Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայրենիքը մեզանից ակնկալում է խոհեմություն, համախմբում ու միասնականություն. Դավիթ Կարապետյան

Հայրենիքը մեզանից ակնկալում է խոհեմություն, համախմբում ու միասնականություն. Դավիթ Կարապետյան
22.08.2022 | 07:22

Արդար չէ:
Ասեմ՝ ինչու:
Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում էր այն մասին, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել, հետևաբար, չի կարող գուշակել, թե ի՞նչ պահանջներ կարող են լինել, ակամա ինձ մոտ հարցեր են առաջանում:


Անկախ կամ մինչ վարչապետի կողմից կոնկրետ առաջարկներ անել-չանելը, խաղաղապահների վրա դրված պարտականությունները նախ Ձեր իսկ կողմից հստակեցվա՞ծ են, և դրանք պատշաճ կերպով կատարվու՞մ են:
Ե՞րբ են հստակեցվելու նրանց գործառույթները, որպեսզի ականատես չլինենք տարաբնույթ միջադեպերի, հետևաբար՝ տհաճ խոսակցությունների, մեղադրանքների, ու ինչպես դուք եք ասում՝ ստիպված էլ չլինեք գուշակել:
Ամբողջ խնդիրը հենց դրանից է առաջանում:
Որովհետև Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն իր կետերով, առհասարակ, հստակ չի ներկայացվում:


Արդյունքում՝ տարաձայնություններն անխուսափելի են դառնում, հակամարտությունն էլ՝ այդկերպ նոր ընթացք ստանում:
Այն, որ խաղաղապահների մանդատը Ադրբեջանը մինչ այսօր չի հաստատել, արդեն իսկ խոսում է հենց այդ առաքելության հանդեպ իր վերաբերմունքի մասին:
Իսկ հետևությունները և դրա պատճառահետևանքային կապը՝ «ձեր դաշտում է»:
Էլ չեմ ասում այն, որ հայ լրագրողին առաջին իսկ պատահած շարքային խաղաղապահ զինվորն առանց պատճառաբանության արգելում է մուտք գործել Արցախ ու իր աշխատանքը կատարել, իսկ Ֆատուլաև անունով ադրբեջանցի լրագրողի մուտքը, այն էլ՝ որպես բրիտանացի լրագրողի, հատուկ «պադավատով» եք կազմակերպում:
Ու՞մ եք հիմարի տեղ դնում կամ ձեր խորամանկությունը ցուցադրում:


Մի քանի ֆեյսբուքյան հայ օգտատերերի կարծիքների պատճառով բողոքի նոտա եք մեր ԱԳՆ-ին հղում, վրդովմունք հայտնում, ներողություն ակնկալում:
Հիմա ներողություն խնդրե՞նք, թե՞ մենք ձեր դեսպանից բացատրություն պահանջենք, որ մեր ազգային սգի օրերին մանիպուլյատիվ տեղեկություններ եք տարածում, որ ադրբեջանցի լրագրող եք «գաղտագողի» Արցախ մտցնում:
Ինչևէ:
Բազմիցս եմ հիմնավորելով նշել, որ Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնումն այս պահին, և ոչ միայն այս պահին, այլ առհասարակ՝ ոչ լեգիտիմ պահանջի բավարարում է:
Այն ընդամենը Ալիևի քմահաճույքն է:
Եռակողմ հայտարարությունը սահմանում է, որ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պետք է հաստատվի։


Ո՛չ նախագիծ է ներկարացվել, ո՛չ էլ, առավել ևս, երթուղին հաստատվել:
Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում չկա հստակ ժամկետ, թե նոր միջանցքը երբ պետք է շահագործվի, առավել ևս՝ հարակից բնակավայրերի բնակիչները պետք է տարհանվե՞ն, թե՞ ոչ։
Վերոնշյալ եռակողմ հայտարարության որևէ կետով չի նախատեսվում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները։
Ստացվում է, որ ՌԴ-ն հայտարարում է, թե չկա Աղավնոն, Բերձորն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն, բայց ՀՀ և ԱՀ իշխանությունները կատարում են Ալիևի բանավոր պահանջը՝ դեռ ամսվա սկզբին Աղավնոյի, Բերձորի բնակիչներին հորդորելով մինչև 25-ը, առանց բնակարանները վնասելու՝ հեռանալ իրենց բնակավայրերից։
Իսկ հիմա, այս համատեքստում, կարծես թե, միակ հստակ որոշումն այն է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը:


Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության արդյունքում և ՀՀ և ԱՀ իշխանությունների պարտվողական և հարմարվողական, բարձիթողի ու չեզոք կեցվածքի հետևանքով և արդյունքում հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են կանգնած մի շարք բնակավայրեր։
Նրանց կողմից այդ պահանջների փաստացի բավարարելու պատրաստակամությունը, դրանք չբացառելը, չընդդիմանալը հիմքեր են տալիս կարծելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների ու բանավոր պայմանավորվածությունների հետ։
Իսկ թե դա՞ է խաղաղության հաստատման գրավականը, միանշանակ՝ ո՛չ:
Միակողմանի զիջումների գնով առաջարկվող «խաղաղությունը» ոչ միայն չի կարող կայուն ու երկարաժամկետ լինել, այլ նաև պատճառ կհանդիսանա նորանոր զիջումների:
Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ բոլոր բաժանարար ու կարմիր գծերից:


Գոնե հիմա, ավելի քան երբևէ՝ միասնական ու համախմբված լինելու հրամայականն է:
Յուրաքանչյուրն այս պահին թող հիշի Քենեդիի խոսքերը.
«Հարցրու, թե ի՞նչ ես արել դու քո պետության համար, այլ ոչ թե պետությունը՝ քեզ համար»։
Հերիք է նեղսրտենք, մեկմեկու մեղադրենք, իրար վրա ցեխ ու լուտանք շպրտենք ու մեր անհաջողությունների մեջ ուրիշներին մեղադրենք։
Հայրենիքը մեզանից ակնկալում է խոհեմություն, համախմբում ու միասնականություն:
Հենց հիմա՛ յուրաքանչյուրս բան ունենք անելու մեր հայրենիքի համար:

Դիտվել է՝ 7180

Մեկնաբանություններ