Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պատմական փաստաթուղթ՝ ապագա ուսումնասիրողների համար

Պատմական փաստաթուղթ՝ ապագա ուսումնասիրողների համար
31.10.2023 | 14:55

Լուսանկարում երևացող ինքնագոհ կերպարանքը կոչվում է Ֆարուք Կադդումի (մականունը՝ Աբու Լութֆ): Սա Պաղեստինի ազգային ազատագրական շարժման ղեկավարներից էր, իսկ Յասեր Արաֆաթի մահվանից (2004 թ.) հետո դարձավ դրա փաստացի ղեկավարը:

1983-ին, թուրքերին սիրաշահելու համար, հատկապես նկատի ունենալով ԱՍԱԼԱ-ն, Անկարայում հայտարարեց, որ պաղեստինցիներն այլևս չեն սատարելու այն կազմակերպություններին, որոնք պայքարում են Թուրքիայի դեմ: Իհարկե, ՀԱՀԳԲ-ն (Հակոբ Հակոբյանը) հանդես եկավ մի քանի ազդեցիկ արձագանքով: Ստորև ներկայացվում է մի շատ ուշագրավ փաստաթուղթ.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Ֆարուք Քատտումիի կողմե թրքական թերթերուն տրված այն հայտարարությունը, թե Պաղեստինի Ազատագրական Կազմակերպությունը (ՊԱԿ) ոչ մեկ կապ ունի Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին հետ, իրականության չի համապատասխանիր:

Այնպես կը թվի, որ ՊԱԿ-ի քաղաքականության սկզբունքները եղած են սուտն ու կեղծիքը: Դժբախտաբար, իրենց հակահեղափոխական կեցվածքներուն գլխավոր զոհը ամեն անգամ ալ եղած են պաղեստինցի բազմաչարչար ժողովուրդը ու անոր հեղափոխական մարտիկները, որոնք, վստահ ենք, որ տակավին չեն մոռցած Պեյրութի առուծախի մանրամասնությունները:

Որպեսզի իրականությունները ժողովուրդին սեփականությունը դառնան, կը հայտարարենք, որ ՊԱԿ-ի և ՀԱՀԳ Բանակի ղեկավարությանց միջև անցյալին հաճախակի հանդիպումներ տեղի կունենային, ինչպես նաև մեր կազմակերպությունը պաղեստինյան բոլոր կազմակերպություններուն հետ ուներ փոխադարձ կապեր, որոնցմե քանի մը հատին հետ հարաբերությունները կը շարունակվին: Սակայն, Անգարայի ՊԱԿ-ի գրասենյակի պատասխանատու Ապու Ֆիրասի հակահայ հայտարարություններեն ետք, ՀԱՀԳ Բանակի պահանջով, անոր ղեկավարությունը հանդիպումներու շարք մը ունեցավ ՊԱԿ-ի ղեկավարության հետ: Հանդիպումներուն ՀԱՀԳ Բանակը ներկայացուցին ղեկավար Հակոբ Հակոբյանը և պատասխանատու մարմին մը, իսկ պաղեստինյան կողմե ներկա եղան Յասեր Արաֆաթ (Աբու Ամմար), Հաիլ Ապտըլ Համիտ (Աբուլ Հոլ), Խալիլ ալ ՈՒազիր (Աբու Ջիհադ), Սալահ Խալաֆ (Աբու Այադ), ինչպես նաև ուրիշ ղեկավարներ և Անգարայեն մասնավորապես կանչված Աբու Ֆիրասը: Այս հանդիպումներուն պաղեստինյան կազմակերպությունը պաշտոնապես ներողություն խնդրեց և հավաստիացուց, թե Աբու Ֆիրասի հայտարարությունը չէր ներկայացներ ՊԱԿ-ի տեսակետը, բայց երբ իրենցմե պահանջվեցավ այդօրինակ իմաստով հայտարարություն հրապարակել, պատճառաբանելով քաղաքական և դիվանագիտական պայմանները՝ մերժեցին: Այս կեցվածքին լույսին տակ մեր կազմակերպությունը որոշեց խզել կապերը իրենց հետ - վերոհիշյալ ժողովներու լուսանկարները մեր տրամադրության տակ են և հարմար պահուն մենք անոնք պիտի հրապարակենք:

Ֆարուք Քատտումիի հայտարարությունը կու գա փաստելու, թե ՊԱԿ-ի քաղաքականության մեջ հեղափոխական պարկեշտություն չէ մնացած, որովհետև եթե նվազագույն հեղափոխական պարկեշտությունը ունենային, պիտի հայտարարեին, որ ՀԱՀԳ Բանակն է, որ իրենց հետ հարաբերություն չունի, և ոչ թե իրենք անոր հետ:

ՊԱԿ-ի ղեկավարությունը ազատ է որդեգրելու նահանջամիտ ու կործանարար կեցվածքներ, եթե անոնք կառընչվին իր դատին ու պայքարին հետ, բայց ան երբեք իրավունք չունի ուրիշ իրավազրկված ժողովուրդներու դատերուն վնասող դիրքորոշումներ ընտրելու»: ՀԱՀԳԲ, 1983թ. «Հայաստան» պաշտոնաթերթ, թիվ 43-44:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ. Այն հարճորդիները, որոնք կփորձեն փակել տալ այս նյութը ևս, թող իմանան, որ սա ընդամենը պատմական փաստաթուղթ է՝ ապագա ուսումնասիրողների համար:

Դիտվել է՝ 3680

Մեկնաբանություններ