«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Եթե հագնում են մինիմում 3000-դոլարանոց բրենդ հագուստի վատ պատենտը» (ֆոտոշարք)

«Եթե հագնում են մինիմում 3000-դոլարանոց  բրենդ հագուստի վատ պատենտը» (ֆոտոշարք)
18.01.2013 | 13:51

ՄԱՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ստեղծում է աշխարհում նմանը չունեցող բացառիկ կոշիկներ: Թե ինչ է կատարվում աշխարհում, մեզ այդքան էլ հայտնի չէ: Իսկ թե ո՞րն է լավ կոշիկի չափանիշը, ի՞նչ կոշիկներ է նախընտրում հայկական էլիտան, կպատմի թանկարժեք կոշիկների հայ վարպետը:
Կոշիկների դիզայնով Մամիկը սկսել է զբաղվել 1994-ից: Դիզայներական մասնագիտություն չունի, նրբությունները սովորել է իտալացի վարպետներից:

-Մամիկ, եթե ստեղծում եք աշխարհում նմանը չունեցող բացառիկ կոշիկներ, սա նշանակում է, որ Ձեզ գիտե՞ն աշխարհում:
-Ես աստղ չեմ, որ ինձ ճանաչեն: Բայց ունեմ հաճախորդներ Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, արաբական երկրներից, Ամերիկայից:
-Հայտնի ֆիրմաների՞ց, թե՞ անհատ-մոդելավորողներից են օգտվում նրանք, ովքեր կարող են և ուզում են նորաձև լինել: Ո՞վ է Ձեր հաճախորդը:
-Նա, ով գիտի իր արժեքը, ով շինծու բրենդ հագնող չէ, ով ուզում է միակը լինել, ոչ թե մարդկանց պատմել, թե ինչ արժե իր կրած շորը կամ կոշիկը:
-Իհարկե, թանկ արժեն լավ կոշիկը, հագուստը:
-Թանկ արժե, եթե դու այդ հագուստը գնելու իրավունք չունես, իսկ եթե ունես, սովորական գներ են, որովհետև հասկանում ես, թե ինչից է պատրաստված, ոչ թե համեմատում ես չինական ապրանքի հետ ու ասում` թանկ է:
-Ասում են` ցուցադրելու եք աշխարհի ամենաթանկ կանացի կոշիկը, որը կարժենա մոտ 35000 Եվրո:
-Նախ ասեմ, որ ավելի թանկ կոշիկներ կան: ՈՒղղակի դրանց թանկությունը պայմանավորված է նրանով, որ մեկի վրա ադամանդ կա, մյուսը ոսկուց է: Ես այդ կոշիկը պատրաստել եմ սև կոկորդիլոսի կաշվից (որը համարվում է այսօր ամենաթանկ կաշին աշխարհում) և կնոջ մազերից: Պատկանում է Քիմ Քարդաշյանին:
-Հայաստանում մրցակից ունե՞ք:
-Ոչ: Եթե մեկը ասի, որ կարող է անել այն, ինչ ես եմ անում, պատրաստ եմ «գրազ գալու» և թողնելու գործս:
-Ձեր կոշիկները գնում են մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Որովհետև նրա՞նք կարող են իրենց թույլ տալ թանկ հաճույքներ, թե՞ որովհետև նրանք «աստղեր» են:
-Մեր շոու-բիզնեսի ոչ բոլոր աստղերն են օգտվում իմ կոշիկներից: Խնդիրը գումարը չէ. եթե պատվիրատուն ինձ չի հետաքրքրում, եթե ձևի համար է հագնվում, փողը չի օգնի այս դեպքում:
-Ձեր կարծիքով` նրանք, ովքեր չեն կարող մինիմում 1000 դոլար արժողությամբ կոշիկ կամ շոր գնել, ձևի համա՞ր են հագնվում:
-Այո, եթե հագնում են մինիմում 3000-դոլարանոց բրենդ հագուստի վատ պատենտը:
-Ո՞վ է ապահովում Ձեր փիարը:
-Ինձ ճանաչում են բերում իմ աշխատանքներն ու իմ հաճախորդները: Ես երբեք գումար չեմ տվել, որ ինձ գովազդեն ամսագրերում կամ հեռուստատեսությամբ: Ինձ միշտ հրավիրում են:
-Դուք ասել եք, որ հեղինակն եք աշխարհում մեկ ամբողջական կտորից կոշիկի, որը չունի ոչ կտրվածք, ոչ կարեր: ՈՒզում եք ասել, որ աշխարհում չկա՞ նման բան:
-Ասեմ, որ նման կոշիկ կարել է մի ֆրանսիացի, բայց ցուցադրել է կաղապարով: Ես կոշիկի թե՛ ներսը, թե՛ դուրսը կարել եմ ամբողջական կտորից: Դա ամենահայկական կոշիկն է, որովհետև վրան պատկերված են հայկական գորգի գույները և Լևոն արքան:
-Չգիտեմ, Լևոն արքան որքան ուրախ կլիներ այդ պատվի համար, ամեն դեպքում, ո՞վ է պատվիրատուն ամենահայկական կոշիկի:
-Ես այն նվիրել եմ Վահրամ Պետրոսյանին:
-Փաստորեն, նվիրո՞ւմ եք Ձեր գործերը:
-Իհարկե, նվիրում եմ, շատ եմ սիրում ուրիշների համար անել այն, ինչ կուզեի, որ ինձ համար անեին:
-Ասենք, Դուք կոշիկ կնվիրեիք որևէ անկոշիկ երեխայի՞, թե՞ անպայման հայտնի մեկին:
-Անկոշիկ երեխաներին նվիրել եմ, նվիրում եմ, համոզված եղեք: ՈՒղղակի ես դա անում եմ, որ Աստված տեսնի, ոչ թե լուրերով ցույց տան կամ թերթերում գրեն: ՈՒրիշները ցուցադրելու համար են անում, ես` ինձ համար:
-Ի՞նչ արժեն Ձեր ստեղծած կոշիկները, ո՞րն է գնացուցակի ամենաբարձր և ամենացածր սանդղակը:
-Գները փոփոխական են, եթե պատվիրատուն աղջիկ է, գուցե չվերցնեմ գումար, որովհետև ինձ հաճելի է նրան տեսնել այդ կոշիկներով: Իսկ տղամարդկանց կոշիկները հասնում են մի քանի միլիոն դրամի: Կամ ուղղակի 100 դոլարով եմ վաճառում, եթե այդ պահին ինձ փող է պետք:
-Ձեր կոշիկները հարմարավե՞տ են: Թե՞ կարևորը ինքնատիպությունն է, թեկուզ զոհերի գնով:
-Հարմարավետ են, անհոտ, թեթև:
-Ի՞նչ չեք կարի:
-Չեմ կարի չարոխ, բոթասանման կոշիկ, տափակ տակացուներով կոշիկներ, լաթիկ, կանանց ցածրակրունկ կոշիկներ:
-Իսկ մեր քաղաքական այրերը նո՞ւյնպես օգտվում են Ձեր կոշիկներից:
-Բացի նախագահից և վարչապետից` բոլորը:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 15663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ