Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Բարոյականությունն էրոզիայի է ենթարկվում ամեն քայլափոխի»

«Բարոյականությունն էրոզիայի է ենթարկվում ամեն քայլափոխի»
19.08.2008 | 00:00

ԽՈՀԵՐ
Արձակագիր, հրապարակախոս, Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու անդամ, բոլոր ժամանակների և իրավիճակների ամենաակտիվ հայ մարդ և քաղաքացի ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ բեղուն գրչի շնորհիվ ընթերցողը բախտ ունի հաղորդակցվելու նրա մտքերին՝ անընդմեջ հրատարակվող և տարածվող գրքերով: Սակայն ասելիք կա, որ պիտի մատուցվի մամուլի էջերից, ու այդ ասելիքի հետքն էլ մեզ բերեց մտավորականի հյուրընկալ բնակարան, որտեղ կայացավ այս զրույցը:
-Պարոն Մաթևոսյան, մեր հասարակության դեմքը, դիմապատկերն ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել:
-Մեր հասարակության դիմանկարը, դիմագիրը հենց ճակատագիրն է: Իսկ մենք մեր ճակատագիրը, այսինքն՝ դիմագիրը, վաղուց կորցրել ենք: Մենք մեր ճակատագրի տերը չենք, աղավաղված ենք: Մենք ենք մեզ աղավաղել: Եվ ես երբեմն կասկածում եմ՝ մենք մե՞նք ենք, թե՞ մենք մենք չենք: Այնպիսի բաներ ենք անում, որ թվում է՝ մեկ ուրիշն է մեր ներսից մեր տունը քանդում, մեր էությունից մեզ հեռացնում, մեր գոյամարտը դարձնում կասկածելի: Անկախ նրանից, թե ով ինչ է ասում խորհրդային կարգերի մասին, մենք խորհրդային կարգերի փրկածն ենք՝ Չարենցով, Աճառյանով, Թամանյանով, Մյասնիկյանով… Մենք, իրոք, մոխիրներից հառնեցինք, երկիր ստեղծեցինք, ճանաչեցինք ինքներս մեզ: Բայց նաև կա մի ճշմարտություն. հենց մեր աչքի առջև հոշոտվեց Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Դա արդեն ազգային խայտառակություն է: Թշնամի ենք դարձել կանաչ տարածություններին: Հայ ժողովրդի համար կանաչը, խոտը, ծաղիկը մնացին մանկական բանաստեղծություններում: Թթվածին գոյություն չունի Երևանում՝ ոչ միայն մտածողության թթվածին, այլև իսկական թթվածին, որովհետև մենք դարձանք ծառ ու ծաղկի թշնամի: Ոչնչացրինք, հոշոտեցինք և՛ Մոնումենտը, և՛ Զանգվի ձորը, և՛ մեր այգիներն ու պուրակները:
-Ո՞Ւմ խղճին է ծանրանում այս մեղքը:
-Բարոյականությունն էրոզիայի է ենթարկվում ամեն քայլափոխի: Եթե եղան նախարարներ, և դեռ կան, ովքեր կարողացան հոշոտել բնությունը, ոսկու և այլ թանկարժեք մետաղների հանքեր նվիրել իրենց ընտանիքի անդամներին, սիրուհիներին և ոչ մի պատիժ չկրեցին, ավելին՝ դարձան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ապա ես իրավունք չունեմ հավատալու ոչ մի իշխանավորի և Ազգային ժողովի ոչ մի պատգամավորի: Ի հպարտություն ինձ՝ այնտեղ այսօր կան Վիկտոր Դալլաքյան, Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան, Ստեփան Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, բայց նրանք չեն դիմանա այդ երախում, կհոշոտվեն: Նրանք չեն կարող սկզբունքային ընդդիմադիր լինել. իրենք իրենց չեն դավաճանի, բայց նաև գազանային, գայլային օրենքներին չեն տիրապետի: Հայաստանում օրենք չունենք: Եթե մարդու արժանապատվությունը, մարդու իրավունքները վիրավորվում են ամեն քայլափոխի, ապա մենք խաբված ենք: Անկախությունը մեզ վրա չեկավ: Հարյուրամյակներով պետականություն չենք ունեցել և երազել ենք անկախության մասին, բայց այսօր այդ անկախության տերը չենք, և անկախությունը Հայաստանում, հայ մարդու մեջ չգտավ իր հասցեն: Մեր անկախությունը դեռ թափառում է և միայն խոսք է, բառ է, ուրիշ ոչինչ:
-Կա՞ հույս, որ բառից, խոսքից կվերածվի իրողության:
-Այո՛, եթե, իրոք, իշխանական ավգյան ախոռները մաքրվեն, եթե զգամ, որ վերևներում նստած են մարդիկ, որոնք իրենց ճակատագիրը, իրենց օրը շաղախում են էս երկրի ավյունով, էս երկրի ավիշով: Բայց տեսնելով սրանց ալան-թալանը՝ չեմ հավատացել և այսօր էլ չեմ հավատում, որ առաջիկա 10-20 տարում որևէ լավ բան կլինի: Ընդհակառակը, եթե մեղավորները չպատժվեն հենց այսօր, ոչ մի հույս էլ չեմ կարող ունենալ: Ինչպե՞ս կարող էին Ազգային ժողովը գնդակոծել օրը ցերեկով, եթե դա տան կազմակերպած գործ չլիներ: Հերիք ասենք, թե դրսի թելադրանքով էր: Եվ էսօր էլ եթե ազատ հանրահավաքները վերջացան մարտիմեկյան ողբերգությամբ, ես էլ ասելիք չունեմ: Եթե իշխանավորներ կան, որոնց ունեցվածքն ավելի շատ է, քան Հայաստանի ողորմելի բյուջեն, զարմանալուց և հիասթափվելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում ինձ անել: Էսօր պարզվում է, որ անգամ Արցախում ծնված առաջատար իշխանավորները հեռու են Արցախի հարցից: Գայթակղվում ենք ամեն մեկս մի բանով. մեկը՝ կնոջով, մեկը՝ փողով, մեկը՝ չգիտես ինչով: Բայց էս իշխանական գայթակղությունը, նախագահ դառնալու գայթակղությունը, պատգամավոր դառնալու գայթակղությունն ազգային խայտառակություն են: «Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է»,- ասել է Սարոյանը: Լեոնիդ Ազգալդյանի խոսքն է. «Սա Հայաստան է, ու վերջ»: Մենք հեռացել ենք այդ մտայնությունից: Պիտի ամաչենք մոնթեներից, լեոնիդազգալդյաններից, Ալեքսանդր Թամանյանի թոռ Շուրայից, իմ հպարտություն Գագիկ Գինոսյանից, Արցախում և Հայաստանում ապրող մեր մանուկներից: Ապրում ենք ավատատիրական կարգերում: Ես էդ ավատատիրությունից եմ վախենում: Մենք մեր ձեռին, աշխարհի ձեռին ճորտ ենք դառնում: Հայաստանի հողն է մեր ոտքի տակից փախչում: Ես դրանից եմ վախենում: Մենք պիտի ունենանք երեք հզոր նախարար՝ պաշտպանության, ներքին գործերի, մշակույթի: Մենք մշակույթով հաղթած ժողովուրդ ենք աշխարհում, պիտի մշակույթով ճանաչվենք: Իրենց իրավունքներին տեր կանգնող մարդիկ այսօր ոչ թե պիտի լինեին բանտերում, այլ ԱԺ պատգամավորներից շատերը, որոնք պատգամավոր են դարձել, որպեսզի իրենց տարիների թալանը պաշտպանեն, իրենց անձը դարձնեն անձեռնմխելի: Եթե նախագահից սկսած նայում են էդ մեծահարուստների ձեռքին, եթե Հայաստանի հարստությունները, ունեցվածքը հանձնվում են օտարներին, և ոչ մեկը պատասխան չի տալիս, ապա ես այլևս չեմ կարող ասել, թե ապրում եմ անկախացած Հայաստանում:
-Փրկվելո՞ւ ենք, լինելո՞ւ ենք:
-Լինելու ենք, բայց ինչպե՞ս, որտե՞ղ: Էսպես լինելն ո՞ւմ է հարկավոր: Մենք ազատագրել ենք տարածքներ, և 1994 թվականից մինչև հիմա այնտեղ բնակվող չկա: Ընդհակառակը, 35-40 հազար ղարաբաղցի է եկել Հայաստան: Թող բարով գան, թող բարով ղեկավարեն, թող ամեն ինչ դառնա ղարաբաղյան կլան: Բայց ի՞նչ է նշանակում՝ ազատագրես քո պատմական հողերը և տեր չլինես: Բավական է թալանենք սփյուռքի մեր եղբայր-քույրերին: Ազգովի ողորմություն ենք խնդրում, բայց բանից պարզվում է, որ մեկ-երկու հոգու համար ենք խնդրում: Ես ուզում եմ՝ Հայաստանն այս աշխարհի տակ, այս արևի տակ իր տեղն ունենա:
-Դուք ոչ միայն խոսում եք ազգի ցավից ու հոգսից, այլև դրանք դարձնում եք ստեղծագործության նյութ: Ապագա ծրագրերն ինչպիսի՞ք են:
-Տեսնո՞ւմ եք էս թափված թղթերը: Սրանք իմ խայտառակությունն են, որ չեմ կարողանում հավաքել: Ձեռագրեր ունեմ կիսատ-կիսատ՝ վեպ, վիպակ, պատմվածք: Էդպես էլ չկարողացա ղարաբաղյան պատերազմի իմ գրառումները մի կազմի տակ հավաքել, որ «Ցավի ծաղիկ» է կոչվում: Դա պիտի անեմ: Անցած աշնանը գնացի իմ սիրելի Ղարաբաղ՝ Դրմբոն: Վերադարձից հետո գրել եմ «Դրմբոնյան ոսկեմատյան» էսսե-վիպակի առաջին հատվածը՝ 80 էջ: Շուտով կրկին կմեկնեմ, մի քանի օր կմնամ Սարսանգի ջրամբարի կողքին, կլինեմ մի քանի գյուղերում: Նպատակ ունեմ գրելու «Դրմբոնյան ոսկեմատյանի» երկրորդ մասը, «Մեր որբության գետը» վեպն ավարտելու, «Հայրունիներ» վավերագրական-գեղարվեստական վիպակը հանձնելու ընթերցողին:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4954

Մեկնաբանություններ