Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն հասցրել է դառնալ իր երկրի ժամանակակից պատմության ամենաչսիրված նախագահը: Euromag -ը պատճառը համարում է նրա կառավարության ու Սոցիալիստական կուսակցության իրարահաջորդ սկանդալները: Բյուջեի հարցերով նախարար Ժերոմ Կայուզակի հարկադիր հրաժարականից հետո պարզվեց, որ Սոցիալիստական կուսակցության նախկին գանձապահ Ժան-Ժակ Օժյեն կուսակցական միջոցների որոշակի մաս ներդրել է Կայմանյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններում, թեպետ նա ժխտում է Կայմանյան կղզիներում բանկային հաշիվ ունենալը: Չի բացառվում, որ նախագահ Օլանդը ևս կա այդ պատմության մեջ` Օժյեն ֆինանսական գործարքներն արել է նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իր վարկանիշը փրկելու համար Ֆրանսուա Օլանդը ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այսուհետ բոլոր նախարարներն ու պատգամավորները պարտավոր են ամբողջական տեղեկատվություն ներկայացնել իրենց ֆինանսների մասին: