ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նորից կարող ենք հայտնվել երկու, եթե չասենք՝ երեք-չորս կրակի արանքում»

«Նորից կարող ենք հայտնվել երկու, եթե չասենք՝ երեք-չորս կրակի արանքում»
31.10.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆՆ ու յոթ այլ համախոհներ՝ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՍԵԴԱ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ, ԳՐԻԶԵԼԴԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱԼԵՔ ԵՆԻՔՈՄՈՒՇՅԱՆ, «Իրավունք de facto» ակումբում ազդարարեցին «Միացում» ազգային նախաձեռնության ծնունդը։
Ի՞նչ առաքելությամբ է հանրությանը ներկայանում «Միացումը», որի հիմնադիրները, գաղափարական համախոհներ լինելով հանդերձ, սկզբունքային նշանակություն ունեցող քաղաքական մի շարք հիմնահարցերում տարբեր հարթությունների վրա գտնվող ճանաչված անհատներ են։ Առաքելությունը, Ժիրայր Սէֆիլյանի ձևակերպմամբ, մեկն է՝ վիժեցնել արցախյան հարցում հերթական դավադիր ծրագիրը, որն այս օրերին դարձել է հայրենաբնակ ու աշխարհասփյուռ ողջ հայության մտասևեռման առանցքը։ Ազգային նորաստեղծ նախաձեռնությունը երեկ «Իրավունք de facto» ակումբում լրագրողներին փոխանցեց նաև իր անդրանիկ ուղերձը հայ ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «ՀՀ որևէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու և երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակներն ու տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից։ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է որդեգրի սթափ և լրջմիտ կեցվածք՝ երկրի տարածքային և ռազմական անվտանգության նկատմամբ ներքին ու արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու և պատժելու ուղղությամբ։ Հայաստանի անկախությունն ու ազատագրված միացյալ Արցախն այլևս անշրջելի իրողություն են: Այսօր մենք, վերստին տեր կանգնելով հայոց հաղթանակող ավանդին և ոգուն, վերահաստատում ենք հայոց ազատագրված տարածքի սրբազան ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված շրջանները վերաբնակեցնելու և երկրում հայոց քաղաքակրթության անանցանելի արժեքների հիման վրա արդար, սահմանադրական և ժողովրդավարական պետություն կերտելու մեր մշտնջենավոր վճռականությունը»:
Ինչո՞ւ են արցախյան խնդրով մտահոգ գործիչներն իրենց նախաձեռնություն-շարժումը կոչել «Միացում»:
«Անվանակոչումը պատահական չէ,-
ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը:- Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացության առկայությամբ միջազգային բեմերում խուսանավելու մարտավարական փուլը: Մենք այդ էջը համարում ենք փակված: Եկել է ավելի հստակ, ավելի ուղիղ գործելու, իրերն իրենց անուններով կոչելու, ջայլամի քաղաքականությունից զերծ մնալու ժամանակը, երբ առանց վարանելու պետք է ասել, որ այսօրվա Արցախն իր փաստացի սահմաններով, ՀՀ գերիշխանության տակ գտնվող տարածքներով պետք է հռչակվի Հայաստանի Հանրապետության մարզ, ինչն արդեն ապագայի խնդիր է»:
Ընդգծելով, որ հատկապես վերջին օրերին արցախյան հիմնախնդրին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել, Ժիրայր Սէֆիլյանը խոսքը փոխանցեց իր մյուս համախոհներին, որոնց դիտարկումներից առանձին հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
«Այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն առանց միմյանց չեն կարող որպես պետություն գոյատևել, իրողություն է,- շեշտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:- Ներկայումս մենք պետք է ամրագրենք այնպիսի մի գործընթաց, որով այդ իրողությունը կարողանանք հասցնել ժողովրդի գիտակցությանը, թույլ չտալով, որ նրան նախապատրաստեն մեկ այլ իրողության թվացյալ անխուսափելիության գաղափարին, ասել է թե՝ պարտադրված ենք գնալու փոխզիջումների, այդ թվում` տարածքային: Սահմանների որևէ փոփոխություն կարող է պատերազմ հրահրել, որը ցանկալի չէ ո՛չ Հայաստանին ու Արցախին, ո՛չ էլ Ադրբեջանին»:
Իր գոհունակությունն արտահայտելով վերջին շրջանում տարերայնորեն ու ինքնաբուխ ձևով հիմնադրվող նոր ձևաչափերի առնչությամբ, որոնցում ընդգրկված անձինք համակված են արցախյան վտանգված խնդրի գիտակցությամբ, Ալեքս Քանանյանն իր հերթին շեշտեց, թե տարածքային որևէ զիջում «Միացում» նախաձեռնության համար ընդունելի չէ: «Հայոց անկախության հաստատումից ի վեր մենք այսօր հասել ենք այն կարևոր գիտակցման, որ Հայաստան պետության արտաքին և ներքին քաղաքականությունն այսուհետ պետք է կառուցենք` ելնելով շատ հստակ սկզբունքներից, ոչ թե անձնավորելով մեր քաղաքական կողմնորոշումները: Այսինքն, ցանկացած անձ, ով հետայսու նպատակ ունի գործել Հայաստանի քաղաքական դաշտում, պետք է անվերապահորեն ընդունի, որ մեր պետության տարածքը գերակա արժեք է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ո՛չ հայոց պետականությունը, ո՛չ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը: Թյուր տպավորություն թող չստեղծվի, թե մեր այս դիրքորոշումը ծայրահեղական է: Իրականում բավական է փորձագիտական մի փոքր հմտություն ունենալ, պարզապես հպանցիկ մի հայացք նետել քարտեզին և ընդամենը մեկ անգամ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հասկանալու համար, որ այն բոլոր նվաճումները, ազատագրված բոլոր տարածքները, որոնք ձեռք են բերվել 92-94 թվականների ազատամարտի ընթացքում, այն նվազագույնն է, ինչը կարող է արևելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային ու տնտեսական կենսունակությունը»: Քելբաջարում ընտանյոք հանդերձ բնակվող Ալեքսանդր Քանանյանը համոզված պնդեց, որ անհրաժեշտ է այսօր առանց ավելորդ աղմուկի, իրավական ակտերի շարունակական ընդունմամբ դե-յուրե ամրապնդել վաղուց արդեն դե-ֆակտո կայացած իրողությունը, այն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումը` Հայաստանին վերամիավորվելու բնական պահանջի բավարարման տեսքով:
Փաստելով, որ ազգային դառնալու հավակնություն ունեցող այս նախաձեռնության հիմնադիրներին միավորել է այն նույն կարգախոսը, որը համախմբեց ազգը քսան տարի առաջ՝ 88-ին, Տիգրան Խզմալյանը ոչ հռետորական հարց ուղղեց բոլորիս. «Ինչպե՞ս ստացվեց, որ քսան տարի անց մենք գրեթե դոփում ենք տեղում։ Կեղծիքներով ձևավորված մեր քաղաքական, պետական, այսպես կոչված, ընտրանին իր սխալ, երբեմն էլ դավաճանական քաղաքականությամբ երկիրը հասցրել է այն վիճակին, որ կրկին ներքևից փորձում ենք իրականացնել միացումի սուրբ գաղափարը։ Մենք ելնում ենք այն անհերքելի ճշմարտությունից, որ յուրաքանչյուր հայ մարդ ցանկանում է խաղաղություն, իսկ խաղաղությունը պահել-պահպանելու միակ ձևը, մեր խորին համոզմամբ, Արցախի միացումն է Հայաստանին, քանի որ ցանկացած տարածքային զիջում, ինչպես ներկայացրին իմ համախոհները, իրոք, հանգեցնելու է նոր պատերազմի։ Մենք չենք ուզում պատերազմ։ Մենք խաղաղություն ենք քարոզում և այն պահպանելու համար էլ այսօր հայտարարում ենք այս նախաձեռնության սկիզբը»։
Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ ցավով արձանագրեց, որ անցած քսան տարիներին աննկատ, բայց հաստատապես աղավաղվել են ազգային ու բարոյական շատ արժեքներ։ «Մենք դադարում ենք ըմբռնել, թե ինչ է նշանակում ազգային հող։ Վերջին հազար տարիների ընթացքում բացարձակ առումով մենք հող ենք ազատագրել՝ մեր ազգային հողերը և արդեն տասնյոթ ու ավելի տարիներ մտածում ենք այդ հողը վերադարձնելու մասին։ Սա սկզբունքային խնդիր է, որին «Միացումը» բացարձակապես դեմ է։ Եթե մենք գնանք տարածքները զիջելու ճանապարհով, հենց այսօրվանից սկսած և հաջորդ տարիներին առավել ևս՝ մեր ազգը ոգեպես մահանալու է։ Նրանք, ովքեր այսօրինակ ռոմանտիզմից հեռու մնալու իբր ողջամիտ խորհուրդներ են տալիս, մոռանում են մի շատ կարևոր բան՝ մեր ռազմավարական նպատակն ու մարտավարական հնարավորությունները։ Եթե մենք հստակեցնենք, թե որն է մեր ռազմավարական նպատակը, դրանից հետո կարելի է խոսել նաև մարտավարական զիջումների մասին։ Բայց որովհետև մեր իրականության մեջ ամեն ինչ աղավաղվել է, աղճատվել են նաև այդ կարևոր սկզբունքները։ Եվ եթե այսօր մենք թույլ ենք, դա պայմանավորված է մեր ներքին թուլությամբ։ ՈՒ թեև այս նախաձեռնությունն էլ քաղաքական կուսակցություն չի ներկայացնում, սակայն մենք ողջունում ենք ցանկացած կեցվածք թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում, որը դեմ է արտահայտվում տարածքների հանձնմանը»։
Ասուլիսից հետո պատասխանելով «Իրավունքը de facto»-ի հարցին՝ ի՞նչ կարող ենք ակնկալել նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից, Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Սերժ Սարգսյանն այսօր փաստացիորեն անելանելի վիճակում է հայտնվել։ Որքան շուտ ինքը դա հասկանա և հրաժարական տա, այնքան լավ թե՛ իր անձի, թե՛ մեր երկրի համար։ Իսկ նոյեմբերի 2-ի հանդիպումը ես աննախադեպ վտանգավոր եմ համարում, որովհետև Այսրկովկասում գերտերությունների փոխհարաբերությունների սրման «պլանկան» հասել է իր գագաթնակետին։ Այս իրավիճակում այդ գերտերություններից որևէ մեկը կարող է շատ կոշտ քայլեր ձեռնարկել, և մենք նորից կհայտնվենք երկու, եթե չասենք՝ երեք-չորս կրակի արանքում»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4781

Մեկնաբանություններ