Այսօր թող քո ու իմ մեջ ծաղկի լռությունը, այնքան հրաշալի ես դու լռում, ու ես զգում եմ քո արյան հոսքը, ես զգում եմ, որ մենք մի սիրտ ունենք ու մի...
Ավազահատիկը... Բայց այս ամենն այնքան ձանձրալի է` օվկիանոս, ջրիմուռներ, ձկներ, հոսանքներ` քամի են ասում, ու արև չկա: Միայն ինչ-որ խուլ աղմուկ է միշտ շրջափակում` ինչը, ինչը պիտի լիներ, որ... Ավազահատիկը մի քիչ էլ հարմարեցրեց տեղը ու... քնեց: Որոշել էր երկար:

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ. ԿԻՆԸ
Սա հիմարություն է, բայց ես վախենում եմ, ես վախենում եմ քեզ կորցնելուց: Երբեք այսքան մոտիկ չենք եղել, բայց ես վախենում եմ, որ այս ամենը հանկարծ վերջանալու է, որովհետև անհնար է այսքան երջանիկ լինել: ՈՒ եթե անկեղծ, կուզեի հիմա մեռնել, որովհետև այդպես կմնամ օվկիանոսում, օրվա, արևի ու քո մեջ: Ճայերի հետ: Ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ բան ինձ վախեցնում է, հատկապես գիշերները, երբ քունս չի տանում, չգիտեմ, տագնապից, չգիտեմ, քեզ կողքիս ունենալուց: Գուշակն ինձ ասել է, որ ես շատ երջանիկ եմ մեռնելու: 88 տարեկանում: Երջանկությանը չեմ հավատում, 88-ին հավատում եմ: Շարֆը ուսերիս:

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ. ՏՂԱՄԱՐԴԸ
Ինչո՞ւ ենք մենք ծնվում, ո՞րն է մեր առաքելությունը: Ես կարող եմ միլիոն անգամ միլիոնի չափ կրկնել, որ քեզ չեմ սիրում: Չէ, ես իրոք քեզ չեմ սիրում, ես երբեք չեմ սիրել: Դու անտանելի լավն ես, միայն այդքանը: Ես քեզ չեմ սիրում: Դու կարող ես կործանել` ում պատահի: Քո մեջ ահավոր մի բան կա, որից նորմալ մարդիկ խելագարվում են, խելագարները հանճարեղ են դառնում, իսկ հանճարեղ դառնալուց հետո սիրո մասին չեն մտածում: Քո սերը խելագար հանճարի դրախտ է: Բախիր դուռը ու ներս չմտնես: Եթե գաս, ես կործանված եմ: Ես վախենում եմ նայել իմ սիրո աչքերին: Երեկ ամբողջ գիշեր մենք սիրում էինք իրար, ես քեզ չեմ սիրում: Ցերեկը դու նույնքան ցանկալի ես, որքան գիշերը: ՈՒ ես ատում եմ իմ անհամբեր... Ես չեմ սիրում քեզ... Ինչո՞ւ ենք մենք ծնվում... Շարֆս վերադարձրու:
Ավազահատիկը վճռական դուրս սողաց խեցուց, աչքերը փակեց ու գլորվեց ինչ-որ տեղ, պարզվեց` ջրիմուռների մեջ, չէ, ոչինչ, տեղը տաք էր, փափուկ, լուսավոր, խելահեղ, արբեցուցիչ ազատություն էր զգում, պարզեց թևերը, ճմլկոտաց ու... պոկվեց ջրիմուռներից: Ինչ-որ հանդուգն խիզախություն նրան մղում էր առաջ: Ջրի մեջ այնքան անհաստատ էր ամեն ինչ: Թեթև էր, իհարկե, բայց չկար հենման կետ: Ավազահատիկը հասկացավ, որ ուզում է ինքնասպան լինել: Զարմացավ: Բայց ինչպե՞ս ու ինչո՞ւ է ինքը ծնվել, ո՞րն է իր առաքելությունը:

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԿԻՆԸ
Տարօրինակ Է, գիտես, քեզ ասեմ` ծիծաղելու ես, ես կարոտել եմ հողը: Չէ, իհարկե, ես խեցգետին եմ ու ջրի զգացողությունն արյանս մեջ է: Բայց հիմա` ջրի վրա, ես զգում եմ հողը: Իսկ ե՞րբ է ավարտվելու մեր ամենասքանչելի այս նավարկությունը աշխարհի ամենահրաշալի նավով: Գիտե՞ս, որ «Տիտանիկը» և «Օլիմպիկը» զուգահեռ են կառուցվել, հետաքրքիր է` որտե՞ղ է հիմա նավարկում «Օլիմպիկը»...

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՏՂԱՄԱՐԴԸ
Տարօրինակ է, գիտես, քեզ ասեմ` ծիծաղելու ես, ես կարոտել եմ երկինքը: Չէ, իհարկե, երկինքը չի անհետացել, բայց նկատե՞լ ես, որ հողի վրա և օվկիանոսի վրա բոլորովին տարբեր է երկինքը: Օվկիանոսի վրա երկինքը, նույնիսկ աստղազարդ, թվում է օվկիանոսի կրկնությունը, ցամաքում, նույնիսկ անաստղ, թվում է` ցամաքի կրկնությունը: Տեղանքը չէ հարցը, այլ զգացողությունը: Ես զգում եմ երկինքը, որ ցամաքի վրա է:
Ավազահատիկը հանկարծ հասկացավ, որ ինքն ապրում է իր ամենաերջանիկ օրերը, ինչ-որ խելահեղություն էր վերուվարում նրա ներսում, ազատ ու լուսավոր, տաք ու արբեցնող: Նա որոշեց այլևս չմտածել, այլ միայն ապրել:

ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ. ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒ ԿԻՆԸ
«Տիտանիկը» լողում էր 22,5 հանգույց արագությամբ, մշուշների մեջ, նավի լույսերը մշուշների պատճառով չէին երևում, սառցալեռը նավից մշուշների պատճառով չէր երևում, նավի վրա կյանքը սովորական ընթացքով ծավալվում-ծավալվում էր...
Սառցաջրում առաջինը հայտնվեց կինը. նա տախտակամածին էր, երբ նավն ու սառցալեռը բախվեցին, նա հանկարծ հիշեց երազը ու հասկացավ, որ վերջն է, աշխարհի ու սիրո, իսկ կապույտ շարֆը մնացել էր նավասենյակում: Տղամարդը, որ բախման պահին նավասենյակում էր, վազեց տախտակամած ու ջուրը նետվեց: Գիշերվա մեջ լույսեր չկային, խելահեղ մշուշն էր, ճիչեր: Աստղեր չկային: Տղամարդը զգում էր, որ իրենից հեռանում է կյանքը: Նա փնտրում էր կնոջը ու չէր գտնում: Նրան նավակ բարձրացրին, նա ոչինչ չէր հասկանում, նորից նետվեց ջուրը, որոնում էր` հուսահատ, կատաղի, անուժ: Չկար: Ոռնում էր: Կինը չկար: Նրան դավաճանել էին օրը, երկինքը, օվկիանոսը: Նրան այլևս ոչինչ պետք չէր: Նրան նավակ բարձրացրին: Նա ոչինչ չէր հասկանում: Հետո երկար որոնում էր` չգիտեր ում ու չէր հիշում` ինչ եղավ:
Ավազահատիկը նրան հանդիպեց պատահաբար, և, ճիշտն ասած, չհասկացավ ինչ լինելը: Տարօրինակ էր ու անհասկանալի: ՈՒ` գրավիչ: Ավազահատիկը հանկարծ հասկացավ, որ ինքը մարգարիտ է` սև, փայլուն, իսկական մարգարիտ, ու կառչեց ջրիմուռի նմանվող, բայց բոլորովին էլ ոչ ջրիմուռներից: Կնոջ մազերն ինչ-որ բույր ունեին, որ մարգարիտը ոչնչի հետ համեմատել չէր կարողանում, բայց զգում էր, որ ինչ-որ բան է եղել ու այս անգամ վճռեց ոչ մի տեղ չգնալ: Մարգարիտը ամուր հանգուցվեց կնոջ մազերին: Այդպես գեղեցիկ էր:

ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՕՐ
Կնոջ մարմինը գտան երրորդ օրը միայն: Նա նման էր ջրահարսի, որ տխրում էր օվկիանոսի հատակում ու լողացել էր արևերես: Նավաստին զարմանքով նրա շեկ մազերի մեջ տեսավ սև, փայլուն մարգարիտը ու վերցրեց` կնոջն այլևս պետք չէր, իսկ իրեն պետք կգար: Տղամարդն այդպես էլ չտեսավ կնոջը: Մի քանի տարի հետո ինչ-որ ոսկերչի խանութի մոտով անցնելիս կանգ առավ, իր համար էլ անսպասելի ներս մտավ ու մի սև մարգարիտ գնեց: Տղամարդուն թվաց` մարգարիտից իրեն են նայում կնոջ աչքերը, ու նավը շարունակում է ընթացքը: Նավը լողում է ու օվկիանոսի խելահեղության չափ միօրինակ ժամանակի մեջ մտել է նոր մի թվարկություն` 1912 թ. ապրիլի 14-ն ու հետո:
Երկու օրից նրան գտան տանը մեռած: Ափի մեջ սև մարգարիտ կար:
Ավազահատիկը, որ արդեն մարգարիտ էր, երազում էր տուն վերադառնալ, նրան թվում էր, որ ինքն ապրել է հարյուր հազար տարի, բայց այդպես էլ չի հասկանում իր առաքելությունը:
Իսկ նավը լողում էր: Եվ չէր խորտակվելու, որովհետև առասպել նշանակում է հաղթահարում, հարություն ու ընդհանրապես` վերադարձ:
Եվ այդ պատճառով էլ սերը միշտ առասպելական է։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ