24.05.2013|
11:30
Հայ դասական դրամատուրգիայի նահապետ Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825 թ. հունիսի 6-ին` վաճառականի ընտանիքում, Անչիսխատ թաղամասում, ուր բնակվում էին վրաց ազնվականները և հայ մոքալաքները: 1832-1837 թթ. նախնական կրթություն է ստացել Շահան Ջրպետի և նրա ֆրանսուհի տիկնոջ մոտ, 1838-1840 թթ.` Արզանյան եղբայրների պանսիոնում, սովորելով` նաև վրացերեն, ռուսերեն, լատիներեն, ֆրանսերեն: 1840-1846 թթ. ուսանել է Թիֆլիսի ազնվականական գիմնազիայում, որն ավարտելուց հետո մեկնել է Պետերբուրգ և ընդունվել համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բանասիրության բաժին` սովորելով վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն: Ավարտելով համալսարանը` 1851-ին վերադարձել է Թիֆլիս, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրանոցում, ապա աշխատանքի անցել Կովկասի փոխարքայի դիվանատանը, որպես թարգմանիչ: