Նորարար-փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որտեղ կներկայացվի ավելի քան 300 ֆիլմ` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Արգենտինայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Թուրքիայից և այլ երկրներից: «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգին մասնակցում է 61, «Կարճ ֆիլմեր» անվանակարգին` 23, իսկ «Կինո առանց սահմանի» անվանակարգին` 17 ֆիլմ: Մրցութային ծրագրում ներկայացված է 101 ժապավեն, արտամրցութայինում` 199:
Փառատոնը հիմնադրվել է 2003-ին, սկզբնապես ունեցել է 13 մասնակից: Տարիների ընթացքում ընդլայնվել է, ավելացել են նաև տարբեր անվանակարգեր: Որքանո՞վ են ակտիվ մեր հայրենակիցները: Փառատոնի հիմնադիր-նախագահ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷԻ խոսքով` Հայաստանից բավարար քանակությամբ մասնակից ունենք, ինչն ապահովում է բուն փառատոնի կենսունակությունը: «Իհարկե, «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում գերիշխողը հայկական արտադրությունն է,- մեզ հետ զրույցում ասաց նա,- իսկ «Կարճ ֆիլմերի» և «Կինո առանց սահմանի» անվանակարգում` ճիշտ հակառակը: Բայց սա հենց այն իրական պատկերն է, որի դեմ և որի համար էլ հենց կազմակերպվում է մեր փառատոնը` նպաստել Հայաստանում կինոարվեստի զարգացմանը: ՈՒրիշ նպատակ գոյություն չունի»: «Մեկ կադրն» իր ձևաչափով կարո՞ղ է նպաստել Հայաստանում նոր կինոյի ձևավորմանը, հարցրինք պարոն Ղազարէին։ Իր ձևաչափով «Մեկ կադրն» արդեն 10 տարի նպաստում է Հայաստանում կինոյի, ու կինոարվեստի հանդեպ պատկառանքի, արտադրության նախաձեռնողականության ու ազատականացման զարգացմանը»,- ասաց փառատոնի նախագահը:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ արձագանք է գտնում «Մեկ կադրը» արվեստագետների շրջանում, լրատվամիջոցներում և այլուր, Գագիկ Ղազարէն հստակեցրեց. «Մեկ կադր» փառատոնը արձագանք է գտնում ոչ պաշտոնական, ոչ պետական` ազատ, անկաշկանդ, ստեղծարար կենսադաշտում, ինչի համար շատ ուրախ ենք: Կարծում եմ` մեր փառատոնն ապագայամետ է, որովհետև քայլ առաջ է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ