Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Իրենք են ինձ փողոց հանել, փողոց ելնելու տրամադրություն չեմ ունեցել, տարիքս չի ներում...»

«Իրենք են ինձ փողոց հանել, փողոց ելնելու տրամադրություն  չեմ ունեցել, տարիքս չի ներում...»
20.06.2008 | 00:00

«ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՃԵՐՄԱԿ ՍԱՎԱՆԻ ՎՐԱ ՍԵՎ ԿԱՐԿԱՏԱՆ ԴՐԵՑԻՆ»
...և ոչ միայն մշակույթի մասին
Երվանդ Մանարյանը ուշագրավ և սիրված արտիստ լինելուց զատ նաև թատերագիր է, բեմադրիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի տնօրենը: Երվանդ Մանարյանը նաև հանրապետության քաղաքացի է, ով վերջին քաղաքական ալեբախումների օրերին հրապարակում էր, «Ազատության» հրապարակում:
«ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԵՂԱ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ...»:

-Ի՞նչը Ձեզ, պատկառելի վաստակի ու հասակի մարդուն, դրդեց ուղղվել դեպի հրապարակ, դրսևորել քաղաքական ակտիվություն:
-Ինքս բնավ չեմ համարում դա քաղաքական ակտիվություն: Ես հայ մարդ եմ և, բնականաբար, եղա այնտեղ, ուր ժողովուրդն էր:
-Ներողություն եմ խնդրում և հարցս շտկում` Դուք դրսևորեցիք քաղաքացիական ակտիվություն:
-Հայ ենք բոլորս Հայաստանում և ամենուր: Սակայն կրում ենք օտար մշակույթների ու պատկերացումների ազդեցությունը: Ես պարսկահայ եմ և լավ գիտեմ պարսկահայ գաղութի կյանքը, ֆրանսահայը` ֆրանսահայ գաղութի և այսպես շարունակ: Եվ բոլորս մի աշխարհում հավաքվելով` փորձում ենք երկիր կառուցել, քանզի դրա պակասը զգում էինք մեծապես: Մենք ընկերներով Պարսկաստանից հայրենադարձվեցինք, որ ունենանք մեր երկիրը: Եվ աշխատեցինք մեր երկրի համար, յուրաքանչյուրն իր ասպարեզում, ես` թատրոնի ու կինոյի, եղբայրս` Արման Մանարյանը, հիմնովին կինոյի, մյուսները դարձան բժիշկ, ճարտարագետ և այլն: Հովհաննես Բադալյանի ծառայություններն էլ մեր երգարվեստում հանրահայտ են: Հիմա այս երկրի առջև ծառացել են հարցեր: Հարցեր, որոնք, իմ խորին համոզմամբ, մեր ցանկությամբ չեն առաջ գալիս, այլ պատմության ընթացքի և տրամաբանության արդյունք են: Մենք` որպես այս ազգի ներկայացուցիչներ, անկախ այն բանից` մտավորական ենք, թե ոչ, պետք է ձևավորենք քաղաքացիական կեցվածք ասվածը և մեր պայքարն ամբողջացնենք ազգային ձևի մեջ: Թե չէ յուրաքանչյուրս երկիրը մեր կողմը քաշելով` Կռիլովի առակն ենք կրկնում:
-Յուրաքանչյուրս մեր կողմը քաշելուց է այս հեղհեղուկ իրավիճակը կերտվել` անձայն ու աներևույթ: Հիմա կարծես ռուբիկոնն անցնելու ժամն ու պահն է: Ի՞նչ պիտի անի մեզանից յուրաքանչյուրը:
-Ես իմ գործունեությամբ եմ փորձում առավելաչափ օգտակար լինել ընդհանուր գործին` մատաղ սերնդի կրթմամբ, քանզի մինչև չդաստիարակենք վաղվա մարդուն, երբեք ազգային, պետական խնդիրները չենք լուծի: Որքան էլ որ հանճարեղ քաղաքական գործիչներ ասպարեզ իջնեն:
-Անհոգ մնանք, նման բան մեզ չի սպառնացել և, ամենայն հավանականությամբ, դեռ երկար չի սպառնա:
-Նաև ղեկավարվողը պիտի մի բան արժենա:
-Մեր խոսակցությունը շեղենք դեպի անկախության ակունքները: Անկախ պետականության ղեկավար կազմը և նրա մերձավորագույն շրջապատն արդյոք լիովին գիտակցո՞ւմ էր, թե ինչ է ստանձնում:
-ԽՍՀՄ փլուզումը պատմական պահանջ էր, քանզի արհեստածին էր այդ պետությունը: Չնայած ժխտել չի կարելի, որ Հայաստանը լուրջ առաջընթաց ապրեց: Ինչևէ, ԽՍՀՄ յուրաքանչյուր հանրապետություն իր գլխի ճարը յուրովի տեսավ, մենք էլ` մեր ձևով: Բայց ամենից կարևորն այն է, որ խորհրդային 70 տարիներին մենք չկտրվեցինք հայությունից, աշխարհաքաղաքացի չդարձանք:
-Մեր ազգային խնդիրները լուծելիս ընթացք առավ ու հետևողականորեն խորացավ ջրբաժանը հասարակության և իշխանության միջև:
-Մենք չգիտեինք և չգիտակցեցինք` ինչ է պետականությունը, ինչ է պետական իշխանությունը։ Մեզ քաջ ծանոթ էր խորհրդային բռնապետական բռունցքը։ Մենք պատրաստ չէինք անկախ իշխանության և այսօր էլ պատրաստ չենք։ Հազար տարվա իշխանության կորուստը պիտի ունենար իր հետևանքները. ես ապրել եմ պարսիկի, դուք` արաբի, երրորդը` ռուսի, չորրորդը` ֆրանսիացու հպատակությամբ։
-Ի վերջո, ե՞րբ ենք տեր կանգնելու մեր պետությանը` գիտակցելով պետական իշխանությունը որպես ազգի ու երկրի գլխավոր հենարան։
-Շատ դժվար, շատ աշխատատար գործ է։ Սերնդին պետք է կրթել և նրա էության մեջ սերմանել անկախ իշխանության գաղափարը։ Առայժմ սերունդը կրթվելով... լքում է երկիրը, քանզի նրա հոգում տեղ է արել ուրիշի հպատակ լինելը, հպատակության ներքո ապրելը։ Սա ո´չ նրա, նրա ծնողների ու պապերի հոգեվիճակի ու մտածողության արտահայտությունն է։
«...ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ` ԲԱՆՏԵՐԸ ԼՑՆԵԼՈ՞Վ»
-Դժվար է գտնել մի այլ իշխանապետություն, ուր զօր ու գիշեր հրովարտակներ են հղում տնտեսական բազմանիշ աճի մասին, երբ բևեռացումը մեծահարուստ և շարքային մահկանացուների միջև ահավոր բնույթ է ստանում, և ուր յուրաքանչյուր վարկային մուրում համարվում է տնտեսական մեծագույն հաղթանակ։ Այսպես էր Քոչարյանի տասնամյա իշխման օրոք։
-Գաղտնիք չէ, որ հայը աշխարհի ցանկացած երկրում բարեկեցիկ ապրող, հարգանք ու հեղինակություն վայելող մեկն է։ Իր հայրենիքում... թշվառ ու արհամարհված։ Պետք է լուծել այս խնդիրը։ Բայց ի՞նչ ճանապարհով` բանտերը լցնելո՞վ... Իմ անձնական կարծիքով, շատերը նրանցից բանտում պահվելիք մարդիկ չեն։ Բացում եմ այսօր թերթն ու տեսնում ինչ է կատարվել Պետրոս Մակեյանի հետ Գյումրիում։ Նրան ճանաչում եմ, պարկեշտ մարդ է։ ՈՒ ի՞նչ ենք ուզում սրանով իրականացնել։
-Պատճառներն այլ վայրում ու ժամանակներում պիտի փնտրել։ Փնտրել ու հասկանալ, թե, այսուհանդերձ, ի՞նչը մարդկանց փողոց ու հրապարակ դուրս բերեց։ Եվ հիշեցման կարգով. այս մարդկանց ճնշող մասը որևէ կապ չի ունեցել ո´չ ՀՀՇ-ի, ո´չ էլ Տեր-Պետրոսյանի հետ։
-Ես ինչո՞ւ հրապարակ գնացի։ Գնացի, քանզի տեղեկատվության կարիք ունեի։ Քանզի քաջ գիտեի, որ Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքի մասին և ո´չ մի հեռուստաընկերություն լիարժեք տեղեկություն չի հաղորդելու։ Եվ այդ խիստ խտրականությունը շարունակվում է մինչ օրս։
-ՈՒղևորվեցիք հրապարակ և՞...
-Առաջին երեք հանրահավաքին մասնակցել եմ որպես քաղաքացի, հայ մարդ։ Բայց ինձ ճանաչողներն անընդհատ պնդում-խնդրում էին, որ ամբիոն բարձրանամ։ Իրենք են ինձ փողոց հանել, փողոց ելնելու տրամադրություն չեմ ունեցել, տարիքս չի ներում... Ես կամենում եմ միացնել հեռուստացույցս ու հասկանալ` ի՞նչ է ասում և ի՞նչ է կամենում այդ մարդը, ինչո՞ւ է վերադարձել։ Սակայն քիչ անց հասկացա` նա չի վերադարձել, մենք ենք նրան հետ բերել։
-Եվ մարտի 1-ը...
-Դա մնում է մեծագույն ողբերգություն։ Մարտի 1-ը, սակայն, հանգուցային լուծումը չէ, որից հետո շարժումն այլ ճանապարհ է ընտրում։ Մարտի 1-ից հետո չփոխվեց ոչինչ, քանզի նրա կազմակերպիչներն անտաղանդ մարդիկ էին և ճերմակ սավանի վրա սև կարկատան դրեցին։ Նրանց թվաց, թե ինչ-որ բան քողարկում են։ Ամեն ինչ մեր աչքի առջև է կատարվել, կատարվել է ակնհայտորեն։ Ի վերջո, 10 մարդ զոհվեց, ու ո՞ր զոհի հետևից այս ամիսների ընթացքում հետաքննություն ընթացավ։ Ո՞ր կրակողի ձեռքը բռնեցին... Ինձ, ի վերջո, դրել են հիմարի տեղ, ես չեմ ուզում այդ պիտակը կրել։ Այս է խնդիրը։
-Կարծես թե ոչ միայն Ձեզ են փորձում հիմարացնել։ Հասարակության խնդիրը կա։
-Ես ինքս ինձ եմ ներկայացնում և չեմ գնում հանրահավաքի, որ հասարակություն դառնամ։ Ես քաղաքացի եմ, գնում եմ հրապարակ, տեսնում, որ աջ ու ձախ կողմերս ինձ պես մտածողներ են, ու մենք արդեն հասարակություն ենք։
-Ըստ Ձեզ, կարելի է ենթադրել, որ հանրահավաքից խուսափողները, մեղմ ասած, սիրահարված են իշխանություններին։
-Շատ են կշտամբում, որ մտավորականության մի մասը չի միացել հանրահավաքներին և հանրային երթերին։ Նրանց մի մասը հրապարակում էր, մյուս մասը` ոչ։ Յուրաքանչյուրն իր չափով։
«ԵՐԵԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՓՈԽՎԵԼ, ԱՅՍՕՐ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԵՍՆԵԼ»
-Բարեփոխումների մասին...
-Շատ կուզեի տեսնել։
-Ավելի ճշգրիտ, բարեփոխումների նոր հայկական գունազարդման մասին։ Պաշտոնապես հայտարարվում է, որ ողջ աշխարհում հացահատիկի գինը կտրուկ նվազել է, Հայաստանը, սակայն, ոչ մի կերպ չի ընդգրկվում «նվազման տիրույթում»։
-Սիրելիս, այստեղ արդեն գործ ունենք հայի անհամբերության հետ։ Երեկ իշխանություն է փոխվել, այսօր ուզում ենք բարեփոխումները տեսնել։ Պարզապես իրական քայլեր կատարելու փոխարեն շարունակում են բռնել ու նստեցնել մարդկանց, իմ գաղափարական ընկերներին։ Լավ, նստեցրեք, եթե կա դրա խիստ կարիքը։ Բայց գոնե մեկի մեղքը չե՞ք ուզում հիմնավորել։
-Կներեք, վարպետ, այսօր հաճախ են հնչեցնում հետևյալ հարցը. մթի ու ցրտի տարիներին քանի՞սը նստեցին, քանիսի՞ մեղք ապացուցվեց։
-Ես միակ դրամատուրգն եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների մասին ծանր, խիստ քննադատական պիես է գրել։ Այն տպագրվել է Կարինե Խոդիկյանի խմբագրած հանդեսում, բեմադրվել Սունդուկյանի բեմում։ Կոչվում է` «Անտերունչ սայլակ ձեղնահարկում»։
-Ձեզ, անշուշտ, պատիվ է բերում։ Սակայն ո՞ւր է ներկայացումը։
-Չգիտեմ, երկու ներկայացում խաղացվեց, հետո դադարեց, «չգնաց»։
-Հարյուրամյա դրամատուրգիական հնոտի «Պեպոն» շարունակ գնում է։
-Չգիտեմ, բայց ի՞նչն է բանը: Առողջ տրամաբանությունն ինձ հուշում է, որ մենք հաղթել ենք պատերազմում, և ո՞վ էր այդ պատերազմում իմ ու քո դաշնակիցը։ Կատա՞կ բան էր խորհրդային զորքերին դիմակայելը։ ՈՒրեմն` էդպես հեշտ շաղ չտանք «մութն ու ցուրտը»։
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵՆՔ ԵՆՔ ՀԵՏ ԲԵՐԵԼ»
-Ամեն դեպքում, անսպասելի չէր Տեր-Պետրոսյանի «հայտնությունը»։
-Կրկնում եմ` Լևոն Տեր-Պետրոսյանին մենք ենք հետ բերել, նա ո՞վ էր, որ հարյուր հազարներ փողոց դուրս բերեր։ Նրան հրապարակ բերեց նոր մտածողությունը, նոր տեսակի հասարակությունը, երկրի քաղաքացին էր հրապարակ եկել։
-Բրավո։ Ազնիվ ու խոր միտք է։ Բայց մոռանում ենք նրան, ում դեմ էր այս ամենը գլխավորապես ուղղված։ Ո՞վ էր նա։
-Ռոբերտ Քոչարյանը խորհրդային վարչահրամայական ապարատի տիպական ներկայացուցիչն էր` մտածողությամբ, հոգեբանությամբ ու խառնվածքով։ Եվ շատ շնորհալի մարդ, բայց, իմ դիրքերից անշուշտ ելնելով, սատանայի սպասավոր։
-Երբ նա իր առաջին կարգախոսը հռչակեց` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», դա չափազանց ազնիվ ու նպատակային էր հնչում... բայց վերաբերեց երկրի օլիգարխիային։ Ինչպիսի¯ հիացմունքով էր նա նետվում այս ու այն օլիգարխի հյուրանոցի կամ խաղատան ժապավենը կտրելու...
-Ցավոք, անծանոթ ես պարսկական մտքին. «Չտեսը նոր կապա է հագել, ոտն ի գլուխ աղտոտել է կապան»։
-Չհամոզեցիք, չնայած շատ պատկերավոր է ասված։ Խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչն այդ աստիճան չտե՞ս էր։
-Ի՞նչ էր նրան սովետը տվել, ո՞վ էր նա, Կևորկովի ենթական...
«ՀԱՅ ՄԱՐԴԸ ՆՈՐ ՈՐԱԿ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ, ԴԱՐՁԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ»
-Համազգային Կոնգրեսի մասին...

-Արդեն իսկ ողջունել եմ և ոչ ինքնաբուխ։ Կարծում եմ` Կոնգրեսի արտահայտությունն է Հասարակական պալատը։
-Կգործի, կյանք կունենա։
-Դժվար թե։ Թեև մարդիկ կան, որոնց բարձր եմ գնահատում։ Երբ բացում եմ որևէ թերթ ու Սոս Սարգսյանի մասին մի դառը խոսք կարդում, շատ եմ դառնանում։ Նա մեծ արտիստ է և քաղաքացի։ Ես, իհարկե, իրավունք չունեմ գնահատական տալու Սոսի ու Պերճ Զեյթունցյանի, իմ հիանալի ընկերոջ դիրքորոշումներին։ Պարզապես չեմ կիսում դրանք։
-Մեր զրույցը տպագրվելու է հունիսի 20-ին։ Սպասելիքնե՞րը։
-Հունիսի 20-ն աշխարհով մեկ ապացուցելու է, որ հայ մարդը հոգեբանական նոր որակ է ձեռք բերել, հայ մարդը դարձել է հայ քաղաքացի, ու նրան հին մեթոդներով այլևս հնարավոր չէ կառավարելի դարձնել։
-Ձեր դիրքորոշումները, ինչ խոսք, ճշմարիտ մտավորականի դիրքորոշում են։ Սակայն, որքան գիտեմ, հեռուստաեթերը փակ է Ձեր առջև։
-Է¯, թող նոր նախագահը վերաբացի «Ա1+»-ն ու դառնա բոլորիս աչքի լույսը։ Ի դեպ, մարտի 1-ից օրեր անց այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը հրավիրեց Սունդուկյանից Վահե Շահվերդյանին, Բարսեղ Թումանյանին և ինձ։ Մարդը կանչել էր զրույցի, և հետաքրքիր զրույց ընթացավ։ Ի՞նչն է կարևոր. Ս. Սարգսյանը զրույցի էր հրավիրել մարդկանց, ովքեր իր ճամբարից չէին։ Իհարկե, Վ. Շահվերդյանը թյուրիմացաբար էր այնտեղ։
-Հասկացա՞վ վարչապետն ու ընտրյալ նախագահը Ձեզ։
-Հասկացավ։ Բայց նա մենակ չէ, շրջապատ գոյություն ունի, հուշողներ կան, ակնարկողներ կան, չնայած հզոր մարդ է։
-Զրույցը ենթակա չէ՞ հրապարակման։
-Ինչո՞ւ։ Մի պահ, օրինակ, չհանդուրժեցի ու ասացի` Սերժ Ազատիչ, բա դա անելո՞ւ բան էր Արթուր Բաղդասարյանին անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելը, որին դեռևս գործող նախագահ Քոչարյանը հայտարարում է հայրենիքի դավաճան։ Պատասխանեց, որ քվեներ շատ ուներ։ է¯, ուրիշ բան առաջարկեիր, հոգիս, այլ ոչ թե պետության անվտանգությունը։ Գուցե այլ խնդիրներ կան, մեզ անհասկանալի։ Ինչևէ, Սերժ Սարգսյանը պետք է որ հրապարակավ իր կապերը խզի Քոչարյանից, քոչարյանական անցյալից։
-Ռոբերտ Քոչարյանը զարմանալի դյուրությամբ ու վարպետությամբ կարողացավ 10 տարի շարունակ այլասերել քաղաքական մշակույթը։ Երբեք չեմ եղել Արթուր Բաղդասարյանի համակիրը։ Սակայն Սերգո Երիցյանն ակներև դավում էր մի պահ իշխանությունը կորցրած իր ղեկավարին, և Քոչարյանը նրան իր նստավայրն է տանում։ ՈՒ սա դավ չէ՞ հասարակության հանդեպ։
-Հա¯, շատ կարևոր բանի հանգեցինք, և կուզենամ, որ էս միտքն անպայմանորեն հրապարակվի։ ԱԺ ընտրություններից առաջ` 2006-ի աշնանը, Ռ. Քոչարյանը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։ Հրավիրել էր չորս լրագրողի ու ասաց, որ ինքն այս ընտրություններում սատարելու է չորս կուսակցության։ Ո՞նց հասկանալ սա, չէ՞ որ դու ձեռքդ դրել ես երկու` VI դարի Ավետարանի ու Սահմանադրության վրա ու երդվել հավասար աչքով նայել բոլորին։ Մանավանդ, որ հասարակությունը քաջ ծանոթ է բնավորությանդ. մտքիդ դրել ես` կանես։ Ստացվեց, որ նա ուխտադրժություն կատարեց, դարձավ դրուժան, երդվեց, որ հավասար է նայելու բոլորին և վարեց անհավասարության, երկպառակության քաղաքականություն։ Այդ չորսն ԱԺ-ում են։ Նրանցից և ոչ մեկը հանդես չեկավ հայտարարությամբ, թե` ինչո՞ւ ես դու մեզ սատարում, չէ՞ որ մեզ սատարողը ժողովուրդն է։ Ընդունեցին այսպիսով դրուժանի խոսքը, և այս պառլամենտը հակաժողովրդական է։ Եվ ենթակա է լուծարման։ Քանզի անհնար է անբարո հիմքի վրա տուն կառուցել։ Այն էլ` պետական տուն։

Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6782

Մեկնաբանություններ