ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Կատաղած ցուլն» ընդդեմ «Մսագործի»

«Կատաղած ցուլն» ընդդեմ «Մսագործի»
10.02.2009 | 00:00

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
ՈՒղիղ մեկ տարի առաջ, իսկ ավելի ստույգ` 2008-ի փետրվարի 2-ին, Ֆիլիպիններում ABF տարբերակով թեթևագույն քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ և ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցամարտում մրցավարները ոչ-ոքի արձանագրեցին։ Այս հանդիպման հաղթողը պետք է դառնար աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ։ Քանի որ Դարչինյանը հավակնորդների դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 5-րդ, իսկ Գորեսը` 6-րդ տեղը, ուստի հենց ինքն էլ իրավունք նվաճեց հանդիպելու ABF տարբերակով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին։ «Կատաղի ցուլ» մականունով Վախթանգ Դարչինյանը, ինչպես և խոստացել էր, նոյեմբերի 1-ին պարտության մատնեց WBA և WBC տարբերակներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Քրիստիան Միխարեսին, առաջինը նվաճեց թեթևագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը և իր տեղը գտավ բռնցքամարտի պատմության մեջ։ Կատարյալ երջանկության համար վանաձորցի բռնցքամարտիկին չէր բավականացնում ընդամենը մեկ քայլ` ծնկի բերել WBC տարբերակի աշխարհի ժամանակավոր չեմպիոն, «Մսագործ» մականունով մեքսիկացի Խորխե Արսեին։ Եվ ահա անցած կիրակի ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայացավ այդ մարտը։
Արսեն պրոֆեսիոնալ ռինգում նորեկներից չէ։ 29-ամյա մեքսիկացին մինչ այս անցկացրել է 56 մարտ, տարել 51 հաղթանակ, որից 39-ը` նոկաուտով, կրել 4 պարտություն և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի։
33-ամյա Վախթանգն անցկացրել է 33 մարտ, տարել 31 հաղթանակ, որից 29-ը` նոկաուտով, կրել մեկ պարտություն և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի։
Վախթանգը վաղուց էր ցանկանում հանդիպել Արսեի հետ։ Դեռևս 2006 թվականին հայտարարեց, որ իր գլխավոր նպատակն է մենամարտել WBC տարբերակով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Արսեի հետ։ «Եթե նա չի վախենում և մտածում է, որ ուժեղ է, թող հանդիպի ինձ հետ։ Ես վստահ եմ, որ կծեծեմ նրան։ Ես նրան նոկաուտի կենթարկեմ»,- ասել էր Դարչինյանը։
Թեև ուշացումով, այնուամենայնիվ, Արսեն պատասխանեց Դարչինյանի մարտահրավերին, չմոռանալով խոստովանել, որ իր համար դժվարին մարտ է լինելու.
-Դարչինյանը շատ ուժեղ բռնցքամարտիկ է։ Ես դիտել եմ նրա վերջին երկու մարտերը և համոզվել, որ նա տիրապետում է հուժկու հարվածների, սակայն ունի նաև տեխնիկական շատ թերություններ, որոնք ես պատրաստվում եմ օգտագործել։ Դարչինյանն առավել վտանգավոր է առաջին ռաունդներում, այնուհետև նրա ուժերը նվազում են։ Ես շատ լավ եմ նախապատրաստվել մարտին, որպեսզի դիմակայեմ մրցակցիս մեկնարկային գրոհներին, իսկ այնուհետև առավելության կհասնեմ մյուս ռաունդներում,- ասել էր մեքսիկացին։
12-ռաունդանոց մարտը սկսվեց Դարչինյանի հուժկու գրոհներով, և «Մսագործին» ոչինչ չէր մնում, քան նախ մտածել սեփական պաշտպանության մասին։ Վախթանգը, ճիշտ է, խոստացած չորս ռաունդում չկարողացավ փակել մեքսիկացու հաշիվները, սակայն 11 ռաունդ տևած մարտը վերջինս դեռ երկար կհիշի։ Այս մարտում պարզվեց, որ Դարչինյանը ոչ թե մեկ, այլ երկու ձեռքի բռնցքամարտիկ է, և նրա աջը պակաս վտանգավոր չէ, քան ձախը։ Եվ Արսեին ոչինչ չէր մնում անելու, քան վերջին ռաունդից առաջ մոտենալու աշխարհի բացարձակ չեմպիոնին և ընդունելու իր պարտությունը։ Դա աշխարհի բացարձակ չեմպիոնի 34-րդ հաղթանակն էր և առաջինը` տեխնիկական նոկաուտով։
Առաջիկայի համար Վախթանգը նոր պլաններ ունի։ Դեռևս երևանյան հանդիպման ժամանակ նա ասաց, որ այս հաղթանակից հետո կտեղափոխվի 54,4 կգ քաշային կարգ և կհանդիպի աշխարհի գործող չեմպիոնի հետ։
-Իմ նպատակն է այս քաշային կարգում էլ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և եթե ամեն ինչ լավ ընթանա, ևս մեկ քաշային կարգ վեր կբարձրանամ։ Բանն այն է, որ չորս քաշային կարգի աշխարհի չեմպիոն, որից մեկը` բացարձակ, այսօր աշխարհում չկա, և եթե ինձ հաջողվի իրականացնել ծրագրերս, ապա կդառնամ համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի ողջ պատմության մեջ հինգերորդը և տեղ կգրավեմ Գինեսի հանրահայտ ռեկորդների գրքում։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6000

Մեկնաբանություններ