Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հիշե՜լ եմ, այդ Գոհար Քանդարյանը ես ե՜մ, ե՜ս»

«Հիշե՜լ եմ, այդ Գոհար Քանդարյանը ես ե՜մ, ե՜ս»
06.02.2024 | 21:24
Խորհրդային ու առհասարակ համաշխարհային հետախուզության պատմության բացառիկ մեծերի շարքից են ամուսիններ Գևորգ ու Գոհար Վարդանյանները, ովքեր իրենց անլեգալ գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում այդպես էլ մնացին չբացահայտված: Նրանց ծառայությունները բարձր են գնահատվել: Գևորգ Վարդանյանը Հայրենական երկրորդ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին հետախույզն է, Գոհար Վարդանյանը Մարտական կարմիր դրոշի շքանշանակիր է` չհաշված մնացած բազմաթիվ պարգևները:
Գոհար Լևոնովնայի հետ կապված հատկանշական մի բան. չունենալով զինվորական կոչում`թոշակի անցնելիս նրան ԽՍՀՄ ՊԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Մ. Չեբրիկովի հրամանով, բացառության կարգով, նշանակվել է առավելագույն, այսինքն` գնդապետի թոշակ: Պետանվտանգության համակարգում սույն փաստը չի ունեցել նախադեպ:
Վարդանյան ամուսնական զույգի գործունեությունից ըստ էության գաղտնազերված են միայն «Թեհրան-43»-ին առնչվող նյութերը: Ու քանի որ մնացածը մնում է գաղտնիության գրիֆի տակ և դեռ խոշոր հարց է` տեսանելի ապագայում դրանք կհանրայնացվե՞ն կամ առհասարակ կհանրայնացվե՞ն, որոշեցինք զույգի հետ աշխատանքային, ընկերական, պարզապես մտերմական կապերով հարաբերված մարդկանց միջոցով ներկայացնել մասնավորապես Գոհար Լևոնովնային:
Ներկայացնում ենք մի պատառիկ ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանի հուշերից. «Տարիներ առաջ զանգահարեց Գոհար Լևոնովնան: Խնդրում էր օգնել արխիվից ամուսնության վկայականը ստանալու հարցում` իր օրինակը չէր կարողանում գտնել: Ես կապվեցի համապատասխան մարմինների հետ, սակայն Վարդանյան կամ Վարդանյան-Փահլևանյան ազգանուններով ամուսնության վկայական չգտնվեց: Տիկին Գոհարի նշած ամսաթվով միայն մեկ վկայական կար, համաձայն որի Գևորգ Վարդանյանն ամուսնացել է... Գոհար Քանդարյանի հետ: Երբ այս մասին ասացի նրան, շփոթի մատնվեց. «Գարիկ ջան, ճիշտ է, որ հանգամանքների բերումով ես ու Գևորգը իրար հետ մի քանի անգամ ենք ամուսնացել, սակայն իմ Գևորգը միայն ինձ հետ է ամուսնացել: Ո՞վ է այդ Գոհար Քանդարյանը»:
Բնականաբար հանպատրաստից ինձ համար դժվար էր պատասխանել, թե ով է Գոհար Քանդանյանը: Բարեբախտաբար Գոհար Լևոնովնայի զանգն այնքան էլ չուշացավ: Հեռախոսի մյուս ծայրից պայթել էր նրա զրնգուն ծիծաղը. «Գարիկ ջան, հիշե՜լ եմ, այդ Գոհար Քանդարյանը ես ե՜մ, ե՜ս»:
Ինչ է պարզվում: 1930-ականներին, երբ տիկին Գոհարենց ընտանիքը բնակություն է հաստատում Իրանում, նրանց տոհմական Փահլևանյան ազգանունը խնդիրներ է առաջացնում. «Ո՞նց կլինի էսպես, համ թագավորի անունը լինի Փահլավի, համ դուք՝ Փահլևանյան»:
Ընտանիքը ստիպված ընտրում է նոր ազգանուն՝ Քանդարյան: «Իսկ թե ի՞նչու Քանդարյան, ամեն ինչ ավելի քան պարզ է` Քանդարը մեր հարևանն էր, ու ինքն էլ այս կերպ դարձավ պատմություն: Բա, Գարիկ ջան, ամեն հարևան չէ, որ կարող է դառնալ պատմություն, ինչպես որ ամեն մեկին չի վիճակված շահական ազգանուն ունենալ»:
Գոհար Վարդանյանի մտերիմները նրան բնութագրում են որպես սիրագորով և ազնվաբարո տիկնոջ՝ փառահեղ հայուհու, հոգով՝ մայրահամ ու նվիրված, մարդու, ով գեղեցիկ է ապրել, նվիրումով: Այսպիսին է եղել Գոհար Վարդանյանը, ով բոլորին սովորեցնում էր մարդ մնալու և մարդ լինելու արվեստը:
Հ. Գ. 1. Հիշենք, որ օրեր առաջ եղել է անվանի հայուհու ծննդյան օրը:
Հ. Գ. 2. Հանգամանքների բերումով Գոհար Լևոնովնայի մասին այս նյութը պատրաստվեց Գևորգ Վարդանյանի 100-ամյակի նախաշեմին: Հիշեցնենք, որ լեգենդար հետախույզը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին: Բնականաբար նրա ծննդյան օրվա առիթով կունենանք համապատասխան հրապարակում` ևս մեկ ամգամ հիշելով ու հիշեցնելով Գ. Վարդանյանի անուրանալի վաստակը:
Դիտվել է՝ 5048

Մեկնաբանություններ