ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փաստորեն, եկաք, Ձերդ գերազանցություն

Փաստորեն, եկաք, Ձերդ գերազանցություն
21.10.2008 | 00:00

ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Գրեթե սենսացիոն փաստի հանդիպեցինք, երբ ֆաս-անֆաս դիտում էինք վերջապես Հայաստան ժամանած պարոն Մեդվեդևին: Ցնցող է. պարզվում է՝ ոչ թե Պուտին Վլադիմիրն է նրան դարձրել Ռուսիո ցար, այլ հենց ինքը՝ երիտասարդ Դմիտրին է նրան «տրոնի» բերել՝ անապատում ճամփա բացող նախակարապետի պես՝ պահպանելով «ումոմ Ռոսիյու նե պոնյատ» օրինաչափությունը: Բայց՝ ամեն բան հերթով:
Դիտենք Դմիտրիին (մեր ընդդիմադիրները նրան մտերմիկ Դիմա են անվանում. Ալիկ Արզումանյանը, Հրանտ Բագրատյանը… Առաջինը 2007-ի ձմռան մի ցուրտ օր ցավով անկեղծացավ. «Ոնց որ նույնիսկ Դիման է արդեն «ուզում», որ Սերժը դառնա նախագահ», իսկ մյուսները պատմում էին. «Դիման ասել է՝ անհասկանալի մարդկանց հետ ես չեմ կարող Հայաստանում գործ ունենալ՝ նկատառելով Սերժ Սարգսյանին»):
ԱՅՑԵՔԱՐՏ։ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդև. Ռուսիո ամենաերիտասարդ ցար, պրոֆեսորական ընտանիքի միակ զավակ, չի ծառայել բանակում: Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Սոբչակի խորհրդական՝ 1990-95թթ.: Աբրամովիչի, Վոլոշինի, Խոդորկովսկու շրջապատում աճած երկրորդ սերնդի լիբերալ: «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ: Ի տարբերություն Պուտին Վլադիմիրի, որն ամբողջ օրը բակում կռվելով, բռունցքներն օգտագործելով էր անցկացնում մանկությունը, Մեդվեդևների ընտանիքում զբաղված էին արգելված գրականություն՝ Սոլժենիցին, Բուլգակով, կարդալով:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ։ ՌԴ նոր նախագահն անչափ հետաքրքիր միքս է: Նախ՝ երկար ժամանակ զբաղվել է յոգայով: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին, որովհետև ամենախախուտ տեղը, որով ռուսական մամուլն անվերջ «խոցում» է նրան, փաստարկումն է` Մեդվեդևը հրեա է... Իսկ թե ինչ է ստացվում, երբ յոգան միակցվում է էզոթերիկ գիտությանը, մտածեք ինքներդ. «Մեռյալներին խրամատներից կբարձրացնի՞, ՕՄՕՆ-ականի սապոգով կծեծի՞, տանկ կբարձրանա՞ և արտաքնոցում կսպանի՞ (նկատառվում է Պուտինի՝ «ի վ սարտիրե իխ պայմայեմ ի զամոչիմ» արտահայտությունը-հեղ): Չէ, Մեդվեդևը տանկ չի բարձրանա: Եվ որտե՞ղ կամ ո՞ւմ կսպանի: Ինչպիսի՞ սապոգով: Նա երևի թե մարդկանց ներկայությամբ չի էլ հայհոյում: «Այդպես չի լինի»,- եզրակացնում է ռուս հայտնի գրող Երոֆեևը:
Մենք էլ հավելենք. բոլոր դեպքերում հանգիստ մաներայով երիտասարդ արքայազնը հաստատապես ունի փակ կոդ, որը դեռ կբացվի և իր մասին խոսել կտա՝ զարմացնելով շատերին, այդ թվում և՝ Պուտին-հետախույզին: Հիշենք լոկ մեկ օրինակ` «Մեչելի» հետ կապված. պաշտոնավարումից ընդամենը երկու-երեք ամիս անց նա ուղիղ Պուտինի ականջի մեջ բացականչեց. «Պերեստանտե կոշմարիտ բիզնես»:
«Վուա՜ու», բացականչեց աշխարհը: Նեմցովն արագ արձանագրեց. առաջին անգամ Մեդվեդևը շատ կոշտ ու առանց այլևայլությունների դուրս եկավ ընդդեմ Պուտինի (դա հուլիսին էր):
Իսկ մենք հարցնենք. գուցե նաև սա՞ էր պատճառներից մեկը՝ վրացական դեպքերին հատկապես այդ ժամին և հատկապես այդ ձևով ստարտ հաղորդելու, որովհետև Պուտինը, որքան էլ նրա ռեյտինգը Մեդվեդևի համեմատ շատ բարձր էր (70-47 հարաբերակցություն), առաջին անգամ զգաց, որ «մոլոդոյն» այնքան էլ կանխատեսելի չէ, ինչպես ինքը «ինստրուկտավորել» է: Չմոռանանք. շատերը «Մեչելի» հետ կապված` հավանական էին համարում Պուտինի կաբինետի հրաժարականը: Իսկ Խոդորկովսկու պատմությանը կանդրադառնանք մեկ այլ անգամ. հիշենք` վերջինս դիմել է Դմիտրիին՝ իր գործը վերանայելու, ներում ստանալու համար:
Այսպիսով, Մեդվեդևի մայրը, կինը հրեա են (հիշենք՝ հրեական էթնոսը մայրական սկիզբն է ճանաչում): Ի դեպ, նույն պուտինյան մամուլը երբեք չի մոռանում արձանագրել, որ Ռուսիո երրորդ նախագահ Մեդվեդևը, որը 23 տարեկանում մկրտվել է ռուս ուղղափառ եկեղեցում, ամեն տարի Խանուկայի տոնը Մոսկվայի կենտրոնում՝ հրեա համայնքի հետ է անցկացնում և մոմի լույսի տակ «Թորա» է ունկնդրում («Մեդվեդևի իշխանության գալուց հետո հրեաները կթալանեն Ռուսաստանի հարստությունը, հրեաները Ռուսաստանում կստանձնեն առանցքային պաշտոններ բանկում, ոստիկանությունում, հատուկ ծառայություններում», գրում են նրանք):
Շատ փորձագետներ կարծում են, որ Մեդվեդևը հոգեբանական կախվածության մեջ ընկնելու հատկություն ունի: Չժխտենք, կա նման բան, վրացական դեպքերից հետո Դմիտրին ամբողջովին կլոնավորել էր Պուտինի ձայնի ինտոնացիան, խոսքերը, աչքերի արտահայտությունը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ։ Նախ` հարց. ունի՞ խարիզմա երիտասարդը: ՈՒնի: Բայց շատ տարբեր Պուտինի խարիզմայից:
Այսպիսով, հասանք սենսացիային. 92-ին, երբ խոստումնալից իրավաբան Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Սոբչակի խորհրդականն էր, կարողացավ տապալել կոռուպցիոն մի գործ, որով մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ, «կագեբեական» Պուտին Վլադիմիրը: Գործը հարուցել էր Պետրոխորհրդի հանձնաժողովը, որն էլ սպառնում էր «հետախույզի» պաշտոնազրկմամբ` բոլոր հետևանքներով հանդերձ:
Իսկ հիմա հարց. ինչպիսի՞ն կլիներ Ռուսիո ճակատագիրը, եթե այս «դիպվածը» տեղի չունենար 92-ին, Պետերբուրգում: «ՈՒմոմ նե պոնյատ»:
Բոլոր կարգի եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։ Աշխարհը սպասում է ու խորապես հավատում` Մեդվեդևը դեռ կուժեղանա: Պուտինն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որ նա մնա հավերժ «մալչիկ», իր «պրես-քարտուղարը»:
Պուտինի ու Մեդվեդևի միջև նախնական «վեճը» արտաքին քաղաքականությանն էր վերաբերում: Բնականաբար, հաղթեց Պուտինը, ու առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ արտաքին քաղաքականության ոլորտն ամրագրվեց վարչապետի իրավասության ներքո. «որոշումը» ստորագրեց անձամբ Մեդվեդևը: Ռուսական «սիլավիկների» իրավասության մասին անգամ անհարմար է խոսել Մեդվեդևի պարագայում: Ի՞նչ մնաց տակը. էլի «ազգային ծրագրերն» ու տնից-տուն ման գալը: Ինչպես, ասենք, մեր դեպքում. սպասվում էր Պուտինի այցը, հետո` Մեդվեդևինը, եղավ հակառակը:
ՈՒ թե այստեղ՝ Հայաստանում, Մեդվեդևը չկարողացավ համաձայնությունների հասնել, նրա արածը «մի անգամ էլ կանի» Պուտինը, որը կգա վերջին պահին, և օրինաչափորեն կլինի այն, ինչ արդեն եղել է մեզ հետ բոլոր դարերում ու հատկապես Քոչարյանի պաշտոնավարման օրոք, երբ մեր երեխայի ձեռից հացն առել, ԲԷՑ-երն առել, ատոմակայանն առել, երկաթուղին առել... «բարինը» դրանք վերցրել, մեր որբ գլուխը շոյել, հեռացել է իր ֆորպոստից:
Այսօր արդեն պետք է տանք վերջին ունեցածը՝ Ղարաբաղը, ու մի վերջին անգամ օրհնենք «բարինին», նրա բարի ոտը... մենք չէ, Հրանտ Մաթևոսյանն է ասել. պարտված ժողովուրդները կանգնեցնում են իրենց հաղթած գեներալների արձանները... ու խոնարհվում նրանց առաջ, որպես վերջին ճշմարտություն. սա չի ասել Հրանտը, մենք «հավելեցինք»:
Այսպիսով. ինչո՞ւ է եկել Դմիտրի Անատոլևիչը:
Շատ պարզ. պատմությունը Ռուսաստանի ձեռքերով կրկին բռնել է հայոց կոկորդից: Առավել ստույգ՝ Սերժ Սարգսյանի:
Ինչո՞ւ գալու մասին ինքը` «դերժավան», առանց երկնչելու հայտնեց։ Նախ` Լավրովի միջոցով` «մեկ-երկու չհամաձայնեցված տարրերի» տեսքով: «Տարրին» խիստ արագ ու օպերատիվ անդրադարձավ ռուս պաշտոնական մամուլը. Ռուսաստանը մեզ զգուշացրեց` 58-րդ բանակը, որը վրացական պատերազմի «դեբյուտանտն» է, որպես խաղաղապահ կգա Ղարաբաղ: Եթե ոչ, կառավարական ճգնաժամ է սպասվում Հայաստանում, որի արդյունքում կփոփոխվի իրադրությունը տարածաշրջանում:
Վախեցա՞նք: ՈՒրիշ ի՞նչ կարող ենք. պատմությունը դաժան վկայագիր է, իսկ փաստերն անսահման անողոք են. Ռուսաստանը հենց այս օրերին, նախորդ դարում հենց այդպես էլ վարվեց:
Այսպիսով, առաջին խնդիրը, որ կշոշափվի «բարինի» և հայոց միջև, Ղարաբաղն է: Առավել ստույգ՝ խաղաղապահների հարցը. նրանք պետք է լինեն ռուսական, պուտինյան այն պարզ թեզի հանգույն, որ «ինչ պատկանել է Ռուսաստանին, չի դադարում պատկանել»:
Սերժ Ազատովիչը, իհարկե, և՛ խաղաղապահների, և՛ թուրքական անվտանգության պլատֆորմի առումով կասի՝ դեմ չենք, տղերք: Բայց իրականում կսպասի, որ Ալիևն ասի՝ չէ, որովհետև ԱՄՆ-ը կրկին հետ է քաշում Ադրբեջանին, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: ՈՒնկնդրենք «մերոնց». «1993-94-ին, երբ ես առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականն էի, ի՞նչ եմ խոսել Հեյդար Ալիևի հետ. Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միասին նույն ուղղությամբ քայլել: Արցախյան հարցի լուծման հեռանկարը մենք տեսնում էինք կովկասյան ինտեգրացիայի շրջանակներում. այդ ամբողջականության մեջ առաջանում էին միջպետական կառավարման մարմիններ, ասենք` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պես մի բան, և եթե պրոյեկտն իրականացվում էր, այնտեղ էր «տեղավորվում» նաև կովկասյան կոնֆլիկտների (ոչ միայն Ղարաբաղի) ամբողջությունը, սակայն Միացյալ Նահանգները, որը կասկածելով, թե Հայաստանի կովկասյան քաղաքականությունն իրականում Ռուսաստանի կողմից թելադրված քաղաքականությունն է, ճնշում գործադրեց մեզ վրա, որպեսզի հրաժարվենք այդ նախագծից»,- սա 2005-ին մեզ հետ հարցազրույցում ասել է ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանը:
Նախորդ օրը Վաղարշակ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է 1994-ին բանակցել, որպեսզի ռուսական զորքեր տեղակայվեն Ղարաբաղում: ՈՒ էլի ԱՄՆ-ը չթողեց, Ադրբեջանն էլ չհամաձայնեց:
Այս պրոֆիլակտիկ հիշողությունն ընդմիջենք հարցով. չգիտի՞ Ռուսաստանը, որ գործընթացն էլի կտորպեդահարվի: Իհարկե, գիտի: Սակայն ինքը փոխարինիչներ էլ ունի. կսկսի Ջավախքը պայթեցնելու գործընթացը, ինչն էլ բարձրաձայն չի ասվի, բայց Սերժ Սարգսյանը նույնպես միամիտ չէ, որ չհասկանա: Կհասկանա:
Հարց` իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը Հայաստանին` «օկուպացված» տարածքները տալու և իր խաղաղապահներին բերելու դիմաց: Ցույց է տալիս Թուրքիայի գիրկը՝ ծանոթ, լպրծուն անցյալով, անորոշ ապագայով:
ՎՐԱՍՏԱՆ. սա է հաջորդ քննարկվելիք թեման երկու նախագահների միջև: Վրաստանի հարցը Ռուսաստանի համար ամենևին էլ փակված չէ, դրա համար է նաև Ռուսաստանն շտապում. չի բացառվում, որ ինչ-որ պահի միջազգային հանրությունը ոչ կոնվենցիոնալ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ (ժնևյան կոնֆերանսի տապալումը դրա վառ վկայությունն է): Մյուս կողմից էլ՝ տնտեսական ճգնաժամը բախում է Ռուսաստանի դուռը. ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել, և Ռուսաստանը հեշտորեն կկորցնի հարավկովկասյան հաղթական լոտերը: Ահա թե ինչու է պետք, որ ռուս խաղաղապահները լինեն Ղարաբաղում` տարածաշրջանի «ռուսիզացիան» անդառնալի դարձնելու համար:
Քննարկվող հաջորդական հարցերը կլինեն նույն կոնտեքստում: Գաղտնիք չէ` ուժային համակարգերը մեզանում իրենց կառուցվածքային, աշխատանքային, մարդկային «ֆորմատով» կայացվել են խորհրդային-ռուսական ստերեոտիպերի վրա: Ասել կուզի` Ռուսաստանի համար շատ հեշտ է եղել ներթափանցել այդ «ֆորմատի» խորխորատները` բոլոր առումներով ու հետևանքներով հանդերձ: Այսօր այդ կառույցները վերաձևվում են ՆԱՏՕ-ական, առավել ստույգ` միջազգային ստանդարտներով, ինչն էլ այնքա՜ն սարսափեցնում է Ռուսաստանին, քանզի կրակից շագանակներ հանող ձեռքերի դեֆիցիտի առաջ է կանգնում:
Ինչպես կձևակերպվի հարցերի այս շարքը, էական չէ, ֆիքսենք կարևորը. Մեդվեդևն ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆորպոստից առձեռն ստանա իրեն պետք եղածն ու դատարկաձեռն չներկայանա Պուտինին:
Այլապե՞ս: Մեկ անգամ արդեն ասել ենք` «պոստից» գնալուց առաջ այն կամ վառում, կամ տրաքացնում են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4980

Մեկնաբանություններ