ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ
-Երբ սկսեցի սովորել հայերեն, ինձ թվում էր` երբեք չեմ հաղթահարի: Շատ դժվար լեզու է, բայց նաև` ճկուն, հարուստ, գեղեցիկ,-ասում է ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:- Հիմա գիտեմ, որ այնքան էլ դժվար չէ, պարզապես շատ է տարբեր հոլանդերենից»:
Աննան թարգմանչուհի է, ազգությամբ` հոլանդացի: Մարտիրոսյանն ամուսնու ազգանունն է: Ծանոթացել են Հոլանդիայում: ՈՒնեն չորս երեխա: Մեծ որդին իրավաբանական ֆակուլտետի ուսանող է, մյուսները դպրոցական են: Տանը խոսում են կա՛մ բացառապես հոլանդերեն, կա՛մ հայերեն, թեև երեխաները դժվարությամբ են հաղթահարում հայերենը` հասկանալի պատճառներով: Լեզուն խոսում է տվյալ երկրի մասին: Ոչ միայն հայերենն ու հոլանդերենն են տարբեր, այլև այս երկու բոլորովին տարբեր ազգերի ներկայացուցիչների մտածելակերպն ու ապրելաձևը: Ըստ Աննայի` ամենամեծ տարբերությունն ընտանիքի խնդիրն է: Հոլանդիայում ամեն մեկն իր համար է ապրում, «ընտանիք» հասկացություն չկա: Իրենց ընտանիքը նա համարում է հայկական: «Իսկ ճաշատեսակնե՞րը» -հետաքրքրվեցի խոհանոցային առօրյայից: «Խառնում ենք հայկականն ու հոլանդականը»,- ծիծաղելով պատասխանեց նա:
Աննա Մարտիրոսյանը երկար տարիներ թարգմանություններ է արել իսպաներենից: Արդեն երկու տարի է, ինչ հետաքրքրվում է հայ գեղարվեստական գրականությամբ: Թարգմանել է Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» գիրքը` նվիրված Ռուբեն Սևակին: Ներկայումս պատրաստ են տպագրության «Սասունցի Դավիթ» էպոսը (Նաիրի Զարյանի մշակմամբ) և Վահե Արսենի բանաստեղծությունների ժողովածուն (ներկայացրած մեծ ցուցակից հրատարակիչներն ընտրել են այդ երկուսը): Ժամանակակից հայ գրողներից Աննան առանձնացնում է Հովհաննես Երանյանին, Լևոն Խեչոյանին, Սուսաննա Հարությունյանին, կարդացել է Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» գիրքը, հավանել է, բայց ասում է, որ շատ է հայկական, Հոլանդիայում չեն հասկանա (Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության, ցավով իմացանք, որ Արմեն Մարտիրոսյանը մահացել է -Ա. Ս.): Հետաքրքրվեցի` «Սասունցի Դավիթ» էպոսը հասկանո՞ւմ են: Պարզվեց` հրատարակիչը շատ է հավանել մեր էպոսը: Աննան ինքն է ընտրում գրքերը, բայց ոչ` ըստ ճաշակի, պարզապես հաշվի է առնում, թե ինչը կհետաքրքրի հոլանդացիներին: Գրում է ծանոթագրություն, 20-30 էջ թարգմանում, ներկայացնում հրատարակչություններին ու սպասում պատասխանի: Հոլանդիայում սա մի քիչ անհասկանալի է, որովհետև սովորաբար տվյալ երկրի հրատարակչությունը պետք է ներկայացնի հեղինակներին: Հոլանդիայում նաև գրողների միություն չկա: Գրողն ինքն է հարթում իր ճանապարհը: Գրողը լավ է ապրում այստեղ, եթե շատ գրքեր է հրատարակել և ճանաչված է: Իսկ մինչև ճանաչման հասնելը հեշտ չէ, գրելուն զուգահեռ պետք է ուրիշ աշխատանքով փող վաստակի:
Առհասարակ, Հոլանդիայում գրողները շատ են, անընդհատ նորերն են ի հայտ գալիս: Հրատարակչություններ կան, որ օրը հիսուն ձեռագիր են ստանում և չեն հասցնում ամեն ինչ կարդալ, նայում են` ինչը հետաքրքիր է, մնացածը միանգամից արխիվ են ուղարկում: Շատ են նաև ընթերցողները, գրքերի վաճառքը գնալով աճում է: Կար ժամանակ` մարդիկ ավելի շատ զբաղվում էին համակարգչով, հիմա, կարծես, մի քիչ հոգնել են և նորից գիրք են կարդում: Ի՞նչ են գրում Հոլանդիայում, հետաքրքրվեցի:
«Անկեղծ ասած, նորագույն գրականություն այդքան շատ չեմ սիրում, գռեհիկ թեմաները մի քիչ շատ են, բայց վերջերս դրանից էլ են հոգնել, վերադառնում են ավելի փիլիսոփայական, դասական թեմաների, ավելի ճիշտ` գրում են ամեն ինչի մասին»,- ասաց:
Մարտիրոսյանների ընտանիքը գրեթե ամեն տարի Հայաստան է գալիս:
-Առաջին անգամ երբ եկա, ամեն ինչ շատ լավ էր, դրական, սիրուն` որպես զբոսաշրջիկ էի եկել,- ասում է հոլանդուհին,- հիմա հասկանում եմ լեզուն, տեսնում եմ նաև խնդիրները, թերությունները։ Ամեն ինչ չէ, որ այստեղ լավ է:
Թեև շատ է հավանում մեր երկիրը, այնուամենայնիվ, նրան դուր չի գալիս աղմուկը, երբեմն նաև մարդկանց վարվեցողությունը, օրինակ, թե ինչպես են վաճառողները սպասարկում հաճախորդներին: Սիրում է Հրազդանի կիրճը:
-Շատ հետաքրքիր է, գիտես, որ երկու կողմերում քաղաքը կա, բայց չի երևում, իսկ մեր Հոլանդիան հարթավայր է, սար ու ձոր չկա»,- ասում է Աննան:
Խոսեցինք նաև իսպանական գրականությունից: Իսպանիայում և Լատինական Ամերիկայում նույն լեզվով են գրում, բայց մտածելակերպը շատ տարբեր է: Իսպանական գրականությունը նախկինում առանձնացած էր, փակ, հիմա նման է եվրոպականին: Լատինաամերիկյան գրականության մեջ միաձուլվում են իրականությունն ու ֆանտազիան, շատ հետաքրքիր խառնուրդ է ստացվում: Թարգմանչուհին հայ ժամանակակից գրականության մասին որոշակի կարծիք չհայտնեց, Հայաստանի մասին էլ ասաց, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն իրենց ազդեցությունն են թողնում նաև գրականության վրա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ