Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ե՞րբ է գալու հայրենիքին արժանի իշխանություն. Դավիթ Կարապետյան

Ե՞րբ է գալու հայրենիքին արժանի իշխանություն. Դավիթ Կարապետյան
30.08.2022 | 07:28

Գորիս-Կապան ճանապարհի (Մ2) «ուրվականը», Բերձորը շրջանցող Կոռնիձորի ճանապարհի «ոդիսականը»,
Թալինի «թալանի» ու Ալավերդու մուտքի հրամայականը...


Ինչպես գիտենք՝ ըստ պատերազմի վերջնարդյունքի, ՀՀ իշխանությունները հանրապետության 2-րդ միջպետական ավտոմայրուղու (Մ2 Երևան-Մեղրի-Իրանի սահման) 373 կմ-ոց ճանապարհի 4 կմ-ը ճանաչել են Ադրբեջանի տարածք:


Այդ հատվածը ժամանակին մեր՝ Որոտան համայնքի հատվածն էր, իսկ այժմ այն Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի Էյվազլին է:
Այդ 4 կիլոմետրանոց հատվածում Ադրբեջանը տեղադրել է երկու մաքսակետ, որը շատ դեպքերում կրում է ձևական ու սիմվոլիկ բնույթ:
Այն ըստ արժանվույն չի ծառայում, քանի որ, թե՛ մեզ, և թե՛ իրանցի վարորդների համար կա այլընտրանքային, բայց միակը համարվող Հալիձոր-Տաթև-Աղվանի-Սյունիք ճանապարհը: Հետևաբար, այնտեղով անցնող-դարձող գրեթե չկա:
Եթե հայերիս համար այդ հատվածով չերթևեկելու պատճառը հասկանալի է, ապա իրանցի վարորդների ու բեռնափոխադրողների համար այդ 4 կմ-ի համար ավելորդ հարկեր ու տուրքեր վճարելն անցանկալի է:
Բայց այստեղ էլ կա մեկ ուրիշ ոչ պակաս լուրջ խնդիր:
Բացմիցս եմ բարձրաձայնել առաջարկվող ու միակ ալտերնատիվ համարվող Տաթևով ճանապարհի ո՛չ միջպետական համարվելու, ո՛չ միջազգային ստանդարտներին համապատասխանելու, ո՛չ բեռնափոխադրումներ իրականցնելու թույլատրելիության մասին:
Սակայն այն իշխանությունների կողմից դիտարկվել է միակը, հետևաբար, պետությունը հարկ է համարել հնարավորինս բարելավել այդ ճանապարհը և այդկերպ խնդիրը համարել լուծված:
Ենթադրում եմ, որ, լավագույն դեպքում, իշխանությունները հույսները դրել են (Աստված գիտի, թե երբ) կառուցվելիք «Հյուսիս-հարավ» մագիստրալի վրա, համաձայն որի, արդեն իսկ ենթադրվելիք հիմնական ճանապարհն անցնելու է Սիսիան-Դաստակերտ-Քաջարան հատվածներով:


Ինչևէ, հիմա իշխանություններն ասում են, թե Հալիձորով ճանապարհը միակ հնարավորությունն էր, և որ պետք է այս ճանապարհով «յոլա» գնանք:
Իսկ ես հակադարձում եմ նրանց՝ հիմնավորելով հետևյալը:
Ինչու՞ նախկին, բայց հիմնական համարվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (Մ2) չեք օգտագործում՝ ընդամենը 4 կիլոմետրի պատճառով:
Ուզում եք ասել, որ ոչ մեկիդ մտքով չի անցե՞լ այդ 4 կմ-ը շրջանցող՝ ընդամենը 3 կմ-ոց ճանապարհ սարքել, որպեսզի այդկերպ նորից շարունակենք երթևեկել մեր ունեցած հիմնական ճանապարհով:


Ինչու՞ եք անտերության մատնում մնացյալ ողջ ճանապարհը:
Ուզում եք ասել՝ ասածս անհնա՞ր է իրագործել, որ բա՞րդ է...
Ախր, ընդհանրապես բարդ բան չէ ու միանշանակ լինող է:
Պարզապես, ցանկության հարց է:
Ո՛չ մեծ ֆինանսական միջոցներ, և ո՛չ էլ երկար ժամանակ է պահանջվելու այն իրագործելու համար:
Ցանկության դեպքում ու կյանքի կոչման արդյունքում, հաշված օրերի ընթացքում ունենալու ենք մեր առաջվա ճանապարհը:
Հետևաբար, այն կծառայի նորից որպես հիմնական ճանապարհ, իսկ Հալիձորինը՝ որպես ալտերնատիվ:


Որ օրը սարքենք ու շահագործենք այս ճանապարհահատվածը (ի դեպ, կա գրունտային շրջանցող ճանապարհ, որի հիմքի վրա կարող ենք կառուցել հիմնայինը), ադրբեջանական իշխանությունների համար այն կդառնա անդառնալի «մանդրաժի» ու ցայտնոտի պատճառ:
«Էյվազլի» կոչվող հատվածը, որը անկլավի պես մի բան է, իր ադրբեջանական մաքսակետերով հանդերձ, արդեն իսկ հարյուր տոկոսով կդառնա անպիտան:
Իշխանություննե՛ր, դիմացը ձմեռ է:
Այդ եղանակային պայմաններում Տաթևի ճանապարհը, հատկապես բեռնատարների համար, գրեթե անանցանելի է դառնալու:
Ոչ միայն ցանկալի, նույնիսկ պարտադիր է, որպեսզի սա նախաձեռնեք հենց հիմա:
3-4 ամիսը լրիվ բավարար է, իսկ եղանակային պայմաններն իդեալական՝ այն իրականացնելու համար:


Որպեսզի աշնան վերջ ունենանք պատրաստի և երթևեկելի ճանապարհ:
Ճանապարհ, որը կկարողանա սպասարկել ու նախատեսված կլինի ինչպե՛ս թեթև մարդատար մեքենաների, այնպե՛ս էլ բեռնափոխադրումների համար:
Սարքե՛ք այդ հատվածը և վերաշահագործե՛ք ողջ Գորիս-Կապան Մ2 միջպետական ճանապարհը:
Առանց այն էլ, այս ճանապարհի չօգտագործման պատճառով Գորիսը դուրս է մնացել մուտք ու ելքից:
Քաղաքը միայն զբոսաշրջիկների համար է, ովքեր կոնկրետ գնում են Գորիս:
Ու սա այն դեպքում, երբ այն ժամանակին իր ակտիվ շարժով տրանզիտ և հանգույց հանդիսացող քաղաք էր:


Ավելին ասեմ՝ ուզում եք ասել, որ Գյումրի-Երևան ճանապարհին, բառիս բուն իմաստով, ընդամենը 60 մետր հեռավորությամբ, զուգահեռ ասֆալտապատված Թալին քաղաք գնացող ճանապարհի կառուցումը արդարացվա՞ծ է:
Արդարացվա՞ծ է կոնկրետ այդ ճանապարհահատվածի համար ֆինանսական ծախսեր անելը, այն պարագայում, երբ բնավ դրա կարիքը չկար, և որ կարող էիք նման ճանապարհահատված չկառուցել, այլ ընդամենը մեկուկես կիլոմետր անց քաղաք մտնող ավելի մոտ հատվածում հանգույց կառուցել ու այդկերպ ավահովել հիմնական մայրուղի ճանապարհից Թալին քաղաք մտնող մուտքը:
Ուզում եք ասել, որ դա արդարացված ու անհրաժե՞շտ էր, իսկ նշածս հատվածի վրա ֆինանսի ներդրումն ու դրա իրականացումը՝ ո՞չ, որ մինչ այսօր արհամարված է:
Աբսու՛րդ է:
Հիմա չասե՞մ, որ ձեր արածը պարզապես փող լվալու ու պետությանը ո՛չ թե օգուտ, այլ ընդհակառակը՝ վնաս տալու, թալանելու միջոց է: Որ այն իրականում ապազագային ու հակապետական քայլ է՝ իր հնարավոր կոռուպցիոն ռիսկերով հանդերձ:
Որ եթե անգամ թալան չկա, ապա այն միանշանակ ֆինանսի անիմաստ վատնում ու մսխում է:
Հիմա չասե՞մ, թե ինչպես եք Երևան քաղաքի մի շարք փողոցների նորմալ, ծառայող ու պիտանի ասֆալտը քանդում ու փոխարենը ողջ փողոցը կարկատան անում:
Չասե՞մ, որ, դրա փոխարեն, այդ գումարով ու ասֆալտով հազար ու մի միջհամայնքային գրունտային ճանապարհներ կարող եք ասֆալտապատել:
Չասե՞մ, որ արդեն 2 տարի է, ինչ իդեալական սարքած Վանաձոր-Բագրատաշեն տանող ճանապարհի Ալավերդի քաղաքի մուտքի ընդամենը մեկ կիլոմետր հատվածը այդպես էլ չեք սարքում:


Էլ չեմ ասում Բերձորը շրջանցող 10 կմ-ոց հատվածը, որն անգամ ձեռք տված չէ, ու նոր եք սկսել Կոռնիձորից ճանապարհ հարթել:
Էլ չեմ խոսում երկաթգծից զատ, որը ևս չունենք, հնարավոր կամ պարտադրվելիք Մեղրի-Նռնաձոր ճանապարհի մասին:
Ինչևէ:
Դեռևս տարիուկես առաջ բարձրաձայնել եմ այս հարցերը՝ առաջարկելով լուծումներ:
Հետո չասեք՝ չեմ ասել, չեմ առաջարկել:
Ե՞րբ է գալու հայրենիքին արժանի իշխանություն, որը տիրապետում է իր երկրի աշխարհագրությանը, պատմությանը ու առաջնորդվելու է բացառապես ազգային ու պետական շահերով:


Էլի սպասենք:
Էլի երազենք:

Դիտվել է՝ 9156

Մեկնաբանություններ