«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Լինելով մշեցի, մշեցու զավակ` չկարողացավ նահանջել իր սկզբունքներից, դարձավ ընդդիմություն և մնաց չհասկացված»

«Լինելով մշեցի, մշեցու զավակ` չկարողացավ նահանջել իր սկզբունքներից, դարձավ ընդդիմություն և մնաց չհասկացված»
22.02.2013 | 12:36

«Իրատես de facto»-ի հյուրն է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ` արձակագիր, գրականագետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ որդին: Հոր մահից տարիներ անց, ծննդյան 75-ամյակի առթիվ, նա հրատարակել է «Բառակերտ հուշարձան Հովհաննես Մելքոնյանին» գիրքը, որի շուրջ է հիմնականում ծավալվել մեր զրույցը: Այն հիշատակի տուրք է գրողի ծննդյան տարեդարձին, որը կնշվի փետրվարի 27-ին:


-Ռուբե՛ն, Հովհաննես Մելքոնյանը բավական ցավագին է արձագանքել Պարույր Սևակի` ավտովթարի զոհ դառնալուն: Մասնավորապես, նրա «Արյունարբու մրջյուններ» հուշ-պատմվածքը կարծես նախախնամության և կայացած փաստի հոգեվերլուծություն լինի: Տարիներ առաջ ինքն էլ ավտովթարի զոհ դարձավ: Լինելով այդքան տպավորապաշտ, զգացմունքային մարդ` երբևէ չի՞ խոստովանել, որ ինքն էլ ունի նման վախճանի արժանանալու մտավախությունը:
-Ընդհանրապես գրողը շատ հաճախ նմանվում է իր հերոսներին, ինչ-որ չափով դառնում նրանց նկարագրի կրողը: Իր կյանքի վերջին շրջանի հետաքրքրությունները պտտվում էին Պարույր Սևակի շուրջ, նրա ճակատագրական մահվան հանգամանքներն էր ուսումնասիրում: Ավելի ուշ սկսեց զբաղվել նաև Չարենցով: Եվ այս երկու գրողների ողբերգական ճակատագրերը կարծես համակել էին նրան լիովին: Ես դեռ փոքրուց գիտեի, որ հայրս միշտ զգուշանում էր փողոցն անցնելիս: ՈՒ նաև ուրիշներին, մեզ էր պատվիրում զգուշանալ: Եվ հետագայում ինձ համար ցավոտ մի բան իմացա: Ավտովթարից մոտ երկու ամիս առաջ նա մասնակցել է մի միջոցառման: Երբ դուրս են եկել փողոց, հայրս նայել է մի հեռացող մեքենայի հետևից և ասել. «Կյանքում ամենից շատ վախենում եմ մեքենաներից»: Սա արդեն վկայում է, որ նա ինչ-որ կանխազգացում ունեցել է: Այս դեպքի մասին պատմել է բանաստեղծուհի Մետաքսեն, և այդ հուշը գրառված է հորս նվիրված հուշերի գրքում:
-Հավելեմ, որ Մետաքսեի այդ հուշը տպագրվել է «Իրատես de facto»-ի էջերում։ Ձեր գիրքը շատ խոսուն վերնագիր ունի: Հիմա ոչ թե բառակերտ, այլ քարակերտ, մարմարակերտ, ոսկեձույլ հուշարձանների պաշտամունքի ժամանակներ են: Ի՞նչ եք կարծում, Հովհաննես Մելքոնյանի նման մարդիկ ու նրանց հիշատակը հավերժացնող արժեքները պիտի կարողանա՞ն հետ պահել հասարակությանը տոտալ նյութապաշտությունից:
-Հույս ունեմ, որ այդպես կլինի: Եվ վստահ եմ, որ հասարակության սերուցքի մեջ միշտ էլ բառակերտ հուշարձանները գնահատող մի խավ, մի շերտ, այնուամենայնիվ, կա, որի ձայնն այսօր այնքան էլ լսելի չէ, գործն այնքան էլ տեսանելի չէ, ցավոք: Այո՛, այսօր գերիշխող են այսրոպեական նյութապաշտական որակները, բառակերտ հուշարձանների արժևորման ժամանակներ չեն: Բայց ես գիրքը վերնագրել եմ այդպես` շատ երկար մտածելով այդ ընտրության մասին: Սկզբում մտածում էի հուշերի գրքին բնորոշ մի ստանդարտ վերնագիր դնել, բայց հետո թերթեցի հորս գրառումները: Նա բազմաթիվ տարբերակներ է գրառել` որևէ վերնագիր ընտրելու նպատակով: Գրքի առաջաբանում գրել եմ` քանի որ հայրս կենցաղում էլ դեմ էր շռայլություններին, ավելորդ շքեղություններին, ես էլ նրա 75-ամյակը որոշեցի նշել այս գրքի տեսքով, ոչ թե նախապես ունեցածս որոշման համաձայն` նրա շիրմին քարե կիսանդրի կանգնեցնելով: Նրա գրառումներում այսպիսի միտք կար. երբ քաղաքում ավելանում են շքեղ գերեզմանները, նշանակում է` շատացել են գողերը: Այս գրառումը ամբողջովին հեղաշրջեց ինձ, և ես որոշեցի հորս հիշատակին կանգնեցնել բառերի հուշարձան: Վերնագիրը հենց այդտեղից ծնվեց: Այս գրքում եղած խոսքերը գնահատանքի խոսքեր են, որոնք յուրօրինակ հուշարձան են գրող, գիտնական Հովհաննես Մելքոնյանի հիշատակին:

-Ինչպե՞ս կարժևորեք գիրքը` որպես հեղինակ և որպես Հովհաննես Մելքոնյանի զավակ:
-Ես իսկապես այդ երկվությունն ունեցել եմ. պահպանել օբյեկտիվությունը` որպես գրքի կազմող, խմբագիր, և տուրք չտալ սուբյեկտիվիզմին` որպես որդի: Ի վերջո, հրատարակության եմ ներկայացրել մի քանի անգամ խմբագրված, փոփոխությունների ենթարկված տարբերակը: Փորձել եմ զերծ մնալ տարատեսակ գրական վեճերի, բամբասանքների դաշտը մտնելու գայթակղությունից: Փորձել եմ հնարավորինս զուսպ ներկայացնել գրողին, այն ժամանակաշրջանը, որում նա ապրել է, այն խնդիրները, որոնք նա ունեցել է: Եվ ամբիոնը տրամադրել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի տարբեր փուլերում առնչվել են հորս հետ: Դրանք նրա գրող ընկերներն են, գրականագետները, դերասանները: Նույնիսկ գտել եմ այնպիսի մարդկանց, ովքեր թեկուզ մտերիմ չեն եղել Հովհաննես Մելքոնյանի հետ, բայց ինչ-որ մի դրվագի սահմաններում առնչվել են, ինչ-որ հետաքրքիր հուշ, հուզիչ պատմություն ունեն` կապված նրա հետ: Օրինակ` ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթոն` Հաղթանակ Շահումյանը, որ նրա հետ ճանապարհորդել է Ամերիկայում, կամ նրա դասընկերը, որի հետ հայրս սովորել է Գյումրիի Ղ. Աղայանի անվան դպրոցում, պատմել են փոքրիկ դրվագներ հորս կյանքից: Ես փորձել եմ այդ ամենն ամփոփել գրքում: Իմ գլխավոր նպատակը` որպես գրքի խմբագրի, եղել է հորս կերպարի հնարավորինս բազմակողմանի բացահայտումը: Հովհաննես Մելքոնյանը եղել է 60-ականների գրական կյանքի ակտիվ ներկայացուցիչը, որոշակի վարչական դիրք է զբաղեցրել գրական դաշտում, բայց ինչ-ինչ պատճառներով, կարծում եմ, լավ չի ներկայացված գրականագիտության մեջ։ Ես ցանկացել եմ այդ բացն ինչ-որ կերպ լրացնել: Եվ գրքում հանդես եկած հուշերի հեղինակներն էլ խոստովանել են, որ շատ հաճախ իրենք գնահատականներում ժլատ են եղել Հովհաննես Մելքոնյանի կենդանության օրոք, և գիրքը յուրօրինակ հարթակ է դարձել այդ ուշացած, ժամանակին չասված խոսքերի համար: Իմ գլխավոր նպատակը, երևի թե, կատարված է, և ես դրանից լավ եմ զգում: Կա ևս մի կարևոր խնդիր. ես փորձել եմ այս գրքի մեջ կարմիր թելով անցկացնել Հովհաննես Մելքոնյանի կերպարը, խոսքերը, մտածելակերպը: Դա լավագույնս երևում է գրքի վերջում: Ես առաջին անգամ տպագրել եմ Հովհաննես Մելքոնյանի և Մուշեղ Գալշոյանի նամակագրությունը: Նրանք հոգեհարազատ, գաղափարակից ընկերներ են եղել: 1970-71 թթ. Մուշեղ Գալշոյանը գտնվում էր Մոսկվայում, և նամակագրական կապ էր հաստատվել նրա ու հորս միջև: 10-ական նամակ են նրանք գրել իրար, որոնցում ոչ այնքան կենցաղային, անձնական խնդիրներ են քննարկել, որքան գրական, գաղափարախոսական: Եվ ես այդ նամակներն այնպես եմ համադրել ու տեղադրել գրքում, որ դա դարձել է յուրօրինակ հարցուպատասխան երկու ընկերների միջև: Այդտեղ երևում է 1970-ականների հայկական գրական միջավայրը, ազգային խնդիրներով զբաղվող գրողների նկարագիրը, գրականագիտական մտքի ընթացքը: Կարծում եմ` դա ևս բացահայտում է գրողի կերպարը: Գրքի առաջաբանի հեղինակն եմ ես: Նաև մի հոդված ունեմ, որ կոչվում է «Շարունակվող և շարունակական զրույց»: Ես փորձել եմ ներկայացնել կյանքի այն ընկալումը, որը հորիցս փոխանցվել է ինձ: Ես երկու ուխտ եմ արել իր մահից հետո: Մեկը վերաբերում է պապիս` Ռուբեն Մելքոնյանին, ում անունն եմ ես կրում: Հովհաննես Մելքոնյանը երեք տարեկանում էր հորը կորցրել և անսահման հայրապաշտ էր: Նրա բոլոր գրքերը նվիրված են հորը: Պապս մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Գերի է ընկել, ապա եղել է Հայկական լեգեոնի կազմում: Եվ հետագայում համագործակցել է հոլանդական դիմադրության շարժման հետ, սպանվել գերմանացիների կողմից ու թաղվել Հոլանդիայում` զինվորական պանթեոնում: Հայրս ամբողջ կյանքում փնտրել է իր հորը: Եվ միայն նրա մահից հետո ես կարողացա գնալ Հոլանդիա, գտնել պապիս շիրիմը և նրա զոհվելու վայրը, որտեղ հուշարձան է կանգնեցված` ի հիշատակ յոթ հայերի: Քրիստոնեական մոտեցմամբ մարդը հող է և հող է դառնում: Ես, այդ տրամաբանությանը հետևելով, մի բուռ հող բերեցի պապիս գերեզմանից և լցրի հորս շիրմին: Եթե մարդը, ի վերջո, հող է դառնում, ես մտածում եմ, որ թեկուզ հետմահու այդ կերպ հայր և որդի կմիավորվեն:
-Ասում եք, որ Հովհաննես Մելքոնյանին քիչ են գնահատել, բայց Հովհաննես Շիրազի նման անաչառ մարդն այսպես է արտահայտվել նրա մասին. «Մեր նորօրյա հայ Գոգոլն է»: Դուք հավանաբար նկատի ունեք կյանքի վերջին տարինե՞րը, երբ Հովհաննես Մելքոնյանը հայտնվել էր հայ գրականության ընդդիմադիր դաշտում, հիմնադրել էր Հայ գրողների միավորումը և մի տեսակ օտարված էր ընդհանուր գրական կյանքից: Այդ տարիներին ինչպե՞ս եք անդրադարձել գրքում:
-Իհարկե, այդ տարիներին անդրադարձել եմ: Դրանք այն տարիներն էին, երբ հայրս, ըստ էության, անտեսվեց գրական դաշտում: Պատճառն այն էր, որ նա, հետևելով ժամանակի տրամաբանությանը, 1990-ականներին առաջարկել էր վերանվանել Հայաստանի գրողների միությունը Հայ գրողների միության: Դա հնարավորություն կտար սփյուռքահայ գրողներին նույնպես անդամակցելու այդ կառույցին: Լինելով մշեցի, մշեցու զավակ` չկարողացավ նահանջել իր սկզբունքներից, դարձավ ընդդիմություն և մնաց չհասկացված: Շատերը դա անվանեցին անձնական ամբիցիաների դրսևորում, և Հովհաննես Մելքոնյանը, ըստ էության, դարձավ թիրախ` անտեսման թիրախ: Ես երբևէ չեմ կարող հասկանալ, որ Գրողների համահայկական համագումարին Հովհաննես Մելքոնյանն անգամ հրավիրված չէր, հրավիրատոմս անգամ չէր ստացել, այն դեպքում, երբ այդ համագումարին մասնակցում էին ամենաանհայտ, սկսնակ գրողները: Անկախ գրական, քաղաքական, գաղափարական հայացքներից` այս բանն անթույլատրելի էր: Եվ նմանատիպ շատ այլ խնդիրներ կային վերջին տարիներին, երբ գնահատվում էին ոչ իսկական արժեքները: Այդ երևույթը բնորոշ էր նաև գրականությանը: Այն գրքերը, որ տպագրվում են այսօր, այն գրողները, ովքեր պետական մրցանակների, մեծարանքի են արժանանում, դրանք չեն իրական արժեքները: Իրական արժեքները, ինչպես հաճախ, այս դեպքում էլ անտեսվում են: Ես դա նկատի ունեի` ասելով, որ վերջին տարիներին ինչ-ինչ անձնական, սուբյեկտիվ պատճառներով հայրս անտեսված էր գրական դաշտում:
-Ձեր կազմած գրքում կան նաև այդ անտեսողների հուշերը, այո՞:
-Ես փորձել եմ հրապարակ ստեղծել տարբեր կարծիքների համար: Հովհաննես Մելքոնյանին լավ ճանաչողները գիտեն, որ նա մտերիմների շատ լայն շրջանակ չուներ: Թույլ չէր տալիս, որ իրեն մոտենան: Եվ գրքում հանդես են եկել մարդիկ, ովքեր Հովհաննես Մելքոնյանի հետ եղել են տարբեր ճակատներում, բացահայտ քննադատել են իրար: Բայց մարդիկ, խորքային առումով, գնահատանքի խոսքեր ունեին, որոնք ասվեցին այս գրքի շրջանակներում: Մասնավորապես մարդիկ կան, ովքեր խոստովանություններ են արել` կապված գրողների երկու միությունների առճակատման հետ, մարդիկ, ովքեր այն ժամանակ եղել են Հովհաննես Մելքոնյանի ընդդիմախոսների մեջ և բացահայտ հալածել են հորս: Նույն Աբգար Ափինյանը խոստովանել է, որ իրեն ստիպել են Հովհաննես Մելքոնյանի ձեռքից վերցնել նրա աշխատասենյակը, երբ անգամ իրերը դուրս բերված չէին այնտեղից: Եվ նմանատիպ այլ դեպքեր: Կան նաև ուշացած խոստովանության խոսքեր այն մասին, որ գուցե և Հովհաննես Մելքոնյանը ճիշտ էր, և իրենք չեն կարողացել նրան հասկանալ ու գնահատել:
-Հովհաննես Մելքոնյանը պարզապես ստեղծագործող, գրող չէր: Նա գիտնական էր, գրականագետ: Ինչպե՞ս էր նրա մեջ համադրվում գիտնականի հավասարակշռված, կանոնիկ էությունը գրողի հախուռն, զգացմունքային որակների հետ:
-Կարծում եմ, որ այդ երկու էությունները նրա մեջ միաձուլվել էին, և նա դարձել էր մի փոքր ստանդարտից դուրս գրող և ստանդարտից դուրս գրականագետ: Եթե նա մի բան սիրում էր, սիրում էր, չէր սիրում, չէր սիրում: Դա և՛ գեղարվեստական գործերին էր վերաբերում, և՛ ավելի շատ` գրականագիտական հայացքներին: Նա միշտ արտահայտում էր իր հստակ կողմնորոշումը և դրանով տարբերվում գործող չափանիշներից: Դա ինչ-որ տեղ պետք էր, որովհետև այդպես ճեղքվում էր լճացման, ճահճացման մթնոլորտը գրական դաշտում:
-Դուք նաև հրատարակության եք պատրաստում Հովհաննես Մելքոնյանի երկերի լիակատար ժողովածուն: Քանի՞ հատոր այն կկազմի, և որքա՞ն ժամանակում կավարտեք գործը:
-Կենդանության օրոք հայրս արդեն թղթապանակներում դասդասել էր իր ստեղծագործությունները և մտածում էր, որ դրանք կկազմեն 7 հատոր: Ես ենթադրում եմ, որ կլինի 5-6 հատոր: Այս տարի մենք ընթերցողներին կներկայացնենք երկերի ժողովածուի առաջին հատորը: ՈՒզում եմ մեկ հատոր առանձին նվիրել նրա հրապարակախոսական բնույթի գործերին: Սա շատ եմ կարևորում: Հիմա հաճախ են խոսում այն մասին, որ գրողը չի մասնակցում հասարակական, քաղաքական կյանքին, մեր շուրջը կատարվող իրադարձություններին չկա գրողի արձագանքը: Ես այդ հատորով ուզում եմ ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետության կյանքի տարբեր փուլերում, տարբեր ցնցումների ժամանակ Հովհաննես Մելքոնյանը արձագանքել է կատարվածին` որպես անկախ գրող, մտավորական` չունենալով ոչ մի կուսակցական պատկանելություն: Նա ցույց է տվել, որ գրողը պիտի միշտ լինի ընդդիմադիր. ոչ թե ընդդիմադիր կուսակցական, այլ ընդդիմադիր` որպես հասարակական, քաղաքական տարբեր երևույթներն առողջ քննադատող անհատականություն: Եվ այդ քննադատությամբ էլ նա պիտի փորձի ճիշտ ուղղորդել այն ընթացքները, որոնք առկա են հասարակության, պետության կյանքում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ