Երեկ մամուլի ազատության միջազգային օրն էր: Եվ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ովքեր հիշեցին՝ շնորհավորեցին լրագրողներին, ստանդարտ մաղթանքներ հղեցին: Սոցցանցերում էլ եղան քննարկումներ մամուլի ազատության, դերի մասին: Հիշվեցին նաև «House» և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները. նայեցինք, որ տեսնենք, թե մամուլի ազատության աստիճանով որ սանդղակում ենք, արժե՞ ուրախանալ, թե տխրել: Քաղաքական գործիչներից, պետական կառույցներից միշտ էլ մեծ են եղել պահանջները մամուլից, մամուլը մեր երկրում ամենաշատն է թիրախավորվում, չնայած խոսքի ազատության տեսանկյունից մենք ավելի քիչ բանի չենք հասել, քան՝ մյուս ոլորտներում: Այն փաստը, որ Հայաստանում լրագրողներն ամենաշատն են ենթարկվում բռնությունների, խոսում է մամուլի, խոսքի ազատության՝ այս կամ այն չափով կայացած լինելու մասին: Սակայն, որպես կանոն, այդ բռնությունների հեղինակները չեն պատժվել, և մի բռնությանը հաջորդել է մեկ այլ բռնություն: Վերջին տարիներին «Քաղաքացիական օրենսգրքում» զրպարտության մասին հոդվածի ապաքրեականացումից հետո մամուլին փորձում են «խեղճացնել»՝ դատի տալով և անհամարժեք տույժ ու տուգանք սահմանելով: ՀՀ մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Կարեն Անդրեասյանը հենց «Քաղաքացիական օրենսգիրքը» հաջողությամբ վերաձևելու և մամուլի գլխին մահակ դարձնելու «շնորհիվ» կմտնի պատմության մեջ: Ներկայիս իր պաշտոնի համար էլ հավանաբար նա իր այդ օրենսդրական նախաձեռնությանն է պարտական: Կյանքը ցույց տվեց, որ դա ընդամենն ազատ մամուլի «ծվեններին» լռեցնելու, հախից գալու փորձ էր, որը չվրիպեց միջազգային իրավապաշտպան կառույցների աչքից:
Մամուլն այսօր էլ շարունակում է մնալ բարիկադավորված քաղաքական ճամբարների հիմնական թիրախը, որոնք չեն հանդուրժում իրենց հասցեին հնչող ոչ մի քննադատություն: Մամուլից պահանջում են ավելին, քան՝ հենց նրա բուն առաքելությունն է:
Իսկ մեր հայրենակից, օտարագիր հայ գրող Արա Բալիոզյանը հետաքրքիր մտքեր է հայտնել մամուլի դերի մասին, որոնք հարկ եմ համարում մեջբերել:
«Խոսքի ազատության սահմանումը մեկն է. ամենաազնվագույն քաղաքական-հասարակական գործիչ անձը իրավասու չէ ասել վատթարագույն խզբզողին՝ ինչ գրել և ինչպես գրել»:
«Պրոպագանդայի նպատակը այն է, որ ապացուցի, թե Մեծ Սուտն է ճշմարտությունը, միմիայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից»:
«Ավտորիտար միջավայրերը զարգացման ծրագրեր չեն խրախուսում, որովհետև դոգմատիկ դրույթները հարցականի տակ դնելն արգելված է»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ