«ՈՒսանողական ֆիլհարմոնիա» նախագծի շրջանակներում մարտի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման նպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանում իրական արվեստի, մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը:
Երեկոյի ընթացքում կհնչեն Կառլ Դավիդովի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Մոցարտի, Կոմիտասի, Աստոր Պիացոլլայի, Ռուբեն Ալթունյանի և Կառլոս Գարդելի ստեղծագործություններից:
Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10 %-ը նվիրաբերվելու է «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: