Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԱՆՑՈՒՄ

ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԱՆՑՈՒՄ
11.06.2010 | 00:00

Այս խորագրով ՄԱՐԻՆԱ ՄԱՄՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը կայացավ Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում։ Ցուցահանդեսը, ըստ ամենայնի, հաջողված էր։ Մարինա Մամյանն արվեստասերի համար փնտրված ստեղծագործող է, որոնող և փնտրածը գրեթե միշտ գտնող արվեստագետ։ Բավական դիպուկ է բնորոշել նրա կերպարվեստը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը. «Իր արվեստով Մարինան զարմանալիորեն ընդլայնում է գոբելենի հնարավորությունները և դեկորատիվ-կիրառական արվեստի այդ ճյուղի վերաբերյալ մեր պատկերացումներն ընդհանրապես։ Դժվար է երևակայել, որ արտահայտման նման սուղ միջոցներով` գունավոր թելերով, կարելի է հասնել նման գունագեղության և գեղանկարչության, դրա հետ մեկտեղ իրագործելով քնարական և փիլիսոփայական երևակայության այդպիսի թռիչք»։
Ի դեպ, ցուցահանդեսի առթիվ տպագրված պատկերագրքում զետեղված են քառյակներ 8-18-րդ դարերի չին և ճապոնացի բանաստեղծներ Լի Բոյի, Վան Ցանի, Մինոմատո Սանետոմոյի, Կատավա Կագեի և այլոց պոեզիայից։ Այս ամենը, իհարկե, առիթ էր ցուցահանդեսից հետո նկարչուհուն հանդիպելու։
-Մարինա, անհատական ցուցահանդեսի համար որքա՞ն է նպատակահարմար նկարչի տան երրորդ հարկի ցուցասրահը։
-Սա իմ վեցերորդ անհատական ցուցահանդեսն է, առաջինը` Երևանում։ Ցուցահանդեսներ եմ ունեցել, մասնավորապես Մոսկվայում և Փարիզում։ Դահլիճի ընտրության հարցում մտավախություն չեմ ունեցել, նրա չափերը, որոշակի կամերայնությունը, հատակի, առաստաղի և որմերի նպատակային համադրությունը և անգամ գույնն ինձ տրամադրել էին, և ես չսխալվեցի։
-Անդրադառնանք Փարիզում` գեղարվեստի այդ յուրօրինակ Մեքքայում, կազմակերպված Ձեր ցուցահանդեսին։
-Սիթե կենտրոնում էր, ուր գործուղման էի մեկնել և ապրեցի երկու ամիս։ Ցուցահանդեսը կոչվում էր «Հայկական մոտիվ»։ Ցուցադրել էի գոբելենների և գրաֆիկական աշխատանքների շարժեր, «Հայկական մոտիվը» գոբելենների շարքի անվանումն էր նաև, գրաֆիկական աշխատանքներինը` «Օրվա տրամադրություններ»։ Այդտեղ նկարիչն անմիջական կապի մեջ է հանդիսատեսի հետ, փոխհաղորդակցվում է, վարպետության դասընթաց անցկացնում և այլն։ Ցուցահանդեսը դիտում էին, ըստ էության, ողջ աշխարհի արվեստագետները, ովքեր այդ ընթացքում ապրում, ստեղծագործում էին Սիթեում։ Այստեղ էին նկարիչները, լուսանկարիչները, գրողները, ռեժիսորները, երաժիշտները...
-Ընթերցողի համար «բացահայտեք» Սիթեն։
-Դա մեծ համալիր է, արվեստանոցների քաղաք, ուր ցուցահանդեսներ են, համերգներ են, նոր բարեկամներ ու ծանոթություններ, նոր տպավորություններ... Շատ կարևոր է լեզվի իմացությունը։ Ի դեպ, մամուլն անդրադարձավ ցուցահանդեսին։
-Ցուցահանդեսում առանձնանում էր «Քաոսի գոտին» աշխատանքը, շատ էր անսպասելի և... ծանոթ։ Ի՞նչ է այն։
-Ինձ համար քաոսը կործանում, խառնակություն չէ։ Այն նոր արարում է, կա նաև «Չեզոք գոտի», հետո գալիս է հանդարտությունը, և այս ամենն անընդհատ է, անսկիզբ, անվերջ։
-Ձեր ոճը, մոտեցումը, տեխնիկան անսովոր են և, սակայն, գրավիչ ու խորքային։
-Սա, op-art է` «օպտիկական արվեստ», որը մեզ մոտ չի կիրառվել և գոբելենում նորություն է, նոր մոտեցում։
-Ի՞նչը չբավարարեց Մարինե Մամյանին ավանդական կերպարվեստում, ասենք, գեղանկարչության կամ գրաֆիկայի ոլորտում։
-Ես ինձ գեղանկարիչ չեմ համարում, և դիպլոմային աշխատանքս գրաֆիկան էր, վերաբերում էր տպագրական գրաֆիկային։ ՈՒղղակի զբաղվեցի գոբելենով, քանզի այն առավել հոգեհարազատ էր, թելերի հետ շփումը, դրանց ջերմությունը, վառվռունությունը շատ հետաքրքիր են, գրավիչ, ու անմնացորդ նվիրվում ես դրանց։
-Հանդիսատեսը համամի՞տ է քո տեսակետներին։
-Վերաբերմունքն անմոռանալի էր, ոգևորիչ կարծիքներ լսեցի թե՛ այցելու-արվեստասերներից, թե՛ նկարիչ-գործընկերներիցս, թե՛ դժվարահաճ արվեստաբաններից։ Ընկալվեց այն, ինչը փորձել էի ներկայացնել, որոշակի փիլիսոփայական ենթատեքստով վերարտադրել։
-Ցուցահանդեսի խորագիրն անսովոր է և մեկնաբանման կարիք ունի, եթե, իհարկե, դեմ չեք։
-Ամենևին։ Սևի և սպիտակի միջև գտնվում է մի աներևույթ հատված, որն անտեսում ենք հաճախ, չենք նկատում։ Անցումը սևից սպիտակին, սպիտակից սևին շատ կտրուկ է։ Այնինչ այս պահը շատ կարևոր է, այնտեղ և՛ արևի շունչն է, և՛ լուսնի փայլը, և՛ երկնքի անհունը։
-Եղա՞ն այցելուներ, որոնք հիասթափված հեռացան։
-Զարմանալի է, բայց` ոչ։ Ի զարմանս ինձ, ընկալվեց ցուցահանդեսի խորհուրդը, սա է ամենակարևորը։ Այցելում էին, դիտում և, ինձ «անտեսելով», իրենց տեսածն ու զգացածը հանձնում տպավորությունների գրքին։
-Անբավարարվածության զգացում չունեցա՞ք։
-Այո, կա մի բան, որը շատերի դժգոհության առարկան է։ Նկարիչների միությունը յուրաքանչյուր ցուցահանդեսի բացման մասին անպատճառ տեղեկացնում է լրատվամիջոցներին։ Գալիս են չկամությամբ։ Իսկ հեռուստաընկերություններն առհասարակ մոռացել են նկարչի տան տեղը։ Ինչ-որ անձնական կապեր պիտի օգտագործես, այլ ճանապարհներ ընտրես։ Ի վերջո, արվեստասերները հաճախ են դժգոհում, որ ցուցահանդեսից տեղյակ չեն եղել։ Մի՞թե դժվար է գոնե լրատվությամբ շահագրգիռ մարդկանց տեղեկացնել, թե ինչ է սպասում նրանց նկարչի տան ցուցասրահներում։ Սակայն ինչի մասին է խոսքը, երբ Սարյանի 130-ամյակը լայնորեն լուսաբանվեց ռուսական ալիքներով, իսկ մեր հեռուստաընկերությունները դա էլ մոռացության մատնեցին։
-Սա, ցավոք, «դարակազմիկ խնդիր է» դարձել։ Իսկապես, հաճախ են ցուցահանդեսով հանրությանը ներկայացող արվեստագետները զարմանում և զայրանում, որ հեռուստաընկերությունները քար անտարբերություն են հանդես բերում։ Ոչինչ անել չես կարող, մասնավոր ալիքներ են` իրենց մասնավոր հետաքրքրություններով։ Մեզ, սակայն, անհասկանալի է «Հ1»-ի համառությունը, երբ նրանք անտեսում են նկարիչների միության հրավերները։ Ի՞նչ կարող ես անել, ճաշակին ընկեր չկա։ Անճաշակությանը` նույնպես։
Բայց անցնենք առաջ։ Ի՞նչ է կատարվում նոր սերնդի հետ, ովքե՞ր են հերթափոխի կանգնել։
-Հետևում եմ նոր անուններին։ Այ, իմ ցուցահանդեսին զուգահեռ գեղարվեստի ակադեմիայի սաների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն էր։ Քանդակը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը` դեռ ոչինչ, հույսեր ներշնչող աշխատանքներ տեսա, բայց զարմանալիորեն տխուր է գեղանկարչությունը, որևէ ուշագրավ, հետաքրքրություն արթնացնող աշխատանք չտպավորվեց։
-Ավագ սերնդի կերպարվեստը դեռ շարունակում է ընթանալ խորհրդային կայացած ավանդույթներով։ 60-ականների, 70-80-ականների սերունդը դեռևս թամբի վրա է, և տագնապում ես, թե վաղը, մյուս օրն անդառնալի անջրպետ կարող է առաջանալ նրանց հեռանալուց հետո։
-Հայտնի անուններ, անշուշտ, եղել են և կան, բայց չկա երկրորդ Սարյանը։ Երկրորդ Քոչարը չկա։ Ինչևէ, ինձ զարմացնում և ուրախացնում են ժամանակակից կին քանդակագործները։ Ցուցահանդեսներում հիանալի աշխատանքների եմ հանդիպում, հատկապես փոքր չափերի քանդակներում դինամիզմ, շարժում, վարպետություն կա։ Երիտասարդական ցուցահանդեսներում հաճախ ուծացում եմ տեսնում, հատկապես գեղանկարչության ոլորտում։ Ինչո՞ւ, դժվարանում եմ ասել։ Գուցե սա՞ էլ է անցողիկ։
Զրուցեց Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ