ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Իմ մեծ մայրն էլ դաջվածքներ ուներ»

«Իմ մեծ մայրն էլ դաջվածքներ ուներ»
13.07.2012 | 01:31

Շվեդաբնակ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի աղմկահարույց «Տատիկին դաջվածքները» (2011 թ.) ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Խարտալյանը փորձում է հետաքննել իր մահացած տատի` Խանումի կյանքի իրական պատմությունը, ում, ջարդերի օրերին, 12 տարեկան հասակում բռնաբարել էր քուրդ կապիտանը, և անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915-ի Ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ:
«Խանում տատը մյուսների նման չէր: Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում: Խուսափում էր ֆիզիկական շփումից: Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում: Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները: Թաքցնելով իր գաղտնիքը»,- այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին:
Ֆիլմը ցուցադրվել է արաբական 200-միլիոնանոց լսարան ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով, եվրոպական մի շարք երկրներում: Չնայած գործադրվող ճնշումներին, այն ցուցադրվել է նաև Թուրքիայում` Կանանց միջազգային կինոփառատոնի ընթացքում: Թուրքական մամուլը ֆիլմը որակել էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզարշավ», ուր, իբր, ամեն ինչ ներկայացված է միակողմանի: «Որոշ թերթեր գրեցին, իբր դաջվածքները վտանգավոր չէին, թերևս բարի կամեցողության նշան էին, որ փրկում էին այդ աղջիկների կյանքը,- ասում է ռեժիսորը:- Իմ պատասխանն այս հարցին շատ հստակ է: Կյանքը ազատեցին, բայց ի՞նչ գնով, պարտադրաբար դարձնելով թուրք, արաբ, քուրդ: Սա ցեղասպանության մասին հռչակագրի 3-րդ կետն է. բռնությամբ խմբի անդամներին մեկ այլ խումբ տեղափոխելը»:
Խարտալյանը Թուրքիայում ֆիլմի ցուցադրությունից հետո նաև հարյուրավոր այլ բնույթի նամակներ է ստացել: Հիմնականում ասվել է հետևյալը` «Իմ մեծ մայրն էլ դաջվածքներ ուներ»:
Ակնհայտ է, որ «Տատիկին դաջվածքները» հուզել է հազարավոր մարդկանց սրտեր, իսկ կարո՞ղ է ինչ-որ բան փոխել քաղաքական դաշտում` ի նպաստ Ցեղասպանության ճանաչման: «Ես նման ամբիցիաներ չունեմ, թե հայկական հարցը պիտի լուծեմ այս ֆիլմով,- ասում է ռեժիսորը:- Բայց վերջերս մի տեսանյութ եմ ստացել, որտեղ ամերիկացի կոնգրեսմենը Ցեղասպանության ճանաչմանը նպաստող իր ելույթում մեջբերում է «Տատիկին դաջվածքները»` որպես նոր իրադարձություն` դաջված կանանց իրականություն:
Իմ ֆիլմերը հարցեր չեն լուծում, բայց օգնում են, որ այն խնդիրների մասին, որ նկարահանում եմ, ավելի շատ խոսվի»:
Շվեդաբնակ ռեժիսորը ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում: 1988-ին նկարահանած «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը կինոյի պատմության մեջ առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է Հայոց ցեղասպանության մասին: Այն, որպես լավագույն շվեդական կինոնկար, արժանացել է «Ոսկե բզեզ» մրցանակի, որն «Օսկարի» համարժեքն է Շվեդիայում: Խարտալյանն իր գործերում անդրադարձել է նաև արցախյան պատերազմին, այս թեմայով երկու կինոնկար է ստեղծել: Նա չի ժխտում, որ իր բոլոր ֆիլմերը, գուցե, տանում էին դեպի «Տատիկին դաջվածքները», դեպի ինքնության վերադարձը:
«ՈՒզում էի այնպիսի ֆիլմ նկարահանել, որ «ցեղասպանություն» բառը չգործածվի, բայց յուրաքանչյուր մարդ հասկանա, որ դա իմ ինքնությունն է,- ասում է նա:- Այս պատմությունը, ասես, ինձ հետ էր եղել: Մեր ընտանիքն ապրում է դրա հետ, հաշտվում ենք, բայց չենք մոռանում»:
Տատիկի դաջվածքները տարիներ անց թոռնուհուն ստիպում են սեփական մարմնի վրա զգալ հարազատի կրած ստորացումները, և դա բնական է. սեփական ազգի հոգու, կենսագրության դաջվածքներն ի՞նչը պետք է ջնջի:
Հատկանշական է, որ Եղեռնը վերապրածներն իրենց զավակներին պատմել են Անդրանիկի, Նժդեհի մասին, հայկական երգեր են երգել, բայց ստորացումների մասին հիմնականում լռել են:
Սա էլ է բնական, որովհետև իրական ցավը լուռ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ