ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հաճախ մարդկանց թատրոն է բերում թամաշայի, էժանագին կատակների վրա հռհռալու մղումը»

«Հաճախ մարդկանց թատրոն է բերում թամաշայի, էժանագին կատակների վրա հռհռալու մղումը»
21.10.2008 | 00:00

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՇԱՏ ՀԶՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ. ԴԱ ՏԵՐ ԱՍՏՎԱԾՆ Է»
Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիան հայ թատերական արվեստին հաղորդակից է դարձնում ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հանդիսատեսին: Թատրոնի «Ցեղի ֆիզիոլոգիան» և «Թումանյանի հեքիաթները» ներկայացումներն անցյալ տարի հաջողությամբ խաղացվեցին Ֆրանսիայում, Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում: Օրերս թատրոնի ստեղծագործական խումբը թատերասերներին նվիրեց ևս մի թատերական տոն. Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առիթով կայացավ ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԻ բեմադրած «Պատմություններ գնացքում» ներկայացման պրեմիերան, որի մեջ ներառվել են հատվածներ Սարոյանի «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել-պոկել էր կրկեսի վագրը», «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին», «Հանճարը», «Բիթլիս», «Պինգ-պոնգ խաղացողները», «Խեղճուկրակ արաբը» պատմվածքներից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տկն Նարինե Մալյանին իր բեմադրությամբ ազգային արժանապատվության զգացումը մեզանում ևս մեկ անգամ բորբոքելու համար և հորդորել իրենց ազգային ինքնությանը չդավաճանած բոլոր հայերին՝ բաց չթողնել այն դիտելու առիթը: Ասեմ նաև, որ Նարինե Մալյանի հետ ոչ մշակութային թեմաներով զրուցելը գրեթե անհաղթահարելի խնդիր է, մի բան, որի մասին ինձ մինչև հարցազրույցն սկսելը հավաստիացրել էին Մալյանի անվան թատրոնի դերասանները:
«ՄԵԶ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՍԿԱՑԱՆ ՈՒ ԸՆԿԱԼԵՑԻՆ ԹԵ՛ ՓԱՐԻԶՈՒՄ, ԹԵ՛ ՄԱՐՍԵԼՈՒՄ»
-Տիկի՛ն Նարինե, Ձեր բեմադրությունները, գեղագիտություն լինելուց զատ, նաև ազգային արժեքների քարոզ են: Այսօր՝ գլոբալիզացիայի գերակայության արդի պայմաններում, դրանք արձագանք գտնո՞ւմ են հայ մարդու հոգում:
-Այն, ինչ մենք անում ենք, քարոզ չես անվանի: Մենք պարզապես խոսում ենք այն բաների մասին, որոնք մարդուն հոգեհարազատ են, հուզում ու մտահոգում են հասարակությանը: Ես ինքս առաջին հերթին խոսում եմ դերասանների հետ: Խոսում ենք աշխատանքի, փորձերի ընթացքում. ես պետք է զգամ, թե տվյալ դերասանը, որի հետ աշխատում եմ, ի՞նչ հոգսեր ունի, ո՞ր թեման է իրեն ընկալելի, արդյո՞ք նա կա այն նյութի մեջ, որը պիտի ներկայացնի բեմից: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա նրան ևս, կարծում եմ, հետաքրքրում են մեր թեմաները: Եթե անգամ թատրոն են գալիս մարդիկ, որոնք անտեղյակ են («անտեղյակ» բառը, թերևս, ամենահարմարը չէ այս դեպքում), որոնց թատրոն է բերել ինչ-որ թամաշայի, թեթև զվարճանքի, էժանագին բառերի ու կատակների վրա հռհռալու մղումը, նրանք էլ են մի պահ անջատվում իրենց այդ ներքին վիճակից և միանում մեզ: Դա շատ հաճախ է պատահում, բայց երբեմն նաև չի պատահում, որովհետև հանդիսատեսը տարբեր է լինում: Ամեն դեպքում, շատ անգամներ ենք զգացել, որ մեր շունչը համընկնում է հանդիսատեսի շնչին: Այդ ժամանակ կարծես սկսում ենք հանդիսատեսի հետ զրուցել: Քանի որ մեր դահլիճը փոքր է, դերասանները չափազանց մոտ են գտնվում հանդիսատեսին, և դա խաղում է իր ուրույն դերը:
-Երբ 2007-ին Ֆրանսիայում էիք, զգացի՞ք օտարների կողմից առանձնակի վերաբերմունք հայ արվեստագետի և պարզապես հայ մարդու նկատմամբ:
-Ֆրանսիայում մի քանի անգամ եղել էինք նաև մինչ այդ: Բայց 2007-ի այցելության ժամանակ մեզ բացառիկ ընդունելության են արժանացրել: Փողոցում անգամ, երբ խոսում էինք հայերեն, պատահական անցորդները գլխի էին ընկնում, որ դա հայերեն է, մոտենում էին, ճշտում՝ իսկապե՞ս հայ ենք, և երբ համոզվում էին, ամենայն ջերմությամբ սկսում էին հետաքրքվել մեր որպիսությամբ, տալիս բազմաթիվ հարցեր: Դա զարմանալի մի երևույթ էր: Շատ լավ ընդունվեցին նաև ներկայացումները: Ֆրանսիացի հանդիսատեսն ընկալեց դրանց գեղագիտական հենքը, ասելիքը: Ֆրանսիացիները նախապես շատ մեծ աշխատանք էին արել. տեքստը թարգմանել էին և սուբտիտրերով ներկայացնում էին բեմադրության ընթացքում: Փաստորեն, մարդիկ ոչ թե դիտում էին ներկայացումը և ենթագիտակցաբար միանում բեմում կատարվող տեսարաններին, այլ լիովին հասկանում էին այն ամենը, ինչի մասին խոսում էին դերասանները: Մեզ՝ հայերիս, լիարժեք հասկացան ու ընկալեցին թե Փարիզում, թե Մարսելում:
-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Արևմուտքի հետ մերձենալու, ներդաշնակվելու մեր փորձերն արդյունավետ են:
-Չեմ կարծում, թե դա մեր գերխնդիրն է: Թող իրենք ներդաշնակ դառնան մեզ: Ի՞նչ պարտադիր է, որ մենք հարմարվենք իրենց: Կան թեմաներ, որ համամարդկային են: Եվ եթե խոսում ես այդ թեմաների շուրջ ու խոսում ես անկեղծ, խոսում ես սրտանց, խոսում ես մաքուր հոգով, դա ընկալելի է դառնում բոլորին: Բոլորն էլ ունեցել են կորուստներ, բոլորն էլ ծիծաղում են նույն բաների վրա, տխրում նույն բաների պատճառով: Նույնն է իրավիճակը ողջ մարդկության համար: Պարզապես հարցն այն է, թե որքանով ես դու կարողանում անկեղծ խոսել, կիսվել մարդկանց հետ՝ լինի ճապոնացի, ֆրանսիացի, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչ:
«ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԹՎԱԼ, ԹԵ ՄԵՆՔ ԳՈՐԾԻՔ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՁԵՌՔԻՆ»
-Արևմուտքը ոչ միայն թափանցում է կենցաղ, ոչ միայն որոշակի նորամուծություններ է բերում մարդկային շփումների դաշտ, այլև փորձում է խառնվել մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական հարցերին: Մենք գործի՞ք ենք աշխարհի հզորների ձեռքին:
-Աշխարհի հզորներին միայն կարող է թվալ, թե մենք գործիք ենք իրենց ձեռքին: Բայց դա խաբկանք է: Մենք երբեք չենք դառնա գործիք: Ես համոզված եմ:
-Մինչդեռ մեզանում շատ արծարծվեց այն թեման, թե հանրապետության նախագահական ընտրությունների ելքը վճռողները դրսի ուժերն էին: Իսկապե՞ս այդպես էր, ելքը վճռվեց ժողովրդի՞ կամքով, թե՞, այնուամենայնիվ, ընտրակեղծիքների միջոցով:
-Անտարակույս, ժողովուրդն այդ ընտրության ժամանակ դրսևորել է ցանկության, կամքի իր բաժինը, բայց ես չեմ ուզում այդ թեմաներից խոսել, որովհետև ինձ հիմա ուրիշ թեմաներ են զբաղեցնում: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ: Բացարձակապես կապ չունեմ այդ ամենի հետ: Գլուխս կախ իմ գործն եմ անում: Այդպես և՝ Մալյանի թատրոնը: Մենք մեր գործի, մեր անելիքի տերն ենք:
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՔՆՆԱՐԿԵԼԻ Է»
-«Պատմություններ գնացքում» բեմադրությունն իրականացվել է պետական պատվերով, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հովանավորությամբ: Այս փաստը խոսո՞ւմ է այն մասին, որ մեր հանրապետությունում մշակույթի նկատմամբ ձևավորվում է պետական հոգածություն, մեծանում է մեր ղեկավարների ուշադրությունը մշակութային կյանքի նկատմամբ:
-Իհարկե, խոսում է: Զգալի է, որ պետության ղեկավարները ցանկություն ունեն հոգ տանելու արվեստի մասին: Համենայն դեպս, մեր թատրոնը դա զգում է: Մշակույթի նախարարությունը կարող էր նաև չֆինանսավորել մեր ներկայացումը, բայց ֆինանսավորեց:
-Այսինքն՝ հօգուտ արվեստի դրական տեղաշարժերը մեր երկրում առկա՞ են:
-Այո: Դրական տեղաշարժեր հաստատ կան: Կա միասին աշխատելու ցանկություն: Իսկ դա այսօր ամենամեծ բանն է: Միասնական լինելու անհրաժեշտությունն անքննարկելի է: Եվ մենք զգում ենք, որ մշակույթի նախարարությունն ունի միասնական լինելու, միասին աշխատելու, առաջ գնալու ցանկություն:
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷՋԸ ՉԻ ՓԱԿՎԵԼ»
-Մեր ժողովուրդն ունի լուծման կարոտ բազում խնդիրներ, որոնց մեջ առաջնայինը Ղարաբաղի հիմնախնդիրն է: Այն բուռն ու հակասական քննարկումների թեմա է դարձել ոչ միայն մեզանում, այլև մեր հանրապետության սահմաններից անդին: Եթե այդ նույն միասնականությունը հանդես բերենք ազգովին, կկարողանա՞նք Ղարաբաղի հարցի լուծման լծակները կենտրոնացնել մեր ձեռքում ու չապավինել օտարների կամայականություններին:
-Եթե մենք միավորվենք, համախմբվենք, կկարողանանք լուծել այդ խնդիրը: Այս և այլ հարցերում մենք ունենք շա՜տ հզոր հովանավոր. դա Տեր Աստվածն է, որ միշտ օգնել է մեզ: Եթե միասնականություն լինի, հաջողություններ կունենանք բոլոր ոլորտներում: Սա վերաբերում է նաև հոգևոր ոլորտին, որից մենք կտրված ենք, ցավոք սրտի: Եվ հաճախ սխալներ ենք անում ավելի շատ, քան թույլատրելի է:
-Ղարաբաղյան պատերազմում հոգի ու արյուն ներդրած մարդիկ հաճախ բողոքում են, որ այսօրվա պատանիները, երիտասարդները մոռացել են այդ պատերազմի մասին, նրանք այդ մոտ անցյալին նայում են իբրև պատմության շրջված էջի, ավարտված փուլի:
-Չեմ կարծում, թե այդ էջը փակվել է: Ամեն բան ունի իր ժամանակը: Մենք էլ ամեն ինչ չէ, որ ընկալել ենք ժամանակին: Շատ բան ընկալում ես տարիներ հետո: Դա գալիս է տարիքի, փորձի հետ: Ես չէ, որ պիտի սա ասեմ: Սրանք չափազանց պարզ ճշմարտություններ են: Ոչինչ անհետ չի կորչում: Համոզված եմ, որ արցախյան պատերազմի գիտակցումն այսօրվա մատաղ սերունդը կունենա անպայման: Մարդն ինչքան շատ հարվածներ է ստանում, այնքան խոր է ըմբռնում գլոբալ հարվածները, այն հարվածները, որ հասցվել են իր ցեղին, իր ազգին: Այդպես է և 15 թվի գիտակցումը: Սյսօր երեք կամ հինգ տարեկան երեխան չի գիտակցում այն, բայց գալու է մի տարիք, որ նա ամբողջ հոգով ապրելու է ազգային այդ ողբերգությունը, և դրա ճիշտ ընկալումը դառնալու է նրա հոգու նվիրական պարտքը:
«ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑՄԻՆՉԵՎ ԲՈԿԱՉՉՈ»
-Խոսենք Ձեր նոր ներկայացման անցնելիք ճանապարհի և ընդհանրապես Մալյանի անվան թատրոն-ստուդիայի առաջիկա ծրագրերի մասին:
-Դեռ ոչինչ չեմ կարող ասել ներկայացման ճակատագրի, կենսագրության մասին: Առայժմ նշում ենք ծնունդը, հետո պիտի տեսնենք, թե ինչպես է աճում, մեծանում, քայլում: Ապագան անկանխատեսելի է: Եղել են բազմաթիվ լավ ներկայացումներ, որոնք հաջողություն են ունեցել, սիրվել, գնահատվել մասնագետ հանդիսատեսի կողմից, բայց հետագա ընթացք չեն ունեցել: Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթներն» էլ ժամանակին թատերական հասարակության մեջ չեն ունեցել այն բումը, որ ունեցել են սովորական հանդիսատեսի շրջանում: Բայց հիմա, տարիներ անց, մասնագետներն այդ ներկայացումը համարում են ազգային միակ դասական ներկայացումը: Այնպես որ, դեռ չի կարելի ասել, թե ինչ հեռանկարներ են սպասում մեր «Պատմություններ կայարանում» ներկայացմանը, որը մենք շատ ենք սիրում, փայփայում երեխայի նման, օգնում իր առաջին քայլերն անելու: Ինչ վերաբերում է թատրոնի ծրագրերին, առայժմ ամեն բան անորոշ է: Մենք մեծ խնդիր ունենք՝ կապված Կինոյի տան շենքի հետ: Մեզ խոստացել են, որ պիտի վերանորոգեն մեր թատրոնի դահլիճը: Ապրում ենք այդ հույսով: Մալյանի թատրոնը շատ ծանր պայմաններում է գտնվում: Բայց, կարծում եմ, որ մեր հանդիսատեսն այդ ծանրությունը չի զգում: Մենք միշտ աշխատում ենք տոնական լիցք հաղորդել, հույսի լիցք տալ հանդիսատեսին, որ ներկայացումից հետո նա դրական հույզերով գնա տուն և այդ հույզերը փոխանցի իր ընտանիքին, մտերիմներին, շրջապատի բոլոր մարդկանց: Բայց այդ ամենին հեշտությամբ չենք հասնում: Մեր աշխատանքի համար չկան տարրական պայմաններ. դահլիճը վերանորոգման խիստ կարիք ունի, դերասանները չունեն գրիմանոց, ահավոր վիճակում են զուգարանները: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը մեզ խոստումներ է տվել՝ դահլիճի հետ կապված, և մենք, այդ խոստումներին հավատալով, մեծ հույսերով սպասում ենք: Այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ որևէ բան ասել հետագա ծրագրերի մասին, որովհետև շատ հնարավոր է, որ հաջորդ տարվանից մենք ստիպված լինենք մի քանի ամիս տեղափոխվել այլ տարածք, վարձակալել այլ շենք կամ տեղավորվել որևէ տեղում՝ ընկերական մեր կապերն օգտագործելով, քանի որ այս տարածքն անհրաժեշտաբար կկանգնի փակվելու փաստի առաջ: Համենայն դեպս, հնարավոր ամեն բան պիտի անենք, որ Մալյանի թատրոնը կորուստներ չունենա: Առանց այն էլ շատ ծանր կորուստներ է ունեցել: Նախկինում խաղացանկը բավական հարուստ է եղել՝ Թումանյանից մինչև Բոկաչչո: Բայց տարիների ընթացքում կորե՜լ-կորե՜լ-կորե՜լ են այդ ներկայացումներից շատերը, որոնք այսօր պետք է հիացնեին մեր հանդիսատեսին: Այնպես որ, մեր այսօրվա խնդիրն է՝ խուսափել նման կորուստներից:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4574

Մեկնաբանություններ